Բարություն. հատկություն, որ դրսևորվում է խոսքով ու գործով
ՄԵԿ բարի արարքն անգամ կարող է մեծ թեթևացում բերել մարդուն։ Երբ ինչ-որ մեկը հոգ է տանում մեր մասին, մեր սիրտը երախտագիտությամբ է լցվում։ Բոլորիս էլ, ինչ խոսք, դուր է գալիս, երբ մեզ հետ բարությամբ են վարվում։ Ուստի ինչպե՞ս կարող ենք մենք էլ դրսևորել այս լավ հատկությունը։
Բարի լինել նշանակում է անկեղծորեն հետաքրքրվել ուրիշների բարօրությամբ։ Այդ հետաքրքրությունը պետք է արտահայտվի բարի խոսքերով և գործերով։ Իսկական բարությունը լոկ սիրալիրություն և քաղաքավարություն չէ. այն սիրուց և կարեկցանքից է բխում։ Ավելին՝ այդպիսի բարությունը Աստծու սուրբ ոգու պտղի մաս կազմող հատկություններից է, որոնք քրիստոնյան պետք է մշակի իր մեջ (Գաղ. 5։22, 23)։ Քանի որ բարություն զարգացնելը պահանջ է, եկեք քննենք, թե Եհովան և իր Որդին ինչպես են ցուցաբերել այս հատկությունը, և թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրանց։
ԵՀՈՎԱՆ ԲԱՐԻ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՆԴԵՊ
Եհովան բարի և հոգատար է բոլորի հանդեպ, նույնիսկ «ապերախտների և չարերի» (Ղուկ. 6։35)։ Օրինակ՝ Աստված «արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթ. 5։45)։ Ուստի նույնիսկ այն մարդիկ, ովքեր նրան չեն ընդունում որպես իրենց Ստեղծիչ, կարող են օգտվել կյանքի համար անհրաժեշտ բարիքներից և ինչ-որ չափով երջանիկ լինել։
Եհովայի մեծ բարության մասին է վկայում նաև այն, ինչ նա արեց Ադամի ու Եվայի համար։ Մեղք գործելուց կարճ ժամանակ անց Ադամն ու Եվան «թզենու տերևներն իրար կարեցին և ծածկեցին իրենց մերկությունը»։ Սակայն Եհովան գիտեր, որ Եդեմի սահմաններից դուրս ապրելու համար նրանց համապատասխան հագուստ է անհրաժեշտ։ Չէ՞ որ երկիրը այդուհետ անիծված էր և «փուշ ու տատասկ» էր աճեցնելու։ Եհովան հոգ տարավ Ադամի ու Եվայի մասին և «կաշվե երկար հագուստներ պատրաստեց» նրանց համար (Ծննդ. 3։7, 17, 18, 21)։
Թեև Եհովան բարի է «թե՛ չարերի, թե՛ բարիների» հանդեպ, նա ուզում է բարություն անել հատկապես իր հավատարիմ ծառաներին։ Օրինակ՝ Զաքարիա մարգարեի օրերում հրեշտակներից մեկը խիստ անհանգստացել էր՝ տեսնելով, որ Երուսաղեմի տաճարի վերակառուցման աշխատանքները կանգ են առել։ Եհովան լսեց այդ հրեշտակի մտահոգությունը և «բարի ու մխիթարական խոսքերով» պատասխանեց նրան (Զաք. 1։12, 13)։ Աստված նույն ձևով վարվեց նաև Եղիա մարգարեի հետ։ Մի անգամ Եղիան այնքան վհատվեց, որ Եհովայից մահ խնդրեց։ Աստված հաշվի առավ մարգարեի զգացմունքները և նրան զորացնելու համար մի հրեշտակ ուղարկեց։ Նաև հավաստիացրեց, որ նա մենակ չէ։ Այդպիսի բարի խոսքեր լսելուց և ժամանակահարմար օգնություն ստանալուց հետո Եղիան ի վիճակի եղավ շարունակելու իր ծառայությունը (1 Թագ. 19։1–18)։ Իսկ Աստծու ծառաների մեջ ամենից շատ ո՞վ է աչքի ընկել բարությամբ՝ արտացոլելով Եհովայի այդ չքնաղ հատկությունը։
ՀԻՍՈՒՍԻ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը հայտնի էր որպես բարի և հոգատար անձնավորություն։ Նա երբեք կոպտորեն չէր վարվում մարդկանց հետ և չէր ճնշում նրանց։ Մի անգամ նա ջերմորեն ասաց. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ.... որովհետև իմ լուծը հարմար է» (Մատթ. 11։28–30)։ Տեսնելով Հիսուսի բարությունը՝ մարդիկ հետևում էին նրան, ուր էլ որ նա գնար։ Խղճահարությունից դրդված՝ Հիսուսը կերակրում ու բուժում էր նրանց և «շատ բաներ էր սովորեցնում» իր Հոր մասին (Մարկ. 6։34; Մատթ. 14։14; 15։32–38)։
Հիսուսի արտասովոր բարությունը տեսնում ենք նաև այն բանից, որ նա խորապես հասկանում էր մարդկանց և կարողանում էր նրանց դրության մեջ մտնել։ Նույնիսկ իր հանգստի հաշվին Հիսուսը «սիրով ընդունում էր» նրանց, ովքեր անկեղծ սրտով իր մոտ էին գալիս (Ղուկ. 9։10, 11)։ Հիշենք այն դեպքը, երբ 12 տարի արյունահոսությամբ տառապող մի կին, ծիսականորեն անմաքուր լինելով հանդերձ, դիպավ Հիսուսի վերնահագուստի ծոպերին՝ հուսալով, որ կբուժվի (Ղևտ. 15։25–28)։ Հիսուսը չհանդիմանեց այդ կնոջը, ով առանց այն էլ վախեցած էր։ Փոխարենը, կարեկցանքով լցված, ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր» (Մարկ. 5։25–34)։ Ինչպիսի՜ բարություն։
ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵՐՈՎ Է ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ
Վերոնշյալ օրինակներից տեսնում ենք, որ իսկական բարությունը գործերով է դրսևորվում։ Հիսուսը այդ կարևոր ճշմարտությունը շեշտեց՝ պատմելով բարի սամարացու մասին առակը։ Թեև սամարացիների և հրեաների միջև թշնամություն կար, սամարացին խղճաց մի հրեայի, որին թալանել էին, ծեծել ու կիսամեռ թողել ճանապարհին ընկած։ Բարությունը սամարացուն գործերի մղեց։ Նա կապեց այդ մարդու վերքերը և նրան մի իջևանատուն տարավ։ Ապա վճարեց իջևանատիրոջը, որպեսզի վերջինս հոգ տանի այդ վիրավոր մարդու մասին, և նույնիսկ ասաց, որ եթե հավելյալ ծախսեր լինեն, կվճարի, երբ վերադառնա (Ղուկ. 10։29–37)։
Թեև հաճախ բարությունը գործերով է դրսևորվում, այն կարող է արտահայտվել նաև լավ մտածված քաջալերական խոսքերով։ Օրինակ՝ Աստվածաշնչում ասվում է. «Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը, բայց բարի խոսքը ուրախացնում է այն» (Առակ. 12։25)։ Եթե առաքինի * ու բարի լինենք, կձգտենք լավ խոսքեր ասել ուրիշներին ու սրտապնդել նրանց։ Այդպես ցույց կտանք, որ մտահոգվում ենք մարդկանց մասին։ Մեր բարի խոսքերը կարող են նրանց ուժ տալ դիմակայելու փորձություններին (Առակ. 16։24)։
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՆԵՆՔ
Քանի որ մարդիկ ստեղծված են «Աստծու պատկերով», բոլորն էլ կարող են բարի լինել (Ծննդ. 1։27)։ Օրինակ, երբ Պողոս առաքյալը Հուլիոս անունով մի զինվորականի հսկողությամբ ուղևորվում էր Հռոմ, այդ մարդը «բարություն դրսևորեց Պողոսի հանդեպ և թույլ տվեց, որ [Սիդոն քաղաքում] նա գնա իր ընկերների մոտ, որպեսզի հոգ տանեն իր մասին» (Գործ. 27։3)։ Որոշ ժամանակ հետո Մալթայի բնակիչները «արտասովոր մարդասիրություն» դրսևորեցին Պողոսի և ուրիշների նկատմամբ, ովքեր նավաբեկության էին ենթարկվել։ Նրանք «կրակ վառեցին» և «օգնություն ցույց տվեցին» տուժածներին (Գործ. 28։1, 2)։ Այն, ինչ արեցին նշված մարդիկ, անշուշտ, գովելի է։ Սակայն իսկապես բարի լինելու համար հարկավոր է ոչ թե ժամանակ առ ժամանակ բարություն անել, այլ միշտ։
Աստծուն լիովին հաճեցնելու համար բարությունը պետք է դարձնենք մեր էության անբաժան մասը, մեր կենսակերպը։ Եհովան Կող. 3։12)։ Բայց պետք է ընդունենք, որ բարություն դրսևորելը միշտ չէ, որ հեշտ է։ Ինչո՞ւ։ Մեզ կարող է խանգարել ամաչկոտությունը, անվստահության զգացումը, եսասիրությունը կամ դիմացինի կողմից եկող հակառակությունը։ Սակայն մենք կարող ենք հաղթահարել այս ամենը՝ ապավինելով սուրբ ոգուն և ընդօրինակելով Եհովային (1 Կորնթ. 2։12)։
ասում է, որ «հագնենք» բարությունը (Կա՞ն ոլորտներ, որոնցում կարող ենք բարելավվել։ Եկեք ինքներս մեզ հարցնենք. «Կարեկցանքո՞վ եմ լսում մարդկանց։ Նկատո՞ւմ եմ, թե նրանք ինչի կարիք ունեն։ Ե՞րբ եմ վերջին անգամ բարություն արել նրան, ով ընտանիքիս անդամը կամ մտերիմ ընկերս չէ»։ Ինքնաքննություն անելուց հետո կարող ենք մեր առջև համապատասխան նպատակներ դնել, օրինակ՝ ձգտել ավելի լավ ճանաչել մեզ շրջապատող մարդկանց, հատկապես հավատակիցներին։ Այդպես կիմանանք, թե նրանք ինչ հանգամանքներ և ինչ կարիքներ ունեն։ Ապա պետք է նրանց բարություն անենք այնպես, ինչպես կուզեինք, որ մեզ անեին, եթե նրանց տեղը լինեինք (Մատթ. 7։12)։ Եթե Եհովային խնդրենք, որ օգնի մեզ բարություն զարգացնել, նա անպայման կօրհնի մեր ջանքերը (Ղուկ. 11։13)։
ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ
Պողոս առաքյալը իր նամակներից մեկում թվարկում է մի շարք բաներ, որոնք փաստում էին, որ ինքը Աստծու ծառա է։ Այդ բաների թվում նա հիշատակում է «բարությունը» (2 Կորնթ. 6։3–6)։ Մարդիկ ձգվում էին դեպի Պողոսը, քանի որ նա անկեղծորեն հետաքրքրվում էր իրենցով, ինչը երևում էր նրա բարի խոսքերից ու գործերից (Գործ. 28։30, 31)։ Մենք նույնպես կարող ենք մեր բարությամբ մարդկանց ձգել դեպի ճշմարտությունը։ Եթե բարի լինենք բոլորի հանդեպ, այդ թվում՝ նրանց, ովքեր հակառակվում են մեզ, նրանց թշնամանքը կարող է հօդս ցնդել (Հռոմ. 12։20)։ Նույնիսկ հնարավոր է՝ հետագայում այդ անհատներն ընդունեն աստվածաշնչյան ճշմարտությունը։
Երկրային դրախտում հարություն առած անթիվ-անհամար մարդիկ շատ կուրախանան՝ կյանքում թերևս առաջին անգամ իսկական բարություն տեսնելով։ Երախտագիտությամբ լցված՝ նրանք նույնպես կմղվեն բարություն անելու։ Այն մարդիկ, ովքեր չեն ցանկանա բարություն դրսևորել և օգնել ուրիշներին, տեղ չեն ունենա դրախտում։ Իսկ նրանք, ում Աստված հավիտենական կյանք կշնորհի, կսիրեն միմյանց և բարի կլինեն իրար հանդեպ (Սաղ. 37։9–11)։ Այո՛, մենք կապրենք խաղաղ և անվտանգ աշխարհում։ Սակայն մինչ այդ էլ մեր բարությունը կարող է հրաշալի արդյունքներ բերել։
ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ
Աստվածաշնչում գրված է. «Սիրառատ բարություն ցուցաբերող մարդը լավություն է անում իր հոգուն» (Առակ. 11։17)։ Մարդիկ սովորաբար ձգվում են դեպի բարի անձնավորությունը և հակված են լինում բարությամբ պատասխանելու նրան։ Հիսուսն ասել է. «Ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն» (Ղուկ. 6։38)։ Բարի մարդը հեշտությամբ է լավ ընկերներ գտնում և պահպանում այդ ընկերությունը։
Պողոս առաքյալը եփեսացի քրիստոնյաներին հորդորեց. «Իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» (Եփես. 4։32)։ Ժողովը ծաղկում է, երբ դրա անդամները բարություն ու կարեկցանք են դրսևորում և օգնում են իրար։ Այդպիսի մարդիկ կոպտորեն չեն խոսում միմյանց հետ, չեն քննադատում իրար և կծու խոսքերով չեն խայթում։ Բամբասելու փոխարեն՝ նրանք ձգտում են իրենց լեզվով բուժել ուրիշներին (Առակ. 12։18)։ Դրա շնորհիվ ժողովը հոգևորապես բարգավաճում է։
Այո՛, բարությունը պետք է դրսևորվի խոսքով ու գործով։ Բարի լինելով՝ մենք ընդօրինակում ենք մեր ջերմ և մեծահոգի Աստծուն՝ Եհովային (Եփես. 5։1)։ Բարությունը ամրացնում է մեր ժողովները և մարդկանց ձգում է դեպի ճշմարիտ երկրպագությունը։ Ուրեմն թող որ միշտ ճանաչված լինենք որպես բարի մարդիկ։
^ պարբ. 13 Առաքինության մասին կխոսվի ոգու պտղին նվիրված շարքի հետագա հոդվածներից մեկում։