ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 13
Ճշմարիտ երկրպագությունը նպաստում է մեր երջանկությանը
«Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը» (ՀԱՅՏՆ. 4։11)։
ԵՐԳ 31 Քայլիր Աստծու հետ
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1–2. Ո՞ր դեպքում Աստված կընդունի մեր երկրպագությունը։
Ի՞ՆՉ է միտքդ գալիս, երբ լսում ես «երկրպագություն» բառը։ Թերևս պատկերացնում ես մի խոնարհ եղբոր, ով իր անկողնու մոտ ծնկի եկած ջերմեռանդորեն աղոթում է։ Կամ էլ պատկերացնում ես մի երջանիկ ընտանիք, որի անդամները հաճույքով Աստվածաշունչ են ուսումնասիրում։
2 Այս երկու դեպքում էլ երկրպագություն է մատուցվում Աստծուն։ Իսկ Եհովան ընդունո՞ւմ է այդ երկրպագությունը։ Այո՛, եթե այն ներդաշնակ է իր նպատակին և մատուցվում է սիրով ու հարգանքով։ Մենք Եհովային շատ ենք սիրում։ Նա արժանի է, որ պաշտենք իրեն, ուստի ցանկանում ենք լավագույն ձևով դա անել։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Այս հոդվածից կիմանանք, թե անցյալում Աստված ինչպիսի երկրպագությունն է ընդունելի համարել, ինչպես նաև կքննենք ութ բան, որ նրան ընդունելի երկրպագության մաս են կազմում այսօր։ Նաև կտեսնենք, թե մենք անհատապես ինչպես կարող ենք բարելավել մեր երկրպագության որակը։ Բացի այդ՝ կքննենք, թե ինչու է ճշմարիտ երկրպագությունը նպաստում մեր ուրախությանը։
ԱՍՏԾՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ
4. Նախաքրիստոնեական ժամանակներում Եհովային պաշտողները ինչպե՞ս էին սեր ու հարգանք դրսևորում նրա հանդեպ։
4 Նախաքրիստոնեական ժամանակներում այնպիսի հավատարիմ մարդիկ, ինչպիսիք էին Աբելը, Նոյը, Աբրահամն ու Հոբը, սեր ու հարգանք են դրսևորել Եհովայի հանդեպ։ Ինչպե՞ս։ Աստծուն հնազանդվելով, նրա հանդեպ հավատ դրսևորելով և նրան զոհեր մատուցելով։ Աստվածաշունչը մանրամասներ չի հայտնում այն մասին, թե նրանք ինչպես պետք է երկրպագություն մատուցեին։ Բայց այս հավատարիմ տղամարդիկ, անկասկած, իրենց լավագույնն են արել, որպեսզի պատվեն Եհովային, և նա ընդունել է նրանց երկրպագությունը։ Հետագայում Եհովան Աբրահամի սերունդներին տվեց Մովսիսական օրենքը։ Այն հստակ հրահանգներ էր պարունակում Աստծուն ընդունելի երկրպագություն մատուցելու մասին։
5. Հիսուսի մահից և հարությունից հետո ի՞նչ փոփոխություն տեղի ունեցավ ճշմարիտ երկրպագության մեջ։
5 Հիսուսի մահից և հարությունից հետո Եհովան այլևս չէր պահանջում պահել Մովսիսական օրենքը (Հռոմ. 10։4)։ Քրիստոնյաները պետք է հետևեին նոր օրենքի՝ «Քրիստոսի օրենքին» (Գաղ. 6։2)։ Նրանք դա պետք է անեին՝ ոչ թե այն անգիր անելով և հետևելով «կարելի»-ների ու «չի կարելի»-ների երկար ցուցակի, այլ ընդօրինակելով Հիսուսին և կիրառելով նրա սովորեցրածները։ Այսօր նույնպես քրիստոնյաները ձգտում են հետևել Հիսուսին, որպեսզի հաճեցնեն Եհովային և «թարմություն գտնեն» (Մատթ. 11։29)։
6. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել այս հոդվածից։
6 Այժմ քննենք մեր երկրպագության մաս կազմող ութ ոլորտ։ Յուրաքանչյուրն ուսումնասիրելիս ինքդ քեզ հարցրու. «Որքանո՞վ եմ առաջադիմել այս հարցում։ Ի՞նչ կարող եմ անել, որ բարելավեմ Աստծուն մատուցվող իմ երկրպագության որակը»։ Ճիշտ է, դու պետք է ուրախանաս քո առաջադիմությամբ, բայց նաև պետք է խնդրես Եհովային, որ օգնի քեզ հասկանալ, թե որ հարցերում բարելավումներ անելու կարիք ունես։
Ի՞ՆՉ Է ՆԵՐԱՌՈՒՄ ԱՍՏԾՈՒՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ
7. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում մեր սրտաբուխ աղոթքներին։
7 Պաշտում ենք Աստծուն, երբ աղոթում ենք նրան։ Աստծու Խոսքը մեր աղոթքները համեմատում է լավ պատրաստված խնկի հետ, որը մատուցվում էր խորանում, իսկ հետագայում՝ տաճարում (Սաղ. 141։2)։ Խնկի անուշահոտ բույրը հաճելի էր Աստծուն։ Նմանապես մեր սրտաբուխ աղոթքները «հաճելի են նրան», անգամ եթե պարզ բառերով են ասված (Առակ. 15։8; 2 Օրենք 33։10)։ Մենք համոզված ենք, որ Եհովայի սիրտը ջերմանում է, երբ արտահայտում ենք մեր սերն ու գնահատանքը նրա հանդեպ։ Նա ուզում է, որ իրեն պատմենք մեր մտահոգությունների, ակնկալիքների և ցանկությունների մասին։ Նախքան Եհովային աղոթքով դիմելը լավ կլինի՝ մտածենք, թե ինչ ենք ասելու նրան։ Այդ դեպքում մենք լավագույն խունկը կմատուցենք մեր երկնային Հորը։
8. Աստծուն գովաբանելու ի՞նչ հիանալի հնարավորություն ունենք։
8 Պաշտում ենք Աստծուն, երբ գովաբանում ենք նրան (Սաղ. 34։1)։ Մենք գովաբանում ենք Եհովային, երբ գնահատանքով ենք խոսում նրա հիանալի հատկությունների ու գործերի մասին։ Գովաբանությունը երախտագետ սրտից է բխում։ Երբ ժամանակ ենք հատկացնում, որ խորհրդածենք այն բոլոր լավ բաների մասին, որ Եհովան արել է մեզ համար, նրան գովաբանելու շատ պատճառներ ենք ունենում։ Քարոզչական գործը հիանալի առիթ է տալիս մեզ, որ «Աստծուն գովաբանության զոհ մատուցենք, այսինքն՝ [մեր] շուրթերի պտուղը» (Եբր. 13։15)։ Ինչպես Եհովային աղոթելուց առաջ պետք է լավ մտածենք, թե ինչ ենք ասելու նրան, այնպես էլ նախքան ծառայության գնալը պետք է լավ մտածենք, թե ինչ ենք ասելու մեզ հանդիպած մարդկանց։ Մենք ցանկանում ենք «գովաբանության զոհ» մատուցելիս մեր լավագույնը տալ Եհովային։ Այդ իսկ պատճառով ճշմարտությունը ուրիշներին հայտնում ենք խանդավառությամբ։
9. Ինչպե՞ս ենք օրհնվում՝ միասին հավաքվելով։ Պատմիր քո անձնական փորձից։
9 Պաշտում ենք Աստծուն, երբ մասնակցում ենք ժողովի հանդիպումներին։ Իսրայելացիներին հետևյալ պատվերն էր տրվել. «Տարին երեք անգամ.... քո բոլոր տղամարդիկ պետք է գան քո Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը նա կընտրի» (2 Օրենք 16։16)։ Այդ ընթացքում նրանց տներն ու դաշտերը առանց հսկողության էին մնալու։ Բայց նրանց հետևյալ հավաստիացումն էր տրվել. «Երբ տարին երեք անգամ գնաս քո Աստված Եհովայի երեսը տեսնելու, ոչ ոք քո երկիրը չի ցանկանա» (Ելք 34։24)։ Այս աստվածավախ իսրայելացիները, լիարժեքորեն վստահելով Եհովային, ներկա էին լինում այդ տարեկան տոներին։ Այդպես վարվելով՝ նրանք առատ օրհնություններ էին ստանում, ավելի խորությամբ էին հասկանում Աստծու Օրենքը, խորհրդածում էին նրա բարության շուրջ, ինչպես նաև քաջալերվում էին՝ շփվելով իրենց հավատակիցների հետ (2 Օրենք 16։15)։ Մենք էլ ենք նմանատիպ օրհնություններ ստանում, երբ զոհողություններ ենք անում, որ ներկա լինենք քրիստոնեական հանդիպումներին։ Պատկերացրու, թե որքան է Եհովան ուրախանում, երբ պատրաստված ենք գալիս ժողով և կարճ ու բովանդակալից մեկնաբանություններ ենք տալիս։
10. Ինչո՞ւ ենք ասում, որ երգելը երկրպագության կարևոր մաս է կազմում։
10 Պաշտում ենք Աստծուն, երբ երգում ենք մեր հավատակիցների հետ (Սաղ. 28։7)։ Իսրայելացիները երգելը Աստծուն մատուցվող երկրպագության կարևոր մասերից էին համարում։ Օրինակ՝ տաճարում երգելու համար Դավիթ թագավորը 288 ղևտացի էր նշանակել (1 Տար. 25։1, 6–8)։ Այսօր մենք կարող ենք արտահայտել մեր սերը Եհովայի հանդեպ՝ փառաբանական երգերով գովերգելով նրան։ Դա անելու համար պարտադիր չէ լավ ձայն ունենալ։ Չէ՞ որ խոսելիս «բոլորս էլ հաճախ սխալվում» ենք, բայց դա մեզ չի խանգարում, որ խոսենք ժողովի հանդիպման կամ ծառայության ժամանակ (Հակ. 3։2)։ Նմանապես, եթե մտածում ենք, որ այդքան էլ լավ չենք երգում, չպետք է վարանենք երգով փառաբանել Եհովային։
11. Ինչպես գրված է Սաղմոս 48։13-ում, ինչո՞ւ պետք է ժամանակ տրամադրենք, որպեսզի ընտանիքով ուսումնասիրենք Աստվածաշունչը։
11 Պաշտում ենք Աստծուն, երբ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը և մեր երեխաներին սովորեցնում Նրա մասին։ Շաբաթի օրենքը իսրայելացիներին հնարավորություն էր տալիս առօրյա գործերը մի կողմ դնել և կենտրոնանալ Եհովայի հետ ունեցած իրենց փոխհարաբերությունների վրա (Ելք 31։16, 17)։ Հավատարիմ իսրայելացիները այդ առիթն օգտագործում էին, որ իրենց երեխաներին սովորեցնեին Եհովայի և նրա արած լավ բաների մասին։ Մենք նույնպես պետք է ժամանակ տրամադրենք, որպեսզի կարդանք և ուսումնասիրենք Աստծու Խոսքը։ Դա Եհովային մատուցվող մեր երկրպագության բաղկացուցիչ մասն է և օգնում է մեզ մտերմանալ նրա հետ (Սաղ. 73։28)։ Իսկ երբ ընտանիքով ենք ուսումնասիրում Աստծու Խոսքը, օգնում ենք նոր սերնդին՝ մեր երեխաներին, ջերմ անձնական փոխհարաբերություններ զարգացնել մեր սիրառատ երկնային Հոր հետ (կարդա Սաղմոս 48։13)։
12. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես էր Եհովան վերաբերվում խորանի կահկարասին պատրաստողների աշխատանքին։
12 Պաշտում ենք Աստծուն, երբ կառուցում ենք պաշտամունքի վայրեր և հոգ տանում դրանց մասին։ Աստվածաշնչում ասվում է, որ խորանն ու դրա կահկարասին պատրաստելը «սուրբ գործ» էր (Ելք 36։1, 4)։ Այսօր էլ Եհովան Թագավորության սրահներ և աստվածապետական այլ շինություններ կառուցելը սուրբ ծառայություն է համարում։ Որոշ եղբայրներ ու քույրեր շատ ժամանակ են տրամադրում այս գործին։ Մենք բարձր ենք գնահատում Թագավորության շահերն առաջ տանելու համար նրանց կատարած կարևոր աշխատանքը։ Ինչ խոսք, նրանք նաև մասնակցում են քարոզչական ծառայությանը։ Նրանցից ոմանք նույնիսկ ցանկանում են ռահվիրա ծառայել։ Ժողովի երեցները ցույց կտան, որ աջակցում են շինարարական գործին, եթե չվարանեն այս ջանասեր եղբայրներին ու քույրերին ռահվիրա նշանակել, երբ վերջիններս ռահվիրայության դիմում լրացնեն։ Անկախ նրանից՝ հմուտ ենք շինարարական աշխատանքներում, թե ոչ, բոլորս էլ կարող ենք աստվածապետական շինությունները մաքուր և բարվոք վիճակում պահել։
13. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նվիրատվություններին, որ անում ենք Թագավորության գործի համար։
13 Պաշտում ենք Աստծուն, երբ նվիրատվություններ անելով՝ աջակցում ենք Թագավորության գործին։ Իսրայելացիները չպետք է դատարկաձեռն ներկայանային Եհովայի առաջ (2 Օրենք 16։16)։ Նրանք պետք է իրենց հնարավորության սահմաններում որևէ ընծա բերեին։ Այդպես ցույց կտային, որ գնահատում են այն ամենը, ինչ Եհովան անում էր իրենց հոգևոր բարօրության համար։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք դրսևորել մեր սերը Եհովայի հանդեպ և ցույց տալ, որ գնահատում ենք այն հոգևոր միջոցառումները, որ նա կազմակերպում է մեզ համար։ Կերպերից մեկը մեր հնարավորության սահմաններում ժողովին և համաշխարհային գործին ֆինանսապես աջակցելն է։ Պողոս առաքյալը այդ առնչությամբ հետևյալն ասաց. «Եթե կա տալու պատրաստակամություն, ապա տվածը հաճելի է Աստծուն, եթե այն համապատասխան է մարդու ունեցածին, ոչ թե չունեցածին» (2 Կորնթ. 8։4, 12)։ Եհովան գնահատում է սրտանց արված ցանկացած նվիրատվություն, նույնիսկ եթե մեր տվածը քիչ է (Մարկ. 12։42–44; 2 Կորնթ. 9։7)։
14. Առակներ 19։17-ի համաձայն՝ ինչպե՞ս է Եհովան վերաբերվում այն օգնությանը, որ տրամադրում ենք կարիքի մեջ գտնվող մեր հավատակիցներին։
14 Պաշտում ենք Աստծուն, երբ օգնում ենք կարիքի մեջ եղող մեր հավատակիցներին։ Եհովան խոստացել էր վարձատրել այն իսրայելացիներին, ովքեր առատաձեռնություն կդրսևորեին աղքատների հանդեպ (2 Օրենք 15։7, 10)։ Իրոք որ, ամեն անգամ, երբ օգնում ենք կարիքի մեջ գտնվող մեր հավատակցին, Եհովան դա համարում է իրեն տրված նվեր (կարդա Առակներ 19։17)։ Օրինակ, երբ Փիլիպպեի քրիստոնյաները նվեր ուղարկեցին Պողոսին, ով այդ ժամանակ բանտում էր գտնվում, նա դա անվանեց «ընդունելի զոհ.... Աստծուն հաճելի» (Փիլիպ. 4։18)։ Այժմ մտածիր քո ժողովի քույրերի ու եղբայրների մասին և ինքդ քեզ հարցրու. «Կա՞ ինչ-որ մեկը, ում կարող եմ օգնել»։ Եհովան ուրախանում է, երբ տեսնում է, որ մեր ժամանակը, ուժերը, հմտությունները և նյութական միջոցները օգտագործում ենք կարիքավորներին օգնելու համար։ Նա դա համարում է իրեն մատուցվող երկրպագության մի մասը (Հակ. 1։27)։
ՃՇՄԱՐԻՏ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԵՐՋԱՆԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ
15. Ճշմարիտ երկրպագություն մատուցելը ինչո՞ւ բեռ չէ մեզ համար։
15 Ճշմարիտ երկրպագություն մատուցելու համար ժամանակ և ջանքեր են հարկավոր։ Բայց, իհարկե, դա բեռ չէ մեզ համար (1 Հովհ. 5։3)։ Ինչո՞ւ։ Քանի որ մենք սիրուց մղված ենք պաշտում Եհովային։ Պատկերացրու՝ փոքրիկ տղան ցանկանում է ինչ-որ բան նկարել իր հոր համար։ Նա ժամեր է ծախսում նկարելու վրա, սակայն չի ափսոսում դրա համար։ Որդին սիրում է իր հորը և ուրախ է, որ կարող է այդ նկարը նրան նվիրել։ Նմանապես, քանի որ մենք սիրում ենք Եհովային, ուրախ ենք մեր ուժերն ու ժամանակը տրամադրել նրան պաշտելու համար։
16. Ըստ Եբրայեցիներ 6։10-ի՝ Եհովան ինչպե՞ս է վերաբերվում յուրաքանչյուրիս ջանքերին։
16 Սիրող ծնողները իրենց բոլոր երեխաներից նույն նվերը չեն ակնկալում։ Նրանք հասկանում են, որ երեխաները տարբեր են, և տարբեր կարողություններ ունեն։ Նմանապես մեր երկնային Հայրը հասկանում է, որ յուրաքանչյուրիս հանգամանքները տարբեր են։ Հնարավոր է՝ դու կարողանում ես ավելին անել, քան քո հավատակիցներից շատերը, որոնց ճանաչում ու սիրում ես։ Կամ էլ գուցե տարիքի, առողջության կամ ընտանեկան պարտականությունների պատճառով չես կարողանում այնքան անել, որքան մյուսները։ Բայց պետք չէ վհատվել (Գաղ. 6։4)։ Եհովան չի մոռանա քո կատարած աշխատանքը։ Քո արածը հաճելի է նրան, եթե լավագույնդ ես տալիս, և դա անում ես ճիշտ մղումով (կարդա Եբրայեցիներ 6։10)։ Աստված տեսնում է քո սիրտը և գիտի, թե որքան բան կցանկանայիր անել իր համար։ Նա ուզում է, որ երջանիկ լինես և բավականություն ստանաս այն ամենից, ինչ անում ես իրեն պաշտելու համար։
17. ա) Եթե նկատենք, որ թերանում ենք Աստծուն մատուցվող մեր երկրպագության որոշ ոլորտներում, ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել։ բ) Ի՞նչ օգուտներ ես ստացել՝ երկրպագելով Աստծուն « Պաշտիր Եհովային և երջանիկ եղիր» շրջանակում պատկերված կերպերից մեկով։
17 Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե նկատում ենք, որ թերանում ենք Աստծուն մատուցվող մեր երկրպագության որոշ ոլորտներում, ինչպիսիք են անձնական ուսումնասիրությունը և քարոզչական գործը։ Որքան շատ զբաղվենք այդ գործերով, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ բավականություն կստանանք դրանցից և օգուտներ կքաղենք։ Մեր մատուցած երկրպագությունը կարելի է համեմատել ֆիզիկական վարժություններ անելու կամ որևէ երաժշտական գործիք նվագելու հետ։ Եթե կանոնավորաբար չզբաղվենք դրանցով, առանձնապես չենք առաջադիմի։ Իսկ ի՞նչ կլինի, եթե դրանք դարձնենք մեր առօրյայի մի մասը։ Գուցե սկզբում դրանցով զբաղվենք ընդամենը մի քանի րոպե, բայց հետո աստիճանաբար ավելի շատ ժամանակ տրամադրենք։ Երբ տեսնենք, որ լավ արդյունքների ենք հասնում, հավանաբար հաճույք կստանանք մեր արածից և անհամբերությամբ կսպասենք, թե երբ ենք նորից դրանով զբաղվելու։ Նույնն է պարագան Աստծուն մատուցվող երկրպագության դեպքում։
18. Ո՞րն է մեր գոյության նպատակը, և ի՞նչ է լինում, երբ ապրում ենք դրա համաձայն։
18 Եհովային ամբողջ սրտով պաշտելը մեր գոյության նպատակն է։ Ուստի երբ այդպես ենք վարվում, վայելում ենք երջանիկ ու իմաստալից կյանք, ինչպես նաև Եհովային հավիտյան պաշտելու հեռանկար ենք ձեռք բերում (Առակ. 10։22)։ Արդեն այսօր մենք մտքի խաղաղություն ունենք, քանի որ գիտենք, որ Եհովան օգնում է մեզ, երբ խնդիրների ենք բախվում (Ես. 41։9, 10)։ Անկասկած, մենք հիմնավոր պատճառներ ունենք երջանիկ լինելու, քանի դեռ պաշտում ենք մեր սիրառատ երկնային Հորը, ով արժանի է իր բոլոր ստեղծագործություններից «առնելու փառքը [և] պատիվը» (Հայտն. 4։11)։
ԵՐԳ 24 Բարձրացեք Եհովայի լեռը
^ Լինելով ամեն բանի Արարիչը՝ Եհովան արժանի է, որ պաշտենք իրեն։ Նա կընդունի մեր երկրպագությունը, եթե հնազանդվենք նրա պատվերներին և ապրենք նրա տված օրենքների ու սկզբունքների համաձայն։ Այս հոդվածում կքննենք ութ բան, որ մեր երկրպագության մաս են կազմում։ Կիմանանք, թե ինչպես կարող ենք բարելավել Աստծուն մատուցվող մեր երկրպագությունը, և թե դա ինչպես կարող է նպաստել մեր երջանկությանը։