Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ պետք է «շարունակենք շատ պտուղ բերել»

Ինչո՞ւ պետք է «շարունակենք շատ պտուղ բերել»

«Սրանով է փառավորվում իմ Հայրը, որ դուք շարունակում եք շատ պտուղ բերել և ապացուցում եք, որ իմ աշակերտներն եք» (ՀՈՎՀ. 15։8

ԵՐԳ 53, 60

1, 2. ա) Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն ինչի՞ մասին խոսեց իր աշակերտների հետ (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ինչո՞ւ է կարևոր միշտ հիշել մեր քարոզելու պատճառները։ գ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

ՀԻՍՈՒՍԸ իր մահվանը նախորդող գիշերը երկար զրույց ունեցավ իր առաքյալների հետ և վստահեցրեց, որ շատ է սիրում նրանց։ Նաև պատմեց որթատունկի մասին առակը, որը քննարկեցինք նախորդ հոդվածում։ Դրա միջոցով Հիսուսն իր աշակերտներին քաջալերեց, որ «շարունակեն շատ պտուղ բերել»՝ տոկան Թագավորության քարոզչության գործում (Հովհ. 15։8

2 Սակայն Հիսուսն իր աշակերտներին ոչ միայն ասաց, թե ինչ պետք է անեն, այլև նշեց, թե ինչու դա պետք է անեն։ Ինչո՞ւ է կարևոր քննել նրա նշած պատճառները։ Եթե միշտ հիշենք դրանք, տոկունությամբ կշարունակենք «բոլոր ազգերին վկայություն» տալու գործը (Մատթ. 24։13, 14)։ Ուստի եկեք քննարկենք Աստվածաշնչում նշված չորս պատճառ, թե ինչու պետք է քարոզենք։ Նաև կխոսենք Եհովայից եկող չորս պարգևների մասին, որոնք օգնում են մեզ շարունակել պտուղ բերել։

ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ

3. ա) Քարոզելու ի՞նչ պատճառ է նշված Հովհաննես 15։8-ում։ բ) Ի՞նչ է ներկայացնում Հիսուսի առակի խաղողը։ գ) Ինչպե՞ս է փառավորվում Եհովան։

3 Մեր քարոզելու գլխավոր պատճառն այն է, որ այդպես մարդկանց առաջ փառաբանում ենք Եհովային ու սրբացնում ենք նրա անունը (կարդա Հովհաննես 15։1, 8)։ Հիսուսը իր Հորը՝ Եհովային, համեմատեց մշակի հետ, որը խաղող է աճեցնում, ինքն իրեն նմանեցրեց որթատունկի, իսկ իր աշակերտներին՝ ճյուղերի (Հովհ. 15։5)։ Հետևաբար խաղողը Թագավորության պտուղն է, որ բերում են Քրիստոսի հետևորդները։ Հիսուսն ասաց իր առաքյալներին. «Սրանով է փառավորվում իմ Հայրը, որ դուք շարունակում եք շատ պտուղ բերել»։ Ինչպես որ լավ խաղող տվող որթատունկն է պատիվ բերում մշակին, այնպես էլ մենք ենք փառք ու պատիվ բերում Եհովային, երբ ամեն ջանք թափում ենք, որ հռչակենք Թագավորության լուրը (Մատթ. 25։20–23

4. ա) Ինչպե՞ս ենք սրբացնում Աստծու անունը։ բ) Ի՞նչ ես զգում՝ մտածելով այն մասին, որ պատիվ ունես սրբացնելու Աստծու անունը։

4 Ինչպե՞ս ենք մեր քարոզչական գործունեությամբ սրբացնում Աստծու անունը։ Մենք չենք կարող Աստծու անունն ավելի սուրբ դարձնել։ Այն արդեն բացարձակ իմաստով սուրբ է։ Սակայն նկատենք, թե ինչ է ասում Եսայիա մարգարեն. «Ընդունեք Զորքերի Տեր Եհովայի սրբությունը» (Ես. 8։13)։ Մենք սրբացնում ենք Աստծու անունը, երբ մյուս բոլոր անուններից այն առանձնացնում ենք ու հատուկ համարում, ինչպես նաև երբ ուրիշներին օգնում ենք այն սուրբ համարել (Մատթ. 6։9)։ Օրինակ՝ քարոզելով Եհովայի հրաշալի հատկությունների և մարդկության առնչությամբ ունեցած անփոփոխ նպատակի մասին՝ նրա անունը պաշտպանում ենք Սատանայի ստերից ու զրպարտությունից (Ծննդ. 3։1–5)։ Բացի այդ, երբ մեր տարածքում ապրող մարդկանց օգնում ենք հասկանալ, որ Եհովան արժանի է «առնելու փառքը, պատիվը և զորությունը», սրբացնում ենք նրա անունը (Հայտն. 4։11)։ Ռունը, որը 16 տարվա ռահվիրա է, ասում է. «Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն է տրվել լինելու տիեզերքի Արարչի վկան։ Դա իմ մեջ ցանկություն է առաջացնում շարունակելու քարոզել»։

ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ ՈՒ ՆՐԱ ՈՐԴՈՒՆ

5. ա) Քարոզելու ի՞նչ պատճառ է նշված Հովհաննես 15։9, 10 համարներում։ բ) Հիսուսն ինչպե՞ս ընդգծեց տոկունության կարևորությունը։

5 Կարդա Հովհաննես 15։9, 10։ Թագավորության լուրը քարոզելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ մենք սրտանց սիրում ենք Եհովային ու Հիսուսին (Մարկ. 12։30; Հովհ. 14։15)։ Վերջինս իր աշակերտներին հորդորեց «մնալ իր սիրո մեջ»։ Այո՛, տարիներ շարունակ Քրիստոսի ճշմարիտ աշակերտը լինելու համար տոկունություն է հարկավոր։ Դա երևում է Հովհաննես 15։4–10 համարներից։ Հիսուսն իր խոսքում բազմիցս օգտագործեց «մնալ» բառը և այդպիսով ընդգծեց տոկունության կարևորությունը։

6. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ուզում ենք մնալ Քրիստոսի սիրո մեջ։

6 Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ուզում ենք Քրիստոսի սիրո մեջ մնալ ու չկորցնել նրա հավանությունը։ Նրա պատվիրանները պահելով։ Հիսուսը, ըստ էության, ասաց. «Հնազանդվեք ինձ»։ Սակայն նա մեզ խնդրեց անել լոկ այն, ինչ ինքն է արել։ Նա ասաց. «Ես պահեցի Հոր պատվիրանները և մնում եմ նրա սիրո մեջ»։ Հիսուսը մեզ օրինակ է թողել (Հովհ. 13։15

7. Սերն ու հնազանդությունը ինչպե՞ս են փոխկապակցված։

7 Ավելի վաղ Հիսուսն իր աշակերտներին ասել էր, որ սերն ու հնազանդությունը փոխկապակցված են. «Ով իմ պատվիրաններն ունի և պահում է դրանք, նա է սիրում ինձ» (Հովհ. 14։21)։ Բացի այդ, կատարելով քարոզելու պատվերը՝ մենք արտահայտում ենք մեր սերը Աստծու հանդեպ, քանի որ Հիսուսի պատվիրանները արտացոլում են նրա Հոր մտածելակերպը (Մատթ. 17։5; Հովհ. 8։28)։ Մեր սիրուն ի պատասխան՝ Եհովան ու Հիսուսը մեզ պահում են իրենց սիրո մեջ։

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ

8, 9. ա) Քարոզելու ուրիշ ի՞նչ պատճառ ունենք։ բ) Եզեկիել 3։18, 19 և 18։23 համարներում գրված Եհովայի խոսքերը ինչո՞ւ են մեզ մղում շարունակելու քարոզել։

8 Մենք ևս մեկ պատճառ ունենք շարունակելու մեր քարոզչական գործը։ Քարոզելով՝ մենք նախազգուշացնում ենք մարդկանց։ Աստվածաշնչում Նոյը կոչվում է «քարոզիչ» (կարդա 2 Պետրոս 2։5)։ Ջրհեղեղից առաջ նա քարոզում էր մարդկանց՝ ըստ ամենայնի, նախազգուշացնելով գալիք կործանման մասին։ Ինչո՞ւ ենք այսպիսի եզրակացություն անում։ Նկատենք, թե ինչ ասաց Հիսուսը. «Ինչպես որ այն օրերում՝ ջրհեղեղից առաջ, մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, և ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ» (Մատթ. 24։38, 39)։ Չնայած մարդկանց անտարբերությանը՝ Նոյը հավատարմորեն հռչակում էր Աստծու հայտնած նախազգուշական լուրը։

9 Այսօր մենք քարոզում ենք Թագավորության լուրը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իմանալու, թե որն է Աստծու կամքը մարդկության առնչությամբ։ Եհովայի պես՝ մենք փափագում ենք, որ նրանք դրականորեն արձագանքեն այդ լուրին և «ապրեն» (Եզեկ. 18։23)։ Մյուս կողմից, երբ քարոզում ենք տնից տուն կամ հանրային վայրերում, ջանում ենք հնարավորինս շատերին նախազգուշացնել այն մասին, որ Աստծու Թագավորությունը գալու և վերջ է դնելու այս անաստված աշխարհին (Եզեկ. 3։18, 19; Դան. 2։44; Հայտն. 14։6, 7

ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՄԵՐՁԱՎՈՐԻՆ

10. ա) Մեր քարոզչական գործը շարունակելու ի՞նչ պատճառ է նշված Մատթեոս 22։39-ում։ բ) Փիլիպպեում Պողոսն ու Շիղան ինչպե՞ս օգնեցին մի բանտապահի։

10 Մեր քարոզչական գործը շարունակելու ուրիշ պատճառ էլ կա. մենք քարոզում ենք, քանի որ սիրում ենք մեր մերձավորին (Մատթ. 22։39)։ Այդ սերը մեզ մղում է շարունակելու տոկունությամբ կատարել այդ գործը։ Մենք հասկանում ենք, որ մարդկանց հանգամանքները փոխվում են, ինչի հետևանքով նրանց վերաբերմունքն էլ կարող է փոխվել։ Հիշենք, թե ինչ պատահեց Պողոս առաքյալին և նրա ծառայակից Շիղային։ Փիլիպպե քաղաքում հակառակորդները նրանց բանտ գցեցին։ Կեսգիշերին հանկարծ երկրաշարժ եղավ, և բանտի դռները բացվեցին։ Կարծելով, թե բանտարկյալները փախել են՝ բանտապահը շատ վախեցավ և ուզեց ինքն իրեն սպանել։ Սակայն Պողոսը բղավեց. «Քեզ մի՛ վնասիր»։ Շփոթված բանտապահը Պողոսին ու Շիղային հարցրեց. «Ի՞նչ պիտի անեմ, որ փրկվեմ»։ Նրանք էլ պատասխանեցին. «Հավատա՛ Տեր Հիսուսին և կփրկվես» (Գործ. 16։25–34

Սերը Եհովայի, Հիսուսի ու մերձավորի հանդեպ մղում է մեզ քարոզելու (տես պարբերություն 5, 10)

11, 12. ա) Մեր ծառայության վերաբերյալ ի՞նչ ենք սովորում բանտապահի պատմությունից։ բ) Ինչո՞ւ ենք հավատարմորեն շարունակում քարոզչական գործը։

11 Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում քարոզչական գործի վերաբերյալ։ Նկատի առնենք, թե բանտապահը երբ փոխեց իր վերաբերմունքը և օգնություն խնդրեց։ Դա եղավ միայն այն բանից հետո, երբ երկրաշարժ տեղի ունեցավ։ Նույնը կարող է պատահել մեր օրերում։ Նրանք, ովքեր չեն ընդունում աստվածաշնչյան լուրը, գուցե փոխեն իրենց վերաբերմունքը և օգնություն խնդրեն, երբ հանկարծ իրենց կյանքում «երկրաշարժ» լինի։ Օրինակ՝ մեր տարածքում ապրող որոշ մարդիկ, հնարավոր է, հանկարծակի կորցնեն իրենց աշխատանքը, որն անում էին երկար տարիներ, ու դրա պատճառով վհատվեն։ Ուրիշներն էլ գուցե հուսահատվեն ամուսնալուծության, լուրջ հիվանդության կամ հարազատի մահվան պատճառով։ Երբ նման բաներ են պատահում, որոշ մարդիկ սկսում են հարցեր տալ կյանքի իմաստի վերաբերյալ, ինչի մասին մինչ այդ չէին էլ մտածել։ Հնարավոր է՝ նրանք նույնիսկ հարցնեն. «Ի՞նչ պիտի անեմ, որ փրկվեմ»։ Երբ հանդիպենք այսպիսի մարդկանց, նրանք գուցե կյանքում առաջին անգամ ցանկություն հայտնեն լսելու մեր հայտնած լուրը, որը հույս է տալիս բոլորին։

12 Եթե հավատարմորեն շարունակենք մեր քարոզչական գործը, հնարավորություն կունենանք մարդկանց մխիթարելու այն պահին, երբ նրանք պատրաստ լինեն ընդունելու Աստծու Խոսքը (Ես. 61։1)։ Շառլոտը, որը 38 տարի լիաժամ է ծառայում, ասում է. «Մարդիկ այսօր շփոթված են։ Նրանք կարիք ունեն բարի լուր լսելու»։ Իսկ Էյվորը, ով 34 տարվա ռահվիրա է, նշում է. «Այսօր առավել, քան երբևէ, շատերը հուսալքված են։ Ես սրտանց ուզում եմ օգնել նրանց, դրա համար էլ քարոզում եմ»։ Այո՛, սերը մերձավորի հանդեպ մղում է մեզ շարունակելու մեր ծառայությունը։

ՊԱՐԳԵՎՆԵՐ, ՈՐՈՆՔ ՄԵԶ ՈՒԺ ԵՆ ՏԱԼԻՍ

13, 14. ա) Ո՞ր պարգևի մասին է նշված Հովհաննես 15։11-ում։ բ) Ինչպե՞ս կարող ենք զգալ այն ուրախությունը, որը Հիսուսն ունի։ գ) Ուրախությունն ինչպե՞ս է ազդում մեր ծառայության վրա։

13 Երբ Հիսուսն իր վերջին երեկոյի ընթացքում խոսում էր իր առաքյալների հետ, հիշատակեց մի քանի պարգևների մասին, որոնք կօգնեին նրանց շարունակելու տոկունությամբ պտուղ բերել։ Ի՞նչ պարգևներ են դրանք և ի՞նչ օգուտ են տալիս մեզ։

14 Ուրախություն։ Արդյո՞ք քարոզելը բեռ է մեզ համար։ Ամենևի՛ն։ Որթատունկի մասին առակը պատմելուց հետո Հիսուսն ասաց, որ քարոզելով Թագավորության լուրը՝ ուրախությամբ կլցվենք (կարդա Հովհաննես 15։11)։ Նա վստահեցրեց, որ մենք կզգանք այն ուրախությունը, որն ինքն ունի։ Ինչպե՞ս։ Հիշենք. Հիսուսն իրեն նմանեցրեց որթատունկի, իսկ իր աշակերտներին՝ ճյուղերի։ Որթատունկի բունը պահում է ճյուղերը։ Քանի դեռ ճյուղերը կպած են բնին, դրանք ջուր և սննդարար նյութեր են ստանում։ Նույնը կարող ենք ասել մեր մասին։ Քանի դեռ Քրիստոսի հետ միության մեջ ենք մնում՝ սերտորեն հետևելով նրա հետքերին, զգում ենք այն ուրախությունը, որը նա է զգում՝ կատարելով իր Հոր կամքը (Հովհ. 4։34; 17։13; 1 Պետ. 2։21)։ Հաննան, ով ավելի քան 40 տարվա ռահվիրա է, ասում է. «Այն ուրախությունը, որ ամեն անգամ զգում եմ ծառայությունից հետո, մղում է ինձ, որ շարունակեմ ծառայել Եհովային»։ Այո՛, մեր սրտում խոր արմատներ գցած ուրախությունը մեզ ուժ է տալիս, որ շարունակենք քարոզել, նույնիսկ դժվարություններով լի տարածքներում (Մատթ. 5։10–12

15. ա) Ո՞ր պարգևի մասին է խոսվում Հովհաննես 14։27-ում։ բ) Խաղաղությունն ինչպե՞ս է օգնում մեզ շարունակելու պտուղ բերել։

15 Խաղաղություն (կարդա Հովհաննես 14։27)։ Նույն երեկո՝ ավելի վաղ, Հիսուսն իր առաքյալներին ասել էր. «Իմ խաղաղությունն եմ ձեզ տալիս»։ Այս պարգևն ինչպե՞ս է օգնում մեզ պտուղ բերել։ Երբ շարունակում ենք տոկունությամբ կատարել քարոզչական գործը, մեր սրտերը լցվում են հարատև խաղաղությամբ։ Ինչո՞ւ։ Որովհետև գիտենք, որ Եհովան ու Հիսուսը մեզ հավանություն են տալիս (Սաղ. 149։4; Հռոմ. 5։3, 4; Կող. 3։15)։ Ուլֆը, որը 45 տարի լիաժամ է ծառայում, ասում է. «Ծառայությունից հետո հոգնած եմ լինում, սակայն քարոզչական գործը ինձ բավարարվածության զգացում է տալիս և իմաստավորում է իմ կյանքը»։ Որքա՜ն շնորհակալ ենք, որ Եհովան մեզ օրհնում է՝ տալով ներքին խաղաղություն։

16. ա) Ո՞ր պարգևի մասին է խոսվում Հովհաննես 15։15-ում։ բ) Առաքյալներն ինչպե՞ս կարող էին մնալ Հիսուսի ընկերները։

16 Ընկերություն։ Երբ Հիսուսն ասաց, որ ուզում է՝ իր առաքյալները «լիովին զգան այն ուրախությունը», որն ինքն ունի, նաև բացատրեց, թե որքան կարևոր է անձնազոհ սեր դրսևորել (Հովհ. 15։11–13)։ Ապա ասաց. «Ես ձեզ ընկերներ կոչեցի»։ Հիսուսի հետ ընկերությունը անչափ թանկ պարգև է։ Ի՞նչ պետք է անեին առաքյալները, որ մնային նրա ընկերները։ Նրանք պետք է «գնային ու պտուղ բերեին» (կարդա Հովհաննես 15։14–16)։ Երկու տարի առաջ Հիսուսն իր առաքյալներին տվել էր հետևյալ պատվերը. «Երբ գնաք, քարոզեք ու ասացեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»» (Մատթ. 10։7)։ Ուստի իր վերջին երեկոյի ընթացքում նա նրանց հորդորեց տոկունությամբ շարունակել այն գործը, որը նրանք սկսել էին (Մատթ. 24։13; Մարկ. 3։14)։ Հիսուսի պատվերը կատարելը դժվար էր, սակայն նրանք կարող էին հաջողությամբ իրականացնել այդ գործը և դրա շնորհիվ մնալ նրա ընկերները։ Այդ հարցում նրանց կօգներ մեկ ուրիշ պարգև։

17, 18. ա) Ո՞ր պարգևի մասին է նշված Հովհաննես 15։16-ում։ բ) Այդ պարգևն ինչպե՞ս էր օգնելու Հիսուսի աշակերտներին։ գ) Ո՞ր պարգևներն են զորացնում մեզ այսօր։

17 Աղոթքների պատասխան։ Հիսուսն ասաց. «Ինչ էլ որ խնդրեք Հորից իմ անունով, կտա ձեզ» (Հովհ. 15։16)։ Որքա՜ն քաջալերական էր այս խոստումը առաքյալների համար։ * Նրանց Առաջնորդի երկրային կյանքը շուտով ավարտվելու էր, թեև նրանք դեռ հստակ չէին հասկանում դա։ Այնուամենայնիվ, առաքյալներն անօգնական չէին մնալու։ Եհովան պատրաստ էր պատասխանելու նրանց աղոթքներին և աջակցելու, որ կատարեն Թագավորության լուրը քարոզելու պատվերը։ Շուտով նրանք տեսան, թե ինչպես Եհովան պատասխանեց իրենց աղոթքներին (Գործ. 4։29, 31

Կարող ենք վստահ լինել, որ Եհովան պատասխանում է մեր աղոթքներին և օգնում է մեզ (տես պարբերություն 18)

18 Նույնը կարող ենք ասել մեր մասին։ Շարունակելով տոկունությամբ պտուղ բերել՝ մենք վայելում ենք Հիսուսի ընկերությունը։ Նաև վստահ ենք, որ Եհովան պատրաստ է պատասխանելու մեր աղոթքներին և օգնելու հաղթահարել այն խոչընդոտները, որոնց գուցե բախվենք Թագավորության բարի լուրը քարոզելիս (Փիլիպ. 4։13)։ Որքա՜ն շնորհակալ ենք այս օրհնությունների համար, շնորհակալ ենք, որ ստանում ենք մեր աղոթքների պատասխանը և պատիվ ունենք լինելու Հիսուսի ընկերը։ Եհովայից եկող այս պարգևները զորացնում են մեզ և օգնում, որ շարունակենք պտուղ բերել (Հակ. 1։17

19. ա) Ինչո՞ւ ենք շարունակում քարոզել։ բ) Ի՞նչը մեզ կօգնի ավարտին հասցնել Աստծու հանձնարարած գործը։

19 Ինչպես քննարկեցինք այս հոդվածում, մենք շարունակում ենք քարոզել, քանի որ ուզում ենք փառաբանել Աստծուն և սրբացնել նրա անունը, ցույց տալ մեր սերը Եհովայի ու Հիսուսի նկատմամբ, նախազգուշացնել մարդկանց և արտահայտել մեր սերը մերձավորի հանդեպ։ Միևնույն ժամանակ մենք թանկ պարգևներ ենք ստանում՝ ուրախություն, խաղաղություն, Հիսուսի ընկերը լինելու և մեր աղոթքների պատասխանը ստանալու հնարավորություն։ Այս պարգևները մեզ ուժ են տալիս, որ ավարտին հասցնենք Աստծու հանձնարարած գործը։ Որքա՜ն է ուրախանում Եհովան՝ տեսնելով, որ մեծ ջանքեր ենք թափում և «շարունակում ենք շատ պտուղ բերել»։

^ պարբ. 17 Առաքյալների հետ զրույցի ընթացքում Հիսուսը մի քանի անգամ վստահեցրեց նրանց, որ իրենց աղոթքներն անպատասխան չեն մնա (Հովհ. 14։13; 15։7, 16; 16։23