Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 46

Քա՛ջ եղիր, Եհովան է քո օգնականը

Քա՛ջ եղիր, Եհովան է քո օգնականը

«Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (ԵԲՐ. 13։5

ԵՐԳ 55 Նրանցից մի՛ վախեցիր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչը կարող է մխիթարել մեզ, երբ միայնակ զգանք մեր խնդիրների դեմ պայքարում (Սաղմոս 118։5–7

ԵՐԲԵՎԷ եղե՞լ է, որ քեզ միայնակ զգաս քո խնդիրների դեմ պայքարում, ասես որևէ մեկը չկա, որ օգնության ձեռք մեկնի։ Շատերն են նման զգացում ունեցել, այդ թվում՝ Եհովայի հավատարիմ ծառաները (1 Թագ. 19։14)։ Եթե դու էլ մի օր հայտնվես նման իրավիճակում, հիշիր Եհովայի հետևյալ խոստումը. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»։ Ուստի համոզվածությամբ կարող ենք ասել. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը» (Եբր. 13։5, 6)։ Պողոս առաքյալի այս խոսքերը, որոնք նա գրել է մոտ 61 թվականին Հրեաստանում գտնվող իր հավատակիցներին, մեզ հիշեցնում են Սաղմոս 118։5–7 համարները (կարդա

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում և ինչո՞ւ։

2 Սաղմոսերգուի նման Պողոսը իր անձնական փորձից գիտեր, որ Եհովան իր Օգնականն է։ Օրինակ՝ «Եբրայեցիներ» նամակը գրելուց երկու տարի առաջ նա մի վտանգավոր ճանապարհորդություն էր կատարել փոթորկոտ ծովի միջով (Գործ. 27։4, 15, 20)։ Թե՛ այդ ճանապարհորդության ընթացքում, թե՛ դրանից առաջ Եհովան տարբեր կերպերով փաստել էր, որ Պողոսի Օգնականն է։ Այս հոդվածում կքննենք դրանցից երեքը։ Եհովան օգնում էր նրան Հիսուսի ու հրեշտակների, իշխանություն ունեցող մարդկանց և հավատակիցների միջոցով։ Ուսումնասիրելով Պողոսի կյանքից որոշ իրադարձություններ՝ մենք կավելացնենք մեր վստահությունը Աստծու այն խոստման հանդեպ, որ նա ականջ կդնի օգնության մեր աղաղակին։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԻՍՈՒՍԻ ԵՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

3. Ինչի՞ մասին կարող էր մտածել Պողոսը և ինչո՞ւ։

3 Մ. թ. 56 թվականին Պողոսը դժվար կացության մեջ էր հայտնվել և օգնության կարիք ուներ։ Երուսաղեմում ամբոխը, տաճարից քարշ տալով, նրան դուրս էր հանել և ցանկանում էր սպանել։ Իսկ հաջորդ օրը, երբ Պողոսին բերեցին Սինեդրիոնի առաջ, նրա թշնամիները ուզում էին կտոր-կտոր անել նրան (Գործ. 21։30–32; 22։30; 23։6–10)։ Այդ ժամանակ նա կարող էր մտածել. «Դեռ որքա՞ն կկարողանամ դիմանալ այս ամենին»։

4. Եհովան ինչպե՞ս օգնեց Պողոսին Հիսուսի միջոցով։

4 Ի՞նչ օգնություն ստացավ Պողոսը։ Պողոսի ձերբակալության գիշերը «Տերը»՝ Հիսուսը, կանգնեց նրա կողքին ու ասաց. «Քա՛ջ եղիր, որովհետև ինչպես Երուսաղեմում իմ մասին հիմնովին վկայություն տվեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես» (Գործ. 23։11)։ Այս քաջալերական խոսքերը ճիշտ ժամանակին էին ասված։ Հիսուսը գովեց Պողոսին Երուսաղեմում տված վկայության համար և ասաց, որ Հռոմում էլ պետք է վկայություն տա։ Սա նշանակում էր, որ Պողոսը ապահով հասնելու էր Հռոմ։ Նման հավաստիացումը Պողոսին պետք է որ լցրած լիներ ապահովության այնպիսի զգացումով, ինչպիսին փոքրիկ երեխան է ունենում իր հոր գրկում։

Կատաղի փոթորկի ժամանակ հրեշտակը Պողոսին հավաստիացնում է, որ նավում իր հետ եղող բոլոր մարդիկ փրկվելու են վտանգավոր ճանապարհորդությունից (տես պարբերություն 5)

5. Ինչպե՞ս Եհովան օգնեց Պողոսին հրեշտակի միջոցով (տես շապիկի նկարը)։

5 Ուրիշ ի՞նչ խնդիրների բախվեց Պողոսը։ Երուսաղեմում տեղի ունեցած դեպքերից մոտ երկու տարի անց Պողոսը նավով ուղևորվում էր Իտալիա։ Ծովում կատաղի փոթորիկ բարձրացավ, այնպես որ նավի անձնակազմն ու ուղևորները այլևս փրկվելու հույս չունեին։ Սակայն Պողոսը չէր վախեցել։ Ինչո՞ւ։ Ահա, թե նա ինչ ասաց նավի վրա գտնվողներին. «Այս գիշեր Աստծու հրեշտակներից մեկը, այն Աստծու, որին ես երկրպագում եմ ու սուրբ ծառայություն եմ մատուցում, կանգնեց կողքիս և ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս։ Դու դեռ պետք է կայսրի առաջ կանգնես, և ահա Աստված քեզ է շնորհել բոլոր նրանց, ովքեր նավում քեզ հետ են»»։ Եհովան հրեշտակի բերանով կրկնեց իր այն խոստումը, որ տվել էր Հիսուսի միջոցով։ Ինչպեսև խոստացել էր Եհովան, Պողոսը հասավ Հռոմ (Գործ. 27։20–25; 28։16

6. Հիսուսի ո՞ր խոստումը կարող է զորացնել մեզ և ինչո՞ւ։

6 Ի՞նչ օգնություն ենք մենք ստանում։ Հիսուսը մեզ էլ կզորացնի, ինչպես որ զորացրեց Պողոսին։ Նա իր բոլոր հետևորդներին խոստացել է. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20)։ Հիսուսի այս խոսքերը զորության աղբյուր են մեզ համար։ Ինչո՞ւ։ Քանի որ լինում են օրեր, երբ դժվար է տոկալ։ Օրինակ՝ երբ մահանում է մեր սիրելի հարազատը, մենք ցավ ենք ապրում ոչ թե մի քանի օր, այլ գուցե երկար տարիներ։ Ուրիշներն էլ դժվար օրեր են անցկացնում ծերության բերած խնդիրների պատճառով։ Իսկ մյուսները տխուր օրեր են ունենում դեպրեսիայի պատճառով։ Նույնիսկ նման դեպքերում մենք կարող ենք ուժ գտնել տոկալու՝ իմանալով, որ Հիսուսը մեզ հետ է «բոլոր օրերում», այդ թվում՝ մեր կյանքի ամենամռայլ օրերում (Մատթ. 11։28–30

Հրեշտակները աջակցում և առաջնորդում են մեզ քարոզչական գործում (տես պարբերություն 7)

7. Հայտնություն 14։6-ի համաձայն՝ Եհովան ինչպե՞ս է օգնում մեզ այսօր։

7 Աստծու Խոսքը հավաստիացնում է, որ Եհովան մեզ օգնում է նաև հրեշտակների միջոցով (Եբր. 1։7, 14)։ Օրինակ՝ նրանք աջակցում և առաջնորդում են մեզ, երբ «Թագավորության.... բարի լուրը» քարոզում ենք «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» (Մատթ. 24։13, 14; կարդա Հայտնություն 14։6

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՑ

8. Եհովան ինչպե՞ս օգնեց Պողոսին զորապետի միջոցով։

8 Ի՞նչ օգնություն ստացավ Պողոսը։ Ինչպես արդեն նշեցինք, 56 թվականին Հիսուսը Պողոսին խոստացել էր, որ նա հասնելու է Հռոմ։ Սակայն Երուսաղեմում որոշ հրեաներ դավադրություն էին կազմակերպել, որ սպանեին նրան։ Երբ հռոմեական բանակի զորապետ Կլավդիոս Լիսիասը իմացավ այդ դավադրության մասին, օգնության հասավ Պողոսին։ Նա Պողոսին մեծ թվով զինվորների հսկողության ներքո անմիջապես ուղարկեց Կեսարիա, որը Երուսաղեմից 105 կիլոմետր (65 մղոն) հեռու էր գտնվում։ Այնտեղ Ֆելիքս կառավարիչը հրամայեց, որ Պողոսին «հսկողության տակ պահեն Հերովդեսի պրետորական պալատում»։ Դավադիրների ձեռքերն այլևս չէին կարող հասնել Պողոսին (Գործ. 23։12–35

9. Կառավարիչ Ֆեստոսը ինչպե՞ս օգնեց Պողոսին։

9 Երկու տարի անց առաքյալը դեռ բանտարկված էր Կեսարիայում։ Այդ ժամանակ Ֆելիքսի փոխարեն կառավարիչ էր նշանակվել Ֆեստոսը։ Հրեաները աղաչեցին նրան, որ Պողոսին ուղարկի Երուսաղեմ՝ դատվելու։ Բայց Ֆեստոսը մերժեց նրանց խնդրանքը։ Հավանաբար, նա տեղյակ էր, որ հրեաները «դարան էին մտել, որ ճանապարհին սպանեին» նրան (Գործ. 24։27–25։5

10. Ի՞նչ արեց կառավարիչ Ֆեստոսը, երբ Պողոսը պահանջեց, որ կայսրը քննի իր գործը։

10 Պողոսի դատավարությունը տեղի ունեցավ Կեսարիայում։ Ֆեստոսը, «ցանկանալով շահել հրեաների բարեհաճությունը», Պողոսին հարցրեց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ գնալ ու այս բաների համար այնտե՛ղ դատվել իմ առաջ»։ Պողոսը գիտեր, որ Երուսաղեմում իրեն մահ էր սպասում, բայց նա նաև գիտեր, թե ինչպես կարող էր փրկել իր կյանքը, հասնել Հռոմ և այնտեղ էլ վկայություն տալ։ Ուստի ասաց. «Ես կայսրի՛ն եմ բողոքում»։ Պողոսին Հռոմ ուղարկելու Ֆեստոսի որոշումը փրկեց առաքյալի կյանքը։ Շուտով Պողոսը Հռոմում կլիներ՝ հեռու իր թշնամիներից (Գործ. 25։6–12

11. Հավանաբար Եսայիայի ո՞ր խոսքերի շուրջ էր խորհրդածել Պողոսը։

11 Մինչ Պողոսը պատրաստվում էր ուղևորվել դեպի Իտալիա, հավանաբար մտածում էր այն նախազգուշացման մասին, որ Եսայիան տվել էր Եհովայի հակառակորդներին։ Սուրբ ոգու ներշնչմամբ մարգարեն գրել էր. «Ծրագի՛ր կազմեք, բայց այն խափանվելու է։ Որևէ խո՛սք ասացեք, բայց այն չի կատարվելու, որովհետև Աստված մեզ հետ է» (Ես. 8։10)։ Պողոսը գիտեր, որ Աստված օգնելու է իրեն, և այդ միտքը ուժ էր տալիս նրան, որ դիմանա առջևում սպասվող դժվարություններին։

Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Եհովան կարող է մղել իշխանություն ունեցողներին պաշտպանել իր ծառաներին (տես պարբերություն 12)

12. Ինչպե՞ս էր Հուլիոսը վարվում Պողոսի հետ, և, հավանաբար, ո՞ւմ ձեռքն էր տեսնում Պողոսը այդ ամենի հետևում։

12 Մ. թ. 58 թ.-ին Պողոսը ուղևորվեց դեպի Իտալիա։ Քանի որ նա բանտարկյալ էր, Հուլիոս անունով մի զինվորական նշանակվել էր հսկելու նրան այդ ճանապարհորդության ընթացքում։ Հուլիոսը կարող էր Պողոսի կյանքը անտանելի դարձնել, բայց կարող էր նաև թեթևացնել այն։ Տեսնենք, թե նա ինչպես վարվեց։ Հաջորդ օրը, երբ նրանք կանգ առան Սիդոն քաղաքում, «Հուլիոսը բարություն դրսևորեց Պողոսի հանդեպ և թույլ տվեց, որ նա գնա իր ընկերների մոտ»։ Հետագայում նա նույնիսկ փրկեց Պողոսի կյանքը։ Ինչպե՞ս։ Երբ զինվորները ուզում էին սպանել նավի վրա գտնվող բանտարկյալներին, Հուլիոսը թույլ չտվեց, քանի որ «ուզում էր փրկել Պողոսին»։ Հավանաբար, Պողոսը տեսնում էր, որ Եհովան է այդ բարի հարյուրապետի ձեռքով օգնում ու պաշտպանում իրեն (Գործ. 27։1–3, 42–44

Տես պարբերություն 13

13. Ինչպե՞ս կարող է Եհովան իշխանություն ունեցողների միջոցով իրագործել իր նպատակները։

13 Ի՞նչ օգնություն ենք մենք ստանում։ Եհովան իր հզոր ոգու միջոցով կարող է մղել իշխանություն ունեցողներին անելու իր ուզածը։ Սողոմոն թագավորը գրել է. «Թագավորի սիրտը Եհովայի ձեռքում ջրի հոսքի պես է։ Դեպի ուր որ նա ուզում է, ուղղում է այն» (Առակ. 21։1)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Մարդիկ, ջրանցք փորելով, կարող են գետի հունը փոխել իրենց նախընտրած ուղղությամբ։ Նմանապես Եհովան իր ոգու միջոցով կարող է փոխել ղեկավարների միտքը, որ վերջիններս իրագործեն իր նպատակները։ Երբ Եհովան այդպես է վարվում, իշխանություն ունեցող մարդիկ այնպիսի որոշումներ են կայացնում, որոնք ծառայում են իր ժողովրդի օգտին (համեմատիր Եզրաս 7։21, 25, 26

14. Ըստ Գործեր 12։5-ի՝ ո՞ւմ մասին կարող ենք աղոթել։

14 Ի՞նչ կարող ենք անել։ Կարող ենք աղոթել «թագավորների և բոլոր բարձր դիրք ունեցողների համար», երբ նրանք պետք է այնպիսի որոշումներ կայացնեն, որոնք գուցե ազդեն մեր քրիստոնեական կյանքի և ծառայության վրա (1 Տիմոթ. 2։1, 2; Նեեմ. 1։11)։ Առաջին դարի քրիստոնյաների նման մենք էլ պետք է ջերմեռանդորեն աղոթենք մեր եղբայրների ու քույրերի համար, ովքեր բանտարկված են (կարդա Գործեր 12։5; Եբր. 13։3)։ Բացի այդ՝ մենք պետք է աղոթենք նաև բանտապահների համար, ովքեր հսկում են մեր եղբայրներին և քույրերին։ Մենք կարող ենք խնդրել Եհովային, որ ազդի նրանց մտքի վրա, որպեսզի նրանք էլ Հուլիոսի պես մեր հավատակիցների հետ բարությամբ վարվեն։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ

15–16. Եհովան ինչպե՞ս օգնեց Պողոսին Արիստարքոսի և Ղուկասի միջոցով։

15 Ի՞նչ օգնություն ստացավ Պողոսը։ Դեպի Հռոմ ճանապարհորդության ընթացքում Եհովան բազմիցս օգնեց Պողոսին հավատակիցների միջոցով։ Եկեք տեսնենք մի քանի օրինակ։

16 Պողոսի հավատարիմ ընկերներ Արիստարքոսն ու Ղուկասը որոշել էին նրա հետ գնալ Հռոմ։ * Նրանք պատրաստակամորեն վտանգեցին իրենց կյանքը Պողոսի հետ լինելու համար։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Հիսուսը նրանց հավաստիացրել էր, որ ապահով կհասնեն Հռոմ։ Միայն այդ վտանգավոր ճանապարհորդության ընթացքում նրանք իմացան, որ ողջ են մնալու։ Ուստի երբ Կեսարիայում Արիստարքոսն ու Ղուկասը նավ բարձրացան, ամենայն հավանականությամբ, Պողոսը սրտանց շնորհակալություն հայտնեց Եհովային՝ այդ քաջ եղբայրների միջոցով տրամադրած օգնության համար (Գործ. 27։1, 2, 20–25

17. Եհովան ինչպե՞ս օգնեց Պողոսին հավատակիցների միջոցով։

17 Այս ճանապարհորդության ընթացքում Պողոսը տարբեր առիթներով աջակցություն ստացավ նաև իր մյուս հավատակիցներից։ Օրինակ՝ Սիդոն քաղաքում, երբ Հուլիոսը նրան «թույլ տվեց, որ նա գնա իր ընկերների մոտ», վերջիններս հոգ տարան նրա մասին։ Իսկ Պատիողոս քաղաքում Պողոսն ու իր ընկերակիցները «եղբայրների գտան», ովքեր «աղաչեցին [նրանց] յոթ օր իրենց մոտ մնալ»։ Մինչ այս քաղաքներում գտնվող հավատակիցները հոգ էին տանում Պողոսի և նրա ընկերակիցների մասին, Պողոսը, անկասկած, քաջալերական դեպքեր էր պատմում իրենց հյուրընկալողներին, ինչը մեծ ուրախություն էր պատճառում նրանց (համեմատիր Գործեր 15։2, 3)։ Թարմացած ու քաջալերված՝ Պողոսն ու իր ընկերակիցները շարունակեցին իրենց ճանապարհորդությունը (Գործ. 27։3; 28։13, 14

Ինչպես Պողոսին, այնպես էլ մեզ Եհովան օգնում է հավատակիցների միջոցով (տես պարբերություն 18)

18. Ինչո՞ւ Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջությամբ լցվեց։

18 Երբ Պողոսը ժամանեց Հռոմ, նա թերևս մտածում էր այն մասին, թե ինչ է գրել այդ քաղաքի ժողովին երեք տարի առաջ. «Արդեն մի քանի տարի է, ինչ փափագում եմ ձեզ մոտ գալ» (Հռոմ. 15։23)։ Բայց նա չէր մտածում, որ նրանց մոտ գնալու է որպես բանտարկյալ։ Մի պահ պատկերացրու, թե որքան քաջալերվեց նա՝ տեսնելով իրեն դիմավորելու եկած Հռոմի եղբայրներին։ «Նրանց տեսնելուն պես՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ» (Գործ. 28։15)։ Իսկ ինչո՞ւ Պողոսը Աստծուն շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ եղբայրները եկել էին իրեն տեսնելու։ Քանի որ հասկանում էր, որ Եհովան է հավատակիցների միջոցով օգնում իրեն։

Տես պարբերություն 19

19. Հաշվի առնելով 1 Պետրոս 4։10-ը՝ Եհովան մեր միջոցով ինչպե՞ս կարող է օգնել կարիքի մեջ գտնվողներին։

19 Ի՞նչ կարող ենք անել։ Ձեր ժողովում կա՞ն եղբայրներ ու քույրեր, ովքեր լուրջ առողջական խնդիրներ ունեն, հարազատ են կորցրել կամ այլ դժվարությունների միջով են անցնում։ Եթե ճանաչում ես նման հավատակցի, խնդրիր Եհովային, որ օգնի քեզ մի բարի բան ասել կամ անել նրա համար։ Գուցե դա հենց այն օգնությունը լինի, ինչի կարիքը մեր եղբայրը կամ քույրը ունի (կարդա 1 Պետրոս 4։10 * Թերևս դա նրանց կրկին վստահությամբ լցնի, որ Եհովայի հետևյալ խոստումը իրենց էլ է վերաբերում. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»։ Անշուշտ, դա քեզ մեծ ուրախություն կպատճառի։

20. Ինչո՞ւ կարող ենք համոզվածությամբ ասել՝ «Եհովան է իմ օգնականը»։

20 Պողոսի և նրա ընկերակիցների պես մենք էլ ենք բախվում կատաղի փոթորիկների, սակայն կյանքի ծովում։ Նրանց պես մենք էլ կարող ենք քաջությամբ լցվել, քանի որ Եհովան մեզ հետ է։ Նա օգնում է մեզ Հիսուսի և հրեշտակների միջոցով։ Բացի այդ՝ նա կարող է աջակցել մեզ իշխանություն ունեցող մարդկանց միջոցով, եթե դա ներդաշնակ է իր նպատակներին։ Եվ ինչպես շատերս ենք մեր փորձով համոզվել, նա կարող է իր սուրբ ոգով մղել մեր հավատակիցներին, որ օգնության ձեռք մեկնեն մեզ։ Ուստի Պողոսի նման կարող ենք համոզվածությամբ ասել. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը» (Եբր. 13։6

ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ

^ պարբ. 5 Այս հոդվածից կիմանանք, թե Եհովան ինչ երեք կերպերով է օգնել Պողոս առաքյալին հաղթահարել իր դժվարությունները։ Քննելով, թե ինչպես է Աստված անցյալում աջակցել իր ծառաներին՝ համոզվածությամբ կլցվենք, որ նա այսօր էլ կօգնի մեզ հաղթահարել կյանքի փոթորկանման դժվարությունները։

^ պարբ. 16 Արիստարքոսն ու Ղուկասը նախկինում էլ էին ճանապարհորդել Պողոսի հետ։ Նրանք չլքեցին առաքյալին նաև Հռոմում, երբ նա բանտարկված էր (Գործ. 16։10–12; 20։4; Կող. 4։10, 14

^ պարբ. 19 Տես «Դիտարանի» 2009 թ. հունվարի 15-ի թողարկումը (էջ 12–14, պրբ. 5–9)։