Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Խիղճդ մարզիր Աստծու օրենքների և սկզբունքների համաձայն

Խիղճդ մարզիր Աստծու օրենքների և սկզբունքների համաձայն

«Քո հիշեցումների մասին եմ խորհում» (ՍԱՂ. 119։99

ԵՐԳ 127, 88

1. Մարդն ինչո՞վ է կենդանիներից բարձր։

ՄԱՐԴԸ կենդանիներից բարձր է։ Պատճառներից մեկն այն է, որ հենց ստեղծման օրվանից Աստված մարդուն տվել է խիղճ։ Հիշենք, որ երբ Ադամն ու Եվան խախտեցին Եհովայի օրենքը, նրանից թաքնվեցին։ Սրանից եզրակացնում ենք, որ նրանց խիղճը տանջում էր իրենց։

2. Խիղճը ինչո՞վ է նման կողմնացույցի (տես հոդվածի սկզբի նկարը)։

2 Այն մարդիկ, ում խիղճը լավ մարզված չէ, նման են նավի, որի կողմնացույցն անսարք է։ Ինչ խոսք, վտանգավոր է նավարկել առանց ճշգրիտ կողմնացույցի։ Քամիների և օվկիանոսային հոսանքների պատճառով նավը հեշտությամբ կարող է շեղվել իր երթուղուց։ Սակայն սարքին կողմնացույցը նավապետին կօգնի ճիշտ ուղղությամբ ընթանալ։ Մեր խիղճը նման է կողմնացույցի։ Այն ներքին զգացում է, որը հուշում է, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ, ուստի կարող է մեզ ճիշտ ուղղությամբ տանել։ Բայց որպեսզի այն արդյունավետորեն գործի, պետք է միշտ «սարքին» վիճակում լինի։

3. Ի՞նչ է լինում, երբ մարդն իր խիղճը պատշաճ կերպով չի մարզում։

3 Եթե մարդու խիղճը լավ մարզված չէ, այն նրան հետ չի պահի սխալ արարքներից (1 Տիմոթ. 4։1, 2)։ Այդպիսի խիղճը կարող է մարդուն համոզել, որ չարը բարի է (Ես. 5։20)։ Հիսուսն իր հետևորդներին զգուշացրեց. «Գալիս է ժամը, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե սուրբ ծառայություն է մատուցում Աստծուն» (Հովհ. 16։2)։ Նման կարծիք ունեին, օրինակ, նրանք, ովքեր սպանեցին Ստեփանոսին (Գործ. 6։8, 12; 7։54–60)։ Որքա՜ն ցավալի է, որ այդպիսի ծանր հանցանքներ գործող մոլեռանդները խախտում են այն Անձնավորության օրենքները, ում, իրենց խոսքով, պաշտում են (Ելք 20։13)։ Ճիշտ որ, նրանց խիղճը անսարք կողմնացույց է։

4. Ի՞նչ անենք, որ մեր խիղճը ճիշտ կերպով գործի։

4 Ի՞նչ կարող ենք անել, որ մեր խիղճը ճիշտ կերպով գործի։ Աստծու օրենքներն ու սկզբունքները, որոնք գրված են նրա Խոսքում, «օգտակար են սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար» (2 Տիմոթ. 3։16)։ Ուստի եթե ջանասիրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը, մտածենք դրա շուրջ և մեր սովորածը կյանքում կիրառենք, մեր խիղճն այնպես կմարզենք, որ այն արտացոլի Աստծու մտածելակերպը և ճիշտ ուղղություն տա մեր քայլերին։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք մեր խիղճը Եհովայի օրենքների և սկզբունքների համաձայն մարզել։

ԽԻՂՃԴ ՄԱՐԶԻՐ ԱՍՏԾՈՒ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ

5, 6. Ի՞նչ օգուտ ենք ստանում՝ պահելով Աստծու օրենքները։

5 Եթե ուզում ենք, որ Աստծու օրենքները մեզ օգուտ բերեն, պետք է ոչ միայն կարդանք ու իմանանք դրանք, այլև սիրենք ու հարգենք։ Աստծու Խոսքն ասում է. «Ատե՛ք չարը և սիրե՛ք բարին» (Ամոս 5։15)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Սովորելով ամեն ինչին Եհովայի աչքերով նայել։ Բերենք մի օրինակ։ Պատկերացրու, թե անքնություն ունես և դիմում ես բժշկիդ։ Նա բուժում է նշանակում, որը ներառում է ճիշտ սննդակարգ, մարմնամարզություն և ապրելակերպի փոփոխություն։ Երբ սկսում ես կիրառել նրա տված խորհուրդները, տեսնում ես, որ դրանք լավ արդյունք են բերում։ Հավանաբար շատ շնորհակալ կլինես քո բժշկին, որ օգնում է քեզ բարելավել կյանքիդ որակը։

6 Նույն ձևով էլ մեր Արարիչն է մեզ օրենքներ տվել, որոնք մեզ պաշտպանում են մեղքի կործանարար հետևանքներից և բարելավում են մեր կյանքը։ Մտածիր, թե ինչ օգուտ ենք ստանում՝ պահելով Աստծու այն օրենքները, որոնք արգելում են սուտ խոսել, նենգ ծրագրեր կազմել, գողանալ, սեռական անբարոյություն գործել, բռնություն գործադրել և ոգեհարցությամբ զբաղվել (կարդա Առակներ 6։16–19; Հայտն. 21։8)։ Երբ ամեն ինչ Եհովայի ուզած ձևով ենք անում ու դրա շնորհիվ առատ օրհնություններ ենք ստանում, սկսում ենք ավելի շատ սիրել և գնահատել նրան ու նրա օրենքները։

7. Ի՞նչ օգուտ կստանանք՝ կարդալով Աստվածաշնչում գրված իրական պատմությունները և խորհելով դրանց շուրջ։

7 Կարիք չկա սխալվելու, որ սովորենք, թե ինչ ցավալի հետևանքներ է բերում Աստծու օրենքները խախտելը։ Դրա փոխարեն՝ կարող ենք Աստվածաշնչում հիշատակված մարդկանց սխալներից սովորել։ Առակներ 1։5-ում ասվում է. «Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը»։ Այո՛, Աստված մեզ լավագույն ձևով է կրթում։ Երբ Սուրբ Գրքում իրական մարդկանց պատմություններ ենք կարդում ու մտածում դրանց շուրջ, արժեքավոր դասեր ենք քաղում։ Օրինակ՝ մտածիր, թե Դավիթ թագավորն ինչ մեծ ցավ բերեց իր գլխին, երբ խախտեց Եհովայի օրենքը և շնություն գործեց Բերսաբեի հետ (2 Սամ. 12։7–14)։ Երբ կարդում ես այս հատվածն ու խորհում դրա շուրջ, ինքդ քեզ հարցրու. «Դավիթն ինչպե՞ս կարող էր խուսափել այդ մեղքից ու դրա բերած ցավից։ Եթե այդպիսի գայթակղության առաջ կանգնեմ, դիմադրելու ուժ կգտնե՞մ իմ մեջ։ Հովսեփի պես կփախչե՞մ, թե՞ Դավթի պես կտրվեմ գայթակղությանը» (Ծննդ. 39։11–15)։ Մեղքի բերած վատ հետևանքների մասին մտածելով՝ ավելի մեծ վճռականությամբ կլցվենք «ատելու չարը»։

8, 9. ա) Մեր խիղճը ո՞ր հարցում է մեզ օգնում։ բ) Մեր խիղճն ինչպե՞ս կարող է գործել Եհովայի սկզբունքների համաձայն։

8 Մենք հեռու ենք մնում այն գործերից, որոնք Աստված ատում է։ Սակայն կան կյանքի այնպիսի ոլորտներ, որոնց վերաբերյալ Աստվածաշունչը հստակ օրենքներ չի սահմանում։ Ինչպե՞ս կարող ենք նման իրավիճակներում որոշել, թե ինչն է Աստծուն հաճելի և ընդունելի։ Այդ հարցում մեզ կօգնի Աստվածաշնչով մարզված խիղճը։

9 Եհովան մեզ շատ է սիրում, ուստի մեզ տվել է սկզբունքներ, որոնք օգնում են մարզել մեր խիղճը։ Նա ասում է. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (Ես. 48։17, 18)։ Երբ գործի ենք դնում մեր միտքն ու սիրտը և խորհում ենք աստվածաշնչյան սկզբունքների շուրջ, շտկում ու ձևավորում ենք մեր խիղճը։ Դա էլ իր հերթին օգնում է իմաստուն որոշումներ կայացնել։

ԹՈՂ ԱՍՏԾՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԱՌԱՋՆՈՐԴԵՆ ՔԵԶ

10. Ի՞նչ է սկզբունքը, և ինչպե՞ս էր Հիսուսը սկզբունքների միջոցով սովորեցնում մարդկանց։

10 Ի՞նչ է սկզբունքը։ Այն հիմնարար ճշմարտություն է կամ ուսմունք, որը որպես հիմք է ծառայում որևէ գործողության կամ դատողության համար։ Երբ ըմբռնում ենք Աստծու սկզբունքները, հասկանում ենք, թե ինչ մտածելակերպ ունի մեր Օրենսդիրը և ինչու է տվել այս կամ այն օրենքը։ Հիսուսն իր ծառայության ընթացքում հիմնարար ճշմարտություններ սովորեցրեց, որպեսզի իր աշակերտներին օգնի հասկանալ, թե ինչ հետևանքներ է բերում այս կամ այն գործողությունը կամ մտայնությունը։ Օրինակ՝ նա սովորեցրեց, որ զայրույթը կարող է բռնություն ծնել, իսկ անբարո մտքերը կարող են շնության պատճառ դառնալ (Մատթ. 5։21, 22, 27, 28)։ Մենք պետք է թույլ տանք, որ Աստծու սկզբունքները առաջնորդեն մեզ։ Այդ դեպքում կունենանք լավ մարզված խիղճ և մեր խոսքերով ու գործերով փառք կբերենք Եհովային (1 Կորնթ. 10։31

Հասուն քրիստոնյան հաշվի է առնում ուրիշների խիղճը (տես պարբերություն 11, 12)

11. Ինչպե՞ս մեկի խիղճը կարող է տարբերվել մյուսի խղճից։

11 Աստվածաշնչով դաստիարակված խիղճ ունեցող քրիստոնյաները, հնարավոր է, որոշ հարցերում տարբեր տեսակետներ ունենան։ Օրինակ՝ խոսենք ալկոհոլի գործածության մասին։ Աստվածաշունչը չի դատապարտում ոգելից խմիչքների չափավոր գործածությունը, սակայն ասում է, որ սխալ է չարաշահել ալկոհոլը և հարբեցողությամբ զբաղվել (Առակ. 20։1; 1 Տիմոթ. 3։8)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ եթե քրիստոնյան ոգելից խմիչքները չափավոր է օգտագործում, ապա որոշում կայացնելիս ուրիշ ոչ մի գործոն չպետք է հաշվի առնի։ Ո՛չ։ Թեև իր խիղճը հանգիստ է, նա պետք է հաշվի առնի նաև ուրիշների խիղճը։

12. Հռոմեացիներ 14։21-ում գրված խոսքերը ինչպե՞ս են օգնում մեզ հարգել ուրիշների խիղճը։

12 Պողոս առաքյալն ընդգծեց, որ պետք է հարգենք ուրիշների խիղճը։ Նա գրեց. «Լավ է միս չուտել, գինի չխմել և չանել մի այնպիսի բան, որի պատճառով քո եղբայրը գայթակղվում է» (Հռոմ. 14։21)։ Պատրա՞ստ ես հրաժարվելու քո իրավունքներից, որպեսզի չգայթակղես եղբորդ, ում խիղճը այլ կերպ է արձագանքում այս կամ այն հարցին։ Որոշ եղբայրներ նախքան ճշմարտությունն իմանալը չարաշահել են ալկոհոլը, սակայն հիմա վճռականությամբ են լցված հեռու մնալու դրանից։ Մեզնից ոչ ոք չի ցանկանա պատճառ դառնալ, որ մեր եղբայրը վերադառնա հին սովորությանը և մեծ վնաս կրի (1 Կորնթ. 6։9, 10)։ Ուստի եթե որևէ եղբայր հրաժարվում է ոգելից խմիչքներից, չպետք է նրան ստիպենք խմել, քանի որ դա սիրո դրսևորում չէ։

13. Ի՞նչ օրինակ է թողել Տիմոթեոսը։

13 Երբ Տիմոթեոսը գրեթե 20 տարեկան էր կամ 20-ն անց էր, թույլ տվեց, որ իրեն թլփատեն, չնայած որ դա ցավոտ էր։ Նա այդ քայլն արեց այն նպատակով, որ գայթակղության պատճառ չդառնա հրեաների համար, ում պատրաստվում էր քարոզել։ Նա ուներ նույն տրամադրվածությունը, ինչ Պողոս առաքյալը (Գործ. 16։3; 1 Կորնթ. 9։19–23)։ Տիմոթեոսի պես պատրա՞ստ ես զոհողություններ անել հանուն ուրիշների բարօրության։

«ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՁԳՏԵԼ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ»

14, 15. ա) Ի՞նչ է հարկավոր հասունանալու համար։ բ) Ինչի՞ց է երևում, որ քրիստոնյան հասուն է։

14 Բոլոր քրիստոնյաները պետք է «թողնեն Քրիստոսի մասին սկզբնական ուսմունքները» և «շարունակեն ձգտել հասունության» (Եբր. 6։1)։ Դա ինքնաբերաբար չի լինում, ուստի պետք է շարունակ ջանքեր թափենք։ Հասունանալու համար պետք է ավելացնենք մեր գիտելիքներն ու հասկացողությունը։ Դրա համար մեզ միշտ հորդորում են ամեն օր կարդալ Աստվածաշունչը (Սաղ. 1։1–3)։ Ունե՞ս այդպիսի նպատակ։ Եթե հետևես այս հորդորին, խորությամբ կըմբռնես Եհովայի օրենքներն ու սկզբունքները և ավելի լավ կհասկանաս նրա Խոսքը։

15 Քրիստոնյաների համար ամենակարևոր օրենքը սիրո օրենքն է։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։35)։ Հիսուսի եղբայր Հակոբոսը սերը կոչեց «թագավորական օրենք» (Հակ. 2։8)։ Իսկ Պողոսն ասաց. «Սերը օրենքի կատարումն է» (Հռոմ. 13։10)։ Զարմանալի չէ, որ Սուրբ Գրքում այսպես ընդգծվում է սիրո կարևորությունը։ Չէ՞ որ այնտեղ ասվում է. «Աստված սեր է» (1 Հովհ. 4։8)։ Աստծու սերը զուտ զգացմունք չէ։ Հովհաննեսը գրեց. «Աստված իր սերը նրանով դրսևորեց մեր հանդեպ, որ իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք» (1 Հովհ. 4։9)։ Այո՛, սերը Աստծուն գործերի մղեց։ Երբ փաստում ենք մեր սերը Եհովայի ու նրա Որդու, ինչպես նաև մեր հավատակիցների և ուրիշ մարդկանց հանդեպ, ցույց ենք տալիս, որ հասուն քրիստոնյաներ ենք (Մատթ. 22։37–39

Երբ խորհում ենք Աստծու սկզբունքների շուրջ, մեր խիղճը դառնում է ավելի ճշգրիտ «կողմնացույց» (տես պարբերություն 16)

16. Երբ ավելի հասուն ենք դառնում, ինչո՞ւ ենք ավելի արժևորում սկզբունքները։

16 Դառնալով ավելի հասուն քրիստոնյա՝ կնկատես, որ ավելի ես արժևորում սկզբունքները։ Դրա պատճառն այն է, որ օրենքները սովորաբար կոնկրետ իրավիճակների են վերաբերում, իսկ սկզբունքները ավելի լայն կիրառություն ունեն։ Օրինակ՝ փոքր երեխան չի հասկանում, թե ինչու է վտանգավոր վատ ընկերներ ունենալ, ուստի ծնողը նրան պաշտպանելու համար որոշակի կանոններ է սահմանում (1 Կորնթ. 15։33)։ Սակայն երբ երեխան հասունանում է, ավելի խոհեմ է դառնում ու կարողանում է խորհրդածել աստվածաշնչյան սկզբունքների շուրջ։ Դրա շնորհիվ նա կարողանում է ընկերների ընտրության հարցում ճիշտ որոշումներ կայացնել (կարդա 1 Կորնթացիներ 13։11; 14։20)։ Երբ խորհում ենք սուրբգրային սկզբունքների շուրջ, մեր խիղճը դառնում է ավելի ճշգրիտ «կողմնացույց» և արտացոլում է Աստծու մտածելակերպը։

17. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ունենք ամեն բան, ինչ անհրաժեշտ է իմաստուն որոշումներ կայացնելու համար։

17 Մենք ունենք ամեն բան, ինչ անհրաժեշտ է իմաստուն որոշումներ կայացնելու ու Եհովային հաճեցնելու համար։ Աստվածաշնչում կարող ենք գտնել օրենքներ ու սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ «լիովին իրազեկ լինել, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթ. 3։16, 17)։ Ուստի սուրբգրային սկզբունքներ փնտրիր, որ «ըմբռնես, թե որն է Եհովայի կամքը» (Եփես. 5։17)։ Արդյունավետորեն օգտագործիր Եհովայի կազմակերպության կողմից տրամադրվող այն միջոցները, որոնք նախատեսված են ուսումնասիրություններ անելու համար։ Դրանցից են «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» հրատարակությունը, «Դիտարանի գրադարանը»,«Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ» և «JW Library» (JW գրադարան) հավելվածը։ Այս գործիքները ստեղծվել են այն նպատակով, որ առավելագույնս օգուտ քաղենք անձնական և ընտանեկան ուսումնասիրությունից։

ՄԱՐԶԻՐ ՔՈ ԽԻՂՃԸ ԵՎ ՕՐՀՆՎԻՐ

18. Ի՞նչ օրհնություններ ենք ստանում, երբ գործում ենք Եհովայի օրենքների ու սկզբունքների համաձայն։

18 Երբ պահում ենք Եհովայի օրենքներն ու սկզբունքները, օրհնվում ենք։ Սաղմոս 119։97–100 համարներում գրված է. «Որքա՜ն եմ սիրում քո օրենքը։ Ողջ օրը նրա մասին եմ խորհրդածում։ Քո պատվիրանը ինձ ավելի իմաստուն է դարձնում իմ թշնամուց, որովհետև հավիտյան իմն է այն։ Բոլոր ուսուցիչներիցս ավելի խորամիտ եղա, որովհետև քո հիշեցումների մասին եմ խորհում։ Ավելի մեծ հասկացողությամբ եմ վարվում, քան տարեցները, որովհետև քո պատվերներն եմ կատարում»։ Եթե ժամանակ տրամադրենք և խորհրդածենք Աստծու օրենքների ու սկզբունքների շուրջ, կգործենք ավելի մեծ իմաստությամբ, խորամտությամբ ու հասկացողությամբ։ Ուստի եկեք ամեն ջանք թափենք և մեր խիղճը մարզենք Աստծու օրենքների ու սկզբունքների համաձայն։ Դա անելով՝ կկարողանանք «հասնել Քրիստոսի ողջ հասակին» (Եփես. 4։13