Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 29

Պատրա՞ստ ես մեծ նեղությանը

Պատրա՞ստ ես մեծ նեղությանը

«Պատրաստ եղեք» (ՄԱՏԹ. 24։44

ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ինչո՞ւ է իմաստուն պատրաստվել աղետներին։

 ՊԱՏՐԱՍՏՎԱԾ լինելը կյանքեր է փրկում։ Այն մարդիկ, ովքեր նախօրոք պատրաստվում են աղետներին, ավելի հավանական է, որ կփրկվեն և կկարողանան օգնել ուրիշներին։ Եվրոպայի մարդասիրական կազմակերպություններից մեկը այս առնչությամբ հետևյալն է ասել. «Լավ պատրաստվածությունից շատ բան է կախված»։

2. Ինչո՞ւ պետք է պատրաստվենք մեծ նեղությանը (Մատթեոս 24։44

2 «Մեծ նեղությունը» հանկարծակի է սկսվելու (Մատթ. 24։21)։ Բայց ի տարբերություն շատ այլ աղետների՝ այն ոչ բոլորի համար է անսպասելի լինելու։ Մոտ 2 000 տարի առաջ Հիսուսը իր հետևորդներին հորդորեց պատրաստվել այդ օրվան (կարդա Մատթեոս 24։44)։ Պատրաստված լինելը կօգնի, որ ավելի հեշտությամբ հաղթահարենք այդ ծանր ժամանակաշրջանը և ուրիշներին էլ օգնենք նույնն անել (Ղուկ. 21։36

3. Տոկունությունը, կարեկցանքը և սերը ինչպե՞ս կարող են օգնել, որ պատրաստվենք մեծ նեղությանը։

3 Տեսնենք, թե որ երեք հատկությունները կօգնեն մեզ պատրաստվել մեծ նեղությանը։ Օրինակ՝ ինչպե՞ս կվարվենք, երբ առաջնորդություն ստանանք քարոզելու դատաստանի կարկտանման լուրը և բախվենք հակառակության (Հայտն. 16։21)։ Մենք տոկունության կարիք կունենանք, որպեսզի հնազանդվենք Եհովային՝ վստահ լինելով, որ նա կպաշտպանի մեզ։ Իսկ ի՞նչ կանենք, երբ մեր հավատակիցները նյութական կորուստներ ունենան կամ զրկվեն իրենց ողջ ունեցվածքից (Ամբ. 3։17, 18)։ Այդ դեպքում կարեկցանքը կմղի մեզ, որ օգնության ձեռք մեկնենք նրանց։ Ի՞նչ կանենք, երբ ազգերի կոալիցիան հարձակվի մեզ վրա, և մենք ստիպված լինենք մի որոշ ժամանակով մեր հավատակիցների հետ պատսպարվել մեկ հարկի տակ (Եզեկ. 38։10-12)։ Մեր եղբայրների ու քույրերի հանդեպ ամուր սերը կօգնի, որ միասին հաղթահարենք այդ դժվարությունները։

4. Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ պետք է շարունակ զարգացնենք տոկունություն, կարեկցանք և սեր։

4 Աստծու Խոսքը հորդորում է մեզ, որ շարունակ զարգացնենք տոկունություն, կարեկցանք և սեր։ Ղուկաս 21։19-ում ասվում է. «Ձեր տոկունությամբ կշահեք ձեր հոգիները»։ Կողոսացիներ 3։12-ում կարդում ենք. «Հագեք.... կարեկցանքը», իսկ 1 Թեսաղոնիկեցիներ 4։9, 10 համարներում ասվում է. «Դուք Աստծուց սովորել եք սիրել միմյանց.... Բայց հորդորում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ շարունակեք դա անել ավելի մեծ չափով»։ Այս խոսքերն ուղղված էին աշակերտներին, ովքեր արդեն իսկ դրսևորում էին տոկունություն, կարեկցանք և սեր, սակայն նրանք պետք է շարունակեին զարգացնել այդ հատկությունները։ Մենք էլ պետք է նույնն անենք։ Դրա համար եկեք քննենք, թե առաջին դարի քրիստոնյաները ինչպես են դրսևորել վերոնշյալ հատկություններից յուրաքանչյուրը։ Կտեսնենք նաև, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրանց և այդպիսով պատրաստ լինել մեծ նեղությանը։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ

5. Ի՞նչն էր օգնում առաջին դարի քրիստոնյաներին, որ դիմանային դժվարություններին։

5 Առաջին դարի քրիստոնյաները տոկունության կարիք ունեին (Եբր. 10։36)։ Բացի բոլոր մարդկանց հանդիպող դժվարություններից՝ նրանք այլ խնդիրներ էլ ունեին։ Նրանցից շատերը հալածվում էին ոչ միայն հրեա կրոնական առաջնորդների և հռոմեական իշխանությունների կողմից, այլև իրենց իսկ ընտանիքների (Մատթ. 10։21)։ Իսկ ժողովի ներսում նրանք երբեմն ստիպված էին պայքարել հավատուրացների և նրանց պառակտիչ ուսմունքների ազդեցության դեմ (Գործ. 20։29, 30)։ Չնայած այդ ամենին՝ նրանք դիմացան և հավատարիմ մնացին Եհովային (Հայտն. 2։3)։ Բայց ինչպե՞ս դա նրանց հաջողվեց։ Այդ քրիստոնյաները խորհրդածում էին աստվածաշնչյան այն կերպարների շուրջ, որոնք մինչև վերջ դիմացել են, օրինակ՝ Հոբի (Հակ. 5։10, 11)։ Նրանք աղոթում էին, որ Եհովան օգնի իրենց (Գործ. 4։29-31)։ Բացի այդ՝ կենտրոնանում էին տոկունության բերած լավ արդյունքների վրա (Գործ. 5։41

6. Ի՞նչ ես սովորում Մերիտայի օրինակից։

6 Մենք նույնպես կկարողանանք դիմանալ, եթե Աստվածաշնչում և մեր հրատարակություններում կանոնավորաբար ընթերցենք Եհովայի այն ծառաների մասին, ովքեր տոկունություն են դրսևորել, և խորհրդածենք նրանց օրինակի շուրջ։ Այդպես վարվելը օգնեց Ալբանիայում ապրող Մերիտա անունով մի քրոջ դիմանալ իր ընտանիքից եկող կատաղի հալածանքին։ Քույրն ասում է. «Շատ եմ տպավորվել՝ ուսումնասիրելով Հոբի մասին աստվածաշնչյան պատմությունը։ Նա շատ է տառապել՝ չիմանալով, թե ով է կանգնած իր փորձությունների հետևում։ Այնուամենայնիվ, Հոբն ասել է. «Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս» (Հոբ 27։5)։ Ես մտածեցի, որ իմ փորձությունները ոչինչ են՝ համեմատած Հոբի փորձությունների հետ։ Ի տարբերություն նրա՝ ես գիտեմ, թե ով է կանգնած դրանց հետևում»։

7. Նույնիսկ եթե այս պահին ծանր փորձության միջով չենք անցնում, ի՞նչ պետք է սովորենք անել։

7 Մենք ավելի տոկուն կդառնանք նաև այն դեպքում, եթե հաճախակի ու ջերմեռանդորեն աղոթենք Եհովային ու պատմենք նրան մեր անհանգստությունների մասին (Փիլիպ. 4։6; 1 Թեսաղ. 5։17)։ Նույնիսկ եթե այս պահին ծանր փորձության միջով չես անցնում, ամեն անգամ, երբ նեղված ես լինում, շփոթված կամ վհատված, աղոթիր Եհովային և խնդրիր, որ օգնի քեզ։ Եթե այսօր իսկ քո առօրյա խնդիրները հաղթահարելու համար դիմես Աստծուն, ապագայում, երբ ավելի մեծ խնդիրների բախվես, չես վարանի այդպես վարվել և համոզված կլինես, որ Եհովան հստակ գիտի, թե երբ և ինչպես օգնի քեզ (Սաղ. 27։1, 3

ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր փորձության տոկալը պատրաստում է մեզ հաջորդին (տես պարբերություն 8)

8. Միրայի օրինակը ինչպե՞ս է ցույց տալիս, որ ներկայիս դժվարություններին դիմանալը կօգնի մեզ տոկալ նաև ապագայում (Հակոբոս 1։2-4; տես նաև նկարը)։

8 Եթե հավատարմորեն տոկանք ներկայիս դժվարությունների ներքո, ավելի հավանական է, որ կդիմանանք ապագայում սպասվող մեծ նեղությանը (Հռոմ. 5։3)։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Շատ եղբայրներ ու քույրեր ասում են, որ հավատի յուրաքանչյուր փորձություն, որի միջով նրանք անցել են, իրենց պատրաստել է հաջորդ փորձությանը։ Տոկալու շնորհիվ նրանց հավատն ավելացել է այն հարցում, որ Եհովան կօգնի իրենց։ Հավատն էլ իր հերթին օգնել է նրանց դիմանալ հաջորդ դժվարությանը (կարդա Հակոբոս 1։2-4)։ Միրա անունով մի ռահվիրա քույր, ով ապրում է Ալբանիայում, ասում է, որ անցյալում դժվարություններին տոկալու շնորհիվ նա կարողանում է դիմանալ նաև ներկայիս դժվարություններին։ Միրան խոստովանում է, որ երբեմն իրեն թվում է, թե միայն ինքը այդքան շատ դժվարություններ ունի։ Բայց հետո նա հիշում է, թե վերջին 20 տարիների ընթացքում Եհովան որքան բան է արել իրեն աջակցելու համար, և ինքն իրեն ասում է. «Հավատարի՛մ մնա։ Թույլ մի՛ տուր, որ այսքան տարիները և բոլոր այն հաղթանակները, որ Եհովայի օգնությամբ տարել ես, ջուրն ընկնեն»։ Դու նույնպես կարող ես մտաբերել, թե ինչպես է Եհովան օգնել քեզ տոկալ։ Համոզված եղիր, որ նա տեսնում է, թե ինչպես ես ամեն անգամ դիմանում որևէ դժվարության, և կվարձատրի քեզ (Մատթ. 5։10-12)։ Եվ երբ սկսվի մեծ նեղությունը, դու արդեն կոփված կլինես տոկալու հարցում և վճռականորեն կշարունակես դիմանալ։

ԿԱՐԵԿԻՑ ԵՂԻՐ

9. Անտիոքի ժողովը ինչպե՞ս կարեկցանք դրսևորեց։

9 Տեսնենք, թե ինչ եղավ, երբ Հրեաստանում մեծ սով սկսվեց։ Ասորիքի Անտիոքի ժողովը, տեղեկանալով սովի մասին, անկասկած, կարեկցանքով լցվեց Հրեաստանում ապրող եղբայրների ու քույրերի հանդեպ, ինչն էլ մղեց նրանց գործերի։ Նրանք «որոշեցին, որ ամեն մեկն իր հնարավորության սահմաններում օգնություն ուղարկի Հրեաստանում բնակվող եղբայրներին» (Գործ. 11։27-30)։ Չնայած հեռավորությանը՝ Անտիոքի եղբայրները որոշեցին օգնել սովի մատնված իրենց հավատակիցներին (1 Հովհ. 3։17, 18

ԿԱՐԵԿՑԱՆՔ

Բնական աղետների ժամանակ մենք կարեկցանք դրսևորելու առիթ ենք ունենում (տես պարբերություն 10)

10. Ի՞նչ կերպերով կարող ենք կարեկցանք դրսևորել, երբ մեր հավատակիցները տուժում են աղետների պատճառով (տես նաև նկարը)։

10 Մենք նույնպես կարող ենք կարեկցանք դրսևորել, երբ իմանում ենք, որ մեր հավատակիցները աղետի զոհ են դարձել։ Նման իրավիճակներում մենք անմիջապես օգնության ձեռք ենք մեկնում՝ երեցներին հարցնելով, թե ինչ անելու կարիք կա, կամ համաշխարհային գործի համար նվիրատվություն ենք անում և աղոթում աղետից տուժած մեր հավատակիցների համար (Առակ. 17։17 b Օրինակ՝ 2020 թ.-ին ամբողջ աշխարհում աղետից տուժածներին օգնելու ավելի քան 950 կոմիտեներ կազմվեցին, որպեսզի հոգ տանեն COVID-19 համավարակից տուժածների մասին։ Այդ կոմիտեների հետ համագործակցող մեր բոլոր հավատակիցները գովասանքի են արժանի։ Կարեկցանքից մղված՝ նրանք նվիրաբերված անհրաժեշտ իրերը հասցրել են իրենց քույրերին ու եղբայրներին, հոգևոր աջակցություն են տրամադրել և որոշ դեպքերում վերանորոգել կամ վերակառուցել նրանց տներն ու երկրպագության վայրերը (համեմատիր 2 Կորնթացիներ 8։1-4

11. Այն գործերը, որ անում ենք կարեկցանքից մղված, ինչպե՞ս են պատիվ բերում մեր երկնային Հորը։

11 Երբ աղետից հետո կարեկցանք ենք դրսևորում, մարդիկ նկատում են մեր կատարած զոհողությունները։ Օրինակ՝ 2019 թ.-ին Բահամյան կղզիներում մոլեգնած «Դորիան» փոթորիկը ավերել էր մեր Թագավորության սրահներից մեկը։ Այն վերակառուցող եղբայրները մի ոչ Վկա կապալառուի հարցրին, թե որքան գումար կուզենա որոշակի աշխատանքներ կատարելու դիմաց։ Նա պատասխանեց. «Ես անվճար կտրամադրեմ.... սարքավորումները, աշխատուժն ու շինանյութը.... ուղղակի ուզում եմ լավություն անել ձեր կազմակերպությանը։ Ես անչափ տպավորված եմ միմյանց հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքով»։ Այսօր մարդկանց մեծ մասը չի ճանաչում Եհովային, բայց նրանցից շատերը տեսնում են, թե ինչպես են վարվում Եհովայի վկաները։ Մենք անչափ ուրախ ենք, որ կարեկցանքի մեր գործերը կարող են մղել մարդկանց ավելին իմանալու մեր Աստծու մասին, ով «հարուստ է ողորմությամբ» (Եփես. 2։4

12. Կարեկցանք զարգացնելը ինչպե՞ս է մեզ պատրաստում մեծ նեղությանը (Հայտնություն 13։16, 17

12 Մեծ նեղության ընթացքում ինչո՞ւ կարեկցանք դրսևորելու կարիք կլինի։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք, ովքեր թիկունք չեն կանգնի քաղաքական համակարգին, դժվարություններ կունենան թե՛ հիմա, թե՛ մեծ նեղության ընթացքում (կարդա Հայտնություն 13։16, 17)։ Գուցե մեր եղբայրներն ու քույրերը իրենց հիմնական կարիքները հոգալու հարցում օգնության կարիք ունենան։ Երբ մեր Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, գա մարդկանց դատելու, թող որ մեզ տեսնի կարեկցանք դրսևորելիս և հրավիրի «ժառանգելու.... Թագավորությունը» (Մատթ. 25։34-40

ԽՈՐԱՑՐՈՒ ՍԵՐԴ

13. Ինչպես գրված է Հռոմեացիներ 15։7-ում, առաջին դարի քրիստոնյաները ինչպե՞ս էին խորացնում միմյանց հանդեպ ունեցած սերը։

13 Առաջին դարի քրիստոնյաներին բնորոշող նշանը սերն էր։ Բայց արդյո՞ք նրանց համար հեշտ էր սեր դրսևորել։ Նկատի առնենք, թե որքան բազմազան էր Հռոմի ժողովը։ Նրանց թվում ոչ միայն հրեաներ կային, ովքեր մանկուց սովորել էին հնազանդվել Մովսիսական օրենքին, այլև ուրիշ մարդիկ, ովքեր բոլորովին այլ միջավայրում էին մեծացել։ Որոշ քրիստոնյաներ թերևս ստրուկներ էին, մյուսները՝ ազատ մարդիկ, իսկ ոմանք իրենք ստրուկներ ունեին։ Չնայած այս տարբերություններին՝ ինչպե՞ս էր քրիստոնյաներին հաջողվում խորացնել միմյանց հանդեպ ունեցած սերը։ Պողոս առաքյալը նրանց հորդորեց «ընդունել միմյանց» (կարդա Հռոմեացիներ 15։7)։ Ի՞նչ էր դա նշանակում։ «Ընդունել» թարգմանված հունարեն բառը ունի ինչ-որ մեկին գրկաբաց և ջերմորեն ընդունելու, ինչպես, օրինակ, տուն կամ ընկերական շրջապատ ընդունելու իմաստ։ Երբ Պողոսը Փիլիմոնին հորդորեց հետ ընդունել Օնեսիմոսին, ով վերջինիս ստրուկն էր և փախել էր նրա մոտից, հետևյալը գրեց. «Գրկաբաց ընդունիր նրան» (Փիլիմ. 17)։ Իսկ Պրիսկիղան ու Ակյուղասը ընդունեցին Ապողոսին, ով իրենցից քիչ բան գիտեր քրիստոնեության մասին՝ նրան «իրենց մոտ վերցնելով» (Գործ. 18։26)։ Նրանք թույլ չտվեցին, որ իրենց տարբերությունները պառակտման պատճառ դառնան, փոխարենը ընդունեցին միմյանց։

ՍԵՐ

Մենք պետք է սիրենք մեր բոլոր եղբայրներին ու քույրերին (տես պարբերություն 15)

14. Աննան և նրա ամուսինը ինչպե՞ս սեր դրսևորեցին։

14 Մենք էլ կարող ենք սեր ցուցաբերել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ՝ ընդունելով նրանց մեր ընկերական շրջապատ։ Սովորաբար դա մղում է, որ նրանք էլ իրենց հերթին սեր դրսևորեն մեր հանդեպ (2 Կորնթ. 6։11-13)։ Քննենք Աննայի ու նրա ամուսնու օրինակը։ Նրանք նոր էին միսիոներ նշանակվել Արևմտյան Աֆրիկա, երբ սկսվեց COVID-19 համավարակը, ու նրանք չհասցրին ֆիզիկապես հանդիպել իրենց ժողովի հավատակիցներին։ Այս զույգը ինչպե՞ս կարող էր սեր ցուցաբերել նման իրավիճակում։ Աննան և նրա ամուսինը իրենց հավատակիցների հետ կապ էին պահում տեսակոնֆերանսի միջոցով և ասում էին, որ շատ են ուզում ավելի մոտիկից ճանաչել նրանց։ Հավատակիցները տպավորվել էին նրանց վերաբերմունքից, և իրենք էլ էին հաճախակի զանգահարում ու հաղորդագրություններ ուղարկում նրանց։ Իսկ Աննան և նրա ամուսինը ինչո՞ւ էին այդքան ջանք թափում։ Աննան ասում է. «Լավ ու վատ օրերին հավատակիցներս միշտ սեր են ցուցաբերել իմ ու ընտանիքիս հանդեպ։ Դա դաջվել է իմ մտքում ու սրտում և մղել ինձ, որ ես էլ սեր ցուցաբերեմ»։

15. Բոլոր հավատակիցներին սիրելու վերաբերյալ ի՞նչ ես սովորում Վանեսայից (տես նաև նկարը)։

15 Մեզանից շատերը այնպիսի ժողովներում են ծառայում, որտեղ տարբեր մշակույթների և ազգերի մարդիկ կան, ովքեր տարբեր բնավորության գծեր ունեն։ Մենք ավելի շատ կսիրենք մեր հավատակիցներին, եթե կենտրոնանանք նրանց լավ հատկությունների վրա։ Վանեսա անունով մի քույր, ով ծառայում է Նոր Զելանդիայում, դժվարանում էր իր ժողովի հավատակիցների հետ լեզու գտնել։ Սովորաբար նա խուսափում էր այն հավատակիցներից, ում բնավորության գծերը նյարդայնացնում էին իրեն, բայց մի օր նա որոշեց ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ։ Այդպես վարվելու շնորհիվ Վանեսան կարողացավ տեսնել, թե ինչու է Եհովան սիրում նրանց։ Նա ասում է. «Քանի որ ամուսինս շրջանային վերակացու է, մենք շրջապատված ենք ավելի շատ եղբայրներով ու քույրերով, ովքեր տարբեր բնավորություններ ունեն։ Ինձ համար հիմա ավելի հեշտ է շփվել նրանց հետ։ Այժմ ես սիրում եմ բազմազանությունը։ Ակնհայտ է, որ Եհովան էլ է դա սիրում, քանի որ այդքան տարբեր մարդկանց է ձգել դեպի իրեն»։ Երբ սովորում ենք մարդկանց նայել Եհովայի աչքերով, փաստում ենք, որ սիրում ենք նրանց (2 Կորնթ. 8։24

Մեծ նեղության ժամանակ մենք կունենանք Եհովայի խոստացած պաշտպանությունը, եթե միաբանված մնանք մեր հավատակիցների հետ (տես պարբերություն 16)

16. Ինչո՞ւ ենք ասում, որ սերը կենսական կլինի նաև մեծ նեղության ժամանակ (տես նաև նկարը)։

16 Մեծ նեղության ընթացքում մեր եղբայրների ու քույրերի հանդեպ սեր դրսևորելը կենսական է լինելու։ Որտե՞ղ ենք մենք պաշտպանություն գտնելու այդ ժամանակ։ Տեսնենք, թե Եհովան ինչ հրահանգ տվեց իր ժողովրդին, երբ Բաբելոնը հարձակման ենթարկվեց. «Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո ներքին սենյակները և քո հետևից փակիր դռները։ Թաքնվիր մի ակնթարթ, մինչև բարկությունն անցնի» (Ես. 26։20)։ Մեծ նեղության ժամանակ թերևս մենք էլ պետք է հետևենք այս հրահանգին։ «Ներքին սենյակները» կարող են վերաբերել մեր ժողովներին։ Այդ ընթացքում մենք կունենանք Եհովայի խոստացած պաշտպանությունը, եթե միաբանված մնանք մեր հավատակիցների հետ։ Հետևաբար հիմա է ժամանակը ջանքեր թափելու, որ ոչ թե պարզապես հանդուրժենք մեր եղբայրներին ու քույրերին, այլ սիրենք նրանց։ Մեր փրկությունը գուցե կախված լինի դրանից։

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԻՐ

17. Այսօրվանից պատրաստվելը ինչպե՞ս կօգնի մեզ մեծ նեղության ժամանակ։

17 «Եհովայի մեծ օրը» ողջ մարդկության համար շատ ծանր ժամանակաշրջան է լինելու (Սոփ. 1։14, 15)։ Այդ ընթացքում Եհովայի ժողովուրդը նույնպես դժվարություններ է կրելու։ Բայց եթե այսօրվանից պատրաստվենք դրան, կկարողանանք հանգստություն պահպանել և օգնել ուրիշներին։ Մենք կկարողանանք տոկալ ցանկացած դժվարության ներքո։ Երբ մեր հավատակիցները նեղություններ կրեն, մենք ամեն կերպ կփորձենք աջակցել նրանց. կարեկցանք կդրսևորենք նրանց հանդեպ և կապահովենք նրանց անհրաժեշտ բաներով։ Եթե այսօրվանից սովորենք սիրել մեր եղբայրներին ու քույրերին, ապա նրանց հանդեպ սեր կցուցաբերենք նաև ապագայում։ Այդ դեպքում Եհովան կվարձատրի մեզ՝ տալով հավիտենական կյանք մի աշխարհում, որտեղ աղետներն ու դժվարությունները ընդմիշտ մոռացված կլինեն (Ես. 65։17

ԵՐԳ 144 Մրցանակն աչքիդ առաջ պահիր

a Մեծ նեղությունը շուտով կսկսվի։ Ապագայում սպասվող աննախադեպ իրադարձություններին պատրաստ լինելու համար մենք պետք է զարգացնենք տոկունություն, կարեկցանք և սեր։ Հոդվածից կիմանանք, թե առաջին դարի քրիստոնյաները ինչպես են զարգացրել այդ հատկությունները, ինչպես կարող ենք ընդօրինակել նրանց, և թե այդ հատկությունները ինչպես կօգնեն մեզ, որ պատրաստ լինենք մեծ նեղությանը։

b Բոլոր նրանք, ովքեր ուզում են աջակցել աղետից տուժածներին օգնելու գործին, պետք է լրացնեն «Նախագծման/շինարարության կամավորի դիմում» (DC-50) կամ «Կամավորական ծառայության դիմում» (A-19) և սպասեն համապատասխան հրավերի։