Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 12

Տեսնո՞ւմ ես այն, ինչ Զաքարիան տեսավ

Տեսնո՞ւմ ես այն, ինչ Զաքարիան տեսավ

««Ոչ թե զորքով և ոչ թե ուժով, այլ իմ ոգով»,— ասում է Զորքերի Տեր Եհովան» (ԶԱՔ. 4։6

ԵՐԳ 73 Համարձակություն տուր մեզ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ հիանալի հեռանկար ունեին հրեա գերիները։

 ՀՐԵԱՆԵՐԸ ցնծության մեջ էին։ Եհովան «արթնացրել էր Պարսկաստանի Կյուրոս թագավորի ոգին», որպեսզի ազատագրի իսրայելացիներին, որոնք տասնամյակներ շարունակ Բաբելոնում գերության մեջ էին։ Թագավորը հայտարարեց, որ հրեաները կարող են վերադառնալ իրենց հայրենիք և «վերակառուցել Իսրայելի Աստված Եհովայի՝ ճշմարիտ Աստծու տունը» (Եզր. 1։1, 3)։ Ինչպիսի՜ ուրախալի լուր։ Դա նշանակում էր, որ ճշմարիտ Աստծու պաշտամունքը վերականգնվելու էր այն երկրում, որը նա տվել էր հրեաներին։

2. Երբ հրեաները վերադարձան Երուսաղեմ, սկզբում ի՞նչ հաջողությունների հասան տաճարը վերակառուցելու գործում։

2 Մ. թ. ա. 537 թ.-ին հրեա գերիների առաջին խումբը վերադարձավ Երուսաղեմ՝ Հուդայի հարավային թագավորության մայրաքաղաք։ Կարճ ժամանակ անց այդ հրեաները սկսեցին վերակառուցել տաճարը։ Եվ արդեն մ. թ. ա. 536 թ.-ին տաճարի հիմքը գցված էր։

3. Ի՞նչ հակառակության բախվեցին հրեաները։

3 Սակայն հենց որ հրեաները սկսեցին տաճարի վերակառուցումը, մեծ հակառակության բախվեցին։ Աստվածաշնչում գրված է, որ շրջակա ազգերը «թուլացնում էին Հուդայի ժողովրդի ձեռքերը և հուսահատեցնում էին նրան, որ չկառուցի» տաճարը (Եզր. 4։4)։ Իրավիճակը գնալով ավելի վատացավ։ Մ. թ. ա. 522 թ.-ին Պարսկաստանի թագավոր դարձավ Արտաքսերքսեսը։ * Հակառակորդների համար սա լավ հնարավորություն էր վերջնականապես դադարեցնելու տաճարի շինարարությունը։ Ուստի նրանք «չարիք պատրաստեցին օրենքի միջոցով» (Սաղ. 94։20)։ Նրանք նամակ ուղարկեցին Արտաքսերքսես թագավորին և նշեցին, որ հրեաները պատրաստվում են ապստամբել իր դեմ (Եզր. 4։11–16)։ Թագավորը հավատաց նրանց ստերին և արգելեց տաճարի շինարարությունը (Եզր. 4։17–23)։ Դրա պատճառով տաճարը կառուցող եռանդուն հրեաները ստիպված եղան դադարեցնել աշխատանքները (Եզր. 4։24

4. Երբ հակառակորդներին հաջողվեց դադարեցնել տաճարի շինարարությունը, ի՞նչ արեց Եհովան (Եսայիա 55։11

4 Այդ տարածքի հեթանոս բնակիչները և Պարսկաստանի որոշ իշխանավորներ վճռել էին դադարեցնել տաճարի շինարարությունը։ Սակայն Եհովան վճռել էր ավարտին հասցնել այդ նախագիծը։ Իսկ նա միշտ իրականացնում է իր նպատակները (կարդա Եսայիա 55։11)։ Եհովան Զաքարիա անունով մի անվախ մարդու մարգարե նշանակեց և նրան ութ ազդեցիկ տեսիլք տվեց, որոնցով նա պետք է ոգևորեր հրեաներին։ Այդ քաջալերական տեսիլքները օգնեցին նրանց հասկանալ, որ իրենք հակառակորդներից վախենալու ոչ մի պատճառ չունեն, և մղեցին, որ շարունակեն Եհովայի հանձնարարած գործը։ Տեսիլքներից հինգերորդում Զաքարիան տեսավ մի ճրագակալ և երկու ձիթենի։

5. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

5 Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ վհատվում ենք։ Ուստի կարող ենք օգուտներ քաղել՝ քննելով, թե Եհովան ինչպես ճրագակալի ու ձիթենիների մասին տեսիլքի միջոցով քաջալերեց իսրայելացիներին։ Այդ տեսիլքը հասկանալը կօգնի մեզ հավատարմորեն ծառայել Եհովային, երբ հալածվում ենք, երբ փոխվում են մեր հանգամանքները, և երբ այնպիսի առաջնորդություն ենք ստանում, որը չենք հասկանում։

ԵՐԲ ՀԱԼԱԾՎՈՒՄ ԵՆՔ

Զաքարիան տեսիլքում երկու ձիթենի տեսավ, որոնցից յուղ էր հոսում դեպի յոթ ճրագներ ունեցող ճրագակալը (տես պարբերություն 6)

6. Զաքարիա 4։1–3-ում նկարագրված տեսիլքը ինչպե՞ս քաջությամբ լցրեց հրեաներին (տես ամսագրի շապիկի նկարը)։

6 Կարդա Զաքարիա 4։1–3։ Ճրագակալի և ձիթենիների մասին տեսիլքը քաջությամբ լցրեց իսրայելացիներին, որ հաղթահարեն հակառակությունը։ Ինչպե՞ս։ Ուշադրություն դարձնենք, որ ճրագակալը մշտապես լցվում էր յուղով։ Յուղը ձիթենիներից հոսում էր գավաթի մեջ, որից այն իջնում էր դեպի ճրագակալի յոթ ճրագները։ Դրա շնորհիվ ճրագները անդադար վառվում էին։ Զաքարիան հարցրեց հրեշտակին. «Սրանք ի՞նչ են նշանակում»։ Նա էլ փոխանցեց Եհովայի խոսքը՝ ասելով. ««Ոչ թե զորքով և ոչ թե ուժով, այլ իմ ոգով»,— ասում է Զորքերի Տեր Եհովան» (Զաք. 4։4, 6)։ Ծառերից հոսող յուղը խորհրդանշում էր Եհովայի հզոր սուրբ ոգին, որն անսպառ ուժի աղբյուր է։ Պարսկական կայսրության բանակի ուժը ոչինչ էր՝ համեմատած Աստծու ոգու զորության հետ։ Քանի որ տաճարը կառուցողների թիկունքում Եհովան էր կանգնած, նրանք կարող էին դիմակայել ցանկացած հակառակության և ավարտին հասցնել գործը։ Որքա՜ն քաջալերական էր այս ամենը հրեաների համար։ Նրանք պարզապես պետք է վստահեին Եհովային և վերսկսեին աշխատանքները։ Հրեաները հենց այդպես էլ վարվեցին, թեև արգելքը դեռ հանված չէր։

7. Ո՞ր փոփոխությունը օգնեց տաճարը կառուցողներին։

7 Շուտով մի փոփոխություն եղավ, որը մեծ թեթևացում բերեց տաճարը կառուցողներին։ Ի՞նչ փոփոխություն էր դա։ Պարսկաստանի թագավոր Դարեհ I-ը իր իշխանության երկրորդ տարում՝ մ.թ.ա. 520 թ.-ին, պարզեց, որ տաճարի շինարարության վրա դրված արգելքը անօրինական էր։ Ուստի հրաման արձակեց ավարտին հասցնել շինարարական աշխատանքները (Եզր. 6։1–3)։ Այս որոշումը զարմացրեց բոլորին։ Բայց թագավորը ոչ միայն թույլատրեց վերսկսել աշխատանքները, այլև հրամայեց, որ շրջակա ազգերը այլևս չխոչընդոտեն վերակառուցման աշխատանքներին։ Նա անգամ պատվիրեց նրանց, որ տաճարի շինարարության համար գումար և այլ անհրաժեշտ բաներ տրամադրեն (Եզր. 6։7–12)։ Արդյունքում մ. թ. ա. 515 թ.-ին հրեաները ավարտեցին տաճարի վերակառուցումը, որը տևեց չորս տարուց մի փոքր ավել (Եզր. 6։15

Ապավինիր Եհովայի զորությանը, երբ հալածվում ես (տես պարբերություն 8)

8. Ինչո՞ւ կարող ենք քաջ լինել, երբ մեզ հալածում են։

8 Այսօր նույնպես Եհովայի ծառաներից շատերը բախվում են հակառակության։ Ոմանք ապրում են այնպիսի երկրներում, որտեղ մեր գործունեության վրա սահմանափակումներ են դրված։ Այդպիսի երկրներում մեր հավատակիցներից ոմանց ձերբակալում են և «քարշ տալիս կառավարիչների ու թագավորների առաջ», որպեսզի վկայություն լինեն նրանց (Մատթ. 10։17, 18)։ Երբեմն ղեկավարները փոխվում են, և մեր հավատակիցները կարողանում են ազատորեն պաշտել Աստծուն։ Երբեմն էլ արդարամիտ դատավորները այնպիսի որոշումներ են կայացնում, որոնք դրականորեն են ազդում մեր գործունեության վրա։ Որոշ Վկաներ էլ այլ տեսակի հակառակության են բախվում։ Թեև նրանք ապրում են այնպիսի երկրներում, որտեղ հարաբերական ազատություն կա, սակայն հակառակության են բախվում իրենց ընտանիքի անդամների կողմից, ովքեր փորձում են հետ պահել իրենց Աստծուն ծառայելուց (Մատթ. 10։32–36)։ Շատ դեպքերում, երբ նրանց ընտանիքի անդամները տեսնում են, որ դա իրենց չի հաջողվում, դադարում են հալածելուց։ Իսկ որոշ դեպքերում երբեմնի կատաղի հալածողները դառնում են եռանդուն Վկաներ։ Ուստի երբ բախվում ես հալածանքի, մի՛ հանձնվիր, քա՛ջ եղիր։ Դու վախենալու ոչ մի պատճառ չունես, քանի որ Եհովան քո կողքին է, և նրա հզոր ոգին զորացնում է քեզ։

ԵՐԲ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

9. Ինչո՞ւ որոշ հրեաներ լաց եղան, երբ դրվեց նոր տաճարի հիմքը։

9 Երբ նոր տաճարի հիմքը դրվեց, տարեց հրեաներից ոմանք լաց եղան (Եզր. 3։12)։ Նրանք տեսել էին Սողոմոնի կառուցած շքեղ տաճարը և մտածում էին, որ «նախորդի հետ համեմատած՝ [նոր տաճարը] ոչնչի պես» է լինելու (Անգե 2։2, 3)։ Նրանք շատ էին տխրել, քանի որ նոր տաճարը համեմատում էին հնի հետ։ Բայց Զաքարիայի տեսիլքը կարող էր օգնել նրանց, որ վերագտնեն իրենց ուրախությունը։ Ինչպե՞ս։

10. Զաքարիա 4։8–10 համարներում գրված խոսքերը ինչպե՞ս օգնեցին հրեաներին վերագտնել իրենց ուրախությունը։

10 Կարդա Զաքարիա 4։8–10։ Ի՞նչ նկատի ուներ հրեշտակը, երբ ասաց, որ հրեաները պիտի «ուրախանան ու նայեն Զորաբաբելի ձեռքի ուղղալարին»։ Ուղղալարը մի գործիք է, որով ստուգում են, թե արդյոք ուղղահայաց մակերեսը ամբողջությամբ ուղիղ է։ Դրանով հրեշտակը հավաստիացնում էր Աստծու ժողովրդին, որ թեև ոմանց աչքին նոր տաճարը նախորդի պես շքեղ չէր, դրա շինարարությունը, անկասկած, ավարտին էր հասցվելու, և այն համապատասխանելու էր Եհովայի չափանիշներին։ Եթե Եհովային դուր էր գալիս տաճարը, ապա իսրայելացիներին նույնպես պետք է դուր գար։ Աստծու համար կարևորն այն էր, որ այդ նոր տաճարում իրեն պաշտեին իր պահանջների համաձայն։ Եթե հրեաները կենտրոնանային Եհովային ճիշտ ձևով պաշտելու և նրա հավանությունը ստանալու վրա, ապա կվերագտնեին իրենց ուրախությունը։

Դրական տրամադրվածություն պահպանիր, երբ հանգամանքներդ փոխվում են (տես պարբերություն 11–12) *

11. Եհովայի ծառաներից ոմանք ի՞նչ դժվարությունների են բախվում այսօր։

11 Շատերիս համար փոփոխությանը հարմարվելը այդքան էլ հեշտ չէ։ Երկար տարիներ հատուկ լիաժամ ծառայության մեջ լինելուց հետո ոմանց նշանակումը փոխվել է։ Ոմանք էլ տարիքի պատճառով ստիպված են եղել հրաժարվել իրենց պատասխանատվություններից։ Բնական է, որ մենք տխրում ենք, երբ մեր կյանքում նման փոփոխություններ են լինում։ Սկզբում գուցե ամբողջովին չհասկանանք, թե ինչու է նման որոշում կայացվել, կամ համաձայն չլինենք դրա հետ։ Բացի այդ՝ հնարավոր է՝ կարոտենք նախկին օրերը։ Գուցե նաև վհատվենք՝ մտածելով, որ մեր նոր հանգամանքներում շատ բան չենք կարողանում անել Եհովայի համար (Առակ. 24։10)։ Զաքարիայի տեսիլքը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ շարունակենք մեր լավագույնը տալ Աստծուն։

12. Զաքարիայի տեսիլքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ չկորցնել ուրախությունը, երբ մեր հանգամանքները փոխվում են։

12 Մեզ համար հեշտ կլինի հարմարվել նոր հանգամանքներին, եթե իրավիճակին նայենք Եհովայի տեսանկյունից։ Այսօր նա մեծամեծ գործեր է անում, և մենք մեծ պատիվ ունենք լինելու նրա համագործակիցները (1 Կորնթ. 3։9)։ Մեր նշանակումները գուցե փոխվեն, բայց Եհովայի սերը մեր հանդեպ՝ երբե՛ք։ Հետևաբար, եթե կազմակերպության մեջ տեղի է ունենում որևէ փոփոխություն, որը փոխում է նաև քո կյանքը, փորձիր անընդհատ չմտածել պատճառների մասին։ «Առաջվա օրերը» կարոտելու փոխարեն աղոթքով խնդրիր Եհովային, որ օգնի քեզ այդ փոփոխության մեջ լավը տեսնել (Ժող. 7։10)։ Մի՛ կենտրոնացիր այն բաների վրա, որոնք այլևս չես կարողանում անել, այլ մտածիր, թե ինչ կարող ես անել քո նոր հանգամանքներում։ Զաքարիայի տեսիլքից սովորում ենք, թե որքան կարևոր է դրական տրամադրվածություն պահպանել։ Այդպիսով չենք կորցնի մեր ուրախությունը և հավատարիմ կմնանք՝ չնայած փոփոխվող հանգամանքներին։

ԵՐԲ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ

13. Որոշ հրեաներ ինչո՞ւ գուցե մտածեին, որ տաճարի շինարարությունը վերսկսելը անմտություն է։

13 Տաճարի շինարարությունը դեռ արգելքի տակ էր, սակայն նշանակված տղամարդիկ՝ քահանայապետ Հեսուան (Հեսու) և կառավարիչ Զորաբաբելը, «սկսեցին վերակառուցել Աստծու տունը» (Եզր. 5։1, 2)։ Որոշ հրեաների կարծիքով՝ նման բան անելը անմտություն էր, քանի որ շինարարական աշխատանքները հնարավոր չէր թաքցնել թշնամիներից, որոնք ամեն գնով կփորձեին խոչընդոտել շինարարությանը։ Այս պատասխանատու տղամարդիկ՝ Հեսուն և Զորաբաբելը, կարիք ունեին հավաստիանալու, որ Եհովան իրենց աջակցում է։ Եվ նրանք ստացան այդ հավաստիացումը։ Ինչպե՞ս։

14. Քահանայապետ Հեսուն և կառավարիչ Զորաբաբելը ի՞նչ հավաստիացում ստացան (Զաքարիա 4։12, 14

14 Կարդա Զաքարիա 4։12, 14։ Զաքարիայի տեսիլքի այս մասում հրեշտակը Աստծու հավատարիմ մարգարեին ասաց, որ երկու ձիթենիները ներկայացնում էին «երկու օծյալներին»՝ Հեսուին և Զորաբաբելին։ Փոխաբերական իմաստով նրանք «կանգնած էին ամբողջ երկրի Տիրոջ կողքին»։ Ի՜նչ մեծ պատիվ։ Եհովան վստահում էր Հեսուին ու Զորաբաբելին։ Ուստի հրեաները բոլոր հիմքերն ունեին հետևելու նրանց կայացրած որոշումներին. չէ՞ որ դա Աստծու առաջնորդությունն էր՝ անկախ նրանից, թե ում միջոցով էր այն տրվում։

15. Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ հարգում ենք Եհովայի առաջնորդությունը, որ նա տալիս է իր Խոսքի միջոցով։

15 Այսօր Եհովան շարունակում է առաջնորդել իր ժողովրդին տարբեր կերպերով։ Դրանցից մեկը իր Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Այն հայտնում է մեզ, թե ինչպես կարող ենք Աստծուն պաշտել նրան ընդունելի կերպով։ Մենք ցույց կտանք, որ հարգում ենք այդ առաջնորդությունը, եթե ուշադրությամբ կարդանք և ձգտենք հասկանալ այն։ Մտածիր հետևյալ հարցերի շուրջ. «Երբ կարդում եմ Աստվածաշունչը կամ մեր հրատարակությունները, խորհո՞ւմ եմ կարդացածիս շուրջ։ Երբ դժվարհասկանալի ճշմարտությունների եմ հանդիպում, փնտրտուքներ անո՞ւմ եմ, որպեսզի հասկանամ դրանց իմաստը, թե՞ պարզապես կարդում-անցնում եմ» (2 Պետ. 3։16)։ Եթե ժամանակ տրամադրենք և խորհենք այն ամենի մասին, ինչ Եհովան սովորեցնում է մեզ, կկարողանանք հետևել նրա տված առաջնորդությանը և ավարտին հասցնել քարոզչական գործը (1 Տիմոթ. 4։15, 16

Վստահիր այն առաջնորդությանը, որ ստանում ես «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (տես պարբերություն 16) *

16. Ի՞նչը կօգնի մեզ հետևել «հավատարիմ և իմաստուն ծառայի» առաջնորդությանը, նույնիսկ երբ լիովին չենք հասկանում այն։

16 Եհովան առաջնորդում է մեզ նաև «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով (Մատթ. 24։45)։ Հնարավոր է՝ երբեմն ծառան այնպիսի առաջնորդություն տա, որն ամբողջությամբ չհասկանանք։ Օրինակ՝ գուցե հատուկ հրահանգներ ստանանք, թե ինչպես պատրաստ լինենք այնպիսի բնական աղետի, որը, մեր կարծիքով, քիչ հավանական է, որ կլինի մեր տարածքում։ Կամ էլ մտածենք, որ ծառան անտեղի զգուշություն է ցուցաբերում համավարակի ընթացքում։ Ի՞նչ պետք է անենք, եթե կարծում ենք, որ տրված հրահանգները գործնական չեն։ Այդ դեպքում կարող ենք մտածել, թե ինչ օգուտներ քաղեցին իսրայելացիները, երբ հետևեցին Հեսուի և Զորաբաբելի տված խորհրդին։ Մենք կարող ենք նաև մտածել աստվածաշնչյան այլ դրվագների մասին։ Երբեմն Աստծու ժողովուրդը այնպիսի առաջնորդություն է ստացել, որը մարդկային տեսանկյունից տրամաբանական չի եղել, բայց արդյունքում կյանքեր են փրկվել (Դատ. 7։7; 8։10

ՏԵՍ ԱՅՆ, ԻՆՉ ԶԱՔԱՐԻԱՆ ՏԵՍԱՎ

17. Հրեաների վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ ճրագակալի և երկու ձիթենիների մասին տեսիլքը։

17 Հինգերորդ տեսիլքը, որ Զաքարիան տեսավ, գուցե կարճ էր, բայց այն օգնեց հրեաներին նոր տեսանկյունից նայել իրենց հանձնարարությանը և երկրպագությանը։ Եվ երբ նրանք կիրառեցին այն, ինչ սովորեցին Զաքարիայի տեսիլքից, զգացին Եհովայի սիրառատ աջակցությունն ու առաջնորդությունը։ Իր զորեղ սուրբ ոգու միջոցով Եհովան օգնեց նրանց շարունակել իրենց աշխատանքը և վերագտնել ուրախությունը (Եզր. 6։16

18. Զաքարիայի տեսիլքը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ քեզ վրա։

18 Ճրագակալի և երկու ձիթենիների մասին տեսիլքը կարող է մեծ ազդեցություն ունենալ քո կյանքի վրա։ Ինչպես արդեն տեսանք, այն կարող է օգնել քեզ, որ ունենաս ուժ, երբ հալածվում ես, ուրախություն, երբ հանգամանքներդ փոխվում են, և վստահություն, երբ ստանում ես այնպիսի առաջնորդություն, որը չես հասկանում։ Իսկ ի՞նչ պետք է անես, երբ քո կյանքում դժվարություններ լինեն։ Նախ՝ տես այն, ինչ Զաքարիան տեսավ. ապացույց, որ Եհովան հոգ է տանում իր ժողովրդի մասին։ Այնուհետև՝ գործիր քո տեսածի համաձայն՝ վստահելով Եհովային և շարունակելով պաշտել նրան ամբողջ սրտով (Մատթ. 22։37)։ Եթե այդպես վարվես, Եհովան կօգնի քեզ հավիտյան ուրախությամբ ծառայել իրեն (Կող. 1։10, 11

ԵՐԳ 7 Եհո՛վա, մեր զորությունն ես

^ Եհովան Զաքարիա մարգարեին մի շարք տպավորիչ տեսիլքներ տվեց։ Այն, ինչ տեսավ Զաքարիան, զորացրեց և՛ նրան, և՛ Աստծու ժողովրդին, որ կարողանան հաղթահարել այն դժվարությունները, որոնց բախվեցին մաքուր երկրպագությունը վերականգնելու գործում։ Այս տեսիլքները մեզ էլ կարող են օգնել, որ չնայած դժվարություններին՝ շարունակենք հավատարմորեն ծառայել Եհովային։ Հոդվածից կիմանանք, թե ինչ արժեքավոր դասեր կարող ենք սովորել ճրագակալի և ձիթենիների մասին Զաքարիային տրված տեսիլքից։

^ Տարիներ անց՝ Նեեմիայի օրերում, մի թագավոր էր իշխում, որի անունը նույնպես Արտաքսերքսես էր։ Նա լավ էր տրամադրված հրեաների հանդեպ։

^ ՆԿԱՐ։ Եղբայրը հասկանում է, որ պետք է հարմարվի նոր հանգամանքներին, որոնք առաջացել են տարիքի և վատ առողջության պատճառով։

^ ՆԿԱՐ։ Քույրը խորհում է այն մասին, որ Եհովան ինչպես որ աջակցում էր Հեսուին և Զորաբաբելին, այնպես էլ աջակցում է «հավատարիմ և իմաստուն ծառային»։