Խրատը Աստծու սիրո ապացույցն է
«Ում Եհովան սիրում է, նրան խրատում է» (ԵԲՐ. 12։6)։
1. Խրատը հաճախ ինչպե՞ս է ներկայացվում Աստվածաշնչում։
ԵՐԲ լսում ես «խրատ» բառը, ի՞նչ է գալիս միտքդ։ Գուցե մտածում ես պատժի մասին։ Սակայն այդ բառն ավելի լայն իմաստ ունի։ Աստվածաշնչում խրատը հաճախ ներկայացվում է որպես լավ բան ու երբեմն հիշատակվում է այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են գիտելիքը, իմաստությունը, սերն ու կյանքը (Առակ. 1։2–7; 4։11–13)։ Խրատելով Աստված ցույց է տալիս, որ սիրում է մեզ և ցանկանում է, որ հավիտենական կյանք ունենանք (Եբր. 12։6)։ Չնայած որ նրա խրատը երբեմն կարող է պատիժ ներառել, այն երբեք դաժան ու վնասաբեր չէ։ Այո՛, խրատը գլխավորապես կապված է կրթելու և դաստիարակելու հետ, ինչպես որ սիրուց մղված՝ դաստիարակում են երեխային։
2, 3. Խրատելը ինչպե՞ս է կապված սովորեցնելու և պատժելու հետ (տես հոդվածի սկզբի նկարը)։
2 Բերենք մի օրինակ։ Ջոնին տանը խաղում է գնդակով։ Մայրն ասում է. «Տղա՛ս, ասել եմ, չէ՞, որ տանը չի կարելի գնդակ խաղալ։ Մի բան կկոտրես»։ Բայց Ջոնին անտեսում է մոր ասածը։ Հանկարծ գնդակը դիպչում է ծաղկամանին և կոտրում այն։ Ինչպե՞ս մայրը կխրատի տղային։ Նա կսովորեցնի նրան, հնարավոր է նաև՝ կպատժի։ Նա կբացատրի, թե ինչու էր Ջոնիի պահվածքը սխալ։ Կփորձի հասկացնել, որ ծնողներին հնազանդվելը իմաստուն քայլ է, և որ նրանց դրած կանոնները անհրաժեշտ են ու ողջամիտ։ Դրանից հետո մայրը գուցե ինչ-որ
ձևով պատժի երեխային, որպեսզի նա հասկանա մոր խոսքերի լրջությունը։ Օրինակ՝ գուցե գնդակը որոշ ժամանակով վերցնի։ Այդպես երեխան կսովորի, որ անհնազանդությունը հետևանքներ է ունենում։3 Լինելով քրիստոնեական ժողովի մաս՝ մենք Աստծու տան անդամ ենք (1 Տիմոթ. 3։15)։ Ուստի ընդունում ենք, որ Եհովան իրավունք ունի չափանիշներ սահմանելու և մեզ խրատելու, երբ խախտում ենք դրանք։ Իսկ երբ մեր արարքները վատ հետևանքներ են բերում, նրա խրատը հիշեցնում է մեզ, թե որքան կարևոր է հնազանդվել մեր երկնային Հորը (Գաղ. 6։7)։ Աստված սիրով հոգ է տանում մեր մասին և չի ցանկանում, որ մեզ ցավերով խոցենք (1 Պետ. 5։6, 7)։
4. ա) Ի՞նչ պետք է անենք, որ Եհովան օրհնի մարդկանց կրթելու մեր ջանքերը։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
4 Սուրբգրային խրատ տալով՝ մենք կարող ենք օգնել մեր երեխային կամ Աստվածաշունչ ուսումնասիրողին դառնալ Քրիստոսի հետևորդ։ Աստվածաշունչը մեր գլխավոր գործիքն է, որի միջոցով մենք կարողանում ենք «արդարությամբ խրատել» մարդկանց, որպեսզի հասկանան ու «պահեն այն ամենը», ինչ պատվիրել է Հիսուսը (2 Տիմոթ. 3։16; Մատթ. 28։19, 20)։ Եհովան օրհնում է մեր ջանքերը, երբ այսպես ենք կրթում Աստվածաշունչ ուսումնասիրողին՝ զինելով նրան բոլոր անհրաժեշտ բաներով, որ նա նույնպես Քրիստոսի աշակերտներ պատրաստի (կարդա Տիտոս 2։11–14)։ Այժմ քննենք երեք կարևոր հարց։ 1) Աստծու խրատը ինչպե՞ս է արտացոլում նրա սերը մեր հանդեպ։ 2) Ի՞նչ ենք սովորում այն մարդկանց դեպքերից, որոնց Աստված խրատել է։ 3) Խրատ տալու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային ու նրա Որդուն։
ԱՍՏԾՈՒ ԽՐԱՏԸ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՆՐԱ ՍԵՐԸ
5. Եհովայի տված խրատը ինչպե՞ս է արտացոլում նրա սերը մեր հանդեպ։
5 Սիրուց մղված՝ Եհովան կրթում և ուղղում է մեզ, որ մնանք իր սիրո մեջ ու չշեղվենք կյանքի ճանապարհից (1 Հովհ. 4։16)։ Նա երբեք մեզ չի նվաստացնում ու վիրավորում, այնպես չի անում, որ մեզ անարժեք զգանք (Առակ. 12։18)։ Ընդհակառակը՝ Եհովան պատվի է արժանացնում մեզ՝ կենտրոնանալով մեր լավ հատկությունների վրա ու հարգելով մեր ազատ կամքը։ Նկատո՞ւմ ես Աստծու սերը, երբ խրատ ես ստանում Աստվածաշնչից, մեր հրատարակություններից, քրիստոնյա ծնողներից կամ ժողովի երեցներից։ Երբ, թեկուզև անգիտակցաբար, «սխալ քայլ» ենք անում, և երեցները փորձում են մեղմության ու սիրո ոգով ուղղել մեզ, նրանք իրականում Եհովայի սերն են արտացոլում (Գաղ. 6։1)։
6. Երբ խրատը սահմանափակումներ է ներառում, դա ինչպե՞ս է ցույց տալիս Եհովայի սերը։
6 Երբեմն, երբ մարդուն խրատում են, հնարավոր է՝ նրան խորհուրդ տալուց կամ ուղղելուց ավելին անեն։ Եթե անհատը լուրջ մեղք է գործել, նա կարող է կորցնել ժողովում ունեցած առանձնաշնորհումները։ Նույնիսկ այս դեպքում խրատն արտացոլում է Աստծու սերը։ Առանձնաշնորհումից զրկվելով՝ անհատը, օրինակ, կարող է հասկանալ, թե որքան կարևոր է ավելի շատ ժամանակ տրամադրել Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությանը, խորհրդածելուն և աղոթելուն։ Այս բաներն անելով՝ նա հոգևորապես կամրանա (Սաղ. 19։7)։ Ժամանակի ընթացքում նա հավանաբար նորից առանձնաշնորհումներ կստանա։ Ընկերակցությունից զրկելը նույնպես արտացոլում է Եհովայի սերը. դա ժողովը պաշտպանում է վատ ազդեցությունից (1 Կորնթ. 5։6, 7, 11)։ Եվ քանի որ Աստված միշտ համապատասխան չափով է խրատում, մեղք գործողը, ընկերակցությունից զրկվելով, կարող է խորապես գիտակցել իր մեղքի լրջությունը և զղջալ (Գործ. 3։19)։
ՆԱ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՀՈՎԱՅԻ ԽՐԱՏԸ
7. Ո՞վ էր Սեբնան, և ի՞նչ վատ հատկություն նա զարգացրեց իր մեջ։
7 Խրատը մեծ արժեք ունի։ Դա հասկանալու համար եկեք քննենք երկու մարդկանց Ես. 22։15)։ Բայց, ցավոք, նա հպարտացավ ու փառքի ձգտեց։ Նա «փառքի կառքերով» էր շրջում, նույնիսկ ճոխ գերեզման սարքեց իր համար (Ես. 22։16–18)։
օրինակ, ում Եհովան խրատել է։ Կխոսենք Սեբնայի մասին, ով ապրել է Եզեկիա թագավորի օրոք, նաև նկատի կառնենք մի եղբոր օրինակ, ում անունը Գրեհեմ է։ Սեբնան հավանաբար Եզեկիայի «տան վրա նշանակված» տնտես էր, ուստի մեծ իշխանություն ուներ (8. Եհովան ինչպե՞ս խրատեց Սեբնային, և դա ի՞նչ արդյունք բերեց։
8 Քանի որ Սեբնան փառքի ձգտեց, Աստված նրան զրկեց պաշտոնից ու նրա փոխարեն Եղիակիմին նշանակեց (Ես. 22։19–21)։ Դա այն ժամանակ էր, երբ Ասորեստանի թագավոր Սենեքերիմը պատրաստվում էր հարձակվել Երուսաղեմի վրա։ Որոշ ժամանակ անց այդ թագավորը իր պաշտոնյաներին մեծ զորքով ուղարկեց Երուսաղեմ, որպեսզի կոտրեն հրեաների ոգին ու վախեցնեն Եզեկիային՝ դրդելով նրան հանձնվելու (2 Թագ. 18։17–25)։ Եղիակիմը ուղարկվեց՝ խոսելու այդ պաշտոնյաների հետ։ Նրան երկու հոգի էին ուղեկցում։ Նրանցից մեկը Սեբնան էր, ով արդեն ծառայում էր որպես քարտուղար։ Կարելի է ենթադրել, որ Սեբնան չէր դառնացել ու չէր վրդովվել, այլ խոնարհաբար ընդունել էր այդ ցածր պաշտոնը։ Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։ Առնվազն երեք բան։
9–11. ա) Ի՞նչ կարևոր դասեր ենք քաղում Սեբնայի օրինակից։ բ) Երբ խորհում ես այն մասին, թե ինչպես Եհովան վերաբերվեց Սեբնային, դա ինչպե՞ս է քեզ քաջալերում։
9 Նախ՝ Սեբնան կորցրեց իր պաշտոնը։ Սա մեր միտքն է բերում այն նախազգուշացումը, որ «հպարտությունը նախորդում է կործանմանը, և ամբարտավան ոգին՝ վայր ընկնելուն» (Առակ. 16։18)։ Եթե ժողովում առանձնաշնորհումներ ունես և ինչ-որ առումով աչքի ես ընկնում, կձգտե՞ս խոնարհ մնալ ու ճիշտ տեսակետ պահպանել քո մասին։ Կընդունե՞ս, որ քո ունեցած պարգևները Եհովայից են, և որ նրա շնորհիվ ես կարողացել անել այս կամ այն բանը (1 Կորնթ. 4։7)։ Պողոս առաքյալը գրեց. «Ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել, այլ այնպես մտածի, որ ողջամտություն ունենա» (Հռոմ. 12։3)։
10 Երկրորդ՝ երբ Եհովան խստորեն հանդիմանեց Սեբնային, դրանով հավանաբար ցույց տվեց, որ նրան անուղղելի չի համարում (Առակ. 3։11, 12)։ Նրանք, ովքեր այսօր ժողովում կորցնում են իրենց առանձնաշնորհումները, կարող են կարևոր դաս քաղել սրանից։ Բարկանալու և նեղանալու փոխարեն՝ թող որ նրանք շարունակեն ծառայել Աստծուն՝ իրենց նոր իրավիճակում անելով լավագույնը և իրենց ստացած խրատը համարելով Եհովայի սիրո ապացույց։ Հիշենք, որ եթե խոնարհվենք մեր Հոր առաջ, նա մեզ անհույս չի համարի (կարդա 1 Պետրոս 5։6, 7)։ Սիրով մեզ խրատելով՝ Աստված ձևավորում է մեզ, ուստի եկեք փափուկ կավ լինենք նրա ձեռքերում։
11 Երրորդ՝ այս պատմությունից կարող են արժեքավոր դաս քաղել նրանք, ովքեր լիազորված են խրատ տալու, օրինակ՝ ծնողները կամ ժողովի վերակացուները։ Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Եհովան վերաբերվեց Սեբնային։ Թեև Եհովայի խրատը ցույց է տալիս, որ նա ատում է մեղքը, այն նաև արտացոլում է նրա հոգատարությունը մեղք գործած մարդու հանդեպ։ Եթե որպես ծնող կամ վերակացու պետք է խրատ տաս, կընդօրինակե՞ս Եհովային՝ ատելով սխալ արարքը և միևնույն ժամանակ բարին փնտրելով քո երեխայի կամ հավատակցի մեջ (Հուդա 22, 23)։
12–14. ա) Ոմանք ինչպե՞ս են արձագանքում, երբ Աստված խրատում է իրենց։ բ) Աստծու Խոսքը ինչպե՞ս մի եղբոր օգնեց փոխելու իր վերաբերմունքը, և դա ի՞նչ արդյունք բերեց։
12 Ցավոք, ոմանք խրատ ստանալուց հետո կենտրոնանում են իրենց բացասական զգացմունքների վրա և նույնիսկ հեռանում են Աստծուց ու նրա ժողովրդից (Եբր. 3։12, 13)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նրանց այլևս հնարավոր չէ օգնել։ Նկատի առնենք Գրեհեմի օրինակը, ով զրկվեց ընկերակցությունից, որոշ ժամանակ հետո վերականգնվեց, բայց հետո ոչ ակտիվ դարձավ։ Մի քանի տարի անց նա խնդրեց մի երեցի, ով իրեն ընկերաբար էր վերաբերվում, Աստվածաշունչ ուսումնասիրել իր հետ։
13 Երեցը պատմում է. «Գրեհեմի խնդիրը հպարտությունն էր։ Նա քննադատում էր երեցներին, ովքեր իրեն զրկել էին ընկերակցությունից։ Ուստի մեր մի քանի դասերի ժամանակ մենք քննարկեցինք մի շարք աստվածաշնչյան համարներ, որոնք վերաբերում են հպարտությանն ու դրա հետևանքներին։ Գրեհեմը Աստծու Խոսքի հայելու մեջ հստակ տեսավ, թե ինչպիսին է ինքը, և իրեն դուր չեկավ իր տեսածը։ Դա հրաշալի արդյունք բերեց։ Նա ընդունեց, որ հպարտության «գերանը» կուրացրել էր իրեն, հասկացավ, որ խնդիրը իր մեջ էր, որ ինքը քննադատական ոգի ուներ։ Գրեհեմը սկսեց արագորեն փոխվել դեպի լավը։ Նա սկսեց կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին, ջանասիրաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը և ամեն օր աղոթելու սովորություն զարգացնել։ Նաև ստանձնեց ընտանիքի գլխի հոգևոր պարտականությունները, ինչով ուրախացրեց իր կնոջն ու երեխաներին» (Ղուկ. 6։41, 42; Հակ. 1։23–25)։
14 Երեցն ավելացնում է. «Մի օր Գրեհեմը ինձ մի հուզիչ բան ասաց։ Նա խոստովանեց. «Թեև ճշմարտությունը վաղուց գիտեմ և նույնիսկ ռահվիրա եմ եղել, սակայն միայն հիմա կարող եմ անկեղծորեն ասել, որ սիրում եմ Եհովային»։ Կարճ ժամանակ անց Գրեհեմին խնդրեցին Թագավորության սրահում ծառայել խոսափողով։ Նա մեծապես գնահատեց այս առանձնաշնորհումը։ Նրա օրինակից հասկացա, որ երբ մարդը խոնարհվում է Աստծու առաջ և ընդունում է նրա խրատը, Եհովան առատ օրհնություններ է թափում»։
ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՍԻՆ
15. Ի՞նչ պետք է անենք, որ խրատը հասնի մարդկանց սրտին։
15 Լավ ուսուցիչ լինելու համար մենք նախ պետք է լավ աշակերտ լինենք (1 Տիմոթ. 4։15, 16)։ Նույն ձևով էլ նրանք, ովքեր Աստծու կողմից լիազորված են խրատ տալու, պետք է սրտանց հետևեն նրա առաջնորդությանը։ Խոնարհություն ու հնազանդություն դրսևորելով՝ նրանք կվաստակեն մարդկանց հարգանքը և ուրիշներին կրթելիս կամ ուղղելիս խոսելու ազատություն կունենան։ Քննենք Հիսուսի օրինակը։
16. Հիսուսից ի՞նչ ենք սովորում արդյունավետորեն կրթելու և խրատելու մասին։
16 Հիսուսը միշտ հնազանդվում էր իր Հորը, նույնիսկ երբ դա դժվար էր (Մատթ. 26։39)։ Նա ընդունում էր, որ իր սովորեցրած բաները և իր իմաստությունը Աստծուց են (Հովհ. 5։19, 30)։ Հիսուսի խոնարհությունն ու հնազանդությունը ազնվասիրտ մարդկանց ձգում էր դեպի իրեն։ Այս հատկությունների շնորհիվ նա կարեկից ու գթառատ ուսուցիչ էր (կարդա Մատթեոս 11։29)։ Իր բարի խոսքերով նա սրտապնդում էր նրանց, ովքեր նման էին վնասված եղեգի կամ մարող պատրույգի (Մատթ. 12։20)։ Հիսուսը սեր ու բարություն էր դրսևորում նույնիսկ այն ժամանակ, երբ իր համբերությունը փորձվում էր։ Դա տեսնում ենք այն դեպքերից, երբ նա ուղղում էր իր առաքյալներին, որոնք եսասիրական ու փառամոլական ոգի էին դրսևորում (Մարկ. 9։33–37; Ղուկ. 22։24–27)։
17. Ո՞ր հատկությունները երեցներին կօգնեն լինել Աստծու հոտի լավ հովիվներ։
17 Նրանք, ովքեր լիազորված են Սուրբ Գրքի վրա հիմնված խրատներ տալու, իմաստուն կվարվեն, եթե ընդօրինակեն Քրիստոսին։ Այդպես նրանք ցույց կտան, որ ցանկանում են՝ Աստված ու նրա Որդին ձևավորեն իրենց։ Պետրոս առաքյալը գրեց. «Հովվեք ձեր հոգածությանը հանձնված Աստծու հոտը ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ, ոչ թե իշխելով նրանց վրա, ովքեր Աստծու ժառանգությունն են, այլ հոտին օրինակ լինելով» (1 Պետ. 5։2–4)։ Այն վերակացուները, ովքեր ուրախությամբ հնազանդվում են Աստծուն ու ժողովի գլխին՝ Քրիստոսին, օգուտ են տալիս թե՛ իրենց, թե՛ իրենց հոգածությանը հանձնված մարդկանց (Ես. 32։1, 2, 17, 18)։
18. ա) Եհովան ի՞նչ է պահանջում ծնողներից։ բ) Աստված ինչպե՞ս է օգնում ծնողներին կատարել իրենց պարտականությունները։
18 Նույն սկզբունքները վերաբերում են ընտանիքին։ Աստվածաշունչը ընտանիքների գլուխներին հորդորում է. «Մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Որքա՞ն լուրջ է այս հարցը։ Առակներ 19։18-ում գրված է. «Պատժիր որդուդ, քանի դեռ հույս կա, և թող քո հոգին նրա մահը չցանկանա»։ Փաստորեն, եթե ծնողները իրենց երեխային ինչպես հարկն է չխրատեն, Եհովան կհամարի, որ նրանք իրենց զավակի մահն են ցանկանում, և նրանց պատասխանատվության կկանչի (1 Սամ. 3։12–14)։ Սակայն եթե ծնողները խոնարհաբար աղոթեն Աստծուն ու նրանից օգնություն խնդրեն, ինչպես նաև հետևեն նրա Խոսքի և սուրբ ոգու տված առաջնորդությանը, նա նրանց իմաստություն և զորություն կտա (կարդա Հակոբոս 1։5)։
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՎԻՏՅԱՆ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼ
19, 20. ա) Երբ ընդունում ենք Աստծու խրատը, ի՞նչ օրհնություններ ենք ստանում։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
19 Երբ ընդունում ենք Աստծու խրատը և ուրիշներին խրատ տալու հարցում ընդօրինակում ենք Եհովային ու Հիսուսին, առատ օրհնություններ ենք ստանում։ Ընտանիքներն ու ժողովները դառնում են խաղաղ հանգրվաններ։ Մարդիկ իրենց ապահով են զգում, տեսնում են, որ իրենց իսկապես սիրում ու գնահատում են։ Այդպես նրանք կանխաճաշակում են ապագա օրհնությունները (Սաղ. 72։7)։ Այո՛, Եհովայի խրատն ընդունելով՝ մենք սովորում ենք, թե ինչպես հավիտյան խաղաղ ու համերաշխ ապրենք որպես նրա հայրական հոգածության տակ գտնվող ընտանիք (կարդա Եսայիա 11։9)։ Եթե Աստծու խրատին այս լույսի ներքո նայենք, կտեսնենք, որ այն մեր Հոր անզուգական սիրո զորեղ ապացույցն է։
20 Հաջորդ հոդվածում ավելի մանրամասնորեն կխոսենք ընտանիքում և ժողովում տրվող խրատի մասին։ Նաև կիմանանք, թե ինչպես ինքնակարգապահություն զարգացնենք, և կտեսնենք, թե ինչը կարող է ավելի վատ լինել, քան այն վաղանցիկ ցավը, որ գուցե զգում ենք խրատ ստանալիս։