Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինքնատիրապետում. կարևոր հատկություն Աստծու հավանությունն ունենալու համար

Ինքնատիրապետում. կարևոր հատկություն Աստծու հավանությունն ունենալու համար

«Երբ մորաքրոջս տղայի հետ թեժ վիճեցինք, բռնեցի նրա կոկորդից ու սկսեցի խեղդել։ Ուզում էի սպանել նրան» (Փոլ)։

«Տանը ամենաչնչին բանից անգամ հունից դուրս էի գալիս, և ձեռքս ինչ ընկնում էր, ջարդում էի՝ լիներ կահույք, թե երեխաներիս խաղալիքները» (Մարկո)։

Մեզանից շատերը բարկությունը նման ծայրահեղ ձևով չեն արտահայտում, բայց բոլորս էլ երբեմն դժվարանում ենք վերահսկել ինքներս մեզ։ Հիմնական պատճառն այն է, որ առաջին մարդ Ադամից մեղսածին հակումներ ենք ժառանգել (Հռոմ. 5։12)։ Ոմանք Փոլի և Մարկոյի պես չեն կարողանում վերահսկել իրենց բարկությունը։ Ոմանք էլ դժվարանում են կառավարել իրենց մտքերը։ Նրանք շարունակ մտածում են այնպիսի բացասական բաների մասին, որոնք վախեցնում կամ վհատեցնում են իրենց։ Մյուսներն էլ չեն կարողանում դիմադրել անբարոյականություն գործելու, ալկոհոլը չարաշահելու և թմրանյութեր օգտագործելու գայթակղությանը։

Այն մարդիկ, ովքեր չեն վերահսկում իրենց մտքերը, ցանկությունները և արարքները, կարող են կործանել իրենց կյանքը։ Ի՞նչ կարող ենք անել, որ մեզ հետ նման բան չպատահի։ Հարկավոր է զարգացնել ինքնատիրապետում։ Եկեք քննենք երեք հարց, որոնք կօգնեն մեզ զարգացնել այդ հատկությունը։ 1) Ի՞նչ է ինքնատիրապետումը։ 2) Ինչո՞ւ է անհրաժեշտ ինքնատիրապետում ունենալ։ 3) Ինչպե՞ս կարող ենք զարգացնել «ոգու պտղի» մաս կազմող այս հատկությունը (Գաղ. 5։22, 23)։ Այնուհետև կտեսնենք, թե ինչ կարող ենք անել, եթե երբեմն չի հաջողվում ինքնատիրապետում դրսևորել։

Ի՞ՆՉ Է ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ

Ինքնատիրապետում ունեցող մարդը չի գործում զգացմունքների ազդեցության տակ։ Նա չի ասում կամ անում բաներ, որոնք տհաճ են Աստծուն։

Հիսուսը հստակ ցույց տվեց, թե ինչ է նշանակում ինքնատիրապետում ունենալ

Հիսուսն իր օրինակով ցույց տվեց, թե ինչ է նշանակում ինքնատիրապետում ունենալ։ Աստվածաշունչն ասում է. «Երբ նրա մասին չարախոսում էին, փոխարենը՝ նա չէր չարախոսում։ Երբ նա չարչարվում էր, չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր նրան, ով արդարությամբ է դատում» (1 Պետ. 2։23)։ Հիսուսը ինքնատիրապետում դրսևորեց, նույնիսկ երբ ցցին էր գամված, և հակառակորդները ծաղրուծանակի էին ենթարկում իրեն (Մատթ. 27։39–44)։ Ավելի վաղ թշնամաբար տրամադրված կրոնական առաջնորդները փորձել էին խոսքերով ծուղակը գցել նրան, բայց նա բացառիկ զսպվածություն էր դրսևորել (Մատթ. 22։15–22)։ Հիսուսը գերազանց օրինակ թողեց նաև այն ժամանակ, երբ կատաղած հրեաները քարեր էին վերցրել, որ շպրտեին իր վրա։ Նա չարի փոխարեն չարով չհատուցեց, այլ «թաքնվեց ու հեռացավ տաճարից» (Հովհ. 8։57–59

Իսկ կարո՞ղ ենք Հիսուսի պես ինքնատիրապետում դրսևորել։ Թեև ոչ կատարելապես, բայց կարող ենք։ Պետրոս առաքյալը գրել է. «Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք» (1 Պետ. 2։21)։ Չնայած անկատարությանը՝ մենք կարող ենք ինքնատիրապետում դրսևորելու հարցում սերտորեն հետևել Հիսուսի օրինակին։ Իսկ ինչո՞ւ է անչափ կարևոր ունենալ այս հատկությունը։

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ

Եթե ուզում ենք արժանանալ Եհովայի հավանությանը, պետք է ինքնատիրապետում դրսևորենք։ Նույնիսկ եթե երկար տարիներ է, ինչ հավատարմորեն ծառայում ենք Եհովային, հեշտությամբ կարող ենք կորցնել նրա հետ մտերմությունը, եթե չվերահսկենք մեր խոսքերն ու գործերը։

Քննենք Մովսեսի օրինակը, ով «երկրի երեսին եղող բոլոր մարդկանցից ամենահեզն էր» (Թվեր 12։3)։ Տասնամյակներ շարունակ Մովսեսը համբերատար կերպով տանում էր իսրայելացիների տրտունջը։ Բայց մի օր, երբ ժողովուրդը ջուր չունենալու պատճառով նորից սկսեց տրտնջալ, նա բարկացավ ու կոպտորեն խոսեց նրանց հետ՝ ասելով. «Լսեցե՛ք, ո՛վ ապստամբներ։ Ի՞նչ է, ջուր հանե՞նք ձեզ համար այս ժայռից» (Թվեր 20։2–11

Մովսեսը կորցրեց ինքնատիրապետումը։ Նա փառքը չուղղեց Եհովային, երբ վերջինս հրաշքով ջուր տվեց իսրայելացիներին (Սաղ. 106։32, 33)։ Դրա պատճառով Եհովան թույլ չտվեց նրան մտնել Ավետյաց երկիր (Թվեր 20։12)։ Մինչև իր կյանքի վերջը Մովսեսն ափսոսաց, որ չէր կարողացել զսպել բարկությունը (2 Օրենք 3։23–27

Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։ Անգամ եթե երկար տարիներ է, ինչ ճշմարտության մեջ ենք, երբեք չպետք է անհարգալից խոսենք նրանց հետ, ովքեր նյարդայնացնում են մեզ կամ խրատի կարիք ունեն (Եփես. 4։32; Կող. 3։12)։ Ճիշտ է, տարիքի հետ երբեմն ավելի դժվար է համբերատար լինել, բայց լավ կլինի՝ միշտ հիշենք Մովսեսի օրինակը։ Մենք երբեք չենք ցանկանա Եհովայի մոտ կորցնել մեր բարի անունը ինքնատիրապետում չդրսևորելու պատճառով։ Իսկ ինչպե՞ս կարող ենք զարգացնել այս կարևոր հատկությունը։

ԻՆՉՊԵ՞Ս ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԶԱՐԳԱՑՆԵԼ

Եհովայից իր սուրբ ոգին խնդրիր։ Ինքնատիրապետումը սուրբ ոգու պտղի մաս է կազմում, իսկ Աստված տալիս է իր ոգին բոլոր նրանց, ովքեր խնդրում են իրենից (Ղուկ. 11։13)։ Սուրբ ոգու միջոցով նա մեզ ուժ կտա, որ կարողանանք ինքնատիրապետում դրսևորել (Փիլիպ. 4։13)։ Եհովայի օգնությամբ կարող ենք զարգացնել նաև ոգու պտղի մյուս հատկությունները, օրինակ՝ սերը, որը նպաստում է ինքնատիրապետմանը (1 Կորնթ. 13։5

Հեռու մնա այն ամենից, ինչը կարող է թուլացնել ինքնատիրապետում դրսևորելու վճռականությունդ

Հեռու մնա այն ամենից, ինչը կարող է թուլացնել ինքնատիրապետում դրսևորելու վճռականությունդ։ Օրինակ՝ խուսափիր այնպիսի ինտերնետային կայքերից և զվարճություններից, որոնք սխալ վարք են խրախուսում (Եփես. 5։3, 4Իրականում մենք պետք է հեռու մնանք ցանկացած բանից, ինչը կարող է դրդել մեզ, որ սխալ վարվենք (Առակ. 22։3; 1 Կորնթ. 6։12)։ Օրինակ՝ այն մարդը, ով պայքարում է անպատշաճ սեռական ցանկությունների դեմ, գուցե որոշի ընդհանրապես հրաժարվել սիրային գրքերից ու ռոմանտիկ ֆիլմերից։

Գուցե դժվար լինի հետևել այս խորհրդին։ Սակայն եթե ջանքեր թափենք, Եհովան կտա անհրաժեշտ զորությունը, որպեսզի կարողանանք ինքներս մեզ կառավարել (2 Պետ. 1։5–8)։ Նա կօգնի, որ հսկենք մեր մտքերը, խոսքերն ու գործերը։ Դա հստակ երևում է Փոլի և Մարկոյի օրինակից, որոնց մասին խոսեցինք հոդվածի սկզբում։ Նրանք սովորեցին վերահսկել իրենց բարկությունը։ Ուշադրություն դարձնենք նաև մի եղբոր օրինակի, ով մեքենա վարելիս ամեն չնչին բանից հունից դուրս էր գալիս և հաճախ էր վիճում ուրիշ վարորդների հետ։ Ի՞նչ փոփոխություններ նա արեց։ «Ամեն օր ջերմագին աղոթում էի, որ զսպեմ բարկությունս։ Սկսեցի ինքնատիրապետման մասին հոդվածներ ուսումնասիրել և անգիր սովորեցի մի քանի աստվածաշնչյան համար։ Չնայած երկար տարիներ է՝ աշխատում եմ այս հատկության վրա, սակայն ամեն անգամ օրս սկսում եմ՝ ինքս ինձ հիշեցնելով, որ պետք է հանդարտ լինեմ։ Ինչպես նաև բավականին վաղօրոք եմ տնից դուրս գալիս, որ չշտապեմ»։

ԵՐԲ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԴՐՍԵՎՈՐԵԼ

Երբեմն գուցե չհաջողվի ինքնատիրապետում դրսևորել։ Դրա պատճառով հնարավոր է՝ ամաչենք աղոթել։ Սակայն հենց այդ ժամանակ է, որ Աստծու օգնության կարիքն ամենաշատն ունենք։ Ուստի անմիջապես աղոթիր Եհովային և խնդրիր, որ ների ու օգնի քեզ։ Վճռիր այլևս չկրկնել նույն սխալը (Սաղ. 51։9–11)։ Վստահ եղիր, որ Եհովան չի արհամարհի քո սրտաբուխ աղոթքները (Սաղ. 102։17)։ Հովհաննես առաքյալը հիշեցնում է, որ Աստծու Որդու արյունը «մաքրում է մեզ ամեն մեղքից» (1 Հովհ. 1։7; 2։1; Սաղ. 86։5)։ Եհովան հորդորում է իր ծառաներին պատրաստակամորեն ներել (Մատթ. 18։21, 22; Կող. 3։13)։ Հետևաբար կարող ենք համոզված լինել, որ նա էլ մեծահոգաբար մեզ կների (Մատթ. 18։21, 22; Կող. 3։13

Երբ անապատում Մովսեսը կորցրեց ինքնատիրապետումը, տհաճեցրեց Եհովային։ Բայց Եհովան ներեց նրան։ Աստվածաշնչում Մովսեսը հիշատակվում է որպես բացառիկ հավատի տեր մարդ (2 Օրենք 34։10; Եբր. 11։24–28)։ Ճիշտ է, Եհովան թույլ չտվեց Մովսեսին մտնել Ավետյաց երկիր, սակայն հարություն կտա նրան դրախտային երկրի վրա, և Մովսեսը հավիտյան ապրելու հնարավորություն կունենա։ Մենք էլ կունենանք այդ հիանալի հեռանկարը, եթե շարունակենք զարգացնել ինքնատիրապետում (1 Կորնթ. 9։25