Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 46

Հավատիդ վահանը լա՞վ վիճակում ես պահում

Հավատիդ վահանը լա՞վ վիճակում ես պահում

«Վերցրեք հավատի մեծ վահանը» (ԵՓԵՍ. 6։16

ԵՐԳ 119 Մենք պետք է հավատ ունենանք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Եփեսացիներ 6։16-ի համաձայն՝ ինչո՞ւ «հավատի մեծ վահանի» կարիք ունենք։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

ՈՒՆԵ՞Ս «հավատի մեծ վահան» (կարդա Եփեսացիներ 6։16)։ Անշուշտ ունես։ Ինչպես որ վահանն է զինվորին պաշտպանում վնասվելուց, այնպես էլ քո հավատն է պաշտպանում քեզ այս անբարո, բռնասեր և անաստված աշխարհի ապականիչ ազդեցությունից։

2 Բայց քանի որ ապրում ենք «վերջին օրերում», մեր հավատը շարունակ փորձության է ենթարկվում (2 Տիմոթ. 3։1)։ Ինչպե՞ս կարող ես զննել հավատիդ վահանը, որ իմանաս, թե այն որքան ամուր է։ Եվ ինչպե՞ս կարող ես ամուր բռնած պահել այն։ Եկեք քննարկենք այս հարցերը։

ՈՒՇԱԴԻՐ ԶՆՆԻՐ ՎԱՀԱՆԴ

Մարտից հետո զինվորները պարտավոր էին հոգ տանել իրենց վահանների մասին (տես պարբերություն 3)

3. Զինվորներն ինչպե՞ս էին խնամք տանում իրենց վահանների համար և ինչո՞ւ։

3 Աստվածաշնչյան ժամանակներում վահանները սովորաբար կաշվով էին պատված լինում։ Զինվորները դրանց վրա յուղ էին քսում, որպեսզի կաշին չչորանար, և մետաղական հատվածները չժանգոտեին։ Երբ զինվորը ստուգում էր ու տեսնում, որ իր վահանը վնասվել է, քայլեր էր ձեռնարկում, որ այն նորոգվեր։ Այդպես նա միշտ պատրաստ կլիներ հաջորդ մարտի համար։ Այս օրինակն ինչպե՞ս է առնչվում մեր հավատին։

4. Ինչո՞ւ պետք է ստուգենք մեր հավատի վահանը, և ինչպե՞ս է հարկավոր դա անել։

4 Հին ժամանակների զինվորների պես մենք էլ պետք է կանոնավորաբար ստուգենք և նորոգենք մեր հավատի վահանը, որպեսզի միշտ պատրաստ լինենք մարտի համար։ Մեր՝ քրիստոնյաներիս պատերազմը հոգևոր է, և մեր պայքարը ոգեղեն չար ուժերի դեմ է (Եփես. 6։10–12)։ Մեր փոխարեն՝ ուրիշ ոչ ոք չի կարող հոգ տանել մեր հավատի վահանի մասին։ Իսկ ինչպե՞ս կարող ես պարզել՝ պատրա՞ստ ես դիմակայելու փորձություններին։ Նախ՝ Աստծուց օգնություն խնդրիր։ Ապա՝ Աստվածաշնչի միջոցով քննիր ինքդ քեզ և փորձիր հասկանալ, թե ինչպիսին ես Եհովայի աչքում (Եբր. 4։12)։ Սուրբ Գիրքն ասում է. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր» (Առակ. 3։5, 6)։ Այժմ հիշիր, թե վերջին ժամանակներում ինչ խնդիրների ես բախվել և ինչպես ես փորձել դրանք լուծել։ Օրինակ, եթե ֆինանսական լուրջ խնդիր ես ունեցել, միտքդ եկե՞լ է Եհովայի խոստումը՝ գրված Եբրայեցիներ 13։5-ում. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»։ Այս խոստումը քեզ վստահությամբ չի՞ լցրել, որ Եհովան անպայման կօգնի քեզ։ Եթե այո, ապա դա ցույց է տալիս, որ հավատիդ վահանը լավ վիճակում ես պահում։

5. Հնարավոր է՝ ի՞նչ հայտնաբերես, երբ քննես հավատդ։

5 Ուշադիր զննելով հավատիդ վահանը, հնարավոր է, տեսնես բաներ, որոնք կզարմացնեն քեզ։ Թերևս քո մեջ հայտնաբերես թուլություններ, որոնք որոշ ժամանակ չես նկատել։ Օրինակ, գուցե հասկանաս, որ անհանգստությունները, Սատանայի տարածած ստերը և վհատության զգացումը վնասել են հավատդ։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել, որ այն այլևս չվնասվի։

ՊԱՇՏՊԱՆԻՐ ՔԵԶ ԱՅՆ ԱՄԵՆԻՑ, ԻՆՉԸ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ Է ՀԱՎԱՏԴ

6. Ինչի՞ մասին անհանգստանալն է տեղին։

6 Կան բաներ, որոնց մասին անհանգստանալը տեղին է։ Օրինակ՝ լավ է, եթե մտածում ենք, թե արդյոք մեր վարքով հաճեցնում ենք Եհովային ու Հիսուսին (1 Կորնթ. 7։32)։ Կամ եթե լուրջ մեղք ենք գործել, տեղին է անհանգստանալ Աստծու հետ մեր ունեցած փոխհարաբերությունների համար (Սաղ. 38։18)։ Բացի այդ՝ տեղին է, երբ մտածում ենք, թե ինչպես հաճեցնենք մեր կողակցին, նաև երբ մտահոգվում ենք մեր ընտանիքի ու հավատակիցների բարօրությամբ (1 Կորնթ. 7։33; 2 Կորնթ. 11։28

7. ա) Չափից շատ անհանգստանալը ինչպե՞ս կարող է վնասել մեր հավատը։ բ) Առակներ 29։25-ի համաձայն՝ ինչո՞ւ չպետք է վախենանք մարդկանցից։

7 Մյուս կողմից՝ չափից շատ անհանգստանալը կարող է վնասել մեր հավատը։ Օրինակ՝ գուցե մշտապես մտատանջվենք բավարար ուտելիք և հագուստ ունենալու համար (Մատթ. 6։31, 32)։ Այդ անհանգստությունը նվազեցնելու համար գուցե սկսենք կենտրոնանալ ունեցվածք ձեռք բերելու վրա, նույնիսկ հնարավոր է՝ մեր մեջ փողասիրություն զարգանա։ Եթե թույլ տանք, որ նման բան պատահի, Եհովայի հանդեպ մեր հավատը կթուլանա, և մենք հոգևոր մեծ վնաս կկրենք (Մարկ. 4։19; 1 Տիմոթ. 6։10)։ Կամ հնարավոր է՝ չափից շատ անհանգստանանք մեկ այլ պատճառով, օրինակ, թե ուրիշներն ինչ են մտածում մեր մասին։ Այդ դեպքում մենք ավելի շատ կվախենանք մարդկանց կողմից ծաղրվելուց ու հալածվելուց, քան Աստծու հավանությունը կորցնելուց։ Այս վտանգից պաշտպանվելու համար պետք է Եհովայից հավատ ու քաջություն խնդրենք, որ կարողանանք հաղթահարել մարդավախությունը (կարդա Առակներ 29։25; Ղուկ. 17։5

(տես պարբերություն 8) *

8. Ինչպե՞ս պետք է արձագանքենք հավատուրացների ստերին։

8 Սատանան՝ «ստության հայրը», իր իշխանության տակ գտնվողների միջոցով Եհովայի և մեր հավատակիցների մասին ստեր է տարածում (Հովհ. 8։44)։ Օրինակ՝ հավատուրացները խեղաթյուրում են Եհովայի կազմակերպության մասին փաստերը և ստեր են հրապարակում ինտերնետային կայքերում, հեռուստածրագրերում և այլ ԶԼՄ-ներում։ Այդ ստերը Սատանայի «կրակոտ նետերից» են (Եփես. 6։16)։ Իսկ ի՞նչ պետք է անենք, եթե ինչ-որ մեկը փորձի, նման ստեր ասելով, ներքաշել մեզ զրույցի մեջ։ Մենք չենք լսի նրան, քանի որ հավատում ենք Եհովային և վստահում ենք մեր եղբայրներին։ Մենք որևէ ձևով շփման մեջ չենք մտնի հավատուրացների հետ և թույլ չենք տա, որ ինչ-որ մեկը կամ որևէ բան, այդ թվում՝ մեր իսկ հետաքրքրասիրությունը դրդի մեզ լսել նրանց կամ ներքաշվել բանավեճի մեջ։

9. Վհատությունն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մեզ վրա։

9 Վհատությունը կարող է թուլացնել մեր հավատը։ Երբեմն մենք վհատվում ենք մեր խնդիրների պատճառով։ Ինչ խոսք, մենք չենք կարող անտեսել դրանք։ Դա անպատասխանատու քայլ կլինի։ Սակայն չպետք է թույլ տանք, որ այդ խնդիրները մթագնեն մեր միտքը, հակառակ դեպքում մեր մեջ կմարի այն հույսը, որ Եհովան տվել է մեզ (Հայտն. 21։3, 4)։ Վհատությունը կարող է այն աստիճան քամել մեր ուժերը, որ դադարենք ծառայել Աստծուն (Առակ. 24։10)։ Թող որ երբեք նման բան չպատահի մեզ։

10. Ի՞նչ ես սովորում մի քրոջ խոսքերից։

10 Տեսնենք, թե ԱՄՆ-ում ապրող մի քույր, որը խնամում է ծանր հիվանդությամբ տառապող իր ամուսնուն, ինչպես է կարողանում ամուր պահել իր հավատը։ Գլխավոր վարչություն ուղարկած նամակում նա գրել է. «Մեր վիճակը երբեմն շատ ծանր ու վհատեցնող է լինում, բայց մեր հույսը վառ է։ Անչափ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ Եհովան ժամանակին տալիս է մեր հավատը զորացնելու և մեզ քաջալերելու համար։ Մենք այդ քաջալերանքի և խորհուրդների կարիքը շատ ունենք։ Դրանք օգնում են, որ թևաթափ չլինենք և դիմանանք ամեն փորձության, որի միջոցով Սատանան ջանում է թուլացնել մեր հավատը»։ Այս քրոջ խոսքերից հասկանում ենք, որ մենք ի զորու ենք հաղթահարել վհատությունը։ Ինչպե՞ս։ Պետք է գիտակցենք, որ Սատանան մեր խնդիրները կարող է վերածել փորձության։ Բայց մենք նվիրված կմնանք Աստծուն, եթե հիշենք, որ Եհովան ամեն մխիթարության Աղբյուրն է, և եթե թանկ գնահատենք նրա տված հոգևոր սնունդը։

Լա՞վ վիճակում եք պահում ձեր «հավատի մեծ վահանը» (տես պարբերություն 11) *

11. Ո՞ր հարցերը կօգնեն ստուգել, թե որքան ամուր է մեր հավատը։

11 Նկատեցի՞ր, թե որ ոլորտներում հավատիդ վահանն ամրացնելու կարիք կա։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում կարողացե՞լ ես այնպես անել, որ անհանգստությունները չկլանեն քեզ։ Հաջողվե՞լ է ականջ չդնել հավատուրացների ստերին և բանավեճի մեջ չմտնել նրանց հետ։ Կարողացե՞լ ես հաղթահարել վհատության զգացումը։ Եթե այո, ապա քո հավատի վահանը լավ վիճակում է։ Սակայն հարկավոր է միշտ զգոն լինել, որովհետև Սատանան այլ զենքեր էլ է օգտագործում մեր դեմ։ Քննենք դրանցից մեկը։

ՊԱՇՏՊԱՆԻՐ ՔԵԶ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ

12. Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել նյութապաշտությունը։

12 Նյութապաշտությունը կարող է շեղել մեզ Եհովային ծառայելուց և թուլացնել մեր հավատը։ Պողոս առաքյալն ասել է. «Ոչ մի զինվոր իրեն զինվորագրողի բարեհաճությունը ստանալու համար չի զբաղվում շահութաբեր կողմնակի գործերով» (2 Տիմոթ. 2։4)։ Հռոմեական զինվորներին թույլ չէր տրվում կողմնակի աշխատանքով զբաղվել։ Ի՞նչ կլիներ, եթե զինվորը անտեսեր այս պահանջը։

13. Զինվորն ինչո՞ւ չպետք է կողմնակի գործով զբաղվեր։

13 Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Զորախումբը առավոտյան մասնակցում է սրամարտի մարզումներին։ Սակայն զինվորներից մեկը այնտեղ չէ։ Նա քաղաքի շուկայում սնունդ է վաճառում։ Երեկոյան զինվորները ստուգում են իրենց զենք ու զրահը և սրում են սրերը։ Իսկ այդ զինվորը զբաղված է իր առևտրային գործերով. նա պատրաստություն է տեսնում, որ հաջորդ օրն էլ մթերք ունենա վաճառելու։ Առավոտյան թշնամու զորքը հանկարծակի հարձակում է գործում։ Ո՞ր զինվորը պատրաստ կլինի մարտին, և ո՞ր մեկից հրամանատարը գոհ կմնա։ Եթե դու էլ զինվոր լինեիր, ո՞ւմ հետ կուզեիր մարտի դուրս գալ՝ նրա, ով առևտրո՞վ էր զբաղված, թե՞ նրանց, ովքեր պատրաստ էին պատերազմելու։

14. Որպես Քրիստոսի զինվորներ՝ մենք ի՞նչն ենք թանկ համարում։

14 Որպես լավ զինվորներ՝ մենք չենք շեղվում մեր գլխավոր նպատակից, այն է՝ գոհացնել մեր Հրամանատարներին՝ Եհովային և Հիսուսին։ Նրանց հավանությունը մեզ համար շատ ավելի թանկ է, քան ցանկացած բան, որ կարող է առաջարկել Սատանայի աշխարհը։ Մենք մեր ժամանակն ու ուժերը տրամադրում ենք Եհովային ծառայելուն և ամեն ինչ անում ենք, որ մեր հոգևոր ողջ սպառազինությունը, այդ թվում՝ հավատի վահանը լավ վիճակում պահենք։

15. Պողոսը ի՞նչ նախազգուշացում է տվել մեզ և ինչո՞ւ։

15 Մենք երբեք չպետք է կորցնենք մեր զգոնությունը։ Ինչո՞ւ։ Պողոս առաքյալը նախազգուշացրել է, որ «նրանք, ովքեր որոշում են հարստանալ», «շեղվում են հավատից» (1 Տիմոթ. 6։9, 10)։ Շեղվելով՝ քրիստոնյան ձգտում է այնպիսի իրեր ձեռք բերել, որոնց կարիքը իրականում չունի։ Եվ այդպես նրա սրտում «անմիտ ու վնասակար ցանկություններ» են բույն դնում։ Ուստի լավ կանենք, եթե հիշենք, որ նման ցանկությունները Սատանայի զենքերն են, որոնք նա օգտագործում է մեր հավատի վահանը վնասելու նպատակով։

16. Մարկոս 10։17–22 համարները հաշվի առնելով՝ ո՞ր հարցերի շուրջ պետք է մտածենք։

16 Մյուս կողմից՝ ենթադրենք՝ բավականաչափ փող ունենք և կարող ենք թույլ տալ մեզ շատ իրեր գնել։ Այդ դեպքում սխա՞լ է գնել այնպիսի բաներ, որոնք ցանկանում ենք ունենալ, սակայն մեզ այնքան էլ անհրաժեշտ չեն։ Պարտադիր չէ։ Բայց մտածենք հետևյալ հարցերի շուրջ։ Անգամ եթե ի վիճակի ենք գնելու որևէ իր, ժամանակ և ուժ ունե՞նք այն օգտագործելու և լավ վիճակում պահելու համար։ Մեր սիրտը չի՞ կապվի այդ իրերի հետ։ Իսկ այդ կապվածությունը պատճառ չի՞ դառնա, որ վարվենք այն երիտասարդի պես, որը մերժեց Հիսուսի հրավերը և չցանկացավ ավելին անել Աստծու համար (կարդա Մարկոս 10։17–22)։ Որքա՜ն ավելի լավ է պարզ կյանքով ապրել և մեր թանկագին ժամանակն ու ուժերը ծախսել Եհովայի կամքը կատարելու համար։

ԱՄՈՒՐ ՊԱՀԻՐ ՀԱՎԱՏԻԴ ՎԱՀԱՆԸ

17. Ի՞նչը երբեք չպետք է մոռանանք։

17 Մենք երբեք չպետք է մոռանանք, որ պատերազմի մեջ ենք և որ պետք է պատրաստ լինենք ամեն օր պայքար մղելու (Հայտն. 12։17)։ Նաև հիշենք, որ եղբայրներն ու քույրերը չեն կարող մեր փոխարեն կրել մեր վահանը։ Մենք ենք, որ պետք է ամուր պահենք այն։

18. Հին ժամանակներում զինվորներն ինչո՞ւ էին ամուր բռնած պահում իրենց վահանը։

18 Հին ժամանակներում զինվորը պատվի էր արժանանում պատերազմում դրսևորած քաջության համար։ Բայց եթե մարտիկը տուն էր վերադառնում առանց վահանի, դա խայտառակություն էր համարվում։ Հռոմեացի պատմագիր Տակիտոսը գրել է. «Վահանը մարտի դաշտում թողնելը զինվորի համար ամենամեծ անպատվությունն էր»։ Դա պատճառներից մեկն էր, թե ինչու էին զինվորները մարտի ժամանակ ամուր բռնած պահում իրենց վահանը։

Քույրը ամուր բռնել է իր հավատի մեծ վահանը՝ կարդալով Աստծու Խոսքը, կանոնավորաբար հաճախելով ժողովի հանդիպումներին և լիարժեքորեն մասնակցելով ծառայությանը (տես պարբերություն 19)

19. Ինչպե՞ս կարող ենք ամուր բռնած պահել մեր հավատի վահանը։

19 Մենք կկարողանանք մեր հավատի վահանը պինդ բռնած պահել, եթե կանոնավորաբար հաճախենք ժողովի հանդիպումներին և մարդկանց հետ խոսենք Աստծու անվան ու Թագավորության մասին, նաև եթե ամեն օր կարդանք Նրա Խոսքը և աղոթենք, որ օգնի կիրառել այնտեղ գրվածը (Եբր. 10։23–25; 2 Տիմոթ. 3։16, 17)։ Այդ դեպքում Սատանայի օգտագործած և ոչ մի զենք մնայուն վնաս չի հասցնի մեզ (Ես. 54։17)։ Մեր «հավատի մեծ վահանը» մեզ կպաշտպանի, և մենք, եղբայրների ու քույրերի հետ մեջք մեջքի տված, անսասան կմնանք։ Եվ կհաղթենք ոչ միայն մեր ամենօրյա մարտերում, այլև պատիվ կունենանք տեսնելու այն հաղթանակը, որ Հիսուսը կտանի Սատանայի ու նրա հետևորդների դեմ (Հայտն. 17։14; 20։10

ԵՐԳ 118 «Ավելացրու մեր հավատը»

^ պարբ. 5 Զինվորին մարտի դաշտում պաշտպանվելու համար վահան է պետք։ Մեր հավատը նման է վահանի։ Ինչպես բառացի վահանն է անհրաժեշտ նորոգել և լավ վիճակում պահել, այնպես էլ մեր հավատն է հարկավոր ամրացնել։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչ կարող ենք անել, որ մեր «հավատի մեծ վահանը» լավ վիճակում լինի։

^ պարբ. 58 ՆԿԱՐ։ Երբ հեռուստացույցով հավատուրացների մասնակցությամբ հաղորդում է սկսվում, Եհովայի վկա ընտանիքը անմիջապես անջատում է հեռուստացույցը։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Հետո՝ ընտանեկան երկրպագության ժամանակ, հայրը Աստվածաշնչի օգնությամբ ամրացնում է իր ընտանիքի անդամների հավատը։