«Լաց լինողների հետ լաց եղեք»
«Շարունակեք մխիթարել և կերտել միմյանց» (1 ԹԵՍԱՂ. 5։11)։
1, 2. Ինչո՞ւ արժե քննարկել, թե ինչպես կարող ենք մխիթարել սգավորներին (տես հոդվածի սկզբի նկարը)։
«ՄԵՐ որդու մահից հետո անցել էր գրեթե մեկ տարի, սակայն մեր վիշտը դեռ շատ խորն էր ու անտանելի»,— պատմում է Սուսի անունով մի կին։ Իսկ մի եղբայր ասում է, որ երբ իր կինը հանկարծակի մահացավ, նա «անասելի ֆիզիկական ցավ» էր զգում։ Բազմաթիվ մարդիկ այսպիսի տառապանքներ են կրում։ Քրիստոնեական ժողովում շատերը, հնարավոր է, չէին էլ սպասում, որ նախքան Արմագեդոնը կկորցնեն իրենց հարազատներից որևէ մեկին։ Եթե դու էլ ես սիրելի մարդու կորցրել կամ ճանաչում ես այդպիսի մեկին, գուցե մտածես. «Ինչպե՞ս կարելի է օգնել հարազատի մահը սգացող մարդկանց և մեղմել նրանց տանջող ցավը»։
2 Հավանաբար լսել ես այն խոսքը, թե ժամանակը բուժում է։ Սակայն մի՞թե դա նշանակում է, որ հենց ժամանակն է փարատում մարդու վիշտը։ Մի այրի կին նշում է. «Ավելի ճիշտ կլինի ասել, որ բուժում է այն, թե ինչպես ենք օգտագործում ժամանակը»։ Էմոցիոնալ վերքը մարմնի վերքի պես աստիճանաբար կապաքինվի, եթե խնամք տարվի։ Ի՞նչը կարող է դարմանել սգացող մարդկանց սրտի ցավը։
ԵՀՈՎԱՆ՝ «ԱՄԵՆԱՅՆ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ»
3, 4. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան հասկանում է սգացող մարդու ցավը։
3 Անկասկած, մխիթարության գլխավոր աղբյուրը Եհովան է՝ մեր երկնային բարեգութ Հայրը (կարդա 2 Կորնթացիներ 1։3, 4)։ Աստված, ով կարեկցանք դրսևորելու հարցում մեծագույն օրինակն է, իր ժողովրդին ասաց. «Ես, ես եմ մխիթարում ձեզ» (Ես. 51։12; Սաղ. 119։50, 52, 76)։
4 Մեր սիրառատ Հայրը ինքն էլ է սիրելի մարդկանց կորցրել, օրինակ՝ Աբրահամին, Իսահակին, Հակոբին, Մովսեսին ու Դավիթ թագավորին (Թվեր 12։6–8; Մատթ. 22։31, 32; Գործ. 13։22)։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Եհովան կարոտում է այդ հավատարիմ մարդկանց և սպասում այն ժամանակին, երբ նրանց դարձյալ կյանքի կկոչի (Հոբ 14։14, 15)։ Այդ ժամանակ նրանք առողջ ու երջանիկ կլինեն։ Նաև հիշենք, որ Աստծու սիրելի Որդին, որով «ամեն օր նա ուրախանում էր», մահացավ տանջալից մահով (Առակ. 8։22, 30)։ Բառերը չեն կարող արտահայտել այն ցավը, որ զգաց Եհովան (Հովհ. 5։20; 10։17)։
5, 6. Եհովան ինչպե՞ս է մեզ մխիթարում։
5 Մենք կարող ենք լիովին համոզված լինել, որ Եհովան կօգնի մեզ։ Ուստի պետք է աղոթենք նրան ու բացենք մեր սիրտը՝ խոսելով մեզ տանջող վշտի մասին։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան հասկանում է մեր ցավը և սփոփում է մեզ։ Ինչպե՞ս է նա անում դա։
6 Աստծու տված օգնության ձևերից մեկը «սուրբ ոգուց եկած մխիթարությունն» է (Գործ. 9։31)։ Եհովայի գործուն ուժը մխիթարության մեծ աղբյուր է։ Հիսուսը խոստացավ, որ երկնային Հայրը «սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Սուսին, որի խոսքերը բերված են հոդվածի սկզբում, ասում է. «Շատ անգամներ մենք պարզապես ծնկի էինք գալիս ու Եհովային աղաչում, որ մխիթարի մեզ։ Եվ ամեն անգամ Աստծու խաղաղությունը իսկապես պահպանում էր մեր սրտերն ու մտքերը» (կարդա Փիլիպպեցիներ 4։6, 7)։
ՀԻՍՈՒՍԸ՝ ՑԱՎԱԿԻՑ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ
7, 8. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսը կարող է մեզ մխիթարել։
7 Եհովայի ջերմությունն ու կարեկցանքը կատարելապես արտահայտվեցին նրա գթառատ Որդու՝ Հիսուսի խոսքերում և գործերում, երբ վերջինս երկրի վրա էր (Հովհ. 5։19)։ Հիսուսն ուղարկվեց՝ մխիթարելու «կոտրված սրտերը» և «բոլոր սգավորներին» (Ես. 61։1, 2; Ղուկ. 4։17–21)։ Ուստի նրան բնորոշ էր խոր կարեկցանքը. նա ցավակից վերաբերմունք ուներ մարդկանց տառապանքների հանդեպ, նաև նրանց վիշտը թեթևացնելու անկեղծ ցանկություն (Եբր. 2։17)։
8 Իր կյանքի վաղ տարիներին Հիսուսն, անկասկած, կրել է իր հարազատների ու ծանոթների կորստի ցավը։ Ամենայն հավանականությամբ, Հովսեփը՝ Հիսուսի հայրը, մահացավ, երբ Հիսուսը բավականին երիտասարդ էր՝ հավանաբար պատանի էր կամ 20-ն անց։ * Պատկերացրու, թե Հիսուսի համար որքան դժվար էր տանել այդ վիշտը և տեսնել, թե ինչպես են սգում իր մայրը, եղբայրներն ու քույրերը։
9. Ինչպե՞ս դրսևորվեց Հիսուսի կարեկցանքը, երբ մահացավ Ղազարոսը։
9 Հիսուսն իր ծառայության ընթացքում ցույց տվեց, որ իսկապես հասկանում է մարդկանց և կարեկցում նրանց։ Դա տեսնում ենք, օրինակ, այն դեպքից, երբ մահացավ նրա սիրելի ընկեր Ղազարոսը։ Ճիշտ է, Հիսուսը գիտեր, որ հարություն է տալու նրան, սակայն զգաց Հովհ. 11։33–36)։
այն ծանր վիշտը, որ պատել էր Ղազարոսի քույրերին՝ Մարիամին ու Մարթային։ Կարեկցանքի զգացումն այնքան խորն էր, որ Հիսուսի սիրտը հուզվեց, և աչքերից արցունքներ հոսեցին (10. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսն այսօր էլ է կարեկցում մեզ։
10 Ինչպե՞ս ենք սփոփվում՝ իմանալով, որ անցյալում Հիսուսը կարեկցում ու մխիթարում էր մարդկանց։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13։8)։ Քանի որ «կյանքի Գլխավոր Առաջնորդը» շատ լավ գիտի, թե ինչ է վիշտը, նա «կարող է օգնության հասնել փորձության մեջ լինողներին» (Գործ. 3։15; Եբր. 2։10, 18)։ Ուստի վստահ ենք, որ Քրիստոսը հիմա էլ անտարբեր չէ մարդկանց տառապանքի հանդեպ։ Նա հասկանում է մեր ցավը և կարող է մխիթարել ճիշտ ժամանակին, «երբ մենք օգնության կարիք ունենանք» (կարդա Եբրայեցիներ 4։15, 16)։
«ՍՈՒՐԲ ԳՐՔԵՐԻ ՏՎԱԾ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
11. Աստվածաշնչյան ո՞ր համարներն են մխիթարում քեզ։
11 Ղազարոսի հարության պատմությունը, որում խոսվում է Հիսուսի խոր վշտի մասին, ընդամենը մեկն է Աստվածաշնչի բազում մխիթարական հատվածներից։ Անշուշտ, «ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմ. 15։4)։ Եթե դու էլ ես սգում հարազատիդ մահը, կարող ես սփոփվել՝ կարդալով, օրինակ, աստվածաշնչային հետևյալ համարները.
-
«Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղ. 34։18, 19)։
-
«Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, [Եհովայի] մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս» (Սաղ. 94։19)։
-
«Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ սիրեց մեզ և իր անզուգական բարությամբ հավիտենական մխիթարություն ու հիանալի հույս տվեց մեզ, մխիթարեն ձեր սրտերը ու հաստատեն ձեզ ամեն բարի գործում և խոսքում» (2 Թեսաղ. 2։16, 17)։ *
ԺՈՂՈՎԸ՝ ՄԵԾ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ
12. Ինչպե՞ս կարող ենք մխիթարության աղբյուր լինել ուրիշների համար։
12 Սգավորների համար մխիթարության մեկ այլ աղբյուր է քրիստոնեական ժողովը (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։11)։ Ինչպե՞ս կարող ես զորացնել ու մխիթարել նրանց, ում ոգին խոցված է (Առակ. 17։22)։ Հիշիր, որ ժամանակ կա լռելու, և ժամանակ կա խոսելու (Ժող. 3։7)։ Դալին անունով մի այրի ասում է. «Հարազատ կորցրած մարդիկ կարիք ունեն արտահայտելու իրենց մտքերն ու զգացմունքները։ Ուստի ամենակարևոր բանը, որ կարող ես անել, սգավորին առանց ընդհատելու լսելն է»։ Յունյան, ում եղբայրը ինքնասպան է եղել, ավելացնում է. «Կարևորն այն չէ՝ դու լիովին հասկանում ես նրա ցավը, թե ոչ։ Կարևորն այն է, որ ուզում ես հասկանալ, թե ինչ է նա զգում»։
13. Ի՞նչ պետք է հիշենք վիշտն արտահայտելու մասին։
13 Նաև հիշենք, որ ամեն մեկը յուրովի է տանում իր վիշտը և արտահայտում իր սրտի ցավը։ Կան մարդիկ, որոնք իրենց վիշտը կրում են սրտի խորքում, և չեն կարողանում արտահայտվել՝ խոսել այն մասին, թե ինչ են զգում։ Աստվածաշունչն ասում է. «Մարդու սիրտը տեղյակ է իր հոգու դառնությունից, և ոչ մի օտար չի Առակ. 14։10)։ Նույնիսկ եթե նրանք խոսում են իրենց ցավի մասին, միշտ չէ, որ մյուսները հեշտությամբ հասկանում են նրանց։
միջամտի սրտի ուրախությանը» (14. Ի՞նչ խոսքերով կարող ենք մխիթարել սգավորներին։
14 Երբեմն դժվար է լինում խոսքեր գտնել սգավորին մխիթարելու համար։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ «իմաստունների լեզուն բուժում է» (Առակ. 12։18)։ Շատերը մխիթարական մտքեր են ասում «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկից։ * Այնուամենայնիվ, հաճախ ամենաօգտակար բանը, որ կարող ես անել, «լաց լինողների հետ լաց լինելն» է (Հռոմ. 12։15)։ «Արցունքները սրտիս լեզուն են դարձել,— ասում է Գաբին, որը կորցրել է ամուսնուն։— Ուստի որոշ չափով մխիթարվում եմ, երբ ընկերներս ինձ հետ լաց են լինում։ Այդ ժամանակ իմ վշտի մեջ ինձ մենակ չեմ զգում»։
15. Ինչպե՞ս կարող ենք մխիթարել սգավորին, եթե մեզ համար դժվար է խոսել նրա հետ (տես նաև « Մխիթարական խոսքեր» շրջանակը)։
15 Եթե քեզ համար դժվար է խոսել սգավորի հետ, գուցե ավելի հեշտ լինի նրան ուղարկել ցավակցական բացիկ, սովորական կամ էլեկտրոնային նամակ, տեքստային հաղորդագրություն։ Կարող ես պարզապես Աստվածաշնչից մեջբերել սփոփիչ խոսքեր, հիշատակել մահացածի որևէ ակնառու հատկության կամ բնավորության գծի մասին, պատմել նրա հետ կապված մի ուրախ հուշ, որը թանկ է քեզ համար։ «Երբ քաջալերական կարճ հաղորդագրություն եմ ստանում, կամ հավատակիցը ինձ հրավիրում է իր հետ ժամանակ անցկացնելու, դա ինձ շատ-շատ է օգնում,— ասում է Յունյան։— Այդպես զգում եմ, որ ինձ սիրում են և իմ մասին հոգ են տանում»։
16. Սգավորին մխիթարելու ի՞նչ արդյունավետ միջոց կա։
16 Մեր աղոթքները նույնպես կարող են
օգնել հարազատ կորցրած հավատակցին։ Կարող ենք աղոթել նրա համար և նրա հետ։ Ճիշտ է, այդպիսի հուզիչ իրավիճակում գուցե քեզ համար դժվար լինի աղոթելով արտահայտել մտքերդ, սակայն այն անկեղծ աղաչանքը, որ հավատակցիդ համար ուղղում ես Աստծուն, նույնիսկ արցունքներն աչքերիդ կամ դողդոջուն ձայնով, կարող է վիշտը փարատելու զորեղ միջոց լինել։ Դալինը ասում է. «Երբ քույրերն ինձ այցելում են, երբեմն նրանց խնդրում եմ աղոթք անել։ Երբ նրանք սկսում են աղոթել, սկզբում հաճախ դժվարանում են խոսել, բայց հետո նրանց ձայնը ավելի կայուն է դառնում, և նրանք անչափ ջերմ ու սրտագին աղոթք են ասում։ Նրանց ամուր հավատը, սերն ու հոգատարությունը շատ են զորացնում իմ հավատը»։ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՄԽԻԹԱՐԵԼ
17–19. Ինչո՞ւ պետք է շարունակենք մխիթարել հարազատ կորցրած մարդուն։
17 Մարդիկ տարբեր են, ուստի հնարավոր չէ իմանալ, թե անհատը որքան ժամանակ կսգա իր հարազատի կորուստը։ Հետևաբար մատչելի եղիր ոչ միայն առաջին օրերին, երբ շատ ընկերներ ու ազգականներ նրա կողքին են, այլև հաջորդող ամիսներին, երբ մյուսները վերադառնում են բնականոն կյանքին։ «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակ. 17։17)։ Հավատակիցները կարող են մեծ մխիթարության աղբյուր լինել այնքան ժամանակ, մինչև որ հարազատ կորցրած մարդու վերքը բուժվի (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 3։7)։
18 Հիշիր, որ սգավորի սրտում վշտի զգացումը ցանկացած պահի կարող է սաստկանալ։ Դրա պատճառ կարող են լինել, օրինակ, որևէ իրադարձության տարեդարձը կամ տարելիցը, այս կամ այն երաժշտությունը, լուսանկարները, զբաղմունքները, նույնիսկ որևէ հոտ, ձայն կամ տարվա եղանակ։ Կողակցին կորցրած անհատը շատ բաներ առաջին անգամ է մենակ անելու, օրինակ՝ համաժողովի կամ Հիշատակի երեկոյի գնալու, ուստի դա կարող է հատկապես ցավոտ լինել նրա համար։ Կնոջը կորցրած մի եղբայր պատմում է. «Մտածում էի, որ նրա մահից հետո մեր ամուսնության առաջին տարեդարձը ծանր կլինի ինձ համար։ Եվ իրոք, հեշտ չէր։ Սակայն մի քանի եղբայրներ ու քույրեր փոքր հավաքույթ կազմակերպեցին՝ հրավիրելով մտերիմ ընկերներիս, որպեսզի մենակ չլինեմ»։
19 Սակայն հիշիր, որ հարազատ կորցրած մարդիկ քաջալերության կարիք ունեն ոչ միայն հատուկ առիթներով։ Յունյան ասում է. «Այն օգնությունն ու ընկերական շփումը, որ վայելում եմ, երբ հատուկ տարեդարձ կամ տարելից չկա, մեծ օգուտ են տալիս։ Այդ ինքնաբուխ պահերը շատ թանկ են ինձ համար և մեծ մխիթարանք են բերում»։ Ճիշտ է, մենք չենք կարող հարազատ կորցրած մարդու սրտում լիովին վերացնել վշտի կամ դատարկության զգացումը, սակայն կարող ենք ինչ-որ չափով մխիթարել, եթե գործնական քայլեր ձեռնարկենք նրան օգնելու համար (1 Հովհ. 3։18)։ Գաբին նշում է. «Եհովային անչափ շնորհակալ եմ հոգատար երեցների համար, որոնք դժվար պահերին կողքիս էին։ Նրանց շնորհիվ ես ինձ Եհովայի գրկում՝ նրա հոգատար ձեռքերում զգացի»։
20. Եհովայի խոստումները ինչո՞ւ են մեծ մխիթարության աղբյուր։
20 Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան՝ ամենայն մխիթարության Աստված, լիովին կվերացնի վիշտը և ընդմիշտ կսփոփի մեր սրտերը, երբ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, [Քրիստոսի] ձայնը լսեն և դուրս գան» (Հովհ. 5։28, 29)։ Աստված խոստանում է, որ «կկլանի մահը հավիտյան»։ Այո՛, «Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Ես. 25։8)։ Այդ ժամանակ ողջ երկրի բնակիչները այլևս ստիպված չեն լինի «լաց լինողների հետ լաց լինել», այլ «ուրախացողների հետ կուրախանան» (Հռոմ. 12։15)։
^ պարբ. 8 Հովսեփի մասին վերջին անգամ հիշատակվում է, երբ Հիսուսը 12 տարեկան էր։ Երբ Հիսուսն իր առաջին հրաշքը գործեց՝ ջուրը գինու վերածեց, աստվածաշնչյան արձանագրության մեջ Հովսեփի մասին չի խոսվում։ Դրանից հետո էլ նրա մասին չի հիշատակվում։ Իսկ երբ Հիսուսը տանջանքի ցցի վրա էր, իր մոր՝ Մարիամի խնամքը հանձնեց Հովհաննես առաքյալին, ինչը նա, ամենայն հավանականությամբ, չէր անի, եթե Հովսեփը դեռ ողջ լիներ (Հովհ. 19։26, 27)։
^ պարբ. 11 Շատերին մխիթարում են նաև հետևյալ համարները. Սաղմոս 20։1, 2; 31։7; 38։8, 9, 15; 55։22; 121։1, 2; Եսայիա 57։15; 66։13; Փիլիպպեցիներ 4։13 և 1 Պետրոս 5։7։
^ պարբ. 14 Տես նաև «Մխիթարիր սգավորին, ինչպես Հիսուսը» հոդվածը «Դիտարանի» 2010 թ. նոյեմբերի 1-ի համարում։