Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 20

ԵՐԳ 67 «Խոսքը քարոզիր»

Սիրուց մղված՝ շարունակիր քարոզել

Սիրուց մղված՝ շարունակիր քարոզել

«Բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պիտի քարոզվի» (ՄԱՐԿ. 13։10

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս է սերը մղում, որ եռանդորեն ու սրտանց մասնակցենք քարոզչական գործին։

1. Ի՞նչ իմացանք 2023 թ. տարեկան հանդիպման ժամանակ։

 2023 ԹՎԱԿԱՆԻ տարեկան հանդիպմանը a մեր հավատալիքների հետ կապված որոշ ուշագրավ հստակեցումներ եղան, ինչպես նաև ոգևորիչ հայտարարություններ հնչեցին մեր քարոզչական ծառայության մասին։ Իմացանք, որ որոշ մարդիկ գուցե հնարավորություն ունենան միանալու Եհովայի ժողովրդին նույնիսկ Մեծ Բաբելոնի կործանումից հետո։ Նաև հայտարարվեց, որ սկսած 2023 թ. նոյեմբերից՝ Թագավորության քարոզիչներից չի պահանջվի իրենց հաշվետվության մեջ ներառել որոշ տվյալներ։ Արդյո՞ք այս փոփոխությունները նշանակում են, որ մեր ծառայությունը այլևս կարևոր կամ հրատապ չէ։ Ամենևի՛ն։

2. Ինչո՞ւ ենք ասում, որ մեր ծառայությունը օրեցօր ավելի հրատապ է դառնում (Մարկոս 13։10

2 Օրեցօր մեր ծառայությունը ավելի հրատապ է դառնում։ Ինչո՞ւ։ Քանի որ ժամանակը սպառվում է։ Հիշենք, թե ըստ Մարկոս 13։10-ի՝ վերջին օրերի քարոզչական գործի վերաբերյալ ինչ էր մարգարեացել Հիսուսը (կարդա)։ Իսկ ըստ զուգահեռ արձանագրության՝ Հիսուսն ասել էր, որ բարի լուրը քարոզվելու էր ամբողջ երկրով մեկ, նախքան կգար «վերջը» (Մատթ. 24։14)։ «Վերջ» բառը այստեղ վերաբերում է Սատանայի չար համակարգի վերջնական կործանմանը։ Եհովան կոնկրետ «օր ու ժամ» է սահմանել այն իրադարձությունների համար, որոնք շուտով պիտի կատարվեն (Մատթ. 24։36; 25։13; Գործ. 1։7)։ Ամեն օր մենք ավելի ենք մոտենում այդ օրվան (Հռոմ. 13։11)։ Բայց մինչ այդ մենք պետք է շարունակենք քարոզել։

3. Ի՞նչն է մղում մեզ քարոզել։

3 Մտածենք հետևյալ կարևոր հարցի շուրջ. «Ինչո՞ւ ենք քարոզում բարի լուրը»։ Պարզ ասած՝ սերն է մղում մեզ, որ այդպես վարվենք։ Քարոզելով՝ մենք սեր ենք դրսևորում բարի լուրի, մարդկանց և, որ ավելի կարևոր է, Եհովայի և նրա անվան հանդեպ։ Այժմ մեկ առ մեկ խոսենք սիրո այս դրսևորումների մասին։

ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆՔ, ՔԱՆԻ ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ

4. Ինչպե՞ս ենք արձագանքում, երբ լավ լուր ենք լսում։

4 Անկասկած, շատ ես ուրախացել, երբ լավ լուր ես լսել, օրինակ, երբ հարազատներիցդ մեկը երեխա է ունեցել, կամ աշխատանքի առաջարկ ես ստացել, որի կարիքը շատ ունեիր։ Ինչ խոսք, դու շտապել ես այդ մասին պատմել ընտանիքիդ և ընկերներիդ։ Իսկ ի՞նչ զգացումներ ունեցար, երբ լսեցիր աշխարհի ամենալավ լուրը՝ Աստծու Թագավորության մասին բարի լուրը։

5. Ի՞նչ զգացիր, երբ Աստծու Խոսքից իմացար ճշմարտությունը (տես նաև նկարները)։

5 Հիշիր, թե ինչ զգացիր, երբ Աստծու Խոսքից իմացար ճշմարտությունը։ Դու տեսար, որ քո երկնային Հայրը սիրում է քեզ, ուզում է, որ դառնաս իր ընտանիքի մի մասը, խոստանում է վերացնել ցավն ու տառապանքը, ինչպես նաև նոր աշխարհում հարություն տալ քո մահացած հարազատներին, և սա դեռ ամենը չէ (Մարկ. 10։29, 30; Հովհ. 5։28, 29; Հռոմ. 8։38, 39; Հայտն. 21։3, 4)։ Այս թանկ ճշմարտությունները քո սիրտը ջերմությամբ լցրին (Ղուկ. 24։32)։ Դու սիրեցիր դրանք և մղվեցիր պատմելու դրանց մասին ուրիշներին (համեմատիր Երեմիա 20։9

Երբ առաջին անգամ լսեցինք բարի լուրը, այնքան ոգևորված էինք, որ ուզում էինք մեր իմացած թանկ ճշմարտությունների մասին պատմել բոլորին (տես պարբերություն 5)


6. Ի՞նչ ես սովորում Էռնեստի և Ռոզայի օրինակից։

6 Քննենք մի օրինակ։ Էռնեստ b անունով մի եղբայր տասը տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ։ Եղբայրը հիշում է. «Մտածում էի. «Նա երկի՞նք է գնացել, թե՞ այլևս գոյություն չունի»։ Ես նախանձում էի բոլոր այն երեխաներին, ովքեր հայր ունեին»։ Էռնեստը կանոնավորաբար գնում էր գերեզմանոց, ծնկի էր գալիս հոր գերեզմանաքարի մոտ և աղոթում Աստծուն՝ ասելով. «Ես շատ եմ ուզում իմանալ, թե որտեղ է հայրիկս»։ Հոր մահից 17 տարի անց նրան Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին, և նա համաձայնվեց։ Էռնեստը շատ ուրախացավ՝ իմանալով, որ մահացածները անգիտակից վիճակում են՝ ասես խոր քնի մեջ, և որ Աստվածաշունչը խոսում է ապագա հարության մասին (Ժող. 9։5, 10; Գործ. 24։15)։ Վերջապես Էռնեստը գտավ այն հարցերի պատասխանները, որոնք երկար ժամանակ տանջում էին իրեն։ Աստվածաշնչից սովորած ճշմարտությունները նրան մեծ ուրախություն էին պատճառում։ Նրա կինը՝ Ռոզան, նույնպես սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և ամուսնու պես՝ շատ սիրեց իր սովորած ճշմարտությունները։ 1978 թ.-ին Էռնեստը և նրա կինը մկրտվեցին։ Իրենց սովորած թանկ ճշմարտությունների մասին նրանք սկսեցին մեծ եռանդով պատմել իրենց հարազատներին, ընկերներին և ուրիշ մարդկանց։ Այս զույգը ավելի քան 70 հոգու օգնել է հասնել մկրտության։

7. Ի՞նչ է լինում, երբ աստվածաշնչյան ճշմարտությունը արմատներ է գցում մեր սրտում (Ղուկաս 6։45

7 Երբ աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ սերը արմատներ է գցում մեր սրտում, մենք չենք կարողանում լուռ մնալ (կարդա Ղուկաս 6։45)։ Մենք նույն զգացումներն ենք ունենում, ինչ Հիսուսի աշակերտները, որոնք ասացին. «Մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել» (Գործ. 4։20)։ Ճշմարտության հանդեպ խոր սիրուց մղված՝ մենք ցանկանում ենք այն հայտնել հնարավորինս շատերին։

ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆՔ, ՔԱՆԻ ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ

8. Ի՞նչն է մղում մեզ, որ բարի լուրը պատմենք մարդկանց (տես « Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր» շրջանակը; տես նաև նկարը)։

8 Եհովայի և նրա Որդու պես մենք սիրում ենք մարդկանց (Առակ. 8։31; Հովհ. 3։16)։ Մենք խոր կարեկցանք ենք զգում նրանց հանդեպ, ովքեր «առանց Աստծու» են և «չունեն հույս» (Եփես. 2։12)։ Այդ մարդիկ խորտակվում են այս կյանքի հոգսերի խոր ջրերի մեջ։ Մենք կարող ենք նրանց օգնության ձեռք մեկնել՝ հայտնելով նրանց Աստծու Թագավորության մասին բարի լուրը, որն ասես փրկարարական բաճկոն լինի։ Այդ մարդկանց հանդեպ սերն ու կարեկցանքը մղում են մեզ, որ ամեն կերպ ձգտենք պատմել նրանց բարի լուրի մասին։ Այդ անգին լուրը կարող է նրանց հույսով լցնել, օգնել, որ կարողանան այսօրվա դրությամբ լավագույն կյանքով ապրել, և «իսկական կյանքի» հեռանկար տալ, այսինքն՝ Աստծու նոր աշխարհում հավիտյան ապրելու հեռանկար (1 Տիմոթ. 6։19

Մարդկանց հանդեպ սերն ու կարեկցանքը օգնում են մեզ, որ ձգտենք բարի լուրը ամեն կերպ հասցնել նրանց (տես պարբերություն 8)


9. Ապագայի վերաբերյալ ի՞նչ ենք նախազգուշացնում մարդկանց և ինչո՞ւ (Եզեկիել 33։7, 8

9 Մարդկանց հանդեպ սերը մղում է մեզ նաև նախազգուշացնել նրանց այս չար աշխարհի մոտալուտ կործանման մասին (կարդա Եզեկիել 33։7, 8)։ Մեր սիրտը ցավում է բոլոր մարդկանց, այդ թվում՝ մեր ոչ Վկա հարազատների համար։ Այսօր շատերը ապրում են իրենց առօրյա կյանքով՝ չիմանալով, որ «մեծ նեղություն է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի» (Մատթ. 24։21)։ Մենք ուզում ենք, որ նրանք իմանան, թե ինչ է լինելու Աստծու դատաստանի ժամանակ։ Նախ՝ կործանվելու է կեղծ կրոնը, որից հետո՝ Արմագեդոն պատերազմի ժամանակ, մնացած չար հասարակությունը (Հայտն. 16։14, 16; 17։16, 17; 19։11, 19, 20)։ Մենք աղոթում ենք, որ հնարավորինս շատերը արձագանքեն այս նախազգուշացմանը և մեզ հետ Աստծուն մաքուր երկրպագություն մատուցեն։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել այն մարդկանց մասին, այդ թվում՝ մեր սիրելի հարազատների, ովքեր ուշադրություն չեն դարձնում Եհովայի նախազգուշացմանը։

10. Ինչո՞ւ է հրատապ, որ շարունակենք մարդկանց նախազգուշացնել ապագա իրադարձությունների մասին։

10 Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, Եհովան գուցե որոշի փրկել այն մարդկանց, ովքեր Մեծ Բաբելոնի կործանումը տեսնելուց հետո իր կողմը կբռնեն։ Ուստի այսօր առավել, քան երբևէ, հրատապ է, մարդկանց նախազգուշացնել այդ մոտալուտ կործանման մասին։ Մտածենք հետևյալ մտքի շուրջ. «Այն, ինչ հիմա ասում ենք մարդկանց, հետո նրանք գուցե հիշեն» (համեմատիր Եզեկիել 33։33)։ Թերևս մտաբերելով մեզանից լսած նախազգուշացումները՝ նրանք հասցնեն միանալ մաքուր երկրպագությանը։ Հիշենք, որ Փիլիպպեում ապրող բանտապահը հավատ դրսևորեց միայն այն բանից հետո, երբ «մեծ երկրաշարժ եղավ»։ Նմանապես այն մարդկանցից ոմանք, ովքեր այսօր չեն լսում մեր հայտնած լուրը, տեսնելով Մեծ Բաբելոնի կործանումը, ինչը աշխարհացունց իրադարձություն է լինելու, հնարավոր է՝ միանան մեզ (Գործ. 16։25-34

ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆՔ, ՔԱՆԻ ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ՆՐԱ ԱՆՈՒՆԸ

11. Ինչպե՞ս ենք Եհովային տալիս փառքը, պատիվը և զորությունը (Հայտնություն 4։11; տես նաև նկարները)։

11 Գլխավոր պատճառը, թե ինչու ենք քարոզում բարի լուրը, Եհովա Աստծու և նրա սուրբ անվան հանդեպ սերն է։ Մեր ծառայությունը միջոց է գովաբանելու մեր Աստծուն, ում սիրում ենք (կարդա Հայտնություն 4։11)։ Մենք լիովին համաձայն ենք, որ Եհովա Աստված արժանի է իր հավատարիմ ծառաներից առնելու փառքը, պատիվը և զորությունը։ Մենք փառք ու պատիվ ենք ուղղում նրան, երբ մարդկանց հետ խոսելիս համոզիչ փաստարկներ ենք բերում, որ նա է «ստեղծել բոլոր բաները», և որ մեր գոյության համար մենք նրան ենք պարտական։ Իսկ ի՞նչ է նշանակում Աստծուն տալ զորությունը։ Մենք նրան տալիս ենք մեր զորությունը, այսինքն՝ օգտագործում ենք մեր ժամանակը, ուժերը և միջոցները՝ մեր հնարավորության սահմաններում ծառայության մեջ լավագույնը անելու համար (Մատթ. 6։33; Ղուկ. 13։24; Կող. 3։23)։ Կարճ ասած՝ մենք սիրում ենք խոսել մեր թանկագին Աստծու մասին և հայտնել մարդկանց նրա անունը, և թե ով է կանգնած այդ անվան հետևում։ Ինչո՞ւ։

Մենք Եհովային տալիս ենք մեր զորությունը, երբ մեր ժամանակը, էներգիան և ռեսուրսները այնպես ենք օգտագործում, որ հնարավորինս լիարժեքորեն մասնակցենք ծառայությանը (տես պարբերություն 11)


12. Ինչպե՞ս ենք ծառայության ժամանակ սրբացնում Եհովայի անունը։

12 Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ, որ սրբացնենք նրա անունը (Մատթ. 6։9)։ Սատանան սարսափելի ստեր է տարածել Եհովայի մասին, և մենք ուզում ենք մեր Աստծու անունը մաքրել այդ նախատինքից (Ծննդ. 3։1-5; Հոբ 2։4; Հովհ. 8։44)։ Ծառայության ժամանակ մենք մեծ եռանդով պաշտպանում ենք Աստծու անունը՝ նրա մասին ճշմարտությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել մեզ։ Մենք ուզում ենք՝ բոլորն իմանան, որ նրան բնորոշող գլխավոր հատկությունը սերն է, նրա իշխելու կերպը ճիշտ է ու արդար, և որ նրա Թագավորությունը շուտով վերացնելու է տառապանքը և խաղաղություն ու երջանկություն է բերելու մարդկությանը (Սաղ. 37։10, 11, 29; 1 Հովհ. 4։8)։ Ծառայության ժամանակ Եհովայի համբավը պաշտպանելով՝ մենք սրբացնում ենք նրա անունը։ Բացի այդ՝ մեզ մեծ բավականություն է պատճառում այն բանի գիտակցումը, որ որպես Եհովայի վկաներ՝ մենք ապրում ենք մեր անվան համաձայն։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

13. Ինչո՞ւ է «Եհովայի վկաներ» անունը կրելը մեծ պատիվ մեզ համար (Եսայիա 43։10-12

13 Եհովան մեզ նշանակել է՝ լինելու իր «վկաները» (կարդա Եսայիա 43։10-12)։ Տարիներ առաջ Կառավարիչ մարմնի նամակներից մեկում հետևյալն էր ասվում. «Եհովայի վկա կոչվելը մեծագույն պատիվն է, որ մեզանից յուրաքանչյուրը երբևէ կարող էր ունենալ»։ Ինչո՞ւ։ Նկատի առնենք մի օրինակ։ Պատկերացրու՝ քեզ մեղադրում են որևէ սխալ բան անելու մեջ։ Քեզ անհրաժեշտ է մեկը, ով կկարողանա բոլորի առաջ ասել, որ քո դեմ ուղղված մեղադրանքը կեղծ է, և որ դու լավ մարդ ես ու երբեք այդպիսի բան չէիր անի։ Ո՞ւմ կընտրեիր այդ դերում։ Անկասկած մեկին, ում ճանաչում ես և վստահում, և ով այնպիսի մարդու համբավ ունի, ում ասածները վստահարժան են։ Այն, որ Եհովան ընտրել է մեզ որպես իր Վկաներ, ցույց է տալիս, որ նա մեզ լավ է ճանաչում և վստահում է. նա ուզում է, որ վկայենք իր մասին՝ մարդկանց հայտնենք, որ նա է միակ ճշմարիտ Աստվածը։ Մեզ համար այնքան մեծ պատիվ է լինել նրա Վկաները, որ ամեն առիթ օգտագործում ենք նրա անունը հայտնի դարձնելու և նրա հասցեին ասված բազմաթիվ ստերը հերքելու համար։ Այդպես վարվելով՝ մենք ապրում ենք «Եհովայի վկաներ» անվան համաձայն, և այդ անունը կրելը մեծ պատիվ ենք համարում (Սաղ. 83։18; Հռոմ. 10։13-15

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

14. Ի՞նչ ոգևորիչ զարգացումներ են սպասվում։

14 Մոտ ապագայում մեզ ոգևորիչ զարգացումներ են սպասում։ Մենք հույս ունենք, որ նախքան մեծ նեղությունը Եհովայի օրհնությամբ դեռ շատերը կընդունեն ճշմարտությունը։ Ոգևորիչ է նաև իմանալ, որ անգամ մարդկության պատմության ամենամռայլ ժամանակաշրջանում՝ մեծ նեղության ընթացքում, գուցե լինեն մարդիկ, ովքեր դուրս կգան Սատանայի մեռնող աշխարհից և մեզ հետ կփառաբանեն Եհովային (Գործ. 13։48

15-16. Ի՞նչ կշարունակենք անել և որքա՞ն ժամանակ։

15 Բայց մինչ այդ մենք կարևոր գործ ունենք անելու, գործ, որը երբեք չի կրկնվի։ Մենք պատիվ ունենք ողջ երկրով մեկ քարոզելու Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Միևնույն ժամանակ մենք պետք է շարունակենք մարդկանց նախազգուշացնել գալիք իրադարձությունների մասին։ Մարդիկ պետք է իմանան, որ այս չար աշխարհի վերջը արագորեն մոտենում է։ Եվ երբ դատաստանի ժամը գա, նրանք կիմանան, որ մեր քարոզած լուրը Եհովա Աստծուց էր (Եզեկ. 38։23

16 Այսպիսով՝ ի՞նչ պետք է վճռենք անել։ Բարի լուրի, մարդկանց և, որ ավելի կարևոր է, Եհովա Աստծու և նրա անվան հանդեպ սիրուց մղված՝ մենք կշարունակենք ամբողջ սրտով, հրատապությամբ և եռանդորեն քարոզել, մինչև որ Եհովան ասի՝ «Բավական է»։

ԵՐԳ 54 «Սա՛ է ճանապարհը»

a Տարեկան հանդիպումը տեղի է ունեցել 2023 թ. հոկտեմբերի 7-ին Եհովայի վկաների՝ Նյուբերգի համաժողովների սրահում (Նյու Յորք, ԱՄՆ)։ Այն ամբողջությամբ լույս տեսավ jw.org կայքում (JW Հեռարձակում— Նոյեմբեր 2023։ Տարեկան հանդիպում 2023 (մաս 1) և JW Հեռարձակում— Հունվար 2024։ Տարեկան հանդիպում 2023 (մաս 2))։