Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս հանենք և այլևս չհագնենք հին անձնավորությունը

Ինչպե՞ս հանենք և այլևս չհագնենք հին անձնավորությունը

«Հանեք ձեր վրայից հին անձնավորությունը իր գործերով» (ԿՈՂ. 3։9

ԵՐԳ 121, 142

1, 2. Մարդիկ ի՞նչ են նկատում Եհովայի վկաների մեջ։

ՇԱՏ մարդիկ տեսնում են, թե ինչ լավ հատկություններ է ցուցաբերում Եհովայի ժողովուրդը, և արտահայտվում են այդ մասին։ Օրինակ՝ գրող Անտոն Գիլը նացիստական Գերմանիայում ապրած մեր եղբայրների ու քույրերի մասին ասաց. «Նացիստները առանձնահատուկ թշնամանք էին դրսևորում Եհովայի վկաների հանդեպ.... 1939 թ.-ին արդեն 6 000 հոգի ուղարկվել էր [համակենտրոնացման ճամբարներ]»։ Նրա խոսքով՝ Վկաները, չնայած սաստիկ հալածանքներին, ցույց տվեցին, որ «հուսալի մարդիկ են և չեն կորցնում իրենց հանդարտությունը», ինչպես նաև «շիտակ են և միասնական»։

2 Հարավաֆրիկյան Հանրապետությունում նույնպես շատերը նկատել են Աստծու ծառաների գրավիչ հատկությունները։ Մի ժամանակ այդ երկրում մաշկի տարբեր գույն ունեցող Վկաները չէին կարող ազատորեն հավաքվել միասին։ Սակայն 2011 թ. դեկտեմբերի 18-ին՝ կիրակի օրը, անչափ տպավորիչ էր Յոհաննեսբուրգ քաղաքի ամենամեծ մարզադաշտում տեսնել տարբեր ռասաների պատկանող ավելի քան 78 000 եղբայրների և քույրերի, որոնք Հարավաֆրիկյան Հանրապետության տարբեր շրջաններից և հարևան երկրներից եկել էին համաժողովի։ Մարզադաշտի ղեկավարներից մեկն ասաց. «Դուք ամենալավ պահվածքն ունեցող մարդիկ եք, որ երբևէ տեսել եմ այս մարզադաշտում։ Բոլորդ կոկիկ եք հագնված։ Դուք այնքա՜ն լավ եք մաքրել այս մարզադաշտը։ Իսկ ամենատպավորիչն այն է, որ թեև պատկանում եք տարբեր ռասաների, բայց միասնական եք»։

3. Ի՞նչն է մեր եղբայրությունը եզակի դարձնում։

3 Ոչ Վկա մարդկանց այս խոսքերը ցույց են տալիս, որ մեր միջազգային եղբայրությունը իրոք որ եզակի է (1 Պետ. 5։9)։ Բայց ինչի՞ շնորհիվ ենք այդքան տարբերվում մյուս կազմակերպություններից։ Մենք ջանքեր ենք թափում, որ Աստծու Խոսքի և սուրբ ոգու օգնությամբ «հանենք մեր վրայից հին անձնավորությունը» և հագնենք նորը (Կող. 3։9, 10

4. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում և ինչո՞ւ։

4 Մի բան է՝ հանել հին անձնավորությունը, մեկ ուրիշ բան է՝ այլևս չհագնել այն։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչպես կարող ենք հանել հին անձնավորությունը և ինչու պետք է դա անենք առանց հետաձգելու։ Կտեսնենք, թե ինչու է հնարավոր, որ սխալ արարքներ գործող մարդը փոխվի՝ անկախ այն բանից, թե որքան հեռու է գնացել։ Նաև կքննենք, թե ինչ կարող են անել նրանք, ովքեր երկար տարիներ ճշմարտության մեջ են, որպեսզի նորից չհագնեն հին անձնավորությունը։ Ինչո՞ւ այսպիսի հիշեցումների կարիք ունենք։ Որովհետև որոշ մարդիկ, որ մի ժամանակ ծառայում էին Եհովային, թուլացրել են իրենց զգոնությունը և վերադարձել նախկին ապրելակերպին։ Ուստի բոլորս էլ պետք է ականջ դնենք հետևյալ նախազգուշացմանը. «Ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (1 Կորնթ. 10։12

ՍՊԱՆԵՔ ՁԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԿԱՊՎԱԾ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

5. ա) Օրինակով բացատրիր, թե ինչու պետք է որքան հնարավոր է շուտ հանենք հին անձնավորությունը (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ըստ Կողոսացիներ 3։5–9 համարների՝ ո՞ր գործերն են բնորոշ հին անձնավորությանը։

5 Ի՞նչ կանես, եթե հագուստդ կեղտոտվի, և դրանից վատ հոտ գա։ Հնարավորինս շուտ կհանես այն։ Նույն ձևով էլ մենք պետք է որքան հնարավոր է շուտ ձերբազատվենք այն սովորություններից, որոնք տհաճ են Աստծուն։ Մենք ուզում ենք հետևել Պողոս առաքյալի հստակ հրահանգին, որ նա տվեց իր օրերում ապրող քրիստոնյաներին. «Հեռացրեք ձեզանից այս ամենը»։ Եկեք խոսենք Պողոսի նշած մեղքերից երկուսի մասին՝ պոռնկության և անմաքրության (կարդա Կողոսացիներ 3։5–9

6, 7. ա) Պողոսի խոսքերը ինչպե՞ս են ցույց տալիս, որ հին անձնավորությունը հանելու համար վճռական քայլեր են անհրաժեշտ։ բ) Ի՞նչ կյանք էր վարում Սակուրան, և ի՞նչը նրան ուժ տվեց թողնելու այդ կենսակերպը։

6 Պոռնկություն։ «Պոռնկություն» թարգմանված բնագրային բառի իմաստներից է սեռական հարաբերությունը այն անձանց միջև, ովքեր օրինական ամուսիններ չեն։ Այն նաև ներառում է համասեռամոլությունը։ Պողոսը իր հավատակիցներին ասաց, որ «սպանեն» իրենց «մարմնի անդամները», այսինքն՝ արմատախիլ անեն իրենց ցանկությունները՝ «կապված պոռնկության» հետ։ Պողոսի խոսքերը ցույց են տալիս, որ սխալ ցանկությունները հաղթահարելու համար վճռական քայլեր են անհրաժեշտ։ Սակայն այդ պայքարում հնարավո՛ր է հաղթել։

7 Նկատի առնենք Սակուրայի * օրինակը, որը Ճապոնիայից է։ Վաղ տարիքից այդ աղջիկը պայքարում էր միայնության և դատարկության զգացման դեմ։ 15 տարեկանից նա սկսեց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր տղամարդկանց հետ, որպեսզի մեղմացնի միայնության զգացումը։ «Դրա հետևանքով երեք անգամ աբորտ արեցի»,— ամոթով խոստովանում է Սակուրան։ Նա ավելացնում է. «Սկզբում, երբ անբարո հարաբերություններ էի ունենում, դա ինձ ապահովության զգացում էր տալիս, քանի որ կարծում էի, թե ինչ-որ մեկին պետք եմ, թե ինձ սիրում են։ Բայց որքան շատ էի այդպիսի վարք դրսևորում, այնքան ինձ ավելի անապահով էի զգում»։ Մինչև 23 տարեկան Սակուրան այսպիսի կյանքով ապրեց։ Բայց հետո սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Նրան շատ էր դուր գալիս այն, ինչ սովորում էր։ Եհովայի օգնությամբ նա կարողացավ հաղթահարել մեղավորության ու ամոթի խոր զգացումը և թողեց անբարո կյանքը։ Այժմ Սակուրան ծառայում է որպես ռահվիրա և այլևս իրեն միայնակ չի զգում։ Նա ասում է. «Այնքա՜ն երջանիկ եմ, որ ամեն օր վայելում եմ Եհովայի սերը»։

ՀԱՂԹԱՀԱՐԵՔ ԱՆՄԱՔՈՒՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

8. Ի՞նչը կարող է մեզ անմաքուր դարձնել Աստծու աչքում։

8 Անմաքրություն։ Աստվածաշնչի բնագրում գործածված բառը, որը թարգմանվել է «անմաքրություն», լայն իմաստ ունի։ Այն սեռական մեղքերից ավելին է ներառում և կարող է վերաբերել ծխելու անմաքուր սովորությանը կամ անպարկեշտ կատակներ պատմելուն (2 Կորնթ. 7։1; Եփես. 5։3, 4)։ Այդ բառը վերաբերում է նաև այն անմաքուր արարքներին, որ մարդը գործում է, երբ մենակ է լինում, օրինակ՝ սեռական կրքեր բորբոքող գրքեր կարդալուն կամ պոռնկագրություն դիտելուն, ինչը կարող է ձեռնաշարժությամբ զբաղվելու անմաքուր սովորություն առաջացնել (Կող. 3։5 *

9. «Սեռական կրքեր» բորբոքելը ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։

9 Նրանք, ովքեր պոռնկագրություն դիտելու սովորություն ունեն, իրենց մեջ «սեռական կրքեր» են բորբոքում, ինչը, հնարավոր է, սեքսի մոլուցք առաջացնի։ Մի հետազոտության համաձայն՝ այն մարդիկ, ովքեր խոստովանել են, որ պոռնկագրություն դիտելու անզսպելի ցանկությամբ են լցված, կախվածության նույն նշաններն ունեն, ինչ ալկոհոլամոլներն ու թմրամոլները։ Ուստի զարմանալի չէ, որ պոռնկագրություն դիտելու սովորությունը վատ հետևանքներ է առաջ բերում, օրինակ՝ ամոթի խոր զգացում է առաջացնում, նվազեցնում է աշխատունակությունը, խնդիրներ է ստեղծում ընտանեկան կյանքում, հանգեցնում է ամուսնալուծության և ինքնասպանության։ Մի տղամարդ, որը կախվածություն ուներ պոռնկագրությունից, բայց կարողացավ ազատվել դրանից, մեկ տարի հետո գրեց. «Ինքնահարգանքս, որ կորցրել էի, այժմ վերականգնվել է»։

10. Ինչպե՞ս Ռիբեյրուն հաղթահարեց իր կախվածությունը պոռնկագրությունից։

10 Պոռնկագրությունից հեռու մնալու համար շատերը պետք է անդադար պայքար մղեն։ Սակայն, ինչպես ցույց է տալիս Բրազիլիայում բնակվող Ռիբեյրուի օրինակը, այդ պայքարում հնարավո՛ր է հաղթել։ Այդ տղան հեռացավ տնից, երբ պատանի էր, և որոշ ժամանակ հետո սկսեց աշխատել թղթի վերամշակման գործարանում, որտեղ նրա ձեռքն էին ընկնում պոռնկագրական նյութեր։ Նա պատմում է. «Աստիճանաբար կախվածություն ձեռք բերեցի։ Վիճակս այնքան վատ էր, որ չէի համբերում, թե երբ էր այն կինը, ում հետ ապրում էի, տնից դուրս գալու, որ պոռնկագրական տեսանյութեր դիտեի»։ Մի անգամ աշխատավայրում Ռիբեյրուն թափոնների մեջ տեսավ մի գիրք, որի վերնագիրն էր «Ընտանեկան երջանկության գաղտնիքը»։ Նա այն վերցրեց ու կարդաց։ Դա նրան մղեց, որ սկսի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, սակայն երկար ժամանակ պահանջվեց վատ սովորությունից ազատվելու համար։ Ի՞նչը նրան օգնեց։ Նա ասում է. «Աղոթքի, Աստվածաշնչի ուսումնասիրության և խորհրդածության շնորհիվ սկսեցի ավելի շատ գնահատել Աստծու հատկությունները։ Ի վերջո Եհովայի հանդեպ սերն այնքան աճեց, որ օգնեց ինձ հաղթահարել պոռնկագրություն դիտելու ցանկությունը»։ Աստծու զորավոր Խոսքի և սուրբ ոգու օգնությամբ Ռիբեյրուն հանեց հին անձնավորությունը, մկրտվեց և այժմ ժողովում ծառայում է որպես երեց։

11. Ի՞նչ է անհրաժեշտ պոռնկագրությունից հեռու մնալու համար։

11 Նկատիր, որ այդ պայքարում հաղթելու համար Ռիբեյրուն պետք է Աստվածաշունչն ուսումնասիրելուց ավելին աներ։ Նա պետք է ժամանակ տրամադրեր կարդացածի շուրջ խորհրդածելու համար, որպեսզի թույլ տար, որ Սուրբ Գրքի խոսքերը իր սրտին հասնեին։ Աղոթքի ու խորհրդածության շնորհիվ նրա սերը Աստծու հանդեպ աճեց և հաղթեց պոռնկագրություն դիտելու ցանկությանը։ Պոռնկագրությունից հեռու մնալու լավագույն միջոցն է՝ խոր սեր մշակել Եհովայի հանդեպ և ատելություն զարգացնել չարի նկատմամբ (կարդա Սաղմոս 97։10

ՀԵՌԱՑՐԵՔ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐԸ ԵՎ ՍՈՒՏԸ

12. Ի՞նչը Ստիվենին օգնեց հեռացնել բարկությունն ու վիրավորական խոսքերը։

12 Շուտ բռնկվող մարդիկ հաճախ վիրավորական խոսքերով են արտահայտում իրենց բարկությունը։ Ակնհայտ է, որ նման վարքագիծը չի կարող նպաստել երջանիկ ընտանեկան կյանքին։ Ավստրալիայում ապրող մի հայր, որի անունը Ստիվեն է, պատմում է. «Հայհոյելու սովորություն ունեի և հասարակ բաների պատճառով հաճախ կատաղում էի։ Ես ու կինս երեք անգամ իրարից հեռացել էինք և արդեն ամուսնալուծվելու փուլում էինք»։ Այդ ժամանակ Ստիվենն ու իր կինը սկսեցին Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ամուսինը սկսեց հետևել Աստվածաշնչի խորհուրդներին։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Նա ասում է. «Մեր ընտանեկան կյանքը անասելիորեն բարելավվեց։ Եհովայի օգնությամբ հիմա իմ սրտում գերիշխում է խաղաղության և հանգստության զգացումը, մինչդեռ նախկինում ասես դառնությամբ ու կատաղությամբ լցված ռումբ լինեի, որը ամենաաննշան բանի պատճառով պատրաստ էր պայթելու»։ Այսօր Ստիվենը ծառայող օգնական է, իսկ նրա կինը մի քանի տարի է, ինչ ռահվիրա է։ Այն ժողովի երեցները, որտեղ ծառայում է այս եղբայրը, նշում են. «Ստիվենը հանգիստ, աշխատասեր, խոնարհ եղբայր է»։ Նրանք չեն հիշում մի դեպք, երբ նրան բարկացած վիճակում տեսած լինեն։ Արդյո՞ք Ստիվենը այս ամենը իր վաստակն է համարում։ «Այս հրաշալի օրհնություններից ոչ մեկն էլ չէի ստանա, եթե չընդունեի Եհովայի օգնությունը, ով լիովին փոխակերպեց իմ անձը»,— ասում է նա։

13. Բարկությունն ինչո՞ւ է վտանգավոր, և ի՞նչ նախազգուշացում է տալիս Աստվածաշունչը։

13 Աստվածաշունչը մեզ հորդորում է. «Ամեն.... բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից» (Եփես. 4։31)։ Այս նախազգուշացումը իրոք որ տեղին է։ Նշված վարքագիծը հաճախ հանգեցնում է բռնության։ Թեև նման պահվածքը աշխարհում նորմալ է համարվում, սակայն անպատվություն է բերում մեր Արարչին։ Նոր անձնավորությունը հագնելու համար շատերը պետք է թողնեն այս վնասակար վարքագիծը (կարդա Սաղմոս 37։8–11

14. Հնարավո՞ր է արդյոք, որ բռնի մարդը մեղմ դառնա։

14 Նկատի առնենք Հանսի օրինակը, որը որպես երեց է ծառայում Ավստրիայում։ Նրա ժողովի երեցների խորհրդի կոորդինատորը ասում է. «Նա ամենամեղմ եղբայրներից է»։ Սակայն Հանսը միշտ չէ, որ այսպիսին է եղել։ Պատանեկան տարիքում նա սկսեց չարաշահել ալկոհոլը, ինչի հետևանքով ագրեսիվ դարձավ։ Մի անգամ ալկոհոլի ազդեցության տակ Հանսը սպանեց իր ընկերուհուն, ինչի համար դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Բանտի կյանքը չփոխեց նրա բռնի էությունը։ Սակայն որոշ ժամանակ հետո Հանսի մայրը մի երեցի խնդրեց կապ հաստատել իր որդու հետ։ Վերջինս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հանսը պատմում է. «Ես պայքար էի մղում, որ հանեի հին անձնավորությունը։ Ինձ քաջալերում էր Եսայիա 55։7-ը, որում գրված է՝ «Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը», և 1 Կորնթացիներ 6։11-ը, որտեղ մեղավոր ընթացքը թողած մարդկանց մասին ասվում է՝ «Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին»։ Տարիներ շարունակ Եհովան իր սուրբ ոգու միջոցով համբերությամբ օգնում էր ինձ, որ հագնեմ նոր անձնավորությունը»։ Բանտում Հանսը մկրտվեց։ Ազատազրկվելուց տասնյոթ ու կես տարի հետո նա ազատ արձակվեց։ Այս եղբայրն ասում է. «Երախտապարտ եմ Եհովային նրա ողորմածության և ներողամտության համար»։

15. Ի՞նչ վարքագիծ է այսօր տարածված, սակայն այդ մասին ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

15 Հին անձնավորությանը բնորոշ է ոչ միայն վիրավորական խոսքեր ասելը, այլև սուտ խոսելը։ Օրինակ՝ շատերը հարկեր վճարելիս կեղծ տվյալներ են ներկայացնում, ոմանք էլ ստում են, որպեսզի պատասխանատվության չենթարկվեն իրենց մեղքերի համար։ Սակայն պետք է հիշել, որ Եհովան «ճշմարտության Աստված» է (Սաղ. 31։5)։ Նա պահանջում է, որ իր ծառաները «ճշմարտությունը խոսեն իրենց մերձավորի հետ» և «չստեն» (Եփես. 4։25; Կող. 3։9)։ Ուստի պետք է ճիշտը խոսենք, նույնիսկ երբ դա անելը դժվար է կամ հարմար չէ (Առակ. 6։16–19

ԻՆՉՊԵՍ ՆՐԱՆՔ ՀԱՂԹԵՑԻՆ

16. Ինչպե՞ս կարող ենք հանել հին անձնավորությունը։

16 Սեփական ուժերով հնարավոր չէ հին անձնավորությունը հանել։ Այս հոդվածում նշված անձինք՝ Սակուրան, Ռիբեյրուն, Ստիվենը և Հանսը, պետք է թեժ պայքար մղեին վատ գործերը թողնելու համար։ Նրանք հաղթանակ տարան՝ թույլ տալով, որ Աստծու զորավոր Խոսքն ու սուրբ ոգին ազդեն իրենց մտքի ու սրտի վրա (Ղուկ. 11։13; Եբր. 4։12)։ Դրանք կարող են մեզ էլ օգնել։ Ահա թե ինչու պետք է ամեն օր կարդանք Աստվածաշունչը, մտածենք դրա շուրջ և անդադար աղոթենք Աստծուն, որ մեզ իմաստություն և ուժ տա կիրառելու սուրբգրային խորհուրդները (Հեսու 1։8; Սաղ. 119։97; 1 Թեսաղ. 5։17)։ Աստծու Խոսքն ու ոգին մեզ օգնում են նաև այն ժամանակ, երբ պատրաստվում ենք ժողովի հանդիպումներին և հաճախում դրանց (Եբր. 10։24, 25)։ Բացի այդ, լավ կլինի օգտվել այն զանազան միջոցներից, որոնցով հոգևոր սնունդը այսօր ամբողջ աշխարհում մատուցվում է Աստծու ժողովրդին (Ղուկ. 12։42

Ինչպե՞ս կարող ենք հանել հին անձնավորությունը (տես պարբերություն 16)

17. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

17 Մենք քննարկեցինք որոշ վատ սովորություններ, որոնցից պետք է ձերբազատվենք և հեռու մնանք։ Բայց արդյո՞ք Աստծու հավանությունը ստանալու համար բավական է հանել հին անձնավորությունը։ Ո՛չ։ Մենք նաև պետք է հագնենք նոր անձնավորությունը։ Հաջորդ հոդվածում կխոսենք նոր անձնավորության որոշ առանձնահատկությունների մասին, որոնք պետք է ընդմիշտ մեր փոխաբերական հանդերձանքի մասը դառնան։