Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թող ոչինչ չզրկի ձեզ մրցանակից

Թող ոչինչ չզրկի ձեզ մրցանակից

«Թող ոչ ոք.... չզրկի ձեզ մրցանակից» (ԿՈՂ. 2։18

ԵՐԳ 122, 139

1, 2. ա) Աստծու ծառաները ի՞նչ մրցանակի են սպասում։ բ) Ի՞նչն է մեզ օգնում մրցանակը մեր աչքերի առաջ պահել (տես հոդվածի սկզբի նկարը)։

ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ պես՝ մեր օրերում ապրող օծյալ քրիստոնյաները հրաշալի հեռանկար ունեն. նրանք ստանալու են «վերին կոչման մրցանակը, որ տալիս է Աստված» (Փիլիպ. 3։14)։ Նրանք սպասում են այն օրվան, երբ Հիսուս Քրիստոսի հետ կծառայեն նրա երկնային Թագավորության մեջ և մարդկությանը կօգնեն հասնելու կատարելության (Հայտն. 20։6)։ Ի՜նչ հրաշալի նպատակ է Աստված դրել նրանց առջև։ Իսկ մյուս քրիստոնյաները, որոնց Աստվածաշունչը կոչում է ուրիշ ոչխարներ, այլ հույս ունեն։ Նրանք ակնկալում են ստանալ հավիտենական երկրային կյանքի մրցանակը։ Ի՜նչ մեծ երջանկություն է բերում այդ հեռանկարը (2 Պետ. 3։13

2 Պողոս առաքյալը ցանկանում էր օգնել իր օծյալ հավատակիցներին, որ հավատարիմ մնան ու հասնեն մրցանակին, ուստի հորդորեց նրանց. «Ձեր մտքերը կենտրոնացած պահեք երկնային բաների վրա» (Կող. 3։2)։ Նրանք պետք է մտքում պահեին երկնային ժառանգություն ստանալու չքնաղ հույսը (Կող. 1։4, 5)։ Երբ մենք խորհում ենք այն օրհնությունների մասին, որ Եհովան տալու է իր ժողովրդին, դա բոլորիս օգնում է մրցանակը մեր աչքերի առաջ պահել՝ անկախ այն բանից՝ երկնային կյանքի հույս ունենք, թե երկրային (1 Կորնթ. 9։24

3. Պողոսը ի՞նչ վտանգների մասին զգուշացրեց քրիստոնյաներին։

3 Պողոսը քրիստոնյաներին նաև զգուշացրեց այն բաների մասին, որոնք կարող են նրանց զրկել մրցանակից։ Օրինակ՝ Կողոսայի ժողովին նա գրեց կեղծ քրիստոնյաների մասին, որոնք փորձում էին Աստծու բարեհաճությանն արժանանալ Օրենքի գործերի միջոցով, ոչ թե Քրիստոսին հավատալու (Կող. 2։16–18)։ Բացի այդ, Պողոսը խոսեց այն վտանգների մասին, որոնք այսօր էլ գոյություն ունեն և կարող են զրկել մեզ մրցանակից։ Օրինակ՝ նա ասաց, թե ինչպես պետք է դիմադրել անբարո ցանկություններին, լուծել հավատակիցների հետ ունեցած խնդիրները և հաղթահարել ընտանեկան դժվարությունները։ Նրա խորհուրդները մեծ արժեք ունեն մեզ համար։ Ուստի եկեք քննենք Պողոսի նախազգուշացումներից մի քանիսը, որոնք գրված են կողոսացիներին ուղղված իր նամակում։

ՍՊԱՆԵՔ ԱՆԲԱՐՈ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4. Անբարո ցանկությունները ինչո՞ւ կարող են զրկել մեզ մրցանակից։

4 Այն բանից հետո, երբ Պողոսը եղբայրներին հիշեցրեց նրանց ունեցած հրաշալի հույսի մասին, գրեց. «Ուրեմն սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ» (Կող. 3։5)։ Անբարո ցանկությունները կարող են շատ հզոր լինել և զրկել մեզ հոգևոր գանձերից։ Մի եղբայր, որը տրվեց իր անբարո ցանկություններին, սակայն հետո վերադարձավ ժողով, ասում է. «Այնքա՜ն հզոր ուժ ներգործեց ինձ վրա ու այնքա՜ն հեռու տարավ, որ երբ սթափվեցի, արդեն շատ ուշ էր»։

5. Ի՞նչ կարող ենք անել, որ վտանգավոր իրավիճակներում չխախտենք Եհովայի բարոյական սկզբունքները։

5 Հատկապես կարևոր է աչալուրջ լինել, երբ բախվում ենք այնպիսի իրավիճակների, որոնցում կարող է գայթակղություն առաջանալ խախտելու Եհովայի բարոյական սկզբունքները։ Օրինակ՝ իրար հետ հանդիպող տղան և աղջիկը իմաստուն կվարվեն, եթե ընկերության հենց սկզբից իրենց առաջ հստակ սահմաններ դնեն հպվելու և համբուրվելու հարցում, նաև քննարկեն, թե ինչ անեն, որ խուսափեն երկուսով մենակ մնալուց (Առակ. 22։3)։ Այլ վտանգավոր իրավիճակներ կարող են առաջանալ, երբ քրիստոնյան մեկնում է գործուղման կամ երբ ստիպված է աշխատել հակառակ սեռի անձնավորության հետ (Առակ. 2։10–12, 16)։ Եթե նման իրավիճակում հայտնվես, ասա, որ Եհովայի վկա ես, հարգալից կերպով գործիր և հիշիր, որ սիրախաղը կարող է աղետալի հետևանքներ բերել։ Մյուս կողմից՝ մենք կարող ենք ավելի մեծ վտանգի ենթարկվել, երբ ճնշված ենք ու խոցելի։ Այդ պահերին գուցե փափագենք մտերմանալ մեկի հետ, ով մեզ այնպիսի զգացողություն կտա, որ մենք ինչ-որ մեկին պետք ենք։ Հնարավոր է՝ այնքան հուսահատվենք, որ համաձայնվենք էմոցիոնալ աջակցություն ստանալ ցանկացած մեկից, ով ուշադրություն կդարձնի մեզ։ Եթե քեզ այդպիսի բան պատահի, օգնության համար դիմիր Եհովային ու նրա ժողովրդին, որպեսզի թույլ չտաս, որ ինչ-որ բան զրկի քեզ մրցանակից (կարդա Սաղմոս 34։18; Առակներ 13։20

6. Ի՞նչ պետք է հիշենք զվարճանքի ձևեր ընտրելիս։

6 Անբարո ցանկությունները սպանելու համար պետք է մերժենք անբարո զվարճությունները։ Այսօր զվարճությունների աշխարհը մեծ մասամբ նման է վաղեմի ժամանակների Սոդոմ և Գոմոր քաղաքներին (Հուդա 7)։ Այդ ոլորտի ղեկավարները առաջ են տանում բարոյականությանը վերաբերող իրենց գաղափարները. նրանք սեռական անբարոյությունը այնպես են ներկայացնում, ասես դա նորմալ վարքագիծ է, որը ոչ մի ցավալի հետևանքներ չի բերում։ Մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը՝ ընդունելով մեզ առաջարկվող ցանկացած զվարճություն։ Փոխարենը՝ պետք է զվարճանքի այնպիսի ձևեր ընտրենք, որոնք չեն խանգարի կյանքի մրցանակն աչքերի առաջ պահել (Առակ. 4։23

ՀԱԳԵՔ ՍԵՐ ԵՎ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

7. Ի՞նչ խնդիրների կարող ենք բախվել քրիստոնեական ժողովում։

7 Բոլորս էլ կհամաձայնվենք, որ մեզ համար մեծ օրհնություն է լինել քրիստոնեական ժողովի մի մասնիկը։ Երբ մեր հանդիպումներին ուսումնասիրում ենք Աստծու Խոսքը և սիրով ու բարությամբ աջակցում ենք իրար, դա մեզ օգնում է կենտրոնացած մնալ մրցանակի վրա։ Սակայն լինում են պահեր, երբ թյուրիմացությունների պատճառով լարվածություն է առաջանում ժողովի անդամների միջև։ Եթե նման խնդիրները չլուծենք, դրանք հեշտությամբ կարող են վիրավորանքի զգացում առաջացնել (կարդա 1 Պետրոս 3։8, 9

8, 9. ա) Ո՞ր հատկությունները կօգնեն մեզ ստանալ կյանքի մրցանակը։ բ) Ի՞նչը կօգնի մեզ խաղաղություն պահպանել, եթե հավատակիցը հիասթափեցնի մեզ։

8 Ի՞նչ կարող ենք անել, որ վիրավորանքի զգացումը չզրկի մեզ մրցանակից։ Պողոսը կողոսացիներին հորդորեց. «Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ՝ հագեք խոր կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը։ Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք։ Այս ամենից բացի, սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (Կող. 3։12–14

9 Սերն ու բարությունը կօգնեն մեզ ներել իրար։ Օրինակ, երբ հավատակցի խոսքերից կամ գործերից վիրավորվենք, կարող ենք հիշել դեպքեր, երբ մենք ենք անբարյացակամորեն խոսել կամ գործել։ Մի՞թե չենք գնահատում մեր եղբայրների ու քույրերի սերն ու բարությունը, որ նրանք ցուցաբերել են մեր հանդեպ՝ աչք փակելով մեր սխալների վրա (կարդա Ժողովող 7։21, 22)։ Որքա՜ն շնորհակալ ենք Քրիստոսի բարության համար, ով հավաքում է Աստծու ճշմարիտ երկրպագուներին և նրանց միասնական դարձնում (Կող. 3։15)։ Մենք սիրում ենք նույն Աստծուն, քարոզում ենք նույն լուրը և կրում ենք գրեթե նույն դժվարությունները։ Երբ սեր ու բարություն դրսևորելով՝ ներում ենք միմյանց, այդպիսով նպաստում ենք քրիստոնեական միությանը և կյանքի մրցանակը մեր աչքերի առաջ ենք պահում։

10, 11. ա) Նախանձը ինչո՞ւ է վտանգավոր։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որ նախանձը չզրկի մեզ մրցանակից։

10 Աստվածաշնչում նշված նախազգուշական օրինակները հիշեցնում են, որ նախանձը կարող է զրկել մեզ մրցանակից։ Օրինակ՝ Կայենը սկսեց նախանձել իր եղբայր Աբելին ու սպանեց նրան։ Կորխը, Դաթանն ու Աբիրոնը նախանձեցին Մովսեսին ու նրա դեմ դուրս եկան։ Սավուղը նախանձում էր Դավթին նրա ունեցած հաջողությունների համար ու փորձում էր սպանել նրան։ Իզուր չէ, որ Աստծու Խոսքը զգուշացնում է մեզ. «Որտեղ նախանձ ու կռվասիրություն կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան» (Հակ. 3։16

11 Եթե մեր մեջ սեր ու բարություն զարգացնենք, դժվար թե սկսենք նախանձել ուրիշներին։ Աստվածաշունչն ասում է. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ» (1 Կորնթ. 13։4)։ Մենք չպետք է թույլ տանք, որ նախանձը արմատներ գցի մեր սրտում, ուստի պետք է ձգտենք ամեն ինչին նայել Աստծու տեսանկյունից և մեր եղբայրներին ու քույրերին համարենք նույն մարմնի անդամներ։ Դա կօգնի, որ միաբան ու համերաշխ լինենք, ինչպես խորհուրդ է տալիս Սուրբ Գիրքը. «Եթե մեկ անդամը փառավորվում է, մյուս բոլոր անդամներն էլ են ուրախանում նրա հետ» (1 Կորնթ. 12։16–18, 26)։ Երբ ուրիշները օրհնություններ ստանան, մենք ոչ թե կնախանձենք նրանց, այլ կուրախանանք։ Նկատի առնենք Սավուղ թագավորի որդու՝ Հովնաթանի օրինակը։ Նա նախանձով չլցվեց, երբ Դավիթը գահաժառանգ նշանակվեց, այլ ընդհակառակը՝ քաջալերեց նրան (1 Սամ. 23։16–18)։ Կարո՞ղ ես Հովնաթանի պես բարի ու սիրագորով լինել։

ԸՆՏԱՆԻՔՈՎ ՍՏԱՑԵՔ ՄՐՑԱՆԱԿԸ

12. Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդները կօգնեն մեզ ամբողջ ընտանիքով ստանալ կյանքի մրցանակը։

12 Եթե ընտանիքները կիրառեն աստվածաշնչյան սկզբունքները, նրանք խաղաղություն ու երջանկություն կվայելեն և կարժանանան մրցանակին։ Պողոսը ընտանիքներին վերաբերող սուրբգրային խորհուրդներ տվեց կողոսացի քրիստոնյաներին. «Կանա՛յք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես որ վայել է Քրիստոսի հետևորդներին։ Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց և դառնապես մի՛ բարկացեք նրանց վրա։ Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին ամեն ինչում, քանի որ դա է հաճելի Տիրոջը։ Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կող. 3։18–21)։ Անշուշտ կհամաձայնվես, որ եթե ամուսինները, կանայք ու երեխաները հետևեն Աստծու ներշնչմամբ գրված այս խորհուրդներին, դա մեծ օգուտ կբերի նրանց։

13. Քրիստոնյա կանայք ինչպե՞ս կարող են շահել իրենց ամուսիններին։

13 Կանա՛յք, ի՞նչ կարող եք անել, եթե ձեր անհավատ ամուսինները ձեզ վատ են վերաբերվում։ Մի՞թե նրանց հետ վիճելով կբարելավեք իրավիճակը։ Նույնիսկ եթե կարողանաք նրանց ստիպել ձեր ուզածն անել, արդյո՞ք կշահեք նրանց ու կմղեք ընդունել ճշմարտությունը։ Դժվար թե։ Սակայն եթե հարգանքով վերաբերվեք ձեր ամուսիններին՝ ընդունելով նրանց գլխավորությունը, կնպաստեք ընտանիքի խաղաղությանը, փառք կբերեք Եհովային և նույնիսկ կկարողանաք շահել ձեր ամուսիններին՝ մղելով նրանց երկրպագել Եհովային։ Այդպես կկարողանաք միասին ստանալ մրցանակը (կարդա 1 Պետրոս 3։1, 2

14. Քրիստոնյա ամուսինները ի՞նչ պետք է անեն, եթե իրենց անհավատ կանայք չեն հարգում իրենց։

14 Ամուսիննե՛ր, ի՞նչ կարող եք անել, եթե զգում եք, որ ձեր անհավատ կանայք ձեզ չեն հարգում։ Մի՞թե նրանց կմղեք ձեզ ավելի շատ հարգելու, եթե գոռաք նրանց վրա և ցույց տաք, թե ով է տերն ու տիրակալը։ Իհա՛րկե ոչ։ Աստված ցանկանում է, որ ձեր գլխավորությունը գործի դնեք սիրով՝ ընդօրինակելով Հիսուսին (Եփես. 5։23)։ Հիսուսը՝ որպես ժողովի գլուխ, սեր ու համբերատարություն է դրսևորում (Ղուկ. 9։46–48)։ Նրան նմանվելով՝ ամուսինները կարող են շահել իրենց կանանց՝ մղելով երկրպագել Եհովային։

15. Քրիստոնյա ամուսինները ինչպե՞ս են սեր արտահայտում իրենց կանանց նկատմամբ։

15 Աստվածաշունչը ամուսիններին հետևյալ խորհուրդն է տալիս. «Շարունակեք սիրել ձեր կանանց և դառնապես մի՛ բարկացեք նրանց վրա» (Կող. 3։19)։ Սիրող ամուսինը պատվում է իր կնոջը, երբ լսում է նրա կարծիքը և հավաստիացնում, որ շատ է գնահատում նրա ասածը (1 Պետ. 3։7)։ Ճիշտ է, նա միշտ չի կարող կնոջ ասածի համաձայն վարվել, սակայն եթե խորհրդակցի նրա հետ, ավելի հավասարակշռված որոշում կկայացնի (Առակ. 15։22)։ Սիրող ամուսինը ոչ թե պահանջում է, որ կինը հարգի իրեն, այլ ջանում է վաստակել այդ հարգանքը։ Եթե ամուսինը սիրում է իր կնոջն ու երեխաներին, ավելի հավանական է, որ նրա ընտանիքը ուրախությամբ կծառայի Եհովային ու կստանա կյանքի մրցանակը։

Ի՞նչ կարող ենք անել, որ ընտանեկան խնդիրները չզրկեն մեզ մրցանակից (տես պարբերություն 13–15)

ՊԱՏԱՆԻՆԵ՛Ր, ԹՈՂ ՈՉԻՆՉ ՉԶՐԿԻ ՁԵԶ ՄՐՑԱՆԱԿԻՑ

16, 17. Եթե պատանի ես, ի՞նչ կարող ես անել, որ չվրդովվես, երբ ծնողներդ խրատում են քեզ։

16 Պատանինե՛ր, ի՞նչ կարող եք անել, եթե կարծում եք, թե ձեր քրիստոնյա ծնողները ձեզ չեն հասկանում կամ սահմանափակում են ձեր ազատությունը։ Վրդովվելով՝ գուցե սկսեք կասկածել, որ Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին է։ Սակայն հիշեք. եթե վրդովվեք ու դադարեք Եհովային ծառայել, շուտով կհասկանաք, որ ոչ ոք ձեզ այնպես չի սիրում ու ձեր մասին այնպես չի մտածում, ինչպես ձեր աստվածավախ ծնողներն ու ժողովը։

17 Եթե ծնողներդ երբեք չուղղեին քեզ, մի՞թե չէիր կասկածի, որ նրանք իրոք սիրում են քեզ (Եբր. 12։8)։ Հնարավոր է՝ վրդովվում ես այն բանից, թե ինչպես են ծնողներդ քեզ դաստիարակում։ Սակայն խրատելու ձևը թող չանհանգստացնի քեզ։ Փոխարենը՝ փորձիր հասկանալ, որ նրանք թերևս պատճառ ունեն այդպես վարվելու։ Ուստի հանդարտ մնա և ձգտիր քննադատությանը չափազանց բուռն չարձագանքել։ Աստծու Խոսքն ասում է. «Իր խոսքերում զուսպ լինողը գիտելիք ունի, և խորաթափանց մարդը ոգով անվրդով է» (Առակ. 17։27)։ Քո առաջ նպատակ դիր դառնալու հասուն անձնավորություն, ով կարող է հանդարտորեն ընդունել խորհուրդը և դրանից օգուտ քաղել՝ չափից շատ չանհանգստանալով, թե ինչպես է այն տրվել (Առակ. 1։8)։ Ի՜նչ մեծ օրհնություն է ունենալ քրիստոնյա ծնողներ, որոնք իսկապես սիրում են Եհովային։ Նրանք, անկասկած, ուզում են օգնել քեզ, որ ստանաս կյանքի մրցանակը։

18. Ինչո՞ւ ես վճռել մրցանակն աչքերիդ առաջ պահել։

18 Անկախ այն բանից՝ մենք անմահություն կստանանք երկնքում, թե հավիտյան կապրենք դրախտային երկրի վրա, երբ խորհում ենք մեր մրցանակի մասին, հասկանում ենք, որ այն սքանչելի է։ Մեր հույսը հաստատ է՝ հիմնված է այն խոստման վրա, որ Արարիչն ինքն է տվել։ Դրախտ-երկրի մասին Աստված ասել է. «Երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով» (Ես. 11։9)։ Այդ ժամանակ երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ Աստծուց կրթված կլինի։ Այս մրցանակը ստանալու համար, ինչ խոսք, արժե՛ ամեն ջանք թափել։ Ուստի Եհովայի խոստումները միշտ մտքումդ պահիր և թույլ մի՛ տուր, որ ինչ-որ բան զրկի քեզ մրցանակից։