Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովան «հոգ է տանում ձեր մասին»

Եհովան «հոգ է տանում ձեր մասին»

ԻՆՉՈ՞Ւ կարող ես վստահ լինել, որ այս խոսքերը ճշմարիտ են, և որ Եհովան իսկապես հոգ է տանում քո մասին։ Պատճառներից մեկն այն է, որ Աստվածաշունչը հստակ նշում է դա։ 1 Պետրոս 5։7-ում ասվում է. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին»։ Ի՞նչ հիմքեր ունես համոզված լինելու, որ Եհովա Աստված հետաքրքրված է քեզանով։

ԱՍՏՎԱԾ ՀՈԳ Է ՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրինակ լինելով մեզ համար՝ Եհովան բարի է և ձեռքը բաց

Հիմքերից մեկը, թե ինչու կարող ես վստահ լինել, որ Աստված հետաքրքրված է քեզանով, այն է, որ նա այնպիսի հատկություններ ունի, որոնք դու կցանկանայիր տեսնել քո լավագույն ընկերոջ մեջ։ Նրանք, ովքեր իրար հանդեպ բարի են և առատաձեռն, հաճախ մտերիմ ընկերներ են դառնում։ Ինչպես տեսնում ես, Եհովան ամեն օր է մարդկանց հանդեպ բարություն ու առատաձեռնություն դրսևորում։ Նկատի առ մեկ օրինակ։ Աստվածաշունչն ասում է. «Նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթ. 5։45)։ Ի՞նչ է տեղի ունենում արևի լույսի և անձրևի շնորհիվ։ Օրինակ՝ Աստված դրանց միջոցով «լիացնում է [մարդկանց] ուտելիքներով և նրանց սրտերը ուրախությամբ լցնում» (Գործ. 14։17)։ Այո՛, Եհովան հոգ է տանում, որ երկիրը առատ կերակուր տա։ Եվ ի՜նչ մեծ ուրախություն է պարգևում մեզ համեղ ուտելիքը։

Այդ դեպքում ինչո՞ւ են այդքան շատ մարդիկ սովի մատնված։ Պատճառն այն է, որ հաճախ մարդկային ղեկավարները հետաքրքրված են ոչ թե մարդկանց կյանքը բարելավելով, այլ իշխանություն ձեռք բերելով ու ֆինանսական շահ ստանալով։ Շուտով Եհովան կլուծի այդ խնդիրը և վերջ կդնի ագահությանը՝ ներկայիս քաղաքական համակարգը փոխարինելով երկնային Թագավորությամբ, որի Թագավորն իր Որդին է։ Այդ ժամանակ ոչ ոք սովի մատնված չի լինի։ Սակայն այսօր իսկ Աստված իր հավատարիմ ծառաներին ապահովում է անհրաժեշտ բաներով (Սաղ. 37։25)։ Մի՞թե դա չի փաստում, որ նա հոգատար է։

ԵՀՈՎԱՆ ՉԻ ԱՓՍՈՍՈՒՄ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Օրինակ լինելով մեզ համար՝ Եհովան առատաձեռնորեն տրամադրում է իր ժամանակը

Մտերիմ ընկերդ ժամանակ է անցկացնում քեզ հետ։ Նա կարող է ժամերով խոսել այնպիսի թեմաների շուրջ, որ երկուսիդ էլ հետաքրքրում են։ Լավ ընկերը նաև ուշադիր լսում է քեզ, երբ պատմում ես նրան քո խնդիրների ու մտահոգությունների մասին։ Իսկ Եհովան ուշադիր լսո՞ւմ է մեզ։ Անկասկա՛ծ։ Նա պատրաստ է լսելու մեր աղոթքները։ Ուստի Աստվածաշունչը հորդորում է մեզ «աղոթքում հարատևել» և «անդադար աղոթել» (Հռոմ. 12։12; 1 Թեսաղ. 5։17

Որքա՞ն երկար է Եհովան պատրաստ լսելու մեր աղոթքները։ Աստվածաշնչից մի օրինակ պատասխանում է այս հարցին։ Նախքան իր առաքյալներին ընտրելը Հիսուսը «ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկ. 6։12)։ Այդ աղոթքում Հիսուսը հավանաբար անունով հիշատակեց իր աշակերտներից շատերին, նշեց նրանց հատկությունները, թերությունները և խնդրեց իր Հորը, որ օգնի ընտրելու նրանց։ Երբ արևը ծագեց, և նոր օր սկսվեց, Հիսուսն արդեն ընտրել էր իր առաքյալներին, և նա գիտեր, որ ընտրել է նրանց, ովքեր ամենաշատն են համապատասխանում այդ ծառայությունը կատարելու համար։ Եհովան «աղոթքներ Լսող» է, և նրան հաճելի է լսել բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն աղոթում են իրեն (Սաղ. 65։2)։ Նույնիսկ եթե անհատը իրեն անհանգստացնող խնդրի մասին ժամերով է աղոթում Եհովային, Եհովան չի ափսոսում իր ժամանակը և լսում է նրան։

ԱՍՏՎԱԾ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐԵԼՈՒ

Օրինակ լինելով մեզ համար՝ Եհովան պատրաստ է ներելու

Նույնիսկ լավ ընկերները երբեմն դժվարանում են ներողամտություն դրսևորել իրար հանդեպ։ Երբեմն մարդիկ վերջ են դնում երկար տարիների ընկերությանը այն պատճառով, որ չեն կարողանում ներել իրար։ Սակայն Եհովան այդպիսին չէ։ Աստվածաշունչը անկեղծ սիրտ ունեցող բոլոր մարդկանց հորդորում է Աստծուց ներում խնդրել, «որովհետև նա մեծահոգաբար կների» (Ես. 55։6, 7)։ Ի՞նչն է մղում Աստծուն մեծահոգաբար ներելու։

Աստծուն մղում է ներելու նրա անզուգական սերը։ Նա այնքան շատ է սիրում աշխարհը, որ իր Որդուն՝ Հիսուսին, որպես փրկանք տվեց, որ մարդկությանը ազատի մեղքից և դրա վնասակար հետևանքներից (Հովհ. 3։16)։ Փրկանքի շնորհիվ Աստված մեծահոգաբար ներում է նրանց, ում սիրում է։ Հովհաննես առաքյալը գրեց. «Եթե խոստովանում ենք մեր մեղքերը, նա ներում է և մաքրում է մեզ ամեն անարդարությունից, որովհետև նա հավատարիմ է և արդար» (1 Հովհ. 1։9)։ Եհովայի ներողամտության շնորհիվ մարդիկ կարող են շարունակ վայելել նրա հետ ընկերությունը, և դա իմանալը ջերմացնում է մեր սիրտը։

ՕԳՆՈՒՄ Է, ԵՐԲ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՍ ՆՐԱ ԿԱՐԻՔԸ

Օրինակ լինելով մեզ համար՝ Եհովան մեր կողքին է, երբ ունենում ենք նրա կարիքը

Իսկական ընկերը օգնության է հասնում, երբ ունենում ես նրա կարիքը։ Իսկ Եհովան այդպես վարվո՞ւմ է։ Նրա Խոսքում ասվում է. «Թեպետ [Աստծու ծառաներից որևէ մեկը] ընկնելիս էլ լինի, վայր չի գցվի, որովհետև Եհովան բռնում է նրա ձեռքից» (Սաղ. 37։24)։ Եհովան տարբեր կերպերով է օգնում իր ծառաներին։ Նկատի առնենք մի դեպք, որ տեղի է ունեցել Կարիբյան կղզիներից մեկում՝ Սանտա Կրուսում։

Մի աղջիկ ճնշման էր ենթարկվում իր դասընկերների կողմից, քանի որ կրոնական համոզմունքների պատճառներով պատիվ չէր տալիս դրոշին։ Եհովային աղոթելուց հետո աղջիկը որոշեց հարթել այդ հարցը։ Նա դասարանի առաջ մի թեմա պետք է ներկայացներ, ուստի որոշեց խոսել դրոշին պատիվ տալու մասին։ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքի օգնությամբ այդ աղջիկը բացատրեց, թե Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի մասին արձանագրությունը ինչ ազդեցություն է թողել իր որոշման վրա։ Նա ասաց. «Եհովան պաշտպանեց այդ երեք եբրայեցիներին, քանի որ նրանք չերկրպագեցին արձանին»։ Այնուհետև ներկաներին առաջարկեց այդ գիրքը։ Աղջկա դասընկերներից տասնմեկը ցանկացան գրքի մի օրինակ վերցնել։ Գիտակցելով, որ Եհովան իրեն ուժ և իմաստություն տվեց այդ նուրբ հարցի վերաբերյալ վկայություն տալու համար՝ նա իրեն շատ երջանիկ զգաց։

Եթե երբևէ կասկածես, որ Եհովան հոգ է տանում քո մասին, խորհրդածիր աստվածաշնչյան հետևյալ համարների շուրջ՝ Սաղմոս 34։17–19; 55։22, 145։18, 19։ Հարցրու երկար տարիների Վկաներին, թե ինչպես է Եհովան հոգ տարել նրանց մասին։ Երբ Աստծու օգնության կարիքն ունենաս, աղոթիր նրան, և շուտով կտեսնես, թե ինչպես է նա հոգ տանում քո մասին։