Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թող բոլորս մի լինենք, ինչպես Եհովան ու Հիսուսը

Թող բոլորս մի լինենք, ինչպես Եհովան ու Հիսուսը

«Խնդրում [եմ].... նրանք բոլորը մի լինեն, ինչպես որ դու, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ» (ՀՈՎՀ. 17։20, 21

ԵՐԳ 24, 99

1, 2. ա) Հիսուսն ի՞նչ խնդրեց Աստծուն, երբ վերջին անգամ աղոթում էր իր աշակերտների հետ։ բ) Ինչո՞ւ Հիսուսին կարող էր մտահոգել իր հետևորդների միասնության հարցը։

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ. ահա թե ինչի մասին էր մտածում Հիսուսը, երբ վերջին անգամ ընթրում էր իր առաքյալների հետ։ Նրանց հետ աղոթելիս նա Աստծուն խնդրեց, որ իր բոլոր աշակերտները մի լինեն, ինչպես ինքն ու իր Հայրը (կարդա Հովհաննես 17։20, 21)։ Նրանց միասնությունը հզոր վկայություն կլիներ՝ ակնհայտ ապացույցն այն բանի, որ Եհովան է Հիսուսին ուղարկել երկիր՝ կատարելու իր կամքը։ Սերը կբնորոշեր Հիսուսի ճշմարիտ աշակերտներին և կնպաստեր նրանց միասնությանը (Հովհ. 13։34, 35

2 Հասկանալի է, թե ինչու Հիսուսը շեշտեց մի լինելու կարևորությունը։ Նա նկատել էր, որ իր առաքյալները լիովին միաբան չեն։ Դա երևաց նաև վերջին ընթրիքի ժամանակ։ Առաքյալների միջև կրկին վեճ ծագեց, թե «իրենցից ով է մեծը» (Ղուկ. 22։24–27; Մարկ. 9։33, 34)։ Իսկ ավելի վաղ Հակոբոսն ու Հովհաննեսը Հիսուսին խնդրել էին, որ իր Թագավորության մեջ իրենց պատվավոր տեղեր տա՝ իր կողքը նստեցնի (Մարկ. 10։35–40

3. Ինչո՞ւ Քրիստոսի աշակերտները լիովին միաբան չէին, և ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

3 Բարձր դիրքի ձգտելը միակ բանը չէր, ինչը կարող էր քայքայել Քրիստոսի աշակերտների միությունը։ Հաջորդ գործոնը թշնամանքն ու նախապաշարմունքներն էին, որոնց պատճառով երկրի ժողովուրդը պառակտված էր։ Հիսուսի աշակերտները պետք է ազատվեին այդ բացասական զգացումներից։ Այս հոդվածում կքննարկենք հետևյալ հարցերը։ Հիսուսն ինչպե՞ս էր պայքարում նախապաշարմունքների դեմ։ Ինչպե՞ս էր իր հետևորդներին սովորեցնում անկողմնակալ ու միաբան լինել։ Նրա սովորեցրած բաներն ինչպե՞ս մեզ էլ կօգնեն պահպանել մեր միությունը։

ԿԱՆԽԱԿԱԼ ԿԱՐԾԻՔ ՀԻՍՈՒՍԻ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

4. Ի՞նչ նախապաշարմունքների բախվեց Հիսուսը։

4 Հիսուսն ինքն էլ բախվեց նախապաշարմունքների։ Երբ Փիլիպոսը Նաթանայելին հայտնեց, որ գտել է Մեսիային, Նաթանայելն ասաց. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա» (Հովհ. 1։46)։ Նաթանայելը հավանաբար գիտեր Միքիա 5։2-ում գրված մարգարեությունը, որի համաձայն՝ Մեսիան ծնվելու էր Բեթլեհեմում։ Նա, ըստ ամենայնի, կարծում էր, որ Նազարեթը չափազանց աննշան քաղաք է, ուստի Մեսիան չի կարող այնտեղից լինել։ Բացի այդ, քանի որ Հիսուսը գալիլեացի էր, Հրեաստանում բարձր դիրք ունեցող որոշ մարդիկ արհամարհանքով էին վերաբերվում նրան (Հովհ. 7։52)։ Հրեաստանցիներից շատերը գալիլեացիներին վերևից էին նայում։ Մի անգամ էլ որոշ հրեաներ փորձեցին վիրավորել Հիսուսին՝ նրան սամարացի անվանելով (Հովհ. 8։48)։ Սամարացիները այլ էթնիկական ծագում ունեին, և նրանց կրոնը տարբերվում էր հրեաների կրոնից։ Հրեաստանի ու Գալիլեայի բնակիչները չէին հարգում սամարացիներին և խուսափում էին նրանցից (Հովհ. 4։9

5. Ի՞նչ նախապաշարմունքների բախվեցին Հիսուսի հետևորդները։

5 Հրեա առաջնորդները Հիսուսի հետևորդներին էլ էին քամահրանքով վերաբերվում։ Փարիսեցիները նրանց համարում էին անիծված (Հովհ. 7։47–49)։ Այդ գոռոզ առաջնորդները բանի տեղ չէին դնում «անուսում և հասարակ» մարդկանց, ովքեր ռաբունական դպրոցներում չէին սովորել ու չէին պահում իրենց ավանդույթները (Գործ. 4։13)։ Այս նախապաշարմունքների պատճառը կրոնական, սոցիալական և էթնիկական հողի վրա առաջացած բաժանումներն էին։ Նախապաշարմունքները ազդում էին նաև Հիսուսի աշակերտների վրա։ Միաբանված լինելու համար նրանք պետք է փոխեին իրենց մտածելակերպը։

6. Նախապաշարմունքներն ինչպե՞ս կարող են ազդել մեզ վրա։ Բեր օրինակ։

6 Այսօր մեզ շրջապատող աշխարհը լի է նախապաշարմունքներով։ Հնարավոր է՝ մենք դառնանք դրանց զոհը կամ նկատենք, որ ինքներս որոշ նախապաշարմունքներ ունենք։ Ավստրալիայում բնակվող մի քույր, որն այժմ ծառայում է որպես ռահվիրա, ասում է. «Երբ կենտրոնացա այն անարդարությունների վրա, որոնց բախվել կամ բախվում է բնիկ ժողովուրդը, սկսեցի ավելի շատ ատել սպիտակամորթ մարդկանց։ Այդ ատելությանը նպաստեց նաև իմ հանդեպ դրսևորված վատ վերաբերմունքը»։ Մի կանադացի եղբայր խոստովանում է, որ անցյալում կանխակալ կարծիք ուներ այլ լեզվով խոսող մարդկանց մասին. «Մտածում էի, թե ֆրանսիախոսները ավելի բարձր են։ Դրա պատճառով իմ մեջ ատելություն զարգացավ անգլիախոսների նկատմամբ»։

7. Հիսուսն ինչպե՞ս էր պայքարում նախապաշարմունքների դեմ։

7 Հիսուսի օրերում նախապաշարմունքները խոր արմատներ էին գցել մարդկանց սրտում։ Նույնը կարող ենք ասել մեր օրերի մասին։ Հիսուսն ինչպե՞ս էր պայքարում նախապաշարմունքների դեմ։ Առաջին՝ նա թույլ չէր տալիս, որ դրանք բույն դնեն իր սրտում։ Նա լիովին անկողմնակալ էր. քարոզում էր հարուստներին ու աղքատներին, փարիսեցիներին ու սամարացիներին, նույնիսկ հարկահավաքներին ու մեղավորներին։ Երկրորդ՝ Հիսուսն իր օրինակով և ուսմունքներով իր աշակերտներին սովորեցնում էր չլինել անհանդուրժող ու կասկածամիտ։

ՍԵՐՆ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՂԹԵՆ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐԻՆ

8. Ո՞ր հիմնարար սկզբունքի վրա է կառուցվում մեր միությունը։ Բացատրիր։

8 Հիսուսն իր հետևորդներին մի հիմնարար սկզբունք տվեց, որի վրա կառուցվում է մեր միությունը։ Նա ասաց. «Դուք բոլորդ եղբայրներ եք» (կարդա Մատթեոս 23։8, 9)։ Նախ՝ մենք եղբայրներ ենք, որովհետև բոլորս էլ Ադամի սերունդն ենք (Գործ. 17։26)։ Սակայն ուրիշ պատճառ էլ կա։ Ինչպես բացատրեց Հիսուսը, քանի որ իր աշակերտները Եհովային ընդունում են որպես իրենց երկնային Հայր, նրանք եղբայրներ ու քույրեր են (Մատթ. 12։50)։ Բացի այդ, նրանք դարձել են մի մեծ հոգևոր ընտանիքի անդամներ, որոնց միավորում է սերն ու հավատը։ Այդ պատճառով առաքյալները իրենց հավատակիցներին կոչում էին եղբայրներ ու քույրեր (Հռոմ. 1։13; 1 Պետ. 2։17; 1 Հովհ. 3։13 *

9, 10. ա) Հրեաներն ինչո՞ւ հիմք չունեին հպարտանալու իրենց ազգային պատկանելությամբ։ բ) Հիսուսն ինչպե՞ս սովորեցրեց, որ սխալ է վերևից նայել այլ ազգի պատկանող մարդկանց (տես հոդվածի սկզբի նկարը)։

9 Այն բանից հետո, երբ Հիսուսը իր աշակերտներին պատվիրեց միմյանց վերաբերվել ինչպես եղբայրների ու քույրերի, ընդգծեց խոնարհության կարևորությունը (կարդա Մատթեոս 23։11, 12)։ Ինչպես արդեն նշեցինք, առաքյալների ունեցած անտեղի հպարտությունը որոշ տարաձայնությունների պատճառ էր դառնում։ Ազգային հպարտությունը նույնպես կարող է խնդիրներ ծնել։ Օրինակ՝ հրեաները շատ էին հպարտանում այն բանով, որ Աբրահամի սերունդն են։ Սակայն Հովհաննես Մկրտիչը նրանց ասաց. «Աստված զորություն ունի այս քարերից էլ Աբրահամի համար զավակներ վեր կացնելու» (Ղուկ. 3։8

10 Հիսուսը սովորեցնում էր, որ ազգային հպարտությունը սխալ է։ Երբ մի դպիր նրան հարցրեց՝ «Ո՞վ է իմ մերձավորը», նա պատմեց բարի սամարացու առակը, ով հոգ տարավ մի հրեա ճամփորդի մասին, որին ծեծել էին գողերը։ Այդ խեղճ մարդու կողքով անցնող հրեաները նրան ուշադրություն չէին դարձնում, այնինչ սամարացին գթաց և օգնեց։ Հիսուսն իր պատմության վերջում դպիրին հորդորեց լինել այդ սամարացու պես (Ղուկ. 10։25–37)։ Դրանով Հիսուսը ցույց տվեց, որ սամարացին կարող է հրեաներին սովորեցնել, թե ինչ է իրականում նշանակում սիրել մերձավորին։

11. Քրիստոսի աշակերտներն ինչո՞ւ պետք է անկողմնակալ լինեին օտարազգիների հանդեպ, և ինչպե՞ս նա օգնեց նրանց հասկանալ դա։

11 Հիսուսի աշակերտները պետք է ազատվեին հպարտությունից ու նախապաշարմունքներից, որպեսզի կարողանային կատարել իրենց հանձնարարությունը։ Երկինք համբարձվելուց առաջ նա նրանց պատվիրեց վկայություն տալ «ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Մինչ այդ Հիսուսն իր աշակերտներին պատրաստում էր այդ մեծ գործի համար՝ նրանց ուշադրությունը հրավիրելով օտարազգիների ունեցած լավ հատկությունների վրա։ Օրինակ՝ նա գովեց մի այլազգի զինծառայողի, որը մեծ հավատ ուներ (Մատթ. 8։5–10)։ Իր հարազատ քաղաքում՝ Նազարեթում, Հիսուսն ասաց, թե Եհովան որքան բարեհաճ եղավ Սարեփթայում ապրող փյունիկեցի այրի կնոջ և ասորիների բանակի զորագլուխ բորոտ Նեեմանի հանդեպ (Ղուկ. 4։25–27)։ Բացի այդ, Հիսուսը ոչ միայն քարոզեց մի սամարացի կնոջ, այլև երկու օր անցկացրեց սամարացիների քաղաքում, որոնց հետաքրքրել էր իր քարոզած լուրը (Հովհ. 4։21–24, 40

ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ

12, 13. ա) Առաքյալներն ինչպե՞ս արձագանքեցին՝ տեսնելով, որ Հիսուսը սովորեցնում է մի սամարացի կնոջ (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հակոբոսն ու Հովհաննեսը չէին յուրացրել Հիսուսի սովորեցրած դասը։

12 Առաքյալների համար հեշտ չէր իրենց սրտից արմատախիլ անել նախապաշարմունքները։ Հիշենք այն դեպքը, երբ նրանք տեսան, որ Հիսուսը խոսում է մի սամարացի կնոջ հետ ու սովորեցնում է նրան (Հովհ. 4։9, 27)։ Հրեա կրոնական առաջնորդները հանրության մեջ չէին խոսի կնոջ հետ, այն էլ սամարուհու, որը կասկածելի համբավ ուներ։ Ուստի տեսնելով, որ Հիսուսը խոսում է սամարացի կնոջ հետ՝ առաքյալները զարմացան։ Ապա Հիսուսին խնդրեցին, որ հաց ուտի։ Սակայն նրա պատասխանից պարզ դարձավ, որ հոգևոր թեմայով զրուցելը իր համար ավելի կարևոր էր, քան հաց ուտելը։ Չէ՞ որ Հիսուսի Հայրն ուզում էր, որ նա քարոզեր մարդկանց, այդ թվում՝ սամարացի կնոջը։ Եհովայի կամքը կատարելը Հիսուսի համար կերակուրի պես էր (Հովհ. 4։31–34

13 Հակոբոսն ու Հովհաննեսը չյուրացրին այս դասը։ Մի անգամ, երբ աշակերտները Հիսուսի հետ անցնում էին Սամարիայի միջով, ցանկացան գյուղերից մեկում գիշերելու տեղ գտնել, բայց բնակիչները չընդունեցին նրանց։ Հակոբոսն ու Հովհաննեսն այնքան բարկացան, որ ցանկացան երկնքից կրակ իջեցնել ու ոչնչացնել ամբողջ գյուղը։ Սակայն Հիսուսը սաստեց նրանց (Ղուկ. 9։51–56)։ Հակոբոսն ու Հովհաննեսը գուցե այդքան չբարկանային, եթե անհյուրընկալ գյուղը լիներ իրենց հարազատ վայրերում՝ Գալիլեայում։ Հնարավոր է՝ նրանց զայրույթի պատճառը նախապաշարմունքն էր։ Հետագայում, երբ Հովհաննես առաքյալը քարոզեց սամարացիներին ու լավ արձագանք տեսավ, հավանաբար ամաչեց նախկինում դրսևորած վերաբերմունքի համար (Գործ. 8։14, 25

14. Ինչպե՞ս ժողովում լուծվեց մի խնդիր, որի հավանական պատճառը լեզուն էր։

14 33 թ. Պենտեկոստեից կարճ ժամանակ անց ժողովի որոշ անդամների հանդեպ խտրականություն դրսևորվեց։ Երբ կարիքավոր այրիներին սնունդ էր տրվում, հունախոս այրիներն անտեսվում էին (Գործ. 6։1)։ Դրա պատճառը կարող էր լինել լեզվի հետ կապված նախապաշարմունքը։ Առաքյալները արագ լուծեցին խնդիրը։ Նրանք նշանակեցին համապատասխան որակներ ունեցող տղամարդկանց, որ զբաղվեն սննդի բաշխման գործով։ Հետաքրքիր է, որ հոգևորապես հասուն այդ տղամարդիկ հունական անուններ ունեին։ Դա կարող էր քաջալերել վիրավորված այրիներին և մղել սրտանց ընդունելու եղբայրներին։

15. Պետրոսն ինչպե՞ս սովորեց անկողմնակալ լինել բոլորի հանդեպ (տես հոդվածի սկզբի նկարը)։

15 36 թ.-ին Հիսուսի աշակերտները սկսեցին քարոզել բոլոր ազգերի մարդկանց։ Մինչ այդ Պետրոս առաքյալը միայն հրեաների հետ էր ընկերակցում։ Սակայն երբ Աստված հստակ ցույց տվեց, որ քրիստոնյաները չպետք է կողմնակալ լինեն, Պետրոսը քարոզեց հռոմեացի զինվոր Կոռնելիոսին (կարդա Գործեր 10։28, 34, 35)։ Դրանից հետո առաքյալը հաճույքով շփվում ու հաց էր ուտում այլազգի հավատացյալների հետ։ Սակայն տարիներ անց, երբ նա Անտիոքում էր, դադարեց ոչ հրեա քրիստոնյաների հետ սեղան նստել (Գաղ. 2։11–14)։ Այդ ժամանակ Պողոսը հանդիմանեց Պետրոսին, և նա, ըստ ամենայնի, ընդունեց այդ հանդիմանությունը։ Ինչի՞ց ենք դա եզրակացնում։ Երբ Պետրոսը գրեց իր առաջին նամակը՝ ուղղված Փոքր Ասիայում ապրող հրեա և այլազգի քրիստոնյաներին, նշեց, որ հարկավոր է սիրել ողջ եղբայրությունը (1 Պետ. 1։1; 2։17

16. Ի՞նչ համբավ ունեին վաղ քրիստոնյաները։

16 Առաքյալները Հիսուսի օրինակից սովորեցին սիրել «ամեն տեսակ մարդկանց» (Հովհ. 12։32; 1 Տիմոթ. 4։10)։ Թեև դրա համար ժամանակ պահանջվեց, նրանք կարողացան փոխել իրենց մտածելակերպը։ Վաղ քրիստոնյաները հայտնի դարձան որպես իրար սիրող մարդիկ։ Երկրորդ դարի գրող Տերտուլիանոսը նշել է, թե Հիսուսի հետևորդների մասին ինչ էին ասում ոմանք, ովքեր քրիստոնյա չէին. «Նրանք սիրում են իրար.... նույնիսկ պատրաստ են մահանալու միմյանց համար»։ Քանի որ վաղ քրիստոնյաները հագել էին «նոր անձնավորությունը», նրանք համարում էին, որ բոլորը Աստծու առաջ հավասար են (Կող. 3։10, 11

17. Ինչպե՞ս կարող ենք մեր սրտից արմատախիլ անել նախապաշարմունքները։ Բեր օրինակ։

17 Այսօր նույնպես գուցե ժամանակ պահանջվի, որ մեր սրտից արմատախիլ անենք նախապաշարմունքները։ Ֆրանսիայում ապրող մի քույր ասում է. «Եհովան ինձ սովորեցրել է, թե ինչ է նշանակում սիրել ուրիշներին, առատաձեռն լինել, սիրել ամեն տեսակ մարդկանց։ Սակայն դեռ պայքարում եմ նախապաշարմունքների դեմ։ Միշտ չէ, որ հեշտ է հաղթահարել դրանք։ Ուստի շարունակում եմ այդ մասին աղոթել»։ Իսպանիայում բնակվող մի քույր նույնպիսի ջանքեր է թափում. «Մի էթնիկական խումբ կա, որի հանդեպ իմ մեջ երբեմն բացասական զգացմունքներ են առաջանում, և ես պայքարում եմ դրանց դեմ։ Հիմնականում ինձ հաջողվում է հաղթահարել դրանք։ Սակայն գիտեմ, որ պետք է շարունակեմ պայքարել։ Երջանիկ եմ, որ Եհովան ինձ դարձրել է համերաշխ ընտանիքի անդամ»։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն անկեղծորեն քննել ու տեսնել, թե արդյոք կարիք կա այս քույրերի պես ազատվելու որոշ նախապաշարմունքներից։

ԵՐԲ ՍԵՐՆ ԱՃՈՒՄ Է, ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

18, 19. ա) Ի՞նչ պատճառներ ունենք ընդունելու բոլորին։ բ) Ինչպե՞ս կարող ենք գրկաբաց ընդունել մարդկանց։

18 Լավ կլինի հիշել, որ մի ժամանակ բոլորս էլ օտարացած էինք Աստծուց՝ նրա հետ մտերիմ չէինք (Եփես. 2։12)։ Սակայն Եհովան «սիրո լարերով» ձգեց մեզ դեպի իրեն (Օս. 11։4; Հովհ. 6։44)։ Քրիստոսը նույնպես ընդունեց մեզ։ Նրա միջոցով հնարավոր եղավ դառնալ Աստծու ընտանիքի մի մասնիկը (կարդա Հռոմեացիներ 15։7)։ Այո՛, չնայած մեր անկատարությանը՝ Հիսուսը սիրով ընդունեց մեզ։ Ուստի ինչպե՞ս կարող ենք գրկաբաց չընդունել բոլորին։

Եհովայի ծառաները վերին իմաստությունն են փնտրում. նրանք միավորված են սիրո կապերով (տես պարբերություն 19)

19 Մինչ մոտենում է այս չար աշխարհի վերջը, թշնամանքը, նախապաշարմունքներն ու բաժանումները ավելի են շատանում (Գաղ. 5։19–21; 2 Տիմոթ. 3։13)։ Սակայն մենք՝ Եհովայի ծառաներս, վերին իմաստությունն ենք փնտրում, որը մեզ դարձնում է անկողմնակալ ու խաղաղարար (Հակ. 3։17, 18)։ Մենք շատ ենք ուրախանում, երբ ընկերանում ենք այլ երկրներից եկած մարդկանց հետ, ընդունում ենք մշակութային տարբերությունները և սովորում ենք նրանց լեզուն։ Դրա շնորհիվ խաղաղությունը հորդում է գետի պես, և արդարությունը՝ ծովի ալիքների պես (Ես. 48։17, 18

20. Ի՞նչ է լինում, երբ սերը նորոգում է մեր միտքն ու սիրտը։

20 «Իմ առաջ բացվեց ճշմարիտ գիտելիքների շտեմարանի դուռը»,— ասում է վերևում հիշատակված ավստրալիացի քույրը։ Նա պատմում է, թե Աստվածաշնչի ուսումնասիրությունը ինչ ազդեցություն ունեցավ իր վրա. «Իմ սիրտն ու միտքը նորոգվեցին։ Իմ մեջ արմատավորված նախապաշարմունքներն ու ատելությունը աչքերիս առաջ հալվեցին գնացին»։ Իսկ կանադացի եղբոր խոսքերով՝ ինքն այժմ հասկանում է, որ հաճախ ռասիստական տրամադրություններ առաջանում են ուրիշներին չճանաչելու պատճառով։ «Մարդկանց հատկությունները կախված չեն այն բանից, թե որտեղ են նրանք ծնվել»,— ասում է նա։ Հատկանշական է, որ այս եղբայրն ամուսնացավ մի անգլիախոս քրոջ հետ։ Այս փոփոխություններն ապացուցում են, որ քրիստոնեական սերը կարո՛ղ է հաղթել և հաղթո՛ւմ է նախապաշարմունքներին։ Այն մեզ միավորում է անխզելի կապերով (Կող. 3։14

^ պարբ. 8 «Եղբայրներ» հասկացությունը կարող է ներառել նաև ժողովի քույրերին։ Պողոսը իր նամակն ուղղեց Հռոմում բնակվող «եղբայրներին»։ Սակայն նա նկատի ուներ նաև քույրերին, քանի որ նշեց նրանցից մի քանիսի անունները (Հռոմ. 16։3, 6, 12)։ «Դիտարանը» վաղուց քրիստոնյաներին կոչում է եղբայրներ ու քույրեր։