Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 12

Ե՞րբ է խոսելու պատեհ ժամանակը

Ե՞րբ է խոսելու պատեհ ժամանակը

«Կա.... լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (ԺՈՂ. 3։1, 7

ԵՐԳ 124 Միշտ նվիրված

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ ենք սովորում Ժողովող 3։1, 7 համարներից։

ՄԵԶՆԻՑ ոմանք ասող-խոսող են, ոմանք էլ՝ ոչ այնքան։ Այս հոդվածի բնաբանում բերված աստվածաշնչյան խոսքը ընդգծում է, որ կա խոսելու ժամանակ, և կա լռելու ժամանակ (կարդա Ժողովող 3։1, 7)։ Լինում են իրավիճակներ, երբ ուզում ենք, որ մեր հավատակիցներից ոմանք չվարանեն խոսել կամ էլ, հակառակը, փակբերան լինեն։

2. Ո՞վ իրավունք ունի չափանիշներ սահմանելու, թե երբ և ինչպես արժե խոսել։

2 Խոսելու ունակությունը Եհովայի տված նվերն է (Ելք 4։10, 11; Հայտն. 4։11)։ Իր Խոսքի միջոցով նա մեզ սովորեցնում է պատշաճորեն օգտագործել այդ նվերը։ Հոդվածում կքննարկենք աստվածաշնչյան օրինակներ, որոնք կօգնեն հասկանալ, թե երբ արժե խոսել, և երբ արժե լռել։ Նաև կիմանանք, թե ինչ է զգում Եհովան, երբ լսում է մեր խոսքերը։ Նախ տեսնենք, թե երբ է խոսելու պատեհ ժամանակը։

Ե՞ՐԲ Է ՊԵՏՔ ԽՈՍԵԼ

3. Հռոմեացիներ 10։14-ի համաձայն՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք վկայություն տալու գործին։

3 Մենք միշտ պետք է պատրաստ լինենք խոսել Եհովայի ու նրա Թագավորության մասին (Մատթ. 24։14; կարդա Հռոմեացիներ 10։14)։ Այդպես կընդօրինակենք Հիսուսին։ Երկիր գալու նրա հիմնական նպատակներից մեկը հենց այն էր, որ մարդկանց հայտներ ճշմարտությունը իր Հոր մասին (Հովհ. 18։37)։ Սակայն չպետք է մոռանանք, որ մեր խոսելու ձևը նույնպես կարևոր է։ Ուստի ինչ-որ մեկի հետ Եհովայի մասին զրուցելիս պետք է «մեղմությամբ ու խոր հարգանքով» խոսենք և հաշվի առնենք մարդու զգացմունքներն ու համոզմունքները (1 Պետ. 3։15)։ Այդ դեպքում ոչ թե պարզապես բառեր կասենք, այլ այնպես կխոսենք, որ մարդը ինչ-որ բան սովորի Աստվածաշնչից։ Արդյունքում ճշմարտությունը գուցե հասնի նրա սրտին։

4. Առակներ 9։9 համարի համաձայն՝ երեցներն ինչպե՞ս կարող են խոսքով օգնել ուրիշներին։

4 Երեցները չպետք է վարանեն խոսել իրենց հավատակցի հետ, երբ տեսնում են, որ նա խորհրդի կարիք ունի։ Այնուամենայնիվ, նրանք պետք է պատեհ ժամանակ ընտրեն դրա համար, որպեսզի անհարմար դրության մեջ չդնեն իրենց եղբորը կամ քրոջը։ Ուստի գուցե հարկ լինի սպասելու, մինչև որ կարողանան առանձին զրուցել նրա հետ։ Երեցները միշտ ջանում են այնպես խոսել, որ չխոցեն դիմացինի արժանապատվությունը։ Սակայն դա չպետք է խանգարի, որ նրանք մարդու ուշադրությունը հրավիրեն աստվածաշնչյան այն սկզբունքների վրա, որոնց հետևելով՝ նա կկարողանա իմաստուն որոշումներ կայացնել (կարդա Առակներ 9։9)։ Ինչո՞ւ է այդքան կարևոր խոսելու քաջություն ունենալ։ Այս հարցին պատասխանելու համար կքննենք Աստվածաշնչում հիշատակված երկու մարդկանց օրինակներ, որոնք իրենց գործելակերպով խիստ տարբերվում էին իրարից։ Նրանցից մեկը ընտանիքի հայր էր, որը պարտավոր էր խրատել իր որդիներին, իսկ մյուսը՝ կին, որը ստիպված էր խոսել ապագա թագավորի հետ ու հասկացնել, որ նրա որոշումը սխալ է։

5. Թեև Հեղին նկատողություն էր արել իր որդիներին, սակայն ինչո՞ւ կարող ենք ասել, որ նա թերացել էր խոսելու հարցում։

5 Հեղի քահանայապետը երկու որդի ուներ, որոնց շատ էր սիրում, բայց որոնք չէին ակնածում Եհովայից։ Հեղիի որդիները կարևոր գործ էին անում՝ խորանում ծառայում էին որպես քահանա։ Սակայն նրանք չարաշահում էին իրենց իշխանությունը, բացարձակապես չէին հարգում զոհեր մատուցելու կարգը և լկտիաբար պոռնկություն էին գործում (1 Սամ. 2։12–17, 22)։ Մովսիսական օրենքի համաձայն՝ այս մարդիկ մահվան էին արժանի, բայց նրանց անսկզբունքային հայրը միայն թեթև նկատողություն էր անում իրենց և թույլ էր տալիս, որ շարունակեին ծառայել խորանում (2 Օրենք 21։18–21)։ Ինչպե՞ս այս ամենին արձագանքեց Եհովան։ Նա որոշեց մահապատժի ենթարկել այդ երկու քահանաներին, իսկ Հեղիին դատապարտեց իր գործելակերպի համար՝ ասելով. «Ինչո՞ւ ես դու քո որդիներին ինձանից ավելի պատվում» (1 Սամ. 2։29, 34

6. Հեղիի օրինակից ի՞նչ ենք սովորում։

6 Հեղիի օրինակից կարևոր դաս ենք քաղում։ Եթե իմանանք, որ մեր ընկերը կամ հարազատը խախտել է Աստծու օրենքը, պետք է խոսենք նրա հետ ու հիշեցնենք, թե Եհովան ինչ չափանիշներ ունի։ Այնուհետև պետք է այնպես անենք, որ նա օգնություն ստանա Աստծու ներկայացուցիչներից (Հակ. 5։14)։ Թող երբեք Հեղիի պես չլինենք ու մեր հարազատին կամ ընկերոջը ավելի շատ չպատվենք, քան Եհովային։ Ինչ խոսք, շտկման կարիք ունեցող մարդու հետ խոսելու համար քաջություն է հարկավոր, բայց մեր ջանքերը կարող են լավ արդյունքներ բերել։ Եկեք քննենք մի իսրայելացի կնոջ՝ Աբիգեայի օրինակը, ով Հեղիի պես չվարվեց։

Աբիգեան չվարանեց խոսել, երբ դա անհրաժեշտ էր. նա լավ օրինակ է մեզ համար (տես պարբերություն 7–8) *

7. Աբիգեան ինչո՞ւ որոշեց խոսել Դավթի հետ։

7 Աբիգեան մի հարուստ կալվածատիրոջ՝ Նաբաղի կինն էր։ Երբ Դավիթն ու իր մարդիկ Սավուղ թագավորի պատճառով փախուստի մեջ էին, որոշ ժամանակ գտնվում էին այն տարածքում, որտեղ Նաբաղի հովիվները նրա հոտերն էին արածեցնում։ Այդ ընթացքում Դավթի մարդիկ այդ հոտերը պաշտպանում էին ավազակախմբերից։ Արդյո՞ք Նաբաղը շնորհակալ եղավ նրանց օգնության համար։ Ո՛չ։ Երբ Դավիթը Նաբաղի մոտ մի քանի հոգու ուղարկեց, որ իր անունից խնդրեն մի քիչ ուտելիք ու ջուր տալ, նա բարկացավ ու վիրավորանքներ տեղաց նրանց վրա (1 Սամ. 25։5–8, 10–12, 14)։ Դավիթն էլ որոշեց սպանել Նաբաղի տան բոլոր տղամարդկանց (1 Սամ. 25։13, 22)։ Ինչպե՞ս կարելի էր կանխել այս ողբերգությունը։ Աբիգեան հասկացավ, որ գործելու ժամանակն է, ուստի գնաց խոսելու Դավթի հետ, ում ուղեկցում էին 400 սոված, զայրացած ու զինված տղամարդիկ։

8. Ի՞նչ ենք սովորում Աբիգեայի օրինակից։

8 Երբ Աբիգեան հանդիպեց Դավթին, խոսեց համարձակորեն, բայց հարգանքով և կարողացավ համոզել նրան։ Թեև ստեղծված իրավիճակի համար մեղավորը ինքը չէր, բայց ներողություն խնդրեց։ Նա գովեց Դավթին իր լավ հատկությունների համար՝ վստահություն հայտնելով, որ վերջինս ճիշտ կվարվի։ Աբիգեան գնաց այս քայլին՝ ապավինելով Եհովային (1 Սամ. 25։24, 26, 28, 33, 34)։ Այս կնոջ պես մենք էլ պետք է խոսելու քաջություն ունենանք, երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկը վտանգավոր ուղի է բռնել (Սաղ. 141։5)։ Ճիշտ է, հարկավոր է հարգալից լինել, բայց միևնույն ժամանակ համարձակությամբ խոսել։ Երբ սիրուց մղված՝ տեղին խորհուրդ ենք տալիս մարդուն, փաստում ենք, որ իսկական ընկեր ենք (Առակ. 27։17

9–10. Խորհուրդ տալիս երեցները ի՞նչ պետք է հիշեն։

9 Հատկապես կարևոր է, որ երեցնե՛րը քաջություն ունենան խոսելու այն հավատակիցների հետ, ովքեր սխալ քայլ են անում (Գաղ. 6։1)։ Թեպետ երեցները խոնարհաբար ընդունում են, որ իրենք էլ են անկատար և կարող են մի օր խորհրդի կարիք ունենալ, սակայն թույլ չեն տալիս, որ դա խանգարի հանդիմանել խրատի կարիք ունեցողներին (2 Տիմոթ. 4։2; Տիտոս 1։9)։ Խորհուրդ տալիս նրանք ձգտում են հմտորեն ասված խոսքերով և համբերատարությամբ օգնել անհատին, որ շտկվի։ Երեցները սիրում են հավատակցին, ինչը իրենց մղում է օգնության ձեռք մեկնել նրան (Առակ. 13։24)։ Բայց և չեն մոռանում իրենց գլխավոր նպատակը, այն է՝ պատիվ բերել Եհովային՝ կառչած մնալով նրա չափանիշներին և ժողովը պաշտպանելով վնասից (Գործ. 20։28

10 Մինչ այժմ քննեցինք, թե երբ արժե խոսել։ Սակայն լինում են իրավիճակներ, երբ ավելի լավ է՝ ոչինչ չասենք։ Դա, իհարկե, կարող է դժվար լինել։ Տեսնենք, թե ինչու։

Ե՞ՐԲ Է ՊԵՏՔ ԼՌԵԼ

11. Հակոբոսը ի՞նչ օրինակ է բերել, և ինչպե՞ս է այն ընդգծում լեզուն զսպելու կարևորությունը։

11 Լեզուն զսպելը կարող է դժվար լինել։ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Հակոբոսը, հետաքրքիր համեմատություն է արել. «Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում, նա կատարյալ մարդ է, որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը» (Հակ. 3։2, 3)։ Սանձը ձիու բերանը դրվող հարմարանք է, որին ամրացված փոկերի միջոցով հեծյալը ուղղություն է տալիս կենդանուն կամ կանգնեցնում նրան։ Եթե նա կորցնի կառավարումը, ձին կարող է մոլեգնել և այնպես վազել, որ վնասի թե՛ իրեն, թե՛ հեծյալին։ Եթե մենք չկառավարենք մեր լեզուն, դա կարող է մեծ վնասներ հասցնել։ Ուստի եկեք քննենք մի շարք իրավիճակներ, երբ անհրաժեշտ է «սանձել» մեր լեզուն ու լռել։

12. Ե՞րբ է անհրաժեշտ «սանձել» լեզուն ու լռել։

12 Ինչպե՞ս ես վարվում, երբ իմանում ես, որ հավատակիցդ գիտի մի բան, ինչը կոնֆիդենցիալ է։ Օրինակ՝ ի՞նչ ես անում, երբ հանդիպում ես մի քրոջ կամ եղբոր, ով այնպիսի երկրից է, որտեղ մեր գործունեությունը արգելված է։ Փորձո՞ւմ ես նրանից մանրամասներ իմանալ այն մասին, թե ինչպես է իրենց երկրում կատարվում քարոզչական գործը։ Անշուշտ, մենք սիրում ենք մեր հավատակիցներին ու լավ մղումներից ելնելով ենք հետաքրքրվում նրանցով։ Բացի այդ՝ ուզում ենք նրանց համար աղոթելիս կոնկրետ բաների մասին խնդրել։ Բայց հենց այս իրավիճակում է, որ պետք է «սանձենք» մեր լեզուն և լուռ մնանք։ Երբ փորձում ենք անհատից գաղտնի տեղեկություն կորզել, սեր չենք դրսևորում նրա և այն եղբայրների ու քույրերի հանդեպ, ովքեր վստահ են, որ նա իր իմացածը չի հայտնի ուրիշներին։ Անշուշտ, մեզանից ոչ ոք չի ցանկանա ավելի բարդացնել մեր այն հավատակիցների կյանքը, ովքեր ապրում և ծառայում են այնպիսի երկրներում, որտեղ մեր գործունեությունը արգելված է։ Նրանք էլ իրենց հերթին չեն հայտնի տվյալ երկրում ապրող Վկաների ծառայության, ժողովի հանդիպումների և երկրպագության հետ կապված այլ մանրամասներ։

13. Ըստ Առակներ 11։13-ի՝ ինչպե՞ս պետք է վարվեն երեցները և ինչո՞ւ։

13 Շատ կարևոր է, որ երեցները կիրառեն Առակներ 11։13-ում գրված սկզբունքը և գաղտնիություն պահեն (կարդա)։ Սա կարող է դժվար լինել հատկապես ամուսնացած երեցների համար։ Ինչ խոսք, ամուր փոխհարաբերություններ ունենալու համար ամուսինները պետք է հաճախակի զրուցեն և միմյանց պատմեն իրենց ամենախոր մտքերի, զգացմունքների և անհանգստությունների մասին։ Բայց երեցը հասկանում է, որ չպետք է իր կողակցին պատմի «մտերմիկ զրույցում ասված բաները», որոնք վերաբերում են հավատակիցներին։ Հակառակ դեպքում՝ նա կկորցնի ժողովի վստահությունը և իր լավ համբավը։ Պատասխանատվություն ունեցող եղբայրները չպետք է լինեն «երկերեսանի» (1 Տիմոթ. 3։8)։ Նրանք չպետք է անազնվորեն վարվեն ու բամբասեն։ Իր կնոջը սիրող երեցը նրան չի հայտնի այնպիսի տեղեկություն, որը նա չպետք է իմանա։

14. Երեցի կինը ինչպե՞ս կարող է օգնել ամուսնուն, որ չկորցնի իր լավ համբավը։

14 Երեցի կինը կօգնի ամուսնուն չկորցնել լավ համբավը, եթե ճնշում չբանեցնի նրա վրա և չփորձի նրանից կոնֆիդենցիալ տեղեկություններ իմանալ։ Այդպիսով ոչ միայն կաջակցի ամուսնուն, այլև հարգանք կդրսևորի այն քույրերի ու եղբայրների հանդեպ, ովքեր իրենց գաղտնիքները վստահել են նրան։ Իսկ որ ամենակարևորն է, նա այդպիսով կուրախացնի Եհովայի սիրտը՝ նպաստելով ժողովի խաղաղությանն ու միասնությանը (Հռոմ. 14։19

Ի՞ՆՉ Է ԶԳՈՒՄ ԵՀՈՎԱՆ, ԵՐԲ ԼՍՈՒՄ Է ՄԵՐ ԽՈՍՔԵՐԸ

15. Ի՞նչ զգաց Եհովան Հոբի երեք ընկերների ասած խոսքերի պատճառով և ինչո՞ւ։

15 Այն մասին, թե ինչպես և երբ է հարկավոր խոսել, շատ բան կարող ենք սովորել «Հոբ» գրքից։ Երբ Հոբի կյանքում մի շարք դժբախտություններ եղան, նրա ընկերներից չորսը եկան նրան մխիթարելու և խորհուրդ տալու։ Երկար ժամանակ նրանք լուռ էին և ոչինչ չէին ասում։ Բայց երբ նրանցից երեքը՝ Եղիփազը, Բաղդատը և Սոֆարը սկսեցին խոսել, հստակ երևաց, որ այդ ընթացքում նրանք մտածել էին ոչ թե այն մասին, թե ինչպես օգնեն Հոբին, այլ թե ինչպես փաստեն, որ նա սխալ է գործել։ Թեև այդ մարդկանց խոսքերի մեջ որոշակի ճշմարտություն կար, բայց Հոբի ու Եհովայի մասին նրանց ասած խոսքերը մեծ մասամբ բարի չէին և չէին համապատասխանում իրականությանը։ Նրանք խստորեն դատապարտեցին Հոբին (Հոբ 32։1–3)։ Իսկ Եհովան ինչպե՞ս արձագանքեց։ Նրա բարկությունը բորբոքվեց այդ երեք մարդկանց դեմ. նա նրանց հիմար անվանեց և պատվիրեց խնդրել Հոբին, որ աղոթի իրենց համար (Հոբ 42։7–9

16. Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Եղիփազի, Բաղդատի և Սոֆարի օրինակից։

16 Մենք շատ դասեր կարող ենք քաղել Եղիփազի, Բաղդատի և Սոֆարի օրինակից։ Առաջին՝ չպետք է դատենք մեր եղբայրներին ու քույրերին (Մատթ. 7։1–5)։ Լավ կլինի, որ նախքան խոսելը ուշադիր լսենք նրանց։ Դրանից հետո միայն կկարողանանք հասկանալ, թե ինչերի միջով են անցնում նրանք (1 Պետ. 3։8)։ Երկրորդ՝ խոսելուց առաջ պետք է մտածենք, թե արդյոք այն, ինչ ուզում ենք ասել, բարի է և համապատասխանում է իրականությանը (Եփես. 4։25)։ Եվ երրորդ՝ Եհովան մեծապես հետաքրքրված է, թե ինչ խոսքեր ենք ասում իրար։

17. Ի՞նչ ենք սովորում Եղիուսից։

17 Հոբին եկել էր մխիթարելու նաև Եղիուսը, որը Աբրահամի բարեկամն էր։ Նա ներկա էր Հոբի ու նրա մյուս ընկերների զրույցին և, ակներևաբար, ուշադիր լսում էր, թե նրանք ինչ էին խոսում։ Դրա համար էլ Եղիուսը կարողացավ կարեկից լինել Հոբի հանդեպ և միևնույն ժամանակ ուղիղ խորհուրդ տալ, ինչն օգնեց նրան շտկել իր մտածելակերպը (Հոբ 33։1, 6, 17)։ Եղիուսի գլխավոր նպատակը Եհովային մեծարելն էր, ոչ թե իր կամ մեկ ուրիշի համար փառք փնտրելը (Հոբ 32։21, 22; 37։23, 24)։ Նրա օրինակից տեսնում ենք, որ կա լռելու և կա լսելու ժամանակ (Հակ. 1։19)։ Սովորում ենք նաև, որ երբ խորհուրդ ենք տալիս, մեր գլխավոր նպատակը պետք է լինի Եհովային փառք բերելը, ոչ թե ինքներս մեզ բարձրացնելը։

18. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք խոսքի պարգևը։

18 Մենք ցույց կտանք, որ գնահատում ենք խոսքի պարգևը, եթե հետևելով աստվածաշնչյան խորհուրդներին՝ խոսենք ճիշտ ձևով ու պատեհ ժամանակին։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Ճիշտ ժամանակին ասված խոսքը նման է ոսկե խնձորների, որ փորագրված արծաթե անոթի մեջ են» (Առակ. 25։11)։ Եթե ուշադիր լսենք, երբ ուրիշները խոսում են, և խոսելուց առաջ մտածենք, ապա մեր խոսքերը ոսկե խնձորների պես գեղեցիկ ու արժեքավոր կլինեն։ Եվ անկախ նրանից՝ ասող-խոսող ենք, թե ոչ, մեր ասածները կզորացնեն ուրիշներին ու կուրախացնեն Եհովայի սիրտը (Առակ. 23։15; Եփես. 4։29)։ Այդպես վարվելով՝ լավագույնս կարտահայտենք մեր երախտագիտությունը Աստծու տված թանկ պարգևի համար։

ԵՐԳ 82 «Թող ձեր լույսը շողա»

^ պարբ. 5 Աստծու Խոսքում կան սկզբունքներ, որոնք կօգնեն հասկանալ, թե երբ արժե խոսել, և երբ՝ ոչ։ Եթե իմանանք ու կիրառենք այդ սկզբունքները, մեր խոսքը հաճելի կլինի Եհովային։

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Քույրը իմաստուն խորհուրդ է տալիս մեկ այլ քրոջ։

^ պարբ. 64 ՆԿԱՐ։ Երեցը մաքրության վերաբերյալ խորհուրդներ է տալիս երիտասարդ եղբորը։

^ պարբ. 66 ՆԿԱՐ։ Աբիգեան ճիշտ պահին խոսեց Դավթի հետ, և դա լավ արդյունքներ բերեց։

^ պարբ. 68 ՆԿԱՐ։ Ամուսնական զույգը մանրամասներ չի հայտնում այն մասին, թե ինչպես են արգելքի պայմաններում իրականացնում մեր գործունեությունը։

^ պարբ. 70 ՆԿԱՐ։ Երեցը այնպես է անում, որ ժողովի կոնֆիդենցիալ հարցերի հետ կապված իր զրույցը ոչ ոք չլսի։