Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ողջույնի զորությունը

Ողջույնի զորությունը

«ԲԱՐԵ՛Վ։ Ո՞նց ես»։

Անկասկած, հաճախ ես ասում ողջույնի այս խոսքերը։ Հավանաբար նաև սեղմում ես դիմացինի ձեռքը կամ գրկախառնվում նրա հետ։ Ճիշտ է, տեղից տեղ ողջույնի խոսքերն ու սովորույթները տարբեր են, սակայն դրա հիմնական տարրերը գրեթե նույնն են։ Եթե ինչ-որ մեկը ուրիշներին չի բարևում կամ իրեն ուղղված ողջույնին չի արձագանքում, դա կարող է ընկալվել որպես անքաղաքավարության կամ անսիրալիր վերաբերմունքի դրսևորում։

Այնուամենայնիվ, ոչ բոլոր մարդիկ բարևելու սովորություն ունեն։ Ոմանք դա չեն անում, քանի որ ամաչկոտ են կամ թերարժեքության զգացում ունեն։ Ուրիշներն էլ վարանում են բարևել այլ ռասայի ու մշակույթի պատկանող կամ սոցիալական այլ կարգավիճակ ունեցող մարդկանց։ Սակայն նույնիսկ կարճ ողջույնը կարող է շատ լավ ազդեցություն ունենալ։

Մտածիր, թե ինչ արդյունքներ կարող է բերել ողջույնը։ Ի՞նչ կարող ես սովորել Աստծու Խոսքից։

ՈՂՋՈՒՆԻՐ «ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ»

Կոռնելիոսը հեթանոսներից առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը։ Երբ Պետրոս առաքյալը նրան օգնեց դառնալ քրիստոնեական ժողովի անդամ, ասաց. «Աստված կողմնակալ չէ» (Գործ. 10։34)։ Հետագայում Պետրոսը գրեց, որ Աստված ուզում է՝ «բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Գուցե կարծենք, թե նշված համարները վերաբերում են միայն նրանց, ովքեր ուսումնասիրում են Աստծու Խոսքը։ Սակայն Պետրոսը քրիստոնյաներին նաև հետևյալ հորդորը տվեց. «Պատվեք ամեն տեսակ մարդկանց, սիրեք ողջ եղբայրությունը» (1 Պետ. 2։17)։ Ի՜նչ լավ կլինի, որ ողջունենք բոլորին՝ անկախ այն բանից, թե նրանք ինչ ռասայի ու մշակույթի են պատկանում կամ ինչ անցյալ են ունեցել։ Այդպես կպատվենք նրանց և ցույց կտանք մեր սերը։

Պողոս առաքյալը ժողովի անդամներին հորդորեց. «Ընդունեք միմյանց այնպես, ինչպես Քրիստոսն ընդունեց մեզ» (Հռոմ. 15։7)։ Իր նամակներից մեկում Պողոսը հատուկ հիշատակեց այն եղբայրներին, ովքեր իրեն «զորավիգ էին եղել»։ Այսօր մեր եղբայրներն ու քույրերը ավելի շատ ունեն դրա կարիքը, չէ՞ որ Սատանան կատաղի հարձակումներ է գործում Աստծու ժողովրդի վրա (Կող. 4։11; Հայտն. 12։12, 17

Ողջույնը օգնում է, որ մարդիկ իրենց օտար չզգան։ Բայց ինչպես ցույց են տալիս աստվածաշնչյան օրինակները, այն կարող է ավելին անել։

ՍՓՈՓԱՆՔ, ՔԱՋԱԼԵՐՈՒԹՅՈՒՆ, ՍԵՐ

Երբ եկավ ժամանակը, որ Եհովան իր Որդու կյանքը տեղափոխի Մարիամի արգանդը, նա ուղարկեց իր հրեշտակին՝ խոսելու այդ աղջկա հետ։ Գալով նրա մոտ՝ հրեշտակն ասաց. «Ողջո՛ւյն, ո՛վ շնորհընկալ, Եհովան քեզ հետ է»։ Մարիամը «խիստ հուզվեց»՝ չիմանալով, թե ինչու է իր մոտ հրեշտակ եկել։ Ուստի հրեշտակն ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու Աստծու բարեհաճությանը արժանացար»։ Նա բացատրեց Աստծու նպատակը. Եհովան ցանկանում էր, որ Մարիամը ծներ Մեսիային։ Աղջիկը հանգստացավ ու հնազանդ սրտով պատասխանեց. «Ահա՛ Եհովայի աղախինը։ Թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1։26–38

Հրեշտակի համար պատիվ էր լինել Եհովայի պատգամաբերը։ Նա անկատար մարդու հետ խոսելը իր արժանապատվությունից ցածր չհամարեց և սկզբում ողջունեց Մարիամին։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակից։ Մենք պետք է պատրաստ լինենք ողջունելու ուրիշներին և քաջալերելու նրանց։ Ընդամենը մի քանի խոսքով կարող ենք օգնել մեր հավատակիցներին և վստահություն ներշնչել, որ իրենք իսկապես Եհովայի ժողովրդի մի մասնիկն են։

Փոքր Ասիայի ու Եվրոպայի ժողովներում Պողոսը շատերին էր ճանաչում։ Իր նամակներում նա բարևներ է հղում կոնկրետ մարդկանց։ Ուշադրություն դարձնենք հռոմեացիներին ուղղված նամակի 16-րդ գլխին։ Այնտեղ նա բարևում է իր հավատակիցներից շատերին։ Օրինակ՝ հիշատակում է Ֆիբեին՝ «մեր քրոջը», և հորդորում է եղբայրներին «ընդունել նրան Տիրոջով, ինչպես որ արժան է սրբերին, և օգնել նրան ցանկացած հարցում»։ Պողոսը իր ողջույններն է փոխանցում Պրիսկիղային և Ակյուղասին՝ ասելով. «[Նրանց] ոչ միայն ես եմ շնորհակալություն հայտնում, այլև մյուս ազգերից եղող ժողովները»։ Առաքյալը նաև բարևում է մի քանի հոգու, ում այսօր չենք ճանաչում, օրինակ՝ «իր սիրելի Եպենետոսին», ինչպես նաև «Տրիֆենային և Տրիֆոսային՝ այն կանանց, որոնք տքնաջան աշխատում են՝ ծառայելով Տիրոջը»։ Այո՛, Պողոսը սրտանց ողջունում էր իր եղբայրներին ու քույրերին (Հռոմ. 16։1–16

Պատկերացրու, թե որքան էին նրանք ուրախանում՝ իմանալով, որ Պողոսն իրենց սիրում է և հիշում։ Դա, անկասկած, խորացնում էր նրանց սերը Պողոսի և միմյանց հանդեպ։ Այս ջերմ ողջույնները քաջալերում էին նաև մյուս քրիստոնյաներին՝ մղելով նրանց անսասան մնալ հավատի մեջ։ Ողջույնի խոսքերը, որոնք արտահայտում են անկեղծ հետաքրքրություն ու գնահատանք, ամրացնում են ընկերական հարաբերությունները և միավորում են Աստծու հավատարիմ ծառաներին։

Երբ Պողոսը եկավ Պատիողոս նավահանգիստ և ուղևորվեց Հռոմ, այնտեղի եղբայրները եկան՝ նրան դիմավորելու։ Տեսնելով նրանց՝ «Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ» (Գործ. 28։13–15)։ Երբեմն պատահում է, որ մարդկանց ողջունելիս կարողանում ենք միայն ժպտալ կամ ձեռքով անել։ Սակայն նույնիսկ դա կարող է տխուր մարդու տրամադրությունը բարձրացնել։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԵՐ

Հակոբոս աշակերտը պետք է որոշ քրիստոնյաների խիստ խորհուրդ տար։ Նրանք սկսել էին ընկերություն անել աշխարհի հետ, իսկ դա հոգևոր շնություն էր (Հակ. 4։4)։ Այդուհանդերձ, նկատիր, թե Հակոբոսն ինչպես է սկսում իր նամակը.

«Ես՝ Հակոբոսս՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառաս, գրում եմ տասներկու ցեղերիդ, որ ցրված եք տարբեր վայրերում։ Ողջո՛ւյն» (Հակ. 1։1)։ Հակոբոսի նամակն ընթերցողները նրա ողջույնի խոսքերից հասկացան, որ իրենք նույն դիրքն ունեն Աստծու առաջ։ Դրա շնորհիվ այդ քրիստոնյաների համար ավելի հեշտ էր ընդունել նրա խորհուրդը։ Խոնարհությամբ ասված ողջույնի խոսքերը կարող են ճանապարհ հարթել լուրջ հարցերի քննարկման համար։

Նույնիսկ կարճ ողջույնը կարող է լավ արդյունք բերել, եթե ասվում է անկեղծ սրտով և վկայում է իսկական սիրո մասին։ Դա այդպես է, նույնիսկ երբ թվում է, թե դիմացինը ուշադրություն չի դարձնում մեր ողջույնին (Մատթ. 22։39)։ Ահա մի քրոջ օրինակ, ով ապրում է Իռլանդիայում։ Մի օր նա Թագավորության սրահ մտավ այն պահին, երբ հանդիպումը ուր որ է պետք է սկսվեր։ Մի եղբայր շրջվեց և ժպտալով ասաց. «Բարև՛։ Ուրախ եմ քեզ տեսնելու»։ Քույրը պարզապես անցավ ու նստեց։

Մի քանի շաբաթ անց նա մոտեցավ եղբորն ու պատմեց, որ տանը որոշ խնդիրներ ունի. «Այդ երեկո այնքան ընկճված էի, որ քիչ էր մնում՝ չգայի Թագավորության սրահ։ Այդ հանդիպումից գրեթե ոչինչ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ողջունեցիր ինձ։ Դա օգնեց, որ ինձ սիրված զգամ։ Շնորհակալ եմ»։

Եղբայրը չգիտեր, թե ինչ մեծ ազդեցություն էր ունեցել իր կարճ ողջույնը։ Նա ասում է. «Երբ իմացա, որ այդ մի քանի խոսքերը քաջալերել էին քրոջը, շատ ուրախացա և ինձ լավ զգացի»։

Սողոմոնը գրել է. «Հացդ ջրերի երեսին արձակիր, որովհետև շատ օրեր անց կրկին կգտնես այն» (Ժող. 11։1)։ Եթե գիտակցենք, թե մեր ողջույնը ինչ մեծ արժեք ունի ուրիշների, հատկապես մեր հավատակիցների համար, կհարստացնենք և՛ նրանց, և՛ մեզ։ Ուստի եկեք չթերագնահատենք ողջույնի զորությունը։