«Առատաձեռն հոգին կպարարտանա»
ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ երկար ժամանակ ճշմարիտ երկրպագության կարևոր մասն են եղել։ Իսրայելացիները կենդանիներ են զոհաբերել, իսկ քրիստոնյաները իրենց «շուրթերի պտուղն» են մատուցում։ Սակայն այլ զոհաբերություններ էլ կան, որոնք Աստծուն հաճելի են (Եբր. 13։15, 16)։ Այդ զոհաբերությունները ուրախություն և օրհնություն են բերում տվողին, ինչպես որ ցույց են տալիս հետևյալ օրինակները։
Աստծու վաղեմի հավատարիմ ծառաներից Աննան փափագում էր որդի ունենալ, սակայն ամուլ էր։ Նա աղոթեց Եհովային ու երդվեց, որ եթե որդի ունենա, «նրա կյանքի բոլոր օրերում.... նրան Եհովային կտա» (1 Սամ. 1։10, 11)։ Որոշ ժամանակ անց Աննան հղիացավ ու որդի ծնեց, որի անունը Սամուել դրեց։ Երբ տղան կաթից կտրվեց, Աննան, իր խոստման համաձայն, նրան տարավ խորան։ Եհովան Աննային օրհնեց անձնազոհ ոգու համար։ Հետագայում նա ևս հինգ երեխա ունեցավ, իսկ Սամուելը դարձավ Աստծու մարգարեն և գրեց Աստվածաշնչի գրքերից մի քանիսը (1 Սամ. 2։21)։
Աննայի ու Սամուելի նման՝ այսօր քրիստոնյաները պատիվ ունեն իրենց կյանքը նվիրելու Արարչին ու հավատարմորեն ծառայելու նրան։ Ինչպես խոստացավ Հիսուսը, մենք առատորեն կվարձատրվենք ցանկացած զոհողության համար, որ անում ենք Եհովային երկրպագելիս (Մարկ. 10։28–30)։
Առաջին դարում Այծեմնիկ անունով մի քրիստոնյա կին «բարությամբ լի շատ գործեր էր անում ու առատորեն ողորմության նվերներ էր տալիս»։ Այդ զոհողությունները նա անում էր ուրիշներին օգնելու համար։ Սակայն որոշ ժամանակ հետո Այծեմնիկը «հիվանդացավ ու մահացավ», ինչը մեծ վիշտ պատճառեց ժողովի անդամներին։ Երբ աշակերտները իմացան, որ Պետրոսը իրենց քաղաքում է, աղաչեցին նրան, որ իսկույն գա իրենց մոտ։ Պատկերացրու նրանց ուրախությունը, երբ Պետրոսը եկավ ու հարություն տվեց Այծեմնիկին։ Սա Սուրբ Գրքում արձանագրված առաջին դեպքն է, երբ առաքյալների ձեռքով հարություն տրվեց (Գործ. 9։36–41)։ Աստված, ինչ խոսք, չէր մոռացել Այծեմնիկի արած զոհաբերությունները (Եբր. 6։10)։ Նրա առատաձեռնության մասին գրվեց Աստծու Խոսքում, որ հետևենք նրա հրաշալի օրինակին։
Պողոս առաքյալը նույնպես առատաձեռնության լավ օրինակ է թողել մեզ համար։ Նա հավատակիցների համար չէր խնայում իր ժամանակը և միշտ ուշադիր էր նրանց նկատմամբ։ Կորնթոսի եղբայրներին նա գրեց. «Ես մեծ ուրախությամբ կծախսեմ և ամբողջությամբ կծախսվեմ ձեր հոգիների համար» (2 Կորնթ. 12։15)։ Պողոսն իր սեփական փորձով համոզվեց, որ երբ քրիստոնյան ուրիշների բարօրության համար անձնազոհություն է դրսևորում, դա ոչ միայն բավարարվածության զգացում է տալիս, այլև բերում է Եհովայի օրհնությունն ու հավանությունը, ինչը ավելի կարևոր է (Գործ. 20։24, 35)։
Որքա՜ն է ուրախանում Եհովան, երբ տեսնում է, որ մեր ուժերն ու ժամանակը օգտագործում ենք Թագավորության շահերն առաջ տանելու և մեր հավատակիցներին օգնելու համար։ Կա՞ արդյոք այլ միջոց, որով կարող ենք աջակցել Թագավորության քարոզչության գործին։ Այո՛։ Մեր սիրո գործերից բացի՝ Աստծուն կարող ենք պատվել նաև մեր կամավոր նվիրաբերություններով։ Դրանք օգտագործվում են համաշխարհային քարոզչական գործի համար, որի մեջ մտնում է միսիոներներին և մյուս հատուկ լիաժամ ծառայողներին աջակցելը։ Մեր հրատարակությունների և տեսանյութերի պատրաստումն ու թարգմանությունը, աղետներից տուժածներին օգնություն տրամադրելը, նոր Թագավորության սրահների շինարարությունը. այս ամենը հնարավոր է դառնում հոժար սրտով մեր կատարած նվիրաբերությունների շնորհիվ։ Մենք կարող ենք վստահ լինել, որ «առատաձեռն հոգին կպարարտանա»։ Բայց մեզ համար ամենակարևորն այն է, որ Եհովային մեր արժեքավոր բաներից տալով՝ մենք պատվում ենք նրան (Առակ. 3։9; 11։25)։