Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 20

Ո՞վ է «հյուսիսի թագավորն» այսօր

Ո՞վ է «հյուսիսի թագավորն» այսօր

«Նա կգնա իր վախճանին, և նրան օգնող չի լինի» (ԴԱՆ. 11։45

ԵՐԳ 95 Լույսն ավելի է պայծառանում

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ՄԵԶ համար երբևէ այսքան ակնհայտ չի եղել, որ ապրում ենք աշխարհի վերջին օրերի ավարտին։ Շուտով Եհովան և Հիսուս Քրիստոսը վերացնելու են Թագավորությանն ընդդիմացող բոլոր կառավարությունները։ Բայց նախքան դա հյուսիսի և հարավի թագավորները շարունակելու են պայքարել միմյանց և Աստծու ժողովրդի դեմ։

2 Այս հոդվածում կքննենք Դանիել 11։40–12։1 համարներում գրված մարգարեությունը։ Կիմանանք, թե ներկայումս ով է հյուսիսի թագավորը, և թե ինչու կարող ենք վստահությամբ նայել ապագային ու չվախենալ սպասվող դժվարություններից։

ՀՅՈՒՍԻՍԻ ՆՈՐ ԹԱԳԱՎՈՐ

3–4. Մեր օրերում ո՞վ է հանդես գալիս որպես հյուսիսի թագավոր։ Բացատրիր։

3 Երբ 1991 թ.-ին Խորհրդային Միությունը փլուզվեց, դրա տիրապետության տակ գտնվող հսկայական տարածքում Աստծու ծառաներին «մի փոքր օգնություն» տրվեց, այսինքն՝ որոշ ժամանակ ազատ գործելու հնարավորություն ընձեռվեց (Դան. 11։34)։ Դրա շնորհիվ նրանք կարողացան առանց արգելքի քարոզել բարի լուրը, և շատ չանցած՝ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում քարոզիչների թիվը հարյուր հազարների հասավ։ Սակայն ժամանակի ընթացքում Ռուսաստանն ու իր դաշնակիցները սկսեցին հանդես գալ որպես հյուսիսի թագավոր։ Ինչպես նշել ենք նախորդ հոդվածում, որևէ պետություն հյուսիսի կամ հարավի թագավորի դերը ստանձնելու համար պետք է երեք բան անի. այն պետք է 1) անմիջական ազդեցություն ունենա Աստծու ժողովրդի վրա, 2) իր գործողություններով ցույց տա, որ ատում է Եհովային ու նրա ժողովրդին, և 3) պայքար մղի մրցակից թագավորի դեմ։

4 Ինչի՞ց ենք եզրակացրել, որ այսօր Ռուսաստանն ու իր դաշնակիցներն են կատարում հյուսիսի թագավորի դերը։ 1) Նրանք անմիջական ազդեցություն ունեն Աստծու ժողովրդի վրա. արգելել են մեր քարոզչական գործունեությունը և հալածում են իրենց տարածքներում ապրող հարյուր հազարավոր եղբայրների ու քույրերի։ 2) Այս գործողությունները ցույց են տալիս, որ նրանք ատում են Եհովային ու նրա ժողովրդին։ 3) Նրանք մրցակցում են հարավի թագավորի՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժի հետ։ Եկեք տեսնենք, թե Ռուսաստանն ու իր դաշնակիցները ինչպես են կատարում հյուսիսի թագավորի դերը։

ՀՅՈՒՍԻՍԻ ԵՎ ՀԱՐԱՎԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԶԱՐԿՎԵԼ

5. Ո՞ր ժամանակաշրջանի մասին է խոսվում Դանիել 11։40–43 համարներում, և ի՞նչ է տեղի ունենում այդ ընթացքում։

5 Կարդա Դանիել 11։40–43։ Մարգարեության այս հատվածում ամփոփ ներկայացվում է «վերջի ժամանակը» և նկարագրվում է հյուսիսի ու հարավի թագավորների մրցակցությունը։ Ինչպես մարգարեացել է Դանիելը, նրանք «իրար են զարկվում» (Դան. 11։40

6. Ի՞նչն է փաստում, որ երկու թագավորները իրար են զարկվում։

6 Հյուսիսի և հարավի թագավորները շարունակում են պայքարել աշխարհում գերիշխող դիրք ունենալու համար։ Օրինակ՝ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Խորհրդային Միությունն ու իր դաշնակիցները իրենց ազդեցությունը տարածեցին Եվրոպայի մեծ մասի վրա։ Հյուսիսի թագավորի գործողությունները հարավի թագավորին ստիպեցին միջազգային ռազմական դաշինք կնքել։ Դրա արդյունքում ստեղծվեց մի կազմակերպություն, որը կոչվեց ՆԱՏՕ։ Հյուսիսի թագավորը շարունակում է մրցակցել հարավի թագավորի հետ՝ մասնակցելով սպառազինությունների մրցավազքին, որը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում։ Երկու թագավորների պայքարը դրսևորվել է նաև նրանով, որ նրանք միջնորդավորված պատերազմներ են վարել և ապստամբություններ են հրահրել Աֆրիկայի, Ասիայի ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում։ Վերջին տարիներին Ռուսաստանի ու իր դաշնակիցների ազդեցությունն ամբողջ աշխարհում մեծանում է։ Բացի այդ՝ նրանք կիբեռպատերազմ են մղում հարավի թագավորի դեմ։ Այս երկու ուժերը մեղադրում են միմյանց՝ ասելով, որ մրցակից կողմը համակարգչային կործանարար ծրագրերի միջոցով փորձում է վնաս հասցնել մյուս կողմի տնտեսական ու քաղաքական համակարգերին։ Եվ ինչպես գրել է Դանիելը, հյուսիսի թագավորը շարունակում է հալածել Աստծու ժողովրդին (Դան. 11։41

ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՄՏՆՈՒՄ Է «ՓԱՌԱՀԵՂ ԵՐԿԻՐԸ»

7. Ի՞նչ է «Փառահեղ երկիրը»։

7 Դանիել 11։41-ում գրվել էր, որ հյուսիսի թագավորը մտնելու էր «Փառահեղ երկիրը»։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հին ժամանակներում Իսրայելի տարածքը համարվում էր «բոլոր երկրների զարդարանքը» (Եզեկ. 20։6)։ Այդ երկիրն արժեքավոր էր հատկապես նրանով, որ մարդիկ այնտեղ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային էին երկրպագում։ Սակայն 33 թ. Պենտեկոստեի օրվանից «Փառահեղ երկիրը» բառացի վայր չէ, որովհետև Եհովայի ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ։ Մեր օրերում այդ արտահայտությունը մատնանշում է այն միջավայրը, որում Աստծու ժողովուրդը իրականացնում է իր գործունեությունը, այդ թվում՝ երկրպագություն է մատուցում Եհովային՝ քրիստոնեական հանդիպումներ անցկացնելով և նրա Խոսքը քարոզելով։

8. Հյուսիսի թագավորը ինչպե՞ս է մտել «Փառահեղ երկիրը»։

8 Վերջին օրերի ընթացքում հյուսիսի թագավորը մեկ անգամ չէ, որ մտել է «Փառահեղ երկիրը»։ Օրինակ, երբ նացիստական Գերմանիան կատարում էր հյուսիսի թագավորի դերը, մտավ «Փառահեղ երկիրը»՝ հալածելով ու սպանելով Աստծու ծառաներին, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Իսկ պատերազմից հետո Խորհրդային Միությունը դարձավ հյուսիսի թագավոր և նույնպես մտավ «Փառահեղ երկիրը»՝ հալածանքների ենթարկելով ու աքսորելով Եհովայի ծառաներին։

9. Ռուսաստանն ու իր դաշնակիցները ինչպե՞ս են վերջին տարիներին մտել «Փառահեղ երկիրը»։

9 Վերջին տարիներին Ռուսաստանն ու իր դաշնակիցներն են մտել «Փառահեղ երկիրը»։ Ինչպե՞ս։ 2017 թ.-ին հյուսիսի այս թագավորը արգելեց Եհովայի ժողովրդի գործունեությունը և սկսեց բանտարկել մեր եղբայրներին ու քույրերին։ Նա արգելքի տակ դրեց մեր հրատարակությունները, այդ թվում՝ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», բռնագրավեց Ռուսաստանում գտնվող մեր մասնաճյուղի գույքը, ինչպես նաև Թագավորության սրահներն ու համաժողովների սրահները։ Այս գործողություններից հետո՝ 2018 թ.-ին, Կառավարիչ մարմինը հայտնեց, որ Ռուսաստանն ու իր դաշնակիցները կատարում են հյուսիսի թագավորի դերը։ Սակայն Եհովայի ծառաները, նույնիսկ երբ սաստիկ հալածանքներ են կրում, չեն պայքարում որևէ կառավարության դեմ ու չեն փորձում տապալել այն։ Նրանք հետևում են աստվածաշնչյան խորհրդին՝ աղոթում են «բոլոր բարձր դիրք ունեցողների համար», հատկապես երբ վերջիններս որոշումներ են կայացնում դավանանքի ազատության վերաբերյալ (1 Տիմոթ. 2։1, 2

ԱՐԴՅՈ՞Ք ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՀԱՐԱՎԻ ԹԱԳԱՎՈՐԻՆ

10. Հյուսիսի թագավորը հաղթելո՞ւ է հարավի թագավորին։ Բացատրիր։

10 Դանիել 11։40–45 համարներում գրված մարգարեությունը հիմնականում վերաբերում է հյուսիսի թագավորի գործողություններին։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նա հաղթելու է հարավի թագավորին։ Ո՛չ։ Հարավի թագավորը դեռ ողջ կլինի, երբ Եհովան ու Հիսուսը Արմագեդոն պատերազմի ժամանակ վերացնեն բոլոր մարդկային կառավարությունները (Հայտն. 19։20)։ Ինչո՞ւ ենք այդքան համոզված դրանում։ Որովհետև գիտենք, թե ինչ է կանխագուշակվել «Դանիել» և «Հայտնություն» գրքերում։ Եկեք քննենք այդ մարգարեությունները։

Արմագեդոնի ժամանակ Աստծու Թագավորությունը, որը պատկերված է քարի տեսքով, վերջ է դնելու մարդկային իշխանությանը, որը ներկայացված է որպես հսկա արձան (տես պարբերություն 11)

11. Ի՞նչ են հուշում Դանիել 2։43–45 համարները (տես ամսագրի շապիկի նկարը)։

11 Կարդա Դանիել 2։43–45։ Դանիել մարգարեն նկարագրում է մի հսկայական արձան, որի մասերը տարբեր մետաղներից են պատրաստված։ Դրանք ներկայացնում են այն տերությունները, որոնք ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա։ Արձանի ոտնաթաթերը, որոնք պատրաստված են երկաթից ու կավից, ներկայացնում են վերջին տերությունը՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։ Մարգարեությունը հուշում է, որ Մեծ Բրիտանիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս աշխարհակալ ուժի դերում կլինեն, երբ Աստծու Թագավորությունը վերացնի բոլոր մարդկային կառավարությունները։

12. Ի՞նչ է ներկայացնում գազանի յոթերորդ գլուխը, և ինչո՞վ է դա հատկանշական։

12 Հովհաննես առաքյալը նույնպես պատմում է այն տերությունների մասին, որոնք ազդեցություն են ունեցել Եհովայի ժողովրդի վրա։ Դրանք պատկերված են որպես յոթգլխանի գազան, որի յոթերորդ գլուխը ներկայացնում է անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։ Հատկանշական է, որ գազանի վրա նոր գլուխներ չեն աճում, ինչը ցույց է տալիս, որ յոթերորդ գլուխը դեռ գերիշխող դիրք կունենա, երբ Քրիստոսն ու իր երկնային զորքերը ջախջախիչ հարված հասցնեն դրան և ողջ գազանին (Հայտն. 13։1, 2; 17։13, 14 *

ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ

13–14. Ո՞վ է Մագոգի Գոգը, և ի՞նչը կարող է դրդել նրան հարձակվելու Աստծու ժողովրդի վրա։

13 Եզեկիելի գրած մարգարեությունը օգնում է հասկանալ, թե հյուսիսի և հարավի թագավորների վերջին օրերում ինչ կարող է տեղի ունենալ։ Եթե համարենք, որ Եզեկիել 38։10–23, Դանիել 2։43–45, 11։44–12։1 և Հայտնություն 16։13–16, 21 համարներում խոսվում է նույն ժամանակահատվածի ու դեպքերի մասին, ապա թերևս կարող ենք ասել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենալու։

14 Երբ սկսվի մեծ նեղությունը, որոշ ժամանակ հետո «ողջ բնակեցված երկրի թագավորները» կոալիցիա կկազմեն (Հայտն. 16։13, 14; 19։19)։ Աստվածաշնչում ազգերի այդ միավորումը կոչվում է Մագոգի Գոգ (Եզեկ. 38։2)։ Այն կորոշի բնաջնջել Աստծու ժողովրդին և հարձակում կգործի նրա վրա։ Իսկ ի՞նչը դրդապատճառ կդառնա այս հարձակման համար։ Այդ ժամանակներին վերաբերող տեսիլքում Հովհաննես առաքյալը տեսել է, որ Աստծու թշնամիների վրա հսկայական կարկտահատեր են թափվում։ Սա կարող է նշանակել, որ Եհովայի ժողովուրդը դատաստանական լուր է հռչակելու՝ ասես կարկուտի պես հարվածող։ Գուցե հենց այդ լուրը Մագոգի Գոգին դրդի հարձակվելու Աստծու ծառաների վրա ու փորձելու երկրի երեսից վերացնել նրանց (Հայտն. 16։21

15–16. ա) Դանիել 11։44, 45 համարներում, հնարավոր է, ի՞նչ իրադարձություններ են նկարագրված։ բ) Ի՞նչ է լինելու հյուսիսի թագավորին և Մագոգի Գոգի մաս կազմող մյուս ուժերին։

15 Հնարավոր է՝ այս կարկտանման լուրի հռչակումը և Աստծու թշնամիների վերջին հարձակումը Դանիել 11։44, 45 համարներում հիշատակված իրադարձություններն են (կարդա)։ Այնտեղ ասվում է, որ «արևելքից և հյուսիսից» եկած լուրերը կանհանգստացնեն հյուսիսի թագավորին, և նա «մեծ ցասումով դուրս կգա, որպեսզի շատերին ոչնչացնի ու կործանման մատնի»։ «Շատերը», ըստ երևույթին, Եհովայի ծառաներն են։ * Հնարավոր է՝ Դանիելը նկարագրում է այն վերջին հարձակումը, որ լինելու է Աստծու ժողովրդի վրա։

16 Հյուսիսի թագավորի, ինչպես նաև աշխարհի մյուս ղեկավարների նախաձեռնած այս հարձակումը կբորբոքի Ամենակարող Աստծու ցասումը և կհանգեցնի Արմագեդոն պատերազմին (Հայտն. 16։14, 16)։ Այդ ժամանակ հյուսիսի թագավորը Մագոգի Գոգի մաս կազմող մյուս ուժերի հետ կկործանվի, և «նրան օգնող չի լինի» (Դան. 11։45

Արմագեդոն պատերազմում Հիսուս Քրիստոսն ու իր երկնային զորքերը կկործանեն Սատանայի չար աշխարհը և կփրկեն Աստծու ժողովրդին (տես պարբերություն 17)

17. Ո՞վ է Դանիել 12։1-ում հիշատակված «մեծ իշխան Միքայելը», և այդ համարից ի՞նչ ենք իմանում նրա գործողությունների մասին։

17 Դանիելի մարգարեության շարունակության մեջ հավելյալ տեղեկություններ ենք գտնում այն մասին, թե հյուսիսի թագավորն ու իր դաշնակիցները ինչպես են ոչնչանալու, և թե մենք ինչպես ենք փրկվելու (կարդա Դանիել 12։1)։ Ի՞նչ ենք հասկանում այս հատվածից։ Միքայելը մեր իշխող Թագավոր Հիսուս Քրիստոսի մյուս անունն է։ 1914 թ.-ից ի վեր, երբ երկնքում հաստատվեց Մեսիական Թագավորությունը, Հիսուսը «կանգնած է» Աստծու ժողովրդի թիկունքին։ Մոտ ապագայում նա «վեր կկենա», այսինքն՝ վճռորոշ քայլեր կձեռնարկի, որպեսզի Արմագեդոն պատերազմում կործանի իր թշնամիներին։ Այդ պատերազմը վերջին իրադարձությունն է, որ տեղի կունենա Դանիելի հիշատակած աննախադեպ «նեղության ժամանակ»։ «Հայտնություն» գրքում Հովհաննես առաքյալը Արմագեդոնով ավարտվող այս ժամանակաշրջանը կոչում է «մեծ նեղություն» (Հայտն. 6։2; 7։14

ԱՆՈՒՆԴ «ԳՐԻ ԿԱՌՆՎԻ՞ ԳՐՔՈՒՄ»

18. Ինչո՞ւ կարող ենք վստահությամբ նայել ապագային։

18 Մենք կարող ենք վստահությամբ նայել ապագային, որովհետև թե՛ Դանիելը և թե՛ Հովհաննեսը հաստատում են, որ Եհովային ու Հիսուսին ծառայողները ողջ կմնան գալիք նեղության ժամանակ։ Դանիելը հայտնում է, որ կփրկվեն բոլոր նրանք, ում անունները «գրի են առնված գրքում» (Դան. 12։1)։ Իսկ ի՞նչ պետք է անենք, որ մեր անունները գրվեն այդ գրքում։ Պետք է ապացուցենք, որ հավատում ենք Հիսուսին՝ Աստծու Գառանը (Հովհ. 1։29)։ Պետք է նվիրվենք Եհովային ու մկրտվենք (1 Պետ. 3։21)։ Նաև պետք է աջակցենք Աստծու Թագավորությանը՝ մարդկանց օգնելով իմանալ Նրա մասին։

19. Ի՞նչ պետք է անհապաղ անենք և ինչո՞ւ։

19 Հիմա՛ է ժամանակը, որ սովորենք լիովին վստահել Եհովային ու նրա կազմակերպությանը։ Հիմա՛ է, որ պետք է աջակցենք Աստծու Թագավորությանը։ Եթե անենք այս քայլերը, կփրկվենք, երբ Աստծու Թագավորությունը ոչնչացնի հյուսիսի և հարավի թագավորներին։

ԵՐԳ 149 Հաղթական երգ

^ պարբ. 5 Մեր ժամանակներում ո՞վ է «հյուսիսի թագավորը» և ինչպե՞ս է գնալու իր վախճանին։ Այս հարցերի պատասխանները կզորացնեն մեր հավատը և կօգնեն պատրաստվել մոտ ապագայում սպասվող փորձություններին։

^ պարբ. 12 Դանիել 2։36–45 և Հայտնություն 13։1, 2 համարների մանրամասն բացատրությունը կարող ես գտնել «Դիտարանի» 2012 թ. հունիսի 15-ի համարում (էջ 7–19)։

^ պարբ. 15 Ավելի շատ տեղեկությունների համար տես «Դիտարանի» 2015 թ. մայիսի 15-ի թողարկումը (էջ 29–30)։