Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 4

Եհովան օրհնում է Հիշատակի երեկոն նշելու մեր ջանքերը

Եհովան օրհնում է Հիշատակի երեկոն նշելու մեր ջանքերը

«Սա արեք ինձ հիշելու համար» (ՂՈՒԿ. 22։19

ԵՐԳ 19 Տիրոջ ընթրիքը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1-2. Ինչո՞ւ ենք ամեն տարի ներկա լինում Հիշատակի երեկոյին։

 ԳՐԵԹԵ 2 000 տարի առաջ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար, որպեսզի հավիտյան ապրելու հեռանկար ունենանք։ Իր մահվանը նախորդող գիշերը նա պատվիրեց իր հետևորդներին հիշել սիրո այդ մեծագույն դրսևորումը՝ հաստատելով մի պարզ արարողություն, որի ժամանակ օգտագործեց հաց և գինի (1 Կորնթ. 11։23-26

2 Մենք հնազանդվում ենք Հիսուսի պատվերին, քանի որ շատ ենք սիրում նրան (Հովհ. 14։15)։ Ամեն տարի Հիշատակի երեկոյի շրջանում մենք արտահայտում ենք մեր երախտագիտությունը Հիսուսի զոհագործության հանդեպ՝ խորհելով և աղոթելով այն մասին, թե ինչ նշանակություն ունի նրա մահը մարդկանց համար։ Մենք նաև ուրախությամբ մասնակցում ենք ծառայությանը՝ հնարավորինս շատ մարդկանց հրավիրելով այդ հատուկ միջոցառմանը։ Եվ, իհարկե, ամեն ինչ անում ենք, որպեսզի ոչինչ չխանգարի մեզ ներկա լինել Հիշատակի երեկոյին։

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Աստծու ծառաները տարիներ շարունակ մեծ ջանքեր են թափել, որպեսզի նշեն Հիսուսի մահվան հիշատակի երեկոն։ Այս հոդվածից կիմանանք, թե 1) ինչպես են նրանք վերականգնել Հիշատակի երեկոն նշելու Հիսուսի սահմանած կարգը, 2) ինչ ջանքեր են ներդրել, որ մարդկանց հրավիրեն այդ միջոցառմանը, և 3) ինչ են անում, որ չնայած դժվարություններին՝ ներկա լինեն այդ երեկոյին։

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՀԻՍՈՒՍԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԿԱՐԳԸ

4. Ամեն տարի Հիշատակի երեկոյին ո՞ր հարցերի պատասխաններն են տրվում, և ինչո՞ւ մենք չպետք է սովորական բան համարենք այդ ճշմարտություններն իմանալը (Ղուկաս 22։19, 20

4 Ամեն տարի Հիշատակի երեկոյին մենք լսում ենք աստվածաշնչյան մի ելույթ, որում տրվում են մի շարք հարցերի պատասխաններ։ Մենք իմանում ենք, թե ինչու մարդիկ փրկագնի կարիք ունեն, և թե ինչպես կարող է մեկ մարդու մահը ծածկել շատերի մեղքերը։ Նաև վերհիշում ենք, թե ինչ են խորհրդանշում հացն ու գինին, և ովքեր պետք է օգտվեն դրանցից (կարդա Ղուկաս 22։19, 20)։ Բացի այդ՝ խորհրդածում ենք այն օրհնությունների շուրջ, որ սպասում են այն մարդկանց, ովքեր հույս ունեն ապրելու երկրի վրա (Ես. 35։5, 6; 65։17, 21-23)։ Այս ճշմարտություններն իմանալը երբեք չպետք է սովորական բան համարենք։ Միլիարդավոր մարդիկ չգիտեն դրանք և չեն էլ հասկանում, թե ինչ մեծ արժեք ունի Հիսուսի զոհագործությունը։ Բացի այդ՝ նրանք չեն նշում Հիսուսի մահը այնպես, ինչպես նա է հաստատել։ Ինչո՞ւ։

5. Երբ առաքյալներից շատերը մահացան, ինչպե՞ս աղավաղվեց Հիսուսի հաստատած կարգը։

5 Առաքյալների մեծ մասի մահից կարճ ժամանակ անց կեղծ քրիստոնյաներ սողոսկեցին ժողով (Մատթ. 13։24-27, 37-39)։ Նրանք «ծուռումուռ բաներ էին խոսում աշակերտներին իրենց հետևից քաշելու համար» (Գործ. 20։29, 30)։ «Ծուռումուռ բաներից» մեկը, որ կեղծ քրիստոնյաները սկսեցին սովորեցնել, այն գաղափարն էր, թե Հիսուսի զոհագործությունը պետք է կրկին ու կրկին կատարվի։ Նրանք չէին ընդունում, որ Հիսուսը, ինչպես Աստվածաշունչն է սովորեցնում, իր մարմինը «մեկընդմիշտ զոհ է մատուցել շատերի մեղքերը կրելու համար» (Եբր. 9։27, 28)։ Այսօր անկեղծ սիրտ ունեցող շատ մարդիկ են հավատում այս կեղծ ուսմունքին։ Նրանք կանոնավորաբար, երբեմն նույնիսկ ամեն օր հավաքվում են եկեղեցում, որպեսզի նշեն Հիսուսի զոհագործությունը։ Այդ արարողությունը կոչվում է «սուրբ հաղորդություն»։ b Ճիշտ է, կան այնպիսի կրոնական կազմակերպություններ, որոնք այդքան հաճախ չեն նշում Հիսուսի մահը, բայց նրանց հարող մարդկանց մեծ մասը շատ աղոտ պատկերացում ունի այն մասին, թե ինչ է իրագործվում Քրիստոսի մահով։ Ոմանք գուցե մտածեն. «Իմ մեղքերը իրո՞ք ներվում են Հիսուսի մահով»։ Ինչո՞ւ է նրանց մտքում նման հարց ծագում։ Որոշ դեպքերում նրանց վրա ազդում է այն մարդկանց տեսակետը, ովքեր չեն հավատում, որ Հիսուսի մահով մարդկանց մեղքերը ներվում են։ Բայց ճշմարիտ քրիստոնյաները շատերին են օգնել հասկանալ, թե ինչ նշանակություն ունի Հիսուսի մահը, և որն է այն նշելու ճիշտ ձևը։ Տեսնենք, թե ինչպես են նրանք դա արել։

6. Ի՞նչ եզրակացության եկան մի խումբ Աստվածաշունչ ուսումնասիրողներ։

6 19-րդ դարի վերջում մի խումբ Աստվածաշունչ ուսումնասիրողներ Չարլզ Թեյզ Ռասելի գլխավորությամբ սկսեցին մանրամասնորեն ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Նրանք ցանկանում էին իմանալ, թե իրականում ինչ նշանակություն ունի Հիսուսի զոհագործությունը, և թե ինչպես է հարկավոր նշել նրա մահը։ Մոտ 1872 թ.-ին այդ ջանասեր ուսումնասիրողները Աստվածաշնչի հիման վրա եկան այն եզրակացության, որ Հիսուսը իսկապես տվել է իր կյանքը որպես փրկագին մարդկանց համար։ Նրանք իրենց իմացածը գաղտնի չպահեցին, այլ տարածեցին այն գրքերի, թերթերի և ամսագրերի միջոցով։ Ընդօրինակելով առաջին դարի քրիստոնյաներին՝ շուտով նրանք սկսեցին տարին մեկ անգամ հավաքվել և նշել Հիսուսի մահը։

7. Ի՞նչ օգուտներ ենք քաղում այն հետազոտություններից, որ տարիներ առաջ արել են Աստվածաշունչ ուսումնասիրողները։

7 Այսօր մենք մեծ օգուտներ ենք քաղում այն հետազոտություններից, որ տարիներ առաջ արել են այդ հավատարիմ քրիստոնյաները։ Եհովան մեզ օգնել է հասկանալ Հիսուսի զոհագործության մասին ճշմարտությունը, և այն, թե ինչ է իրագործվում դրա շնորհիվ (1 Հովհ. 2։1, 2)։ Մենք նաև իմացել ենք, որ Աստվածաշունչը երկու տեսակի հույս է տալիս այն մարդկանց, ովքեր հաճեցնում են Աստծուն. ոմանց սպասում է անմահ կյանք երկնքում, իսկ միլիոնավոր մարդկանց՝ հավիտենական կյանք երկրի վրա։ Երբ խորհում ենք այն մասին, թե որքան շատ է Եհովան մեզ սիրում, և թե ինչ մեծ օգուտներ է բերում Հիսուսի փրկագինը անձամբ մեզ, մտերմանում ենք Եհովայի հետ (1 Պետ. 3։18; 1 Հովհ. 4։9)։ Ուստի անցյալում ապրած մեր հավատարիմ եղբայրների ու քույրերի նման մենք մարդկանց հրավիրում ենք նշելու Հիշատակի երեկոն ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն է հաստատել։

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻՆ

Ի՞նչ կարող ես անել, որպեսզի լիարժեքորեն մասնակցես Հիշատակի երեկոյի քարոզարշավին (տես պարբերություն 8-10) e

8. Ի՞նչ է արել Եհովայի ժողովուրդը, որպեսզի մարդկանց հրավիրի Հիշատակի երեկոյին (տես նկարը)։

8 Երկար տարիներ է, ինչ Եհովայի ժողովուրդը մարդկանց հրավիրում է Հիշատակի երեկոյին։ 1881 թ.-ին «Դիտարան» ամսագրում մի հայտարարություն տպագրվեց, որով Միացյալ Նահանգներում ապրող եղբայրներն ու քույրերը հրավիրվում էին նշելու այդ հատուկ միջոցառումը Ալեգեյնիում (Փենսիլվանիա)՝ եղբայրներից մեկի տանը։ Հետագայում յուրաքանչյուր ժողով սկսեց առանձին նշել Հիշատակի երեկոն։ Իսկ 1940 թ. մարտին քարոզիչներին ասացին, որ կարող են Հիշատակի երեկոյին հրավիրել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրություն կցուցաբերեն։ 1960 թ.-ին առաջին անգամ Բեթելը ժողովներին տրամադրեց տպված հրավիրատոմսեր։ Այդ տարվանից սկսած՝ միլիարդավոր հրավիրատոմսեր են տարածվել։ Բայց ինչո՞ւ ենք այսքան ժամանակ ու ջանք ներդնում, որ մարդկանց հրավիրենք Հիշատակի երեկոյին։

9-10. Ովքե՞ր են օգուտ քաղում, երբ ամեն ջանք թափում ենք, որ մարդկանց հրավիրենք Հիշատակի երեկոյին (Հովհաննես 3։16

9 Պատճառներից մեկը, թե ինչու ենք մարդկանց հրավիրում մեզ հետ նշելու Հիշատակի երեկոն, այն է, որ միջոցառմանը առաջին անգամ ներկա լինողները իմանան, թե Եհովան ու Հիսուսը ինչ են արել բոլորիս համար (կարդա Հովհաննես 3։16)։ Մենք հույս ունենք, որ այն, ինչ նրանք կտեսնեն ու կլսեն այդ երեկոյի ընթացքում, կմղի նրանց ավելին իմանալու և դառնալու Եհովայի ծառաներից մեկը։ Սակայն միայն նրանք չէ, որ օգուտներ են քաղում այս միջոցառումից։

10 Մենք հրավիրում ենք նաև նրանց, ովքեր ոչ ակտիվ են դարձել Եհովային ծառայելու գործում։ Այդպես ուզում ենք հիշեցնել այդ քարոզիչներին, որ Աստված դեռ սիրում է իրենց։ Նրանցից շատերը ընդունում են հրավերը, և մենք անչափ ուրախանում ենք՝ տեսնելով նրանց այդ միջոցառմանը։ Հիշատակի երեկոյին ներկա լինելով՝ այդ եղբայրներն ու քույրերը վերհիշում են այն ուրախությունը, որ մի ժամանակ վայելում էին Եհովային ծառայելիս։ Քննենք Մոնիկայի c օրինակը, ով COVID-19 համավարակի ընթացքում կրկին դարձավ ակտիվ քարոզիչ։ 2021 թ. Հիշատակի երեկոյին մասնակցելուց հետո Մոնիկան ասաց. «Այս Հիշատակի երեկոն յուրահատուկ էր ինձ համար։ 20 տարվա ընթացքում առաջին անգամ քարոզում էի մարդկանց և նրանց հրավիրում Հիշատակի երեկոյին։ Ես իմ սիրտը դրեցի այդ գործի մեջ, քանի որ գնահատում եմ այն ամենը, ինչ Եհովան ու Հիսուսը արել են ինձ համար» (Սաղ. 103։1-4)։ Անկախ նրանից՝ մարդիկ ընդունում են մեր հրավերը, թե ոչ, մենք շարունակում ենք նրանց հրավիրել Հիշատակի երեկոյին, քանի որ գիտենք, որ Եհովան թանկ է գնահատում մեր ջանքերը։

11. Ինչպե՞ս է Եհովան օրհնել Հիշատակի երեկոյին մարդկանց հրավիրելու մեր ջանքերը (Անգե 2։7

11 Եհովան առատորեն օրհնում է մեր ջանքերը, որ ներդնում ենք մարդկանց Հիշատակի երեկոյին հրավիրելու համար։ Չնայած COVID-19 համավարակի պատճառով դրված սահմանափակումներին՝ 2021 թ. Հիշատակի երեկոյին ներկա եղավ 21 367 603 մարդ, ինչը աննախադեպ թիվ է։ Դա գրեթե 2,5 անգամ գերազանցում է Եհովայի վկաների ընդհանուր թիվը։ Ինչ խոսք, Եհովայի համար կարևորը ոչ թե թվերն են, այլ մարդիկ (Ղուկ. 15։7; 1 Տիմոթ. 2։3, 4)։ Մենք համոզված ենք, որ երբ մասնակցում ենք մարդկանց Հիշատակի երեկոյին հրավիրելու գործին, Եհովան օգնում է մեզ գտնել անկեղծ սիրտ ունեցողներին (կարդա Անգե 2։7

ՆԵՐԿԱ ԵՆ ԼԻՆՈՒՄ՝ ՉՆԱՅԱԾ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻՆ

Եհովան օրհնում է Հիշատակի երեկոյին մասնակցելու մեր ջանքերը (տես պարբերություն 12) f

12. Մեզ համար ինչո՞ւ գուցե դժվար լինի ներկա լինել Հիշատակի երեկոյին (տես նկարը)։

12 Այսօր մենք բախվում ենք տարբեր դժվարությունների, քանի որ ինչպես Հիսուսն էր կանխագուշակել, վերջին օրերում լինելու էին պատերազմներ, համաճարակներ, ընտանիքի կողմից հալածանք և այլ վատ բաներ (Մատթ. 10։36; Մարկ. 13։9; Ղուկ. 21։10, 11)։ Երբեմն այդ դժվարությունները գուցե խանգարեն մեզ նշել Հիսուսի մահը։ Իսկ ինչպե՞ս են մեր եղբայրներն ու քույրերը հաղթահարում դրանք, և ինչպե՞ս է Եհովան օրհնում նրանց։

13. Եհովան ինչպե՞ս օրհնեց Արտյոմի քաջությունն ու վճռականությունը։

13 Ազատազրկում։ Հավատի համար բանտարկված մեր հավատակիցները իրենց ձեռքից եկածն անում են, որպեսզի նշեն Հիշատակի երեկոն։ Նկատի առնենք Արտյոմի օրինակը։ 2020 թ. Հիշատակի երեկոյի շրջանում նա գտնվում էր 17 քառակուսի մետր (183 քառակուսի ֆուտ) մակերես ունեցող մի բանտախցում, որտեղ մինչև հինգ բանտարկյալ էր լինում։ Չնայած Արտյոմը ազատազրկված էր, նրան հաջողվեց ձեռք բերել որոշ բաներ, որոնք կարող էր օգտագործել որպես Հիշատակի երեկոյի խորհրդանիշներ։ Նա նաև պատրաստվում էր ինքն իր համար ներկայացնել ելույթը։ Բայց նրա բանտակիցները անընդհատ ծխում էին և հայհոյում։ Ինչպե՞ս վարվեց եղբայրը։ Նա խնդրեց նրանց, որ եթե հնարավոր է, գոնե մեկ ժամ չծխեն ու չհայհոյեն։ Ի զարմանս Արտյոմի՝ բանտակիցները կատարեցին նրա խնդրանքը և Հիշատակի երեկոյի ընթացքում ո՛չ ծխեցին, ո՛չ էլ հայհոյեցին։ Եղբայրն ասում է. «Ես ասացի, որ կարող եմ նրանց պատմել Հիշատակի երեկոյի մասին»։ Թեև նրանք չընդունեցին Արտյոմի առաջարկը, բայց երբ տեսան ու լսեցին, թե ինչպես է նա նշում Հիշատակի երեկոն, սկսեցին հարցեր տալ։

14. Ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին, որպեսզի Հիշատակի երեկոն նշվի՝ չնայած համավարակին։

14 COVID-19 համավարակ։ Երբ այս համավարակը բռնկվեց, Եհովայի ժողովուրդը չէր կարող ֆիզիկապես մասնակցել Հիշատակի երեկոյին։ Բայց դա խոչընդոտ չեղավ նրանց համար։ d Այն ժողովները, որոնք ինտերնետ կապ ունեին, Հիշատակի երեկոն նշեցին տեսակապի միջոցով։ Իսկ ի՞նչ արեցին նրանք, ովքեր ինտերնետ չունեին։ Որոշ երկրներում մասնաճյուղերը քայլեր ձեռնարկեցին, որպեսզի Հիշատակի երեկոյի ելույթը հեռարձակվի հեռուստատեսությամբ կամ ռադիոյով։ Բացի այդ՝ ելույթը ձայնագրվեց ավելի քան 500 լեզվով, որպեսզի հեռավոր վայրերում գտնվողները նույնպես կարողանային նշել Հիշատակի երեկոն։ Եղբայրներն էլ հոգ տարան, որ ձայնագրությունները հասնեն այդ հավատակիցներին։

15. Ի՞նչ ես սովորում Սյուի օրինակից։

15 Հակառակություն ընտանիքի կողմից։ Ոմանց համար Հիշատակի երեկոյին ներկա լինելու ամենամեծ դժվարությունը ընտանիքից եկող հակառակությունն է։ Նկատի առնենք Սյու անունով մի աղջկա օրինակը, ով Աստվածաշունչ է ուսումնասիրում։ 2021 թ. Հիշատակի երեկոյի նախորդ օրը Սյուն իրեն Աստվածաշունչ ուսուցանող քրոջն ասաց, որ ընտանիքի հակառակության պատճառով չի կարողանա ներկա լինել Հիշատակի երեկոյին։ Քույրը նրա համար կարդաց Ղուկաս 22։44-ը։ Այնուհետև բացատրեց, որ երբ դժվարությունների ենք բախվում, պետք է Հիսուսի նման՝ աղոթենք Եհովային և լիովին ապավինենք նրան։ Հաջորդ օրը Սյուն պատրաստեց Հիշատակի երեկոյի խորհրդանիշները և jw.org կայքից դիտեց առավոտյան երկրպագության հատուկ ծրագիրը։ Իսկ երեկոյան, երբ իր սենյակում մենակ էր, հեռախոսակապով միացավ Հիշատակի երեկոյին։ Միջոցառման ավարտից հետո Սյուն գրեց մեր քրոջը. «Երեկ դու ինձ շատ քաջալերեցիր։ Ես իմ ձեռքից եկածն արեցի, որ ներկա լինեմ Հիշատակի երեկոյին, իսկ Եհովան արեց մնացածը։ Չեմ կարող նկարագրել, թե որքան ուրախ ու երախտապարտ եմ»։ Ի՞նչ ես կարծում, Եհովան կարո՞ղ է քեզ էլ օգնել նման իրավիճակում։

16. Ինչո՞ւ ենք համոզված, որ Եհովան կօրհնի Հիշատակի երեկոյին ներկա լինելու մեր ջանքերը (Հռոմեացիներ 8։31, 32

16 Եհովան թանկ է գնահատում այն ջանքերը, որ ներդնում ենք Հիսուսի մահը հիշելու համար։ Կարող ենք համոզված լինել, որ նա կօրհնի մեզ, եթե ջանք թափենք, որ արտահայտենք մեր երախտագիտությունը այն ամենի համար, ինչ նա արել է հանուն մեզ (կարդա Հռոմեացիներ 8։31, 32)։ Ուստի եկեք վճռենք այս տարի նույնպես ներկա լինել Հիշատակի երեկոյին և ակտիվորեն մասնակցել այն հոգևոր գործերին, որ արվում են Հիշատակի երեկոյի շրջանում։

ԵՐԳ 18 Երախտապարտ ենք փրկանքի համար

a 2023 թ. ապրիլի 4-ին՝ երեքշաբթի օրը, ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կնշեն Հիսուսի մահվան հիշատակի երեկոն։ Շատերը ներկա կլինեն առաջին անգամ։ Ներկա կլինեն նաև նրանք, ովքեր մի ժամանակ ակտիվ Վկաներ են եղել։ Հիշատակի երեկոյին մասնակցելու համար ոմանք լուրջ խոչընդոտներ պետք է հաղթահարեն։ Անկախ քո հանգամանքներից՝ կարող ես վստահ լինել, որ Եհովան շատ կուրախանա, եթե ամեն ջանք թափես, որ ներկա լինես այդ միջոցառմանը։

b Հավատացյալները դավանում են, որ այս արարողության ժամանակ հացը և գինին հրաշքով փոխակերպվում են Քրիստոսի բառացի մարմնի և արյան։ Նրանք մտածում են, որ ամեն անգամ երբ ինչ-որ մեկը մասնակցում է այդ ծեսին, Հիսուսի մարմինն ու արյունը զոհաբերվում են։

c Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

d Տես նաև «2021 թ. Հիշատակի երեկո» հոդվածները jw.org կայքում։

e ՆԿԱՐ։ 1960-ականներից սկսած՝ մենք Հիշատակի երեկոյի հրավիրատոմսեր ենք տարածում, որոնց դիզայնը տարիների ընթացքում բարելավվել է։ Դրանք այժմ առկա են ոչ միայն տպագիր, այլև էլեկտրոնային տարբերակով։

f ՆԿԱՐ։ Բեմականացված նկար։ Քաղաքացիական խռովությունների ընթացքում եղբայրներն ու քույրերը նշում են Հիշատակի երեկոն։