Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 36

Պատրա՞ստ ես դառնալու «մարդկանց որսորդ»

Պատրա՞ստ ես դառնալու «մարդկանց որսորդ»

«Մի՛ վախեցիր։ Այսուհետև դու մարդկանց պիտի որսաս» (ՂՈՒԿ. 5։10

ԵՐԳ 73 Համարձակություն տուր մեզ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Հիսուսը ի՞նչ հրավեր ուղղեց չորս ձկնորսների, և ինչպե՞ս նրանք արձագանքեցին։

ՊԵՏՐՈՍ, Անդրեաս, Հակոբոս և Հովհաննես աշակերտները ձկնորսությամբ էին զբաղվում։ Պատկերացրեք, թե նրանք որքան զարմացան, երբ լսեցին Հիսուսի հետևյալ հրավերը. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ * Ինչպե՞ս նրանք արձագանքեցին։ Աստվածաշունչն ասում է. «Նրանք էլ իսկույն թողեցին ցանցերն ու գնացին նրա հետևից» (Մատթ. 4։18–22)։ Այդ որոշումը մեկընդմիշտ փոխելու էր նրանց կյանքը։ Ձուկ որսալու փոխարեն՝ նրանք «մարդկանց պիտի որսային» (Ղուկ. 5։10)։ Այսօր Հիսուսը նույն հրավերը ուղղում է նաև բոլոր այն ազնվասիրտ մարդկանց, ովքեր սիրում են ճշմարտությունը (Մատթ. 28։19, 20)։ Իսկ դու ընդունե՞լ ես այդ հրավերը։

2. Ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերվենք «մարդկանց որսորդներ» դառնալու որոշմանը, և ի՞նչ պետք է անենք նախքան որոշում կայացնելը։

2 Թերևս արդեն բավականին ժամանակ է, ինչ Աստվածաշունչ ես ուսումնասիրում և փոփոխություններ ես արել քո կյանքում, ու հիմա մտածում ես՝ դառնա՞լ բարի լուրի քարոզիչ, թե՞ ոչ։ Եթե վարանում ես ընդունել Հիսուսի հրավերը, քեզ վատ մի՛ զգա։ Դա նշանակում է, որ հասկանում ես այդ որոշման կարևորությունը։ Ճիշտ է, Աստվածաշնչում ասվում է, որ Պետրոսն ու իր ընկերները «իսկույն» թողեցին իրենց ցանցերը և հետևեցին Հիսուսին, սակայն նրանք այդ որոշումը հապճեպորեն չկայացրին։ Նրանք Հիսուսի հետ ծանոթացել էին ավելի քան վեց ամիս առաջ և ընդունել էին, որ նա է Մեսիան (Հովհ. 1։35–42)։ Դու էլ արդեն շատ բան գիտես Եհովայի ու Հիսուսի մասին և ձգտում ես հոգևորապես առաջադիմել։ Սակայն նախքան որոշում կայացնելը լավ կլինի՝ «հաշվես ծախսդ»։ Իսկ ի՞նչն օգնեց Պետրոսին, Անդրեասին և ուրիշներին ընդունել Հիսուսի հրավերը։

3. Ի՞նչը կարող է օգնել քեզ, որ դառնաս բարի լուրի հմուտ քարոզիչ։

3 Հիսուսի առաջին աշակերտները լավ ձկնորս լինելու համար ունեին մղիչ ուժ, գիտելիքներ, քաջություն և ինքնակարգապահություն։ Անկասկած, այս ամենը օգնեց նրանց դառնալ նաև մարդկանց հմուտ «որսորդներ»։ Հոդվածում կքննարկենք, թե դու ինչպես կարող ես ունենալ մղիչ ուժ, ձեռք բերել գիտելիքներ, զարգացնել քաջություն և ինքնակարգապահություն, որպեսզի դառնաս բարի լուրի հմուտ քարոզիչ։

ՄՂԻՉ ՈՒԺ

Պետրոսն ու իր ընկերները դարձան «մարդկանց որսորդներ»։ Այս կարևոր գործը շարունակվում է նաև մեր օրերում (տես պարբերություն 4–5)

4. Ինչո՞ւ էր Պետրոսը ձկնորսությամբ զբաղվում։

4 Պետրոսը ձկնորսությամբ էր զբաղվում, որպեսզի հոգար իր ընտանիքի կարիքները (Հովհ. 21։3, 9–15)։ Բայց դա նրա համար պարզապես աշխատանք չէր։ Նա սիրում էր ձկնորսությունը։ Պետրոսը սիրեց նաև «մարդկանց որսալու» գործը։ Եհովայի օգնությամբ նա շատ հմուտ դարձավ այդ գործում (Գործ. 2։14, 41

5. Ղուկաս 5։8–11 համարների համաձայն՝ ինչո՞ւ էր Պետրոսը վախեցել, և ի՞նչը կարող է օգնել մեզ հաղթահարել վախի և անվստահության զգացումը։

5 Մենք քարոզում ենք, քանի որ սիրում ենք Եհովային։ Դա է մեր հիմնական մղիչ ուժը։ Եհովայի հանդեպ սերը կարող է օգնել մեզ հաղթահարել վախի և անվստահության զգացումը։ Երբ Հիսուսը Պետրոսին հրավիրեց դառնալու «մարդկանց որսորդ», նրան ասաց. «Մի՛ վախեցիր» (կարդա Ղուկաս 5։8–11)։ Պետրոսը վախով չէր համակվել՝ մտածելով, թե ինչ կարող է պատահել իրեն, երբ ինքը դառնա Հիսուսի աշակերտ։ Նա պարզապես ապշել էր, որ Հիսուսի հրաշքի շնորհիվ այդքան շատ ձուկ էին բռնել, և վախենում էր, որ չի կարողանա նրա համար լավ համագործակից լինել։ Գուցե դու էլ ես վախի և անվստահության զգացում ունենում, երբ մտածում ես, թե ինչ է նշանակում լինել Հիսուսի աշակերտ։ Եթե այդպես է, ամրացրու սերդ Եհովայի, Հիսուսի և մերձավորիդ հանդեպ։ Դա կմղի քեզ ընդունելու Հիսուսի հրավերը (Մատթ. 22։37, 39; Հովհ. 14։15

6. Ուրիշ ի՞նչն է մղում մեզ քարոզելու։

6 Տեսնենք, թե քարոզելու ուրիշ ինչ պատճառներ ունենք։ Մենք ուզում ենք հնազանդվել Հիսուսի հետևյալ պատվերին. «Գնացեք և.... աշակերտներ պատրաստեք» (Մատթ. 28։19, 20)։ Բացի այդ՝ մենք քարոզում ենք, քանի որ մարդիկ «կեղեքված են և ցիրուցան եղած» ու շատ մեծ կարիք ունեն իմանալու Թագավորության մասին ճշմարտությունը (Մատթ. 9։36)։ Եհովան ուզում է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն (1 Տիմոթ. 2։4

7. Հռոմեացիներ 10։13–15 համարները ինչպե՞ս են ընդգծում քարոզչական գործի կարևորությունը։

7 Մենք կմղվենք մասնակցելու քարոզչական գործին, եթե մտածենք դրա բերած օգուտների մասին։ Ի տարբերություն ձկնորսների՝ ովքեր վաճառում կամ ուտում են իրենց բռնած ձուկը, մենք «որսում ենք» մարդկանց, որպեսզի փրկենք նրանց կյանքը (կարդա Հռոմեացիներ 10։13–15; 1 Տիմոթ. 4։16

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

8–9. Ի՞նչ պետք է իմանա ձկնորսը և ինչո՞ւ։

8 Հիսուսի օրերում ձկնորսները պետք է իմանային, թե որտեղ ինչ տեսակի ձուկ կարող էին որսալ (Ղևտ. 11։9–12)։ Սովորաբար ձկները լողում են այնպիսի ջրերում, որտեղ պայմանները նպաստավոր են, և շատ ուտելիք կա։ Ձկնորսի համար կարևոր է նաև ընտրել ճիշտ ժամանակը։ Տեսնենք, թե դրա վերաբերյալ ինչ է ասել Խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկում ապրող մի Վկա։ Երբ նա հրավիրեց միսիոներներից մեկին ձուկ բռնելու, միսիոները նրան ասաց. «Դե՜, կհանդիպենք առավոտյան ժամը իննին»։ Եղբայրը պատասխանեց. «Չէ՛, այդպես չի լինի, մենք պետք է գնանք այն ժամին, երբ ձկներին է «հարմար», ոչ թե մեզ»։

9 Նմանապես առաջին դարում «մարդկանց որսորդները» գիտեին, թե որ ժամին որտեղ կարող էին հնարավորինս շատ մարդկանց հանդիպել։ Օրինակ՝ Հիսուսի հետևորդները քարոզում էին տաճարում և ժողովարաններում, տնից տուն և հրապարակներում (Գործ. 5։42; 17։17; 18։4)։ Նրանց պես մենք էլ պետք է ծանոթ լինենք մեր տարածքում ապրող մարդկանց առօրյային։ Պետք է ճկուն լինենք և քարոզենք այն վայրերում և այն ժամերին, երբ ավելի հավանական է, որ մարդկանց կհանդիպենք (1 Կորնթ. 9։19–23

ՀՄՈՒՏ ՁԿՆՈՐՍԸ աշխատում է այն ժամերին և այն վայրերում, որտեղ ավելի հավանական է, որ ձուկ կլինի (տես պարբերություն 8–9)

10. Ի՞նչ գործիքներ է Եհովայի կազմակերպությունը տրամադրել։

10 Ձկնորսը պետք է նաև համապատասխան գործիքներ ունենա և կարողանա օգտվել դրանցից։ Մենք նույնպես պետք է ունենանք քարոզելու համար անհրաժեշտ գործիքներ և կարողանանք օգտագործել դրանք։ Հիսուսն իր աշակերտներին հստակ հրահանգներ տվեց մարդկանց «որսալու» վերաբերյալ։ Նա նրանց ասաց, թե իրենց հետ ինչ վերցնեն, ինչ՝ ոչ, որտեղ քարոզեն և ինչ ասեն (Մատթ. 10։5–7; Ղուկ. 10։1–11)։ Այսօր Եհովայի կազմակերպությունը մեզ տրամադրել է «Ուսուցանելու գործիքների արկղը», որում ծառայության համար շատ արդյունավետ գործիքներ կան։ * Այն նաև սովորեցնում է՝ ինչպես օգտվել դրանցից։ Այդ կրթության շնորհիվ մենք վստահություն ու փորձ ենք ձեռք բերում, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետորեն քարոզել և ուսուցանել (2 Տիմոթ. 2։15

ՀՄՈՒՏ ՁԿՆՈՐՍԸ գիտի, թե ինչպես օգտվել համապատասխան գործիքներից (տես պարբերություն 10)

ՔԱՋՈՒԹՅՈՒՆ

11. «Մարդկանց որսորդները» ինչո՞ւ պետք է քաջ լինեն։

11 Ձկնորսները պետք է քաջ լինեն, քանի որ բաց ծովում կարող են անսպասելի իրավիճակներում հայտնվել։ Հաճախ նրանք գիշերով են աշխատում և այնպիսի ջրերում, որտեղ ամեն պահի կարող է փոթորիկ սկսվել։ Մենք նույնպես քաջության կարիք ունենք։ Երբ սկսում ենք քարոզել և մարդկանց հայտնել, որ Եհովայի վկա ենք, գուցե մենք էլ փոթորկանման իրավիճակներում հայտնվենք։ Օրինակ՝ հնարավոր է՝ մեր ընտանիքի անդամները սկսեն հալածել մեզ, ծանոթներն ու ընկերները ծաղրուծանակի ենթարկեն, իսկ քարոզելիս հակառակության բախվենք։ Բայց դա մեզ չի զարմացնում, քանի որ Հիսուսը զգուշացրել էր, որ իր հետևորդներին ուղարկում է քարոզելու «գայլերի» մեջ (Մատթ. 10։16

12. Հեսու 1։7–9 համարների համաձայն՝ ի՞նչը կօգնի, որ քաջ լինես։

12 Ի՞նչը կօգնի, որ քաջ լինես։ Նախ՝ պետք է համոզված լինես, որ Հիսուսը շարունակում է երկնքից առաջնորդել քարոզչական գործը (Հովհ. 16։33; Հայտն. 14։14–16)։ Հետո պետք է ամրացնես հավատդ Եհովայի այն խոստման հանդեպ, որ նա հոգ կտանի քո մասին (Մատթ. 6։32–34)։ Որքան ամուր լինի հավատդ, այնքան ավելի քաջ կլինես։ Պետրոսն ու իր ընկերները մեծ հավատ դրսևորեցին, երբ թողեցին իրենց բիզնեսը և Հիսուսին հետևեցին։ Դու էլ ես մեծ հավատ դրսևորել, երբ հարազատներիդ ու ընկերներիդ ասել ես, որ Աստվածաշունչ ես ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ և հաճախում ես նրանց հանդիպումներին։ Անկասկած, շատ փոփոխություններ ես արել քո ապրելակերպի ու վարքի մեջ, որպեսզի ապրես Եհովայի արդար չափանիշներով։ Դրա համար նույնպես հավատ ու քաջություն է պետք։ Քաջ եղիր և կտեսնես, որ «քո Աստված Եհովան քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ դու գնաս» (կարդա Հեսու 1։7–9

ՀՄՈՒՏ ՁԿՆՈՐՍԸ քաջությամբ աշխատում է նույնիսկ անբարենպաստ պայմաններում (տես պարբերություն 11–12)

13. Խորհրդածությունն ու աղոթքը ինչպե՞ս կօգնեն, որ քաջ լինես։

13 Ուրիշ ի՞նչը կօգնի, որ քաջ լինես։ Աղոթիր, որ Եհովան քեզ քաջություն և համարձակություն տա (Գործ. 4։29, 31)։ Նա կլսի ու կպատասխանի աղոթքներիդ և երբեք քեզ չի թողնի։ Նա միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել։ Խորհիր այն մասին, թե ինչպես է Եհովան նախկինում փրկել ուրիշներին։ Նաև մտածիր, թե ինչպես է նա անձամբ քեզ օգնել հաղթահարել դժվարություններդ և ուժ տվել, որ փոփոխություններ անես քո կյանքում։ Անկասկած, նա, ով կարողացավ իր ժողովրդին անցկացնել Կարմիր ծովի միջով, կկարողանա օգնել քեզ, որ դառնաս Քրիստոսի աշակերտ (Ելք 14։13)։ Դու էլ կարող ես ունենալ սաղմոսերգուի համոզվածությունը, ով ասաց. «Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը» (Սաղ. 118։6

14. Ի՞նչ ենք սովորում Մասաէի և Տոմոյոյի օրինակներից։

14 Մենք քաջությամբ կլցվենք, եթե խորհենք նաև այն մարդկանց օրինակների շուրջ, ովքեր բնույթով ամաչկոտ են եղել, բայց Եհովայի օգնությամբ կարողացել են քաջ լինել։ Մասաէ անունով մի քույր շատ ամաչկոտ էր և մտածում էր, որ երբեք չի կարողանա ուրիշների հետ խոսել իր հավատի մասին։ Անծանոթների հետ խոսելու միտքն անգամ նրան սարսափեցնում էր. դա նրա համար մի անհաղթահարելի խոչընդոտ էր։ Բայց Մասաէն մեծ ջանքեր թափեց, որ խորացնի իր սերը Աստծու և մերձավորի հանդեպ։ Բացի այդ՝ նա մտածեց այն մասին, թե որքան հրատապ է քարոզչական գործը և աղոթեց, որ Եհովան իր մեջ քարոզելու ցանկություն առաջացնի։ Նա հաղթահարեց իր վախերը և նույնիսկ կարողացավ ռահվիրա ծառայել։ Եհովան օգնում է նաև նոր քարոզիչներին, որ քաջ լինեն։ Նկատի առնենք Տոմոյո անունով քրոջ օրինակը։ Երբ նա առաջին անգամ տնետուն գնաց, դուռը բացեց մի կին ու բղավելով ասաց. «Ես ոչ մի գործ չե՛մ ուզում ունենալ Եհովայի վկաների հետ»։ Հետո նա շրխկացնելով փակեց դուռը։ Բայց Տոմոյոն չվախեցավ։ Նա իր ծառայակցին ասաց. «Լսեցի՞ր։ Մի բառ էլ չհասցրի ասել, և նա իմացավ, որ Եհովայի վկա եմ։ Այնքա՜ն ուրախ եմ դրա համար»։ Այժմ Տոմոյոն ռահվիրա է։

ԻՆՔՆԱԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

15. Ի՞նչ է ինքնակարգապահությունը, և ինչո՞ւ է կարևոր, որ քրիստոնյան ունենա այս հատկությունը։

15 Լավ ձկնորսները ինքնակարգապահ են։ Ըստ մի բառարանի՝ ինքնակարգապահությունը «մի ունակություն է, որի շնորհիվ մարդ կարողանում է ինքն իրեն ստիպել անելու այն, ինչ պետք է արվի»։ Ձկնորսը պետք է ինքնակարգապահ լինի, որպեսզի կարողանա առավոտյան վաղ արթնանալ և աշխատել այնքան, որքան անհրաժեշտ է, անգամ եղանակային վատ պայմաններում։ Մենք նույնպես պետք է ինքնակարգապահ լինենք, եթե ուզում ենք տոկալ և ավարտին հասցնել մեր գործը (Մատթ. 10։22

16. Ի՞նչը կօգնի ինքնակարգապահ լինել։

16 Ինքնակարգապահությունը ժառանգաբար չի փոխանցվում։ Ընդհակառակը՝ ի ծնե մենք հակված ենք անելու այն, ինչ հեշտ է։ Ուստի ինքնակարգապահ լինելու համար անհրաժեշտ է ինքնատիրապետում ունենալ։ Մեզ օգնություն է պետք, որ սովորենք անել այն բաները, որոնք այնքան էլ հեշտ չեն։ Այդ օգնությունը Եհովան տրամադրում է իր սուրբ ոգու միջոցով (Գաղ. 5։22, 23

17. 1 Կորնթացիներ 9։25–27 համարների համաձայն՝ Պողոս առաքյալը ի՞նչ ջանքեր էր թափում ինքնակարգապահություն զարգացնելու համար։

17 Պողոս առաքյալը ինքնակարգապահ էր։ Բայց նա ընդունում էր, որ պետք է «հարվածի» իր մարմնին, որպեսզի կարողանա անել այն, ինչ ճիշտ է (կարդա 1 Կորնթացիներ 9։25–27)։ Նա մյուսներին էլ էր հորդորում ինքնակարգապահ լինել ու ամեն ինչ անել «պարկեշտությամբ և կարգուկանոնով» (1 Կորնթ. 14։40)։ Մենք նույնպես պետք է ինքնակարգապահ լինենք, որպեսզի կարողանանք պահպանել մեր հոգևոր լավ սովորությունները, օրինակ՝ կանոնավորաբար քարոզչական գործին մասնակցելը (Գործ. 2։46

ՄԻ՛ ՀԵՏԱՁԳԻՐ

18. Եհովան ե՞րբ է մեզ հաջողակ համարում։

18 Ձկնորսները իրենց հաջողությունը չափում են բռնած ձկների քանակով։ Սակայն մենք մեր հաջողությունը չենք չափում նրանով, թե քանի հոգու ենք օգնել միանալ Աստծու կազմակերպությանը (Ղուկ. 8։11–15)։ Քանի դեռ մասնակցում ենք քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին, Եհովան մեզ հաջողակ է համարում։ Ինչո՞ւ։ Քանի որ այդպիսով հնազանդվում ենք նրան և նրա Որդուն (Մարկ. 13։10; Գործ. 5։28, 29

19–20. Ինչո՞ւ է կարևոր հատկապես հիմա մասնակցել քարոզչական գործին։

19 Կան երկրներ, որտեղ թույլատրվում է ձկնորսությամբ զբաղվել միայն որոշ ամիսների։ Այդպիսի երկրներում, երբ ձկնորսության սեզոնը մոտենում է ավարտին, ձկնորսները հրատապության զգացումով են սկսում անել իրենց գործը։ Աշխարհի վախճանը արագորեն մոտենում է, և կյանքեր փրկելու գործի համար շատ քիչ ժամանակ է մնացել։ Ուստի կարևոր է, որ հատկապես հիմա մասնակցենք քարոզչական գործին։ Մի՛ հապաղիր և մի՛ սպասիր կատարյալ պայմանների (Ժող. 11։4

20 Հիմա է ժամանակը, որ մղվես մասնակցելու քարոզչական գործին, խորացնես աստվածաշնչյան գիտելիքներդ և զարգացնես քաջություն ու ինքնակարգապահություն։ Միացիր ավելի քան ութ միլիոն քարոզիչների բանակին և վայելիր այն ուրախությունը, որ տալիս է Եհովան (Նեեմ. 8։10)։ Վճռիր լիարժեքորեն մասնակցել այս գործին, մինչև որ Եհովան կասի՝ բավական է։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչ երեք կերպերով կարող ենք ամրացնել Թագավորության բարի լուրը քարոզելու մեր վճռականությունը։

ԵՐԳ 66 Հռչակենք բարի լուրը

^ պարբ. 5 Հիսուսը մի քանի խոնարհ ու աշխատասեր ձկնորսների հրավիրեց լինելու իր աշակերտները։ Այսօր էլ նա նման հատկություններ ունեցողներին հրավիրում է դառնալու իր աշակերտները և լինելու «մարդկանց որսորդներ»։ Հոդվածում կքննարկենք, թե ինչ կարող են անել այն Աստվածաշունչ ուսումնասիրողները, ովքեր վարանում են ընդունել Հիսուսի հրավերը։

^ պարբ. 1 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ «Մարդկանց որսորդներ» արտահայտությունը վերաբերում է նրանց, ովքեր քարոզում են բարի լուրը և օգնում մարդկանց դառնալու Քրիստոսի աշակերտ։

^ պարբ. 10 Տես «Ճշմարտությունը սովորեցնենք» հոդվածը «Դիտարանի» 2018 թվականի հոկտեմբերի համարում, էջ 11–16։