Առատ հունձ
ՀԻՍՈՒՍԸ կանխագուշակել էր, որ վերջին օրերում իր հետևորդներին առատ հունձ էր սպասելու (Մատթ. 9։37; 24։14)։ Նրա խոսքերը առանձնահատուկ կերպով կատարվել են Անդրկարպատյան Ուկրաինայում։ Այդ տարածքում երեք հարևան գյուղ կա, որտեղ գործում է 50 ժողով, և ծառայում է ավելի քան 5 400 քարոզիչ։ * Այս երեք գյուղերում չորս հոգուց մեկը Եհովայի վկա է։
Ինչպիսի՞ն է այս քարոզչական տարածքը։ Վասիլե անունով մի տեղաբնակ եղբայր ասում է. «Այստեղ մարդիկ հարգանքով են վերաբերվում Աստվածաշնչին, սիրում են արդարություն, ամուր ընտանեկան կապեր ունեն և անկեղծորեն օգնում են իրար»։ Նա ավելացնում է. «Միշտ չէ, որ նրանք համաձայնվում են մեզ հետ, բայց երբ Աստվածաշնչից նրանց մի բան ենք ցույց տալիս, ուշադիր լսում են»։
Ինչ խոսք, մի տարածքում, որտեղ քարոզիչների և բնակչության հարաբերակցության ցուցանիշը այդքան բարձր է, մեր եղբայրներն ու քույրերը յուրահատուկ դժվարություններ ունեն։ Օրինակ՝ մի ժողովում 134 քարոզիչ կա, սակայն դրա տարածքը ընդամենը 50 տուն է ընդգրկում։ Քարոզիչներն ինչպե՞ս են հարմարվում այս իրավիճակին։
Շատ եղբայրներ ու քույրեր ընդլայնում են իրենց ծառայությունը և քարոզում են այն տարածքներում, որտեղ ավելի մեծ կարիք կա։ Յոնաշ անունով մի 90-ամյա եղբայր ասում է. «Մեր ժողովի տարածքում մեկ քարոզչին բաժին է ընկնում երկու տուն։ Ես մեր գյուղում եմ քարոզում։ Բայց մինչև վերջին ժամանակները, երբ առողջությունս դեռ թույլ էր տալիս, գնում էի չնշանակված տարածք՝ անցնելով 160 կիլոմետր (100 մղոն)։ Այնտեղ հունգարերեն էի քարոզում»։ Քարոզիչները պետք է զոհողություններ անեն, որ ծառայեն այլ տարածքներում։ «Գնացք նստելու համար առավոտյան ժամը 4-ին էի արթնանում։ Քարոզում էի մինչև երեկոյան ժամը 6-ը, երբ պետք է գնացքով տուն վերադառնայի։ Այդպես շաբաթը երկու-երեք անգամ գնում-գալիս էի»,— ավելացնում է Յոնաշը։ Արդյո՞ք նա կարծում է, որ արժեր այդքան ջանք թափել։ Եղբայրն ասում է. «Այս ծառայությունից մեծ ուրախություն էի ստանում։ Երջանիկ եմ, որ մեկուսի վայրում ապրող մի ընտանիքի կարողացել եմ օգնել իմանալու ճշմարտությունը»։
Հասկանալի է, որ այս գյուղերում ապրող ոչ բոլոր քարոզիչներն են ի վիճակի հեռավոր տարածքներ գնալու։ Սակայն բոլորն էլ, այդ թվում՝ տարեցները ջանքեր են թափում, որ լավ մշակեն իրե՛նց տարածքը։ Դրա շնորհիվ 2017 թ.-ին այս երեք գյուղերում Հիշատակի երեկոյին ներկա է եղել քարոզիչների թվից գրեթե երկու անգամ ավելի մարդ, այսինքն՝ բնակչության կեսը։ Այո՛, որտեղ էլ ծառայենք, դեռ շատ բան կա անելու, ուստի եկեք «միշտ զբաղված լինենք Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58)։
^ պարբ. 2 Խոսքը Գլուբոկի Պոտոկ, Սրեդնեե Վոդյանոյե և Նիժնյայա Ապշա գյուղերի մասին է։