ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 38
Մտերմացիր քո հոգևոր ընտանիքի հետ
«Ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ» (ՀՈՎՀ. 20։17)։
ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Աստծու հավատարիմ ծառաները ի՞նչ փոխհարաբերություններ կարող են ունենալ նրա հետ։
ԵՀՈՎԱՆ իրեն պաշտողների մի մեծ ընտանիք ունի։ Այդ ընտանիքի մաս են կազմում Հիսուսը, ով «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկն» է, և անհամար հրեշտակները (Կող. 1։15; Սաղ. 103։20)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, օգնեց մարդկանց հասկանալ, որ Եհովան նաև իր երկրային հավատարիմ ծառաների Հայրն է։ Մի անգամ իր աշակերտների հետ խոսելիս նա Եհովայի մասին ասաց. «Իմ Հայրը.... և ձեր Հայրը» (Հովհ. 20։17)։ Եվ երբ մենք նվիրվում ենք Եհովային և մկրտվում, դառնում ենք եղբայրներից ու քույրերից բաղկացած սիրառատ ընտանիքի մի մասը (Մարկ. 10։29, 30)։
2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Ոմանք դժվարանում են Եհովային ընդունել որպես սիրառատ Հոր։ Ոմանք էլ չգիտեն, թե ինչպես արտահայտեն իրենց սերը հավատակիցների հանդեպ։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես է Հիսուսը օգնում մեզ, որ Եհովային դիտենք որպես սիրառատ Հոր՝ մեկը, ում հետ կարող ենք մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել։ Նաև կիմանանք, թե ինչպես է Եհովան վերաբերվում մեր հավատակիցներին, և թե մենք ինչպես կարող ենք ընդօրինակել նրան այդ հարցում։
ԵՀՈՎԱՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՄՏԵՐՄԱՆԱՍ ԻՐ ՀԵՏ
3. Տիպար աղոթքն ինչպե՞ս է մտերմացնում մեզ Եհովայի հետ։
3 Եհովան սիրառատ Հայր է։ Հիսուսն ուզում է, որ մենք Եհովայի վերաբերյալ ունենանք նույն տեսակետը, ինչ ինքը։ Նրա համար Եհովան մատչելի անձնավորություն է, ջերմ ու հոգատար ծնող, ոչ թե պարզապես մի հեղինակավոր անձնավորություն, ով միայն հրահանգներ է տալիս։ Դա հստակ երևում է տիպար աղոթքից, որը Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին։ Այն սկսվում է հետևյալ խոսքերով. «Հա՛յր մեր» (Մատթ. 6։9)։ Նա կարող էր իր աշակերտներին սովորեցնել, որ Եհովային դիմեին Աստվածաշնչում նշված այլ տիտղոսներով, որոնք նույնպես տեղին կլինեին, ինչպես, օրինակ, «Ամենակարող», «Արարիչ» կամ «հավիտենության Թագավոր» (Ծննդ. 49։25; Ես. 40։28; 1 Տիմոթ. 1։17)։ Բայց Հիսուսը ավելի մտերմիկ բառ օգտագործեց՝ «Հա՛յր»։
4. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ուզում է՝ մտերմանանք իր հետ։
4 Դժվարանո՞ւմ ես Եհովային ընդունել որպես սիրառատ Հոր։ Մեզանից ոմանք դժվարանում են։ Պատճառը գուցե այն է, որ հոգատար հայր չենք ունեցել։ Սակայն մխիթարական է իմանալ, որ Եհովան լիովին հասկանում է մեզ։ Նա ցանկանում է մտերիմ փոխհարաբերություններ ունենալ մեզ հետ։ Դրա համար նրա Խոսքում հետևյալ հորդորն է տրվում. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակ. 4։8)։ Եհովան սիրում է մեզ և խոստանում է լինել ամենալավ Հայրը մեզ համար։
5. Ղուկաս 10։22-ի համաձայն՝ Հիսուսն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ մտերմանանք Եհովայի հետ։
5 Հիսուսը կարող է օգնել մեզ, որ մտերմանանք Եհովայի հետ։ Նա շատ լավ է ճանաչում Եհովային և կատարելապես արտացոլում է նրա հատկությունները։ Ուստի կարող էր ասել. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14։9)։ Ավագ եղբոր պես՝ Հիսուսը մեզ սովորեցնում է, թե ինչպես հարգենք ու հնազանդվենք մեր Հորը, ինչպես խուսափենք նրան տհաճեցնելուց և ինչպես արժանանանք նրա հավանությանը։ Իսկ երբ ուսումնասիրում ենք Հիսուսի երկրային կյանքը, հստակ տեսնում ենք, թե որքան բարի ու հոգատար է Եհովան (կարդա Ղուկաս 10։22)։ Քննենք նրա կյանքից մի քանի դրվագ։
6. Բեր օրինակներ, երբ Հիսուսն աղոթել է, և Եհովան լսել է նրան։
6 Եհովան լսում է իր զավակներին։ Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսը հաճախ էր աղոթում իր Հորը, և վերջինս, անկասկած, լսում էր իր անդրանիկ Որդուն (Ղուկ. 5։16)։ Եհովան լսում էր Հիսուսին, երբ նա աղոթում էր նախքան կարևոր որոշումներ կայացնելը, օրինակ, երբ պետք է ընտրեր իր 12 առաքյալներին (Ղուկ. 6։12, 13)։ Եհովան նաև լսում էր Հիսուսի աղոթքները, երբ վերջինս ծանր ապրումներ էր ունենում։ Նախքան Հուդան կմատներ նրան, Հիսուսն աղոթեց իր Հորը, որ կարողանա հաղթահարել այդ դժվար փորձությունը։ Եհովան ոչ միայն լսեց իր սիրելի Որդուն, այլև հրեշտակ ուղարկեց, որ զորացնի նրան (Ղուկ. 22։41–44)։
7. Ի՞նչ ենք զգում՝ իմանալով, որ Եհովան լսում է մեր աղոթքները։
7 Եհովան այսօր էլ է լսում իր սիրելի ծառաներին։ Նա նրանց աղոթքներին պատասխանում է ճիշտ ժամանակին և լավագույն ձևով (Սաղ. 116։1, 2)։ Տեսնենք, թե Հնդկաստանում ապրող մի քույր ինչպես է համոզվել դրանում։ Նա հուզական լուրջ խնդիրներ ուներ և այդ մասին ջերմեռանդորեն աղոթում էր Եհովային։ Քույրը պատմում է. ««JW հեռարձակման» 2019 թ. մայիսի թողարկումը անհանգստություններն ու մտահոգությունները հաղթահարելու մասին էր։ Դա հենց այն էր, ինչ ինձ պետք էր։ Այդպես Եհովան պատասխանեց իմ աղոթքներին»։
8. Եհովան ինչպե՞ս է սեր դրսևորել Հիսուսի հանդեպ։
8 Եհովան սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին, ճիշտ ինչպես սիրում և հոգ էր տանում իր Որդու մասին նրա երկրային կյանքի ողջ ընթացքում (Հովհ. 5։20)։ Նա հոգում էր Հիսուսի հոգևոր, էմոցիոնալ և ֆիզիկական կարիքները։ Բացի այդ՝ Եհովան չէր վարանում ասել իր Որդուն, որ սիրում ու հավանում է նրան (Մատթ. 3։16, 17)։ Հիսուսը գիտեր, որ իր երկնային սիրառատ Հայրը միշտ իր կողքին է և պատրաստ է օգնելու, ուստի երբեք իրեն միայնակ չէր զգում (Հովհ. 8։16)։
9. Ի՞նչն է փաստում, որ Եհովան սիրում է մեզ։
9 Հիսուսի պես՝ բոլորս էլ շատ անգամներ ենք զգացել Եհովայի սերը։ Մի պահ մտածիր. Եհովան մեզ ձգել է դեպի իրեն և տվել է սիրառատ ու միասնական հոգևոր ընտանիք, որպեսզի երջանիկ լինենք ու կարողանանք բավարարել մեր էմոցիոնալ կարիքները (Հովհ. 6։44)։ Եհովան նաև միշտ ապահովում է մեզ հոգևոր առատ սննդով։ Նա նույնիսկ օգնում է մեզ հոգալ մեր նյութական կարիքները (Մատթ. 6։31, 32)։ Խորհելով Աստծու դրսևորած սիրո մասին՝ մենք ավելի շատ ենք սկսում սիրել նրան։
ՀՈԳԵՎՈՐ ԸՆՏԱՆԻՔԻԴ ՎԵՐԱԲԵՐՎԻՐ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԵՀՈՎԱՆ
10. Ի՞նչ ենք սովորում մեր հավատակիցների հանդեպ ունեցած Եհովայի վերաբերմունքից։
10 Եհովան սիրում է մեր եղբայրներին ու քույրերին։ Բայց մեզ համար միշտ չէ, որ հեշտ է սիրել նրանց կամ արտահայտել այդ սերը։ Չէ՞ որ մենք տարբերվում ենք մեր մշակույթով և դաստիարակությամբ։ Բացի այդ՝ բոլորս էլ անում ենք սխալներ, որոնք հնարավոր է՝ նյարդայնացնեն և հիասթափեցնեն ուրիշներին։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք նպաստել այն բանին, որ մեր հոգևոր ընտանիքում սիրո կապերն ամրանան։ Դա կարող ենք անել, եթե ընդօրինակելով մեր երկնային Հորը՝ սեր դրսևորենք հավատակիցների հանդեպ (Եփես. 5։1, 2; 1 Հովհ. 4։19)։ Եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Եհովայից։
11. Հիսուսն ինչպե՞ս արտացոլեց Եհովայի «խոր կարեկցանքը»։
11 Եհովան «խոր կարեկցանք» է դրսևորում (Ղուկ. 1։78)։ Կարեկից մարդը, տեսնելով ուրիշի տառապանքը, ցավ է ապրում և կերպեր է փնտրում, որպեսզի օգնի ու մխիթարի նրան։ Այն, թե ինչպես էր Հիսուսը վերաբերվում մարդկանց, արտացոլում էր այն խոր կարեկցանքը, որ Եհովան զգում էր նրանց հանդեպ (Հովհ. 5։19)։ Մի անգամ Հիսուսը, տեսնելով մարդկանց բազմությունը, «խղճաց նրանց, որովհետև կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթ. 9։36)։ Հիսուսը ոչ միայն ջերմ զգացմունքներ ուներ մարդկանց հանդեպ, այլև մղվում էր օգնելու նրանց. նա բուժում էր հիվանդներին և թարմություն բերում նրանց, ովքեր «հոգնած ու բեռնավորված» էին (Մատթ. 11։28–30; 14։14)։
12. Ինչպե՞ս կարող ենք կարեկցանք դրսևորել։ Բեր օրինակ։
12 Մեր հավատակիցների հանդեպ կարեկցանք դրսևորելու համար նախ պետք է մտածենք, թե ինչ խնդիրների են նրանք բախվում։
Ենթադրենք՝ քույրերից մեկը լուրջ առողջական խնդիր ունի։ Ճիշտ է, նա երբեք չի գանգատվում, սակայն ուրախ կլիներ, եթե ինչ-որ մեկը օգներ իրեն։ Ինչպե՞ս է նա հոգում իր ընտանիքի ֆիզիկական կարիքները։ Գուցե ճաշ պատրաստելու կամ տանը մաքրության գործեր անելու հարցում օգնության կարի՞ք ունի։ Կամ հնարավոր է՝ եղբայրներից մեկը կորցրել է աշխատանքը։ Կարո՞ղ ես մի փոքր գումար նվիրել, որ նա հոգա իր անհրաժեշտ կարիքները, մինչև որ աշխատանք գտնի։ Թերևս որոշես դա անանուն անել։13–14. Ինչպե՞ս կարող ենք Եհովայի պես առատաձեռն լինել։
13 Եհովան առատաձեռն է (Մատթ. 5։45)։ Մենք չպետք է սպասենք, որ մեր եղբայրներն ու քույրերը մեզանից օգնություն խնդրեն, և միայն դրանից հետո կարեկցանք դրսևորենք նրանց հանդեպ։ Ընդօրինակելով Եհովային՝ մենք պետք է այդ հարցում նախաձեռնություն վերցնենք։ Եհովան ամեն օր արևը ծագեցնում է ու չի սպասում, որ մենք խնդրենք իրենից։ Արևի ջերմությունը օգուտներ է բերում բոլորին, ոչ թե միայն երախտագետ մարդկանց։ Մեր կարիքները հոգալով՝ Եհովան իր սերն է դրսևորում մեր հանդեպ։ Մենք շատ ենք սիրում մեր Աստծուն, քանի որ նա բարի է ու առատաձեռն։
14 Եղբայրներից ու քույրերից շատերը, ընդօրինակելով մեր երկնային Հորը, նախաձեռնություն են վերցնում առատաձեռնություն դրսևորելու հարցում։ Օրինակ՝ 2013 թ. վերջերին Հայյան թայֆունը Ֆիլիպիններում մեծ ավերածությունների պատճառ դարձավ։ Բազմաթիվ հավատակիցներ կորցրին իրենց տները և ունեցվածքը։ Բայց մեր համաշխարհային հոգևոր ընտանիքը նրանց օգնության հասավ։ Շատերը օգնեցին ֆինանսապես կամ մասնակցեցին շինարարական աշխատանքներին, և մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում գրեթե 750 տուն վերակառուցվեց կամ վերանորոգվեց։ COVID-19 համավարակի ընթացքում էլ մեր եղբայրներն ու քույրերը մեծապես աջակցեցին իրար։ Երբ մենք անմիջապես օգնության ենք հասնում մեր հոգևոր ընտանիքին, փաստում ենք, որ սիրում ենք նրանց։
15–16. Ղուկաս 6։36-ի համաձայն՝ ի՞նչ պետք է անենք, որպեսզի ընդօրինակենք մեր երկնային Հորը։
15 Եհովան ողորմած է ու ներողամիտ (կարդա Ղուկաս 6։36)։ Ամեն օր մեր երկնային Հայրը ողորմածություն է դրսևորում մեր հանդեպ (Սաղ. 103։10–14)։ Հիսուսը նույնպես ողորմած ու ներողամիտ էր իր անկատար հետևորդների հանդեպ։ Նա նույնիսկ պատրաստ էր զոհելու իր կյանքը մեր մեղքերի ներման համար (1 Հովհ. 2։1, 2)։ Տեսնելով Եհովայի և Հիսուսի ողորմածությունն ու ներողամտությունը՝ մի՞թե չես մղվում ավելի մտերմանալու նրանց հետ։
16 Մենք ամրացնում ենք մեր հոգևոր ընտանիքում եղած սիրո կապերը՝ «մեծահոգաբար ներելով իրար» (Եփես. 4։32)։ Ինչ խոսք, ներելը երբեմն գուցե դժվար լինի, սակայն պետք է այդ ուղղությամբ ջանքեր թափենք։ Մի քույր պատմում է, որ «Դիտարանի» «Մեծահոգաբար ներեք միմյանց» հոդվածը շատ է օգնել իրեն այս հարցում։ * Նա գրում է. «Հոդվածն ուսումնասիրելուց հետո ներելու վերաբերյալ մոտեցումս փոխվեց. սկսեցի դրական տեսանկյունից նայել այդ հարցին։ Հոդվածում ասվում է, որ ներողամիտ լինել չի նշանակում հավանություն տալ ուրիշների սխալ վարքին կամ մեղմացնել վիրավորանքը։ Բայց եթե ներում ենք, դա նշանակում է, որ այլևս չենք սրտնեղում, և մեր սրտում խաղաղություն կա»։ Երբ մեծահոգաբար ներում ենք մեր եղբայրներին ու քույրերին, փաստում ենք, որ սիրում ենք նրանց, և ընդօրինակում ենք մեր սիրառատ Հորը։
ԹԱՆԿ ԳՆԱՀԱՏԻՐ ՔՈ ԴԵՐԸ ԵՀՈՎԱՅԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
17. Ըստ Մատթեոս 5։16-ի՝ ինչպե՞ս կարող ենք փառաբանել մեր երկնային Հորը։
17 Մեզ համար մեծ պատիվ է լինել մեր համաշխարհային սիրառատ ընտանիքի մի մասը։ Մենք ցանկանում ենք, որ հնարավորինս շատերը միանան այդ ընտանիքին։ Ուստի պետք է զգույշ լինենք, որ երբեք չանենք մի բան, ինչը վատ կանդրադառնա մեր երկնային Հոր անվան և նրա ժողովրդի վրա։ Փոխարենը՝ պետք է ձգտենք այնպիսի վարք դրսևորել, որը կմղի մարդկանց լսելու բարի լուրը (կարդա Մատթեոս 5։16)։
18. Ի՞նչը կօգնի մեզ, որ անվախորեն քարոզենք բարի լուրը։
18 Երբեմն մեզ գուցե քննադատեն կամ նույնիսկ հալածեն մեր երկնային Հորը հնազանդվելու համար։ Ի՞նչ կարող ենք անել, եթե վախենում ենք մեր հավատի մասին պատմել ուրիշներին։ Մենք կարող ենք համոզված լինել, Մատթ. 10։19, 20)։
որ Եհովան և նրա Որդին կօգնեն մեզ։ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ չանհանգստանան, «թե ինչպես կամ ինչ են խոսելու»։ Նա նաև բացատրեց, թե ինչու՝ ասելով. «Այդ ժամին կտրվի ձեզ այն, ինչ որ պետք է խոսեք, որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր ոգին է խոսելու ձեր միջոցով» (19. Բեր քաջաբար վկայություն տալու մի օրինակ։
19 Քննենք Ռոբերտի օրինակը։ Նա նոր էր սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել և դեռ քիչ գիտելիքներ ուներ, երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կանգնեց զինվորական գործերով դատարանի առաջ։ Ռոբերտը համարձակորեն բացատրեց դատարանին, որ ցանկանում է չեզոք մնալ, քանի որ սիրում է իր քրիստոնյա եղբայրներին։ Այո՛, նա շատ թանկ էր գնահատում հոգևոր ընտանիքում ունեցած իր տեղը։ Դատավորը հարցրեց նրան. «Ովքե՞ր են քո եղբայրները»։ Այս հարցը Ռոբերտին անակնկալի բերեց, բայց նա անմիջապես հիշեց այդ օրվա խոսքի համարը՝ Մատթեոս 12։50-ը։ Այնտեղ ասվում է. «Ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»։ Թեև Ռոբերտը նոր էր սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել, սուրբ ոգին օգնեց նրան պատասխանել այդ հարցին, ինչպես նաև մի շարք այլ անսպասելի հարցերի։ Եհովան, անշուշտ, հպարտանում էր նրանով։ Նա նաև մեզանով է հպարտանում, երբ ապավինում ենք իրեն և քաջաբար վկայություն տալիս դժվար իրավիճակներում։
20. Ի՞նչ պետք է վճռենք անել (Հովհաննես 17։11, 15)։
20 Մենք անչափ ուրախ ենք, որ պատիվ ունենք լինելու այս սիրառատ ընտանիքի մի մասը։ Մենք հիանալի Հայր ունենք, ինչպես նաև նվիրված եղբայրներ ու քույրեր։ Այս ամենը չպետք է սովորական բան համարենք։ Սատանան ու նրա կողմնակիցները փորձում են այնպես անել, որ կասկածենք Եհովայի սիրո մեջ։ Նրանք ձգտում են խաթարել մեր միասնությունը։ Բայց Հիսուսը խնդրել է իր Հորը, որ պահպանի մեզ, որպեսզի մեր ընտանիքը միասնական մնա (կարդա Հովհաննես 17։11, 15)։ Եհովան պատասխանում է այդ աղոթքին։ Հիսուսի պես եկեք երբեք չկասկածենք, որ մեր երկնային Հայրը սիրում ու աջակցում է մեզ։ Եկեք վճռենք շարունակ մտերմանալ մեր հոգևոր ընտանիքի հետ։
ԵՐԳ 99 Հազարավոր եղբայրներ
^ պարբ. 5 Մենք մի սիրառատ հոգևոր ընտանիքի մաս ենք կազմում, և դա առանձնահատուկ պատիվ է մեզ համար։ Բոլորս էլ ցանկանում ենք ամրացնել մեր միջև եղած սիրո կապերը։ Մենք կկարողանանք դա անել, եթե ընդօրինակենք մեր սիրառատ Հորը, Հիսուս Քրիստոսին, ինչպես նաև մեր եղբայրներին ու քույրերին։
^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Եհովան հրեշտակ ուղարկեց, որպեսզի զորացնի Հիսուսին Գեթսեմանիի պարտեզում։
^ պարբ. 59 ՆԿԱՐ։ COVID-19 համավարակի ընթացքում շատ եղբայրներ ու քույրեր ուտելիք են պատրաստում և տանում իրենց հավատակիցներին։
^ պարբ. 61 ՆԿԱՐ։ Մայրը օգնում է իր դստերը քաջալերական նամակ պատրաստել մի եղբոր համար, ով գտնվում է բանտում։