Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 43

Ճշմարիտ իմաստությունը բարձրաձայն կանչում է

Ճշմարիտ իմաստությունը բարձրաձայն կանչում է

«Ճշմարիտ իմաստությունը բարձրաձայն կանչում է փողոցներում և հրապարակներում ձայն է տալիս» (ԱՌԱԿ. 1։20

ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Այսօր շատերն ինչպե՞ս են արձագանքում իմաստության կանչին (Առակներ 1։20, 21

 ԲԱԶՄԱԹԻՎ երկրներում հաճախ կարող ենք տեսնել Թագավորության ուրախ քարոզիչների, ովքեր, ժպիտը դեմքներին, աստվածաշնչյան գրականություն են առաջարկում անցորդներին։ Իսկ դու երբևէ մասնակցե՞լ ես ծառայության այդ ձևին։ Եթե այո, ապա թերևս մտածել ես «Առակներ» գրքում օգտագործված այն պատկերավոր խոսքի մասին, ըստ որի՝ «ճշմարիտ իմաստությունը բարձրաձայն կանչում է փողոցներում», որ մարդիկ լսեն իր խոսքերը (կարդա Առակներ 1։20, 21)։ «Ճշմարիտ իմաստությունը» Եհովայից բխող իմաստությունն է։ Այն կարելի է գտնել Աստվածաշնչում և մեր հրատարակություններում։ Մարդիկ հենց այդ իմաստության կարիքն ունեն, որպեսզի քայլեն կյանքի տանող ճանապարհով։ Դա է պատճառը, որ մենք անչափ ուրախանում ենք, երբ ինչ-որ մեկը համաձայնվում է վերցնել մեր առաջարկած գրականությունը։ Սակայն ոչ բոլորն են վերցնում մեր հրատարակությունները։ Ոմանք անտարբեր են Աստվածաշնչի հանդեպ, մյուսները ծաղրում են մեզ՝ կարծելով, թե Աստվածաշունչը հնացած գիրք է։ Ոմանք էլ քննադատում են Աստվածաշնչի տեսակետը բարոյական հարցերի վերաբերյալ՝ պնդելով, թե նրանք, ովքեր հետևում են դրանց, անհանդուրժող են և խիստ արդար։ Այնուամենայնիվ, Եհովան, սիրուց մղված, շարունակում է այնպես անել, որ ճշմարիտ իմաստությունը հասանելի լինի բոլորին։ Տեսնենք, թե ինչպես։

2. Որտե՞ղ կարելի է գտնել ճշմարիտ իմաստություն, բայց ի՞նչ է նախընտրում անել մարդկանց մեծամասնությունը։

2 Եհովան այնպես է արել, որ իր Խոսքը՝ Աստվածաշունչը, հասանելի լինի աշխարհի գրեթե բոլոր մարդկանց։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակությունների մասին։ Այսօր դրանք հասանելի են ավելի քան 1 000 լեզուներով, ինչը, անկասկած, Եհովայի օրհնության շնորհիվ է։ Նրանք, ովքեր ականջ են դնում իմաստության ձայնին, այսինքն՝ կարդում են Աստվածաշունչն ու մեր հրատարակությունները և կիրառում սովորածը, մեծ օգուտներ են քաղում։ Բայց, ցավոք, մարդկանց մեծամասնությունը անտարբեր է ճշմարիտ իմաստության հանդեպ։ Որոշումներ կայացնելիս նրանք նախընտրում են ապավինել սեփական իմաստությանը կամ հետևել անկատար մարդկանց խորհուրդներին։ Դեռ ավելին՝ այդպիսի մարդիկ վերևից են նայում մեզ, քանի որ մենք հետևում ենք աստվածաշնչյան խորհուրդներին։ Այս հոդվածից կիմանանք, թե մարդիկ ինչու չեն լսում իմաստության ձայնին։ Բայց նախ տեսնենք, թե ինչպես կարող ենք ձեռք բերել Եհովայից եկող իմաստությունը։

ԵՀՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԻՄԱՍՏՈՒՆ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

3. Ի՞նչ է հարկավոր անել ճշմարիտ իմաստություն ձեռք բերելու համար։

3 Իմաստությունը գիտելիքները ճիշտ օգտագործելու և խելացի որոշումներ կայացնելու ունակությունն է։ Սակայն ճշմարիտ իմաստությունը ավելին է ներառում։ Աստվածաշնչում կարդում ենք. «Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է, և Ամենասուրբի մասին գիտելիքն է հասկացողությունը» (Առակ. 9։10)։ Փաստորեն, մենք ճշմարիտ իմաստություն ձեռք կբերենք, երբ կարևոր որոշումներ կայացնելիս առաջնորդվենք «Ամենասուրբի մասին գիտելիքով», այսինքն՝ Եհովայի մտածելակերպով։ Իսկ այդ գիտելիքները ստանալու համար մենք պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը և դրա վրա հիմնված հրատարակությունները (Առակ. 2։5-7

4. Ինչո՞ւ միայն Եհովան կարող է մեզ իսկապես իմաստուն դարձնել։

4 Միայն Եհովան կարող է մեզ իսկապես իմաստուն դարձնել (Հռոմ. 16։27)։ Նա է ճշմարիտ իմաստության միակ Աղբյուրը։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Նախ՝ այն պատճառով, որ նա մեր Արարիչն է և ամեն բան գիտի իր ստեղծագործության մասին (Սաղ. 104։24)։ Երկրորդ՝ Եհովայի բոլոր գործերը վկայում են, որ նա իմաստուն է (Հռոմ. 11։33)։ Եվ երրորդ՝ Եհովայի իմաստուն խորհուրդները միշտ օգուտներ են բերում նրանց, ովքեր կիրառում են դրանք (Առակ. 2։10-12)։ Եթե ցանկանում ենք ճշմարիտ իմաստություն ձեռք բերել, պետք է ընդունենք այս երեք հիմնարար ճշմարտությունները և որևէ բան անելիս կամ որևէ որոշում կայացնելիս առաջնորդվենք դրանցով։

5. Ի՞նչ է լինում արդյունքում, երբ մարդիկ հրաժարվում են ընդունել Եհովային՝ որպես ճշմարիտ իմաստության միակ Աղբյուրի։

5 Այսօր շատերը թեև ընդունում են, որ բնությունը հրաշալի կերպով է նախագծված, բայց չեն ընդունում Արարչի գոյությունը և պնդում են, որ ամեն ինչ էվոլյուցիայի արդյունք է։ Մյուսներն էլ գուցե և հավատում են Աստծուն, սակայն նախընտրում են ապրել սեփական չափանիշներով, քանի որ կարծում են, թե աստվածաշնչյան սկզբունքները հնացած են։ Բայց եկեք մտածենք. «Արդյո՞ք աշխարհն ավելի լավն է դարձել, երբ մարդիկ Աստծու իմաստությամբ առաջնորդվելու փոխարեն սկսել են ապավինել սեփական իմաստությանը։ Արդյո՞ք դա նրանց իսկական երջանկություն և ապագայի ամուր հույս է տվել»։ Մեզ շրջապատող աշխարհը փաստում է, որ հետևյալ խոսքերը իրոք ճշմարիտ են. «Ընդդեմ Եհովայի ոչ իմաստություն կա, ոչ խորաթափանցություն, ոչ էլ խորհուրդ» (Առակ. 21։30)։ Այս բանի գիտակցումը մղում է մեզ, որ Եհովայի մոտ իմաստություն փնտրենք։ Բայց, ցավոք, մարդկանց մեծամասնությունը այդպես չի վարվում։ Ինչո՞ւ։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ՄԵՐԺՈՒՄ ՃՇՄԱՐԻՏ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

6. Առակներ 1։22-25 համարների համաձայն՝ ովքե՞ր ականջ չեն դնում ճշմարիտ իմաստությանը։

6 Շատերն այսօր ականջ չեն դնում ճշմարիտ իմաստությանը, երբ այն «բարձրաձայն կանչում է փողոցներում»։ Աստվածաշունչը այդ մարդկանց բաժանում է երեք խմբի՝ «անփորձներ», «ծաղրողներ» և «հիմարներ» (կարդա Առակներ 1։22-25)։ Եկեք տեսնենք, թե ինչն է դրդում այդպիսի մարդկանց մերժել Աստծուց բխող իմաստությունը, և թե մենք ինչ կարող ենք անել, որպեսզի չդառնանք նրանց նման։

7. Ինչո՞ւ են ոմանք նախընտրում «անփորձ» մնալ։

7 «Անփորձները» նրանք են, ովքեր հավատում են ամեն խոսքի, և ում հեշտությամբ կարելի է խաբել (Առակ. 14։15)։ Այսօր կրոնական և քաղաքական առաջնորդները մոլորեցնում են միլիոնավոր մարդկանց։ Ինչպե՞ս են վերջիններս արձագանքում, երբ իմանում են այդ մասին։ Ոմանց համար դա մեծ ցնցում է լինում։ Բայց ոմանք էլ Առակներ 1։22-ում նշված անփորձների նման նախընտրում են խաբված մնալ, քանի որ նրանց դուր է գալիս այդ վիճակը (Երեմ. 5։31)։ Նրանք առաջնորդվում են իրենց քմահաճույքներով և չեն ցանկանում իմանալ, թե ինչ է ասում Աստվածաշունչը, կամ պարզապես չեն ուզում ապրել դրա համաձայն։ Այդպիսի մարդկանց մենք հաճախ ենք հանդիպում ծառայության ժամանակ։ Նրանցից շատերի մտածելակերպը նման է Կանադայում ապրող մի կրոնասեր կնոջ մտածելակերպին, ով իրեն այցելող Վկային հետևյալն ասաց. «Եթե մեր քահանան մոլորեցրել է մեզ, ու դրա պատճառով մենք սխալ ենք պաշտում Աստծուն, դա ոչ թե մեր մեղքն է, այլ նրա»։ Պարզ է, որ այսպիսի մարդիկ գիտակցաբար են խաբված մնում։ Մենք, ինչ խոսք, չենք ցանկանում նմանվել նրանց (Առակ. 1։32; 27։12

8. Ինչպե՞ս կարող ենք իմաստություն ձեռք բերել։

8 Աստվածաշունչը հորդորում է մեզ անփորձ չմնալ, այլ «հասկացողության հարցում դառնալ չափահաս» (1 Կորնթ. 14։20)։ Իսկ դրա համար մեզ իմաստություն է պետք, որը կարող ենք ձեռք բերել՝ կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները։ Ժամանակի ընթացքում մենք կհամոզվենք, որ դրանք օգնում են խուսափել խնդիրներից և իմաստուն որոշումներ կայացնել։ Լավ կլինի, որ ժամանակ առ ժամանակ ստուգենք, թե որքանով է մեզ հաջողվում այդպես վարվել։ Օրինակ, եթե մի որոշ ժամանակ է, ինչ ուսումնասիրում ես Աստվածաշունչը և հաճախում ես ժողովի հանդիպումներին, մտածիր, թե ինչու դեռևս քայլեր չես ձեռնարկել, որպեսզի նվիրվես Եհովային ու մկրտվես։ Իսկ եթե արդեն մկրտված ես, մտածիր, թե արդյոք բարելավում ես քարոզելու և ուսուցանելու հմտություններդ։ Քո կայացրած որոշումներից երևո՞ւմ է, որ դու առաջնորդվում ես աստվածաշնչյան սկզբունքներով, մարդկանց հետ շփվելիս դրսևորո՞ւմ ես քրիստոնեական հատկություններ։ Եթե տեսնում ես, որ բարելավումներ անելու կարիք ունես, ապա ուշադրություն դարձրու Եհովայի հիշեցումներին, որոնք «իմաստուն են դարձնում անփորձին» (Սաղ. 19։7

9. Ինչպե՞ս են «ծաղրողները» ցույց տալիս, որ մերժում են իմաստությունը։

9 Երկրորդ խմբի մարդիկ, ովքեր մերժում են Աստծուց եկող իմաստությունը, «ծաղրողներն» են։ Քարոզելիս երբեմն հանդիպում ենք այդպիսի մարդկանց։ Նրանք հաճույք են ստանում ուրիշներին ծաղրելուց (Սաղ. 123։4)։ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ վերջին օրերում բազմաթիվ ծաղրողներ են լինելու (2 Պետ. 3։3, 4)։ Ղովտի փեսաների նման՝ որոշ մարդիկ այսօր ուշադրություն չեն դարձնում Աստծու տված նախազգուշացումներին (Ծննդ. 19։14)։ Շատերը ծիծաղում են այն մարդկանց վրա, ովքեր ապրում են աստվածաշնչյան սկզբունքներով։ Պատճառն այն է, որ ծաղրողները ուզում են վարվել «իրենց ամբարիշտ ցանկությունների համեմատ» (Հուդա 7, 17, 18)։ «Ծաղրողների» վերաբերյալ Աստվածաշնչի այս նկարագրությունը միանգամայն համապատասխանում է հավատուրացներին և նրանց, ովքեր մերժում են Եհովային։

10. Ի՞նչը կօգնի մեզ չհետևել «ծաղրողների» օրինակին (Սաղմոս 1։1

10 Ի՞նչ անենք, որ չդառնանք «ծաղրողների» պես։ Օրինակ՝ պետք է խուսափենք շփվել քննադատական ոգի ունեցողների հետ (կարդա Սաղմոս 1։1)։ Սա նշանակում է, որ չպետք է լսենք հավատուրացներին և չպետք է կարդանք հավատուրացական նյութեր։ Եթե զգույշ չլինենք, հեշտությամբ կարող ենք քննադատական ոգի զարգացնել և կորցնել վստահությունը Եհովայի և նրա կազմակերպության տված առաջնորդության հանդեպ։ Որպեսզի նման բան տեղի չունենա, լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Սովորաբար բացասաբա՞ր եմ արտահայտվում, երբ նոր առաջնորդություն ենք ստանում, կամ երբ որևէ բացատրություն ճշգրտվում է։ Հակվա՞ծ եմ կենտրոնանալու առաջնորդություն վերցնող եղբայրների սխալների վրա»։ Եթե նկատում ենք, որ նման հակումներ ունենք, պետք է անմիջապես գործի անցնենք ու արմատախիլ անենք դրանք։ Այդպիսով մենք կուրախացնենք Եհովայի սիրտը (Առակ. 3։34, 35

11. Ինչպե՞ս են «հիմարները» վերաբերվում բարոյականության վերաբերյալ Եհովայի տված չափանիշներին։

11 Երրորդ խմբի մարդիկ, ովքեր մերժում են իմաստությունը, «հիմարներն» են։ Դրանք այն մարդիկ են, ովքեր հրաժարվում են ապրել բարոյականության վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշներով։ Նրանք անում են այն, ինչը ճիշտ է իրենց աչքում, և մերժում են Եհովային՝ իմաստության Աղբյուրին (Առակ. 12։15; Սաղ. 53։1)։ Երբ ծառայության ժամանակ հանդիպում ենք այդպիսի մարդկանց, նրանք հաճախ խստորեն քննադատում են մեզ աստվածաշնչյան չափանիշներին հետևելու համար։ Մինչդեռ այն չափանիշները, որոնցով նրանք են ապրում, անկասկած չեն կարող լավ կյանքի առաջնորդել։ Աստվածաշնչում ասվում է. «Հիմարի համար իսկական իմաստությունը չափազանց բարձր է, դարպասների մոտ նա չի բացի իր բերանը» (Առակ. 24։7)։ «Հիմարի» բերանում ճշմարիտ իմաստության որևէ խոսք չկա, դրա համար էլ Եհովան նախազգուշացնում է մեզ, որ հեռու մնանք այդպիսի մարդուց (Առակ. 14։7

12. Ի՞նչը կօգնի մեզ «հիմարների» պես չվարվել։

12 Ի տարբերություն նրանց, ովքեր ատում են Աստծու տված խորհուրդները՝ մենք սովորում ենք սիրել Աստծու մտածելակերպը, այդ թվում՝ նրա սահմանած բարոյական չափանիշները։ Այդ սերը խորացնելու համար կարող ենք համեմատել հնազանդության օգուտները անհնազանդության բերած դառը հետևանքների հետ։ Մտածիր, թե ինչ խնդիրների մեջ են ընկնում այն մարդիկ, ովքեր անմտորեն մերժում են Եհովայի իմաստուն խորհուրդները։ Այնուհետև խորհիր այն մասին, թե Աստծուն հնազանդվելու շնորհիվ ինչ լավ կյանքով ես ապրում դու (Սաղ. 32։8, 10

13. Արդյո՞ք Եհովան ստիպում է մեզ, որ հետևենք իր իմաստուն խորհուրդներին։

13 Եհովան բոլորին հնարավորություն է տալիս ճշմարիտ իմաստություն ձեռք բերել, սակայն ոչ ոքի չի ստիպում առաջնորդվել դրանով։ Այդուհանդերձ, նա նախազգուշացնում է, թե ինչ հետևանքներ են լինում, երբ ինչ-որ մեկը չի հետևում իր տված իմաստուն խորհուրդներին (Առակ. 1։29-32)։ Նրանք, ովքեր որոշում են չհնազանդվել Եհովային, «իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն»։ Ժամանակի ընթացքում նման ապրելակերպը ցավ ու տառապանք կպատճառի նրանց և ի վերջո կտանի կործանման։ Իսկ նրանց, ովքեր լսում են Եհովայի իմաստուն խորհուրդները և հետևում դրանց, հետևյալ խոստումն է տրվում. «Ով լսում է ինձ, ապահով կբնակվի, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնի» (Առակ. 1։33

ՃՇՄԱՐԻՏ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՒՏՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ

Ժողովի հանդիպումներին մասնակցելը հոգևորապես ամրացնում է մեզ (տես պարբերություն 15)

14-15. Ի՞նչ ենք սովորում Առակներ 4։23-ից։

14 Երբ առաջնորդվում ենք Աստծու իմաստությամբ, միշտ օգուտներ ենք քաղում։ Ինչպես տեսանք, Եհովայի տված իմաստուն խորհուրդները հասանելի են բոլորին։ Օրինակ՝ «Առակներ» գիրքը լի է գործնական խորհուրդներով, որոնք երբեք չեն հնանում։ Դրանք կիրառելով՝ կարող ենք բարելավել մեր կյանքը։ Քննենք այդ խորհուրդներից չորսը։

15 Պահպանիր քո փոխաբերական սիրտը։ Աստվածաշունչն ասում է. «Այն ամենից առավել, ինչը պետք է պահպանվի, քո սիրտը պահպանիր, որովհետև դրանից են կյանքի աղբյուրները» (Առակ. 4։23)։ Բառացի սիրտը առողջ պահելու համար հարկավոր է առողջ սնվել, բավականաչափ ֆիզիկական վարժություններ անել և խուսափել վնասակար սովորություններից։ Նույնն է պարագան մեր փոխաբերական սիրտը առողջ պահելու դեպքում։ Մենք պետք է ամեն օր սնվենք Աստծու Խոսքով, ինչպես նաև պատրաստվենք, հաճախենք և մասնակցենք ժողովի հանդիպումներին։ Հարկավոր է նաև հոգևորապես ակտիվ մնալ՝ ջանքեր թափելով, որ կանոնավորաբար մասնակցենք ծառայությանը։ Բացի այդ՝ մենք պետք է խուսափենք վնասակար սովորություններից և հեռու մնանք ցանկացած բանից, ինչը կարող է ապականել մեր միտքը, օրինակ՝ զվարճության անբարո ձևերից և վատ ընկերակցությունից։

Փողի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալը օգնում է, որ բավարարվենք մեր ունեցածով (տես պարբերություն 16)

16. Ինչո՞ւ է Առակներ 23։4 և 5 համարներում գրված խորհուրդը անչափ գործնական մեր օրերում։

16 Գոհ եղիր այն ամենով, ինչ ունես։ Աստվածաշունչը հետևյալ խորհուրդն է տալիս. «Հարստություն ձեռք բերելու համար տքնաջան մի՛ աշխատիր.... Մի՞թե աչքերդ հարստության վրա ես հառում, չնայած որ այն ոչինչ է։ Այն անպայման արծվի թևերի պես թևեր կշինի իր համար և դեպի երկինք կթռչի» (Առակ. 23։4, 5)։ Թեև հարստությունը մնայուն բան չէ, բայց թե՛ հարուստները, թե՛ աղքատները այսօր տարված են փող աշխատելու մոլուցքով։ Դրա պատճառով նրանք հաճախ անում են բաներ, որոնք վնասում են իրենց համբավը, մարդկանց հետ ունեցած փոխհարաբերությունները և նույնիսկ առողջությունը (Առակ. 28։20; 1 Տիմոթ. 6։9, 10)։ Սակայն իմաստությունը օգնում է հավասարակշռված տեսակետ ունենալ փողի վերաբերյալ։ Դրա շնորհիվ մարդիկ կարող են խուսափել ագահությունից և լինել բավարարված ու երջանիկ (Ժող. 7։12

Խոսելուց առաջ մտածելը կօգնի, որ մեր խոսքերով չվնասենք ուրիշներին (տես պարբերություն 17)

17. Ինչպե՞ս կարող ենք «իմաստունների լեզու» ձեռք բերել (Առակներ 12։18

17 Խոսելուց առաջ մտածիր։ Եթե զգույշ չլինենք, մեր խոսքերով կարող ենք մեծ վնաս պատճառել ուրիշներին։ Աստվածաշնչում ասվում է. «Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է, բայց իմաստունների լեզուն բուժում է» (Առակ. 12։18)։ Որպեսզի մեր խոսքերով վնաս չհասցնենք և լավ փոխհարաբերություններ պահպանենք մարդկանց հետ, մենք չպետք է բամբասենք նրանց թերացումների մասին (Առակ. 20։19)։ Մենք նաև ուզում ենք, որ մեր խոսքը բուժիչ լինի։ Իսկ դրա համար մեր սիրտը պետք է լցված լինի աստվածաշնչյան գիտելիքներով (Ղուկ. 6։45)։ Երբ կարդանք Աստծու Խոսքը և խորհրդածենք դրա շուրջ, մեր խոսքերը «իմաստության աղբյուր» կլինեն մարդկանց համար և կթարմացնեն նրանց (Առակ. 18։4

Կազմակերպության տված առաջնորդությանը հետևելը կօգնի, որ բարելավենք մեր ծառայության որակը (տես պարբերություն 18)

18. Կիրառելով Առակներ 24։6-ում գրված սկզբունքը՝ ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել ծառայության մեջ։

18 Հետևիր առաջնորդությանը։ Առակներ 24։6-ում հետևյալ գործնական խորհուրդն է տրվում. «Հմուտ առաջնորդությամբ վարիր քո պատերազմը, և խորհրդատուների շատության դեպքում փրկություն է լինում [«հաջողություն է լինում», «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ., ծնթ.]»։ Այս սկզբունքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ հաջողության հասնել քարոզելու և ուսուցանելու գործում։ Ծառայությունը մեր նախընտրած ձևով կատարելու փոխարեն պետք է ձգտենք հետևել տրված առաջնորդությանը։ Մենք իմաստուն առաջնորդություն ենք ստանում քրիստոնեական հանդիպումներին, որոնց ընթացքում փորձառու «խորհրդատուները» աստվածաշնչյան ելույթներ և ցուցադրումներ են ներկայացնում։ Բացի այդ՝ Եհովայի կազմակերպությունը օգտակար գործիքներ է տրամադրում տեսանյութերի և հրատարակությունների տեսքով, որոնց միջոցով կարող ենք օգնել մարդկանց հասկանալ Աստվածաշունչը։ Փորձո՞ւմ ես հմտանալ այդ գործիքներից օգտվելու հարցում։

19. Ի՞նչ տեսակետ ունես Եհովայի տված իմաստության վերաբերյալ (Առակներ 3։13-18

19 Կարդա Առակներ 3։13-18։ Մենք շատ ենք գնահատում Աստծու Խոսքում գրված իմաստուն խորհուրդները։ Ի՞նչ էինք անելու առանց դրանց։ Այս հոդվածում քննեցինք ընդամենը մի քանի գործնական խորհուրդ, սակայն Աստվածաշունչը լի է նման իմաստուն խոսքերով։ Եկեք վճռենք միշտ վարվել Եհովայի տված իմաստության համաձայն։ Կարևոր չէ, թե աշխարհը ինչ տեսակետ ունի այդ իմաստության վերաբերյալ։ Կարևորն այն է, որ մենք համոզված ենք՝ այն «ամուր բռնողները երջանիկ կկոչվեն»։

ԵՐԳ 36 Պահպանենք մեր սիրտը

a Աշխարհի առաջարկած և ոչ մի բան չի կարող համեմատվել այն իմաստության հետ, որ տալիս է Եհովան։ Այս հոդվածում կքննենք «Առակներ» գրքից մի հետաքրքիր նկարագրություն և կտեսնենք, թե ինչ առումով է իմաստությունը բարձրաձայն կանչում հրապարակներում։ Կիմանանք, թե ինչպես կարող ենք ճշմարիտ իմաստություն ձեռք բերել, թե ինչու ոմանք ականջ չեն դնում այդ իմաստությանը, և թե ինչ օգուտներ կքաղենք, եթե լսենք դրա ձայնին։