Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 33

Նրանք կապրեն, եթե լսեն

Նրանք կապրեն, եթե լսեն

«Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն։ Հարատևիր սրանցում, որովհետև սա անելով՝ կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին» (1 ՏԻՄՈԹ. 4։16

ԵՐԳ 67 «Խոսքը քարոզիր»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Բոլորս ի՞նչ ենք ցանկանում։

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ իմանալու պահից ցանկացել եմ, որ բոլոր հարազատներս ինձ հետ միասին ապրեն դրախտում,— պատմում է Փոլին * անունով մի քույր։— Բայց հատկապես ուզում էի, որ ամուսինս՝ Վեյնը, ու մեր որդին ինձ հետ միասին ծառայեն Եհովային»։ Դու է՞լ ունես հարազատներ, որոնք դեռ չեն երկրպագում Եհովային։ Եթե այո, ապա հավանաբար քեզ ծանոթ են Փոլինի զգացմունքները։

2. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

2 Մենք չենք կարող ստիպել մեր հարազատներին, որ ընդունեն ճշմարտությունը, բայց կարող ենք օգնել, որ իրենց սիրտն ու միտքը բացեն Աստծու Խոսքի առաջ (2 Տիմոթ. 3։14, 15)։ Ուստի այս հոդվածում կքննարկենք, թե ինչու պետք է վկայություն տանք մեր հարազատներին, ինչու պետք է փորձենք մտնել նրանց դրության մեջ, ինչ կարող ենք անել, որ նրանց մեջ սեր արթնանա Եհովայի հանդեպ, և ինչպես ժողովը կարող է այս հարցում օգնել մեզ։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԻՍ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

3. 2 Պետրոս 3։9-ի համաձայն՝ ինչո՞ւ պետք է վկայություն տանք մեր հարազատներին։

3 Շուտով Եհովան կործանելու է այս չար աշխարհը։ Կփրկվեն միայն նրանք, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48)։ Մենք շատ ժամանակ և ուժ ենք ծախսում, որ քարոզենք անծանոթներին։ Ուստի որքա՜ն առավել կուզենանք, որ մեր հարազատնե՛րը ճանաչեն ու ծառայեն Եհովային։ Մեր սիրառատ Հայրը՝ Եհովան, «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (կարդա 2 Պետրոս 3։9

4. Երբեմն ի՞նչ սխալ բան ենք անում մեր հարազատներին վկայություն տալիս։

4 Հիշենք. կա փրկության լուրը հաղորդելու ճիշտ և սխալ ձև։ Անծանոթներին վկայություն տալիս մենք սովորաբար նրբանկատ ենք լինում, սակայն, ցավոք, երբ հերթը հասնում է մեր հարազատներին, երբեմն շատ կտրուկ ենք խոսում։

5. Ի՞նչ պետք է հիշենք, երբ փորձում ենք մեր հարազատների հետ ճշմարտությունից խոսել։

5 Մեզանից շատերը, երբ հիշում են, թե առաջին անգամ ինչպես են վկայություն տվել իրենց հարազատներին, ափսոսում են, որ այլ կերպ չեն արել դա։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին խորհուրդ է տվել. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին» (Կող. 4։5, 6)։ Լավ կլինի՝ չմոռանանք այս խորհուրդը, երբ զրուցում ենք մեր հարազատների հետ։ Հակառակ դեպքում, հնարավոր է, ոչ թե շահենք նրանց, այլ վանենք։

ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Կարեկցանքդ ու բարի գործերդ կարող են լինել լավագույն վկայությունը (տես պարբերություն 6–8) *

6–7. Բեր օրինակ, թե ինչու է հարկավոր մտնել ոչ Վկա կողակցի դրության մեջ։

6 Կարեկցանք դրսևորիր՝ մտնելով հարազատիդ դրության մեջ։ Փոլինը ասում է. «Սկզբում ամուսնուս հետ ուզում էի միայն հոգևոր թեմաներով խոսել։ Այդպես մեր առօրեական զրույցները դադարեցին»։ Բայց քանի որ նրա ամուսինը՝ Վեյնը, շատ բան չգիտեր Աստվածաշնչից, չէր հասկանում, թե կինն ինչ է խոսում։ Վեյնին թվում էր, թե Փոլինի ուշքն ու միտքը միայն իր կրոնն է։ Նա անհանգստացած էր՝ մտածելով, թե իր կնոջը մոլորեցրել են և ինչ-որ վտանգավոր աղանդի մեջ ներքաշել։

7 Փոլինը նաև նկատեց, որ իր երեկոներն ու շաբաթ-կիրակիները հաճախ հավատակիցների հետ է անցկացնում, որովհետև կա՛մ ժողովի հանդիպման է, կա՛մ ծառայության է, կա՛մ էլ ընկերական հավաքույթի է մասնակցում։ Նա պատմում է. «Երբեմն Վեյնը իրեն շատ միայնակ էր զգում, որովհետև երբ տուն էր գալիս, տանը ոչ ոք չէր լինում»։ Հասկանալի է, որ ամուսինը կարոտում էր իր կնոջն ու որդուն։ Նա չէր ճանաչում այն մարդկանց, որոնց հետ իր ընտանիքը ժամանակ էր անցկացնում, և իրեն թվում էր, թե կնոջ նոր ընկերները նրա համար ավելի կարևոր են դարձել, քան ինքը։ Ուստի Վեյնը Փոլինին սպառնաց, որ կբաժանվի նրանից։ Ի՞նչ ես կարծում. մեր քույրը ինչպե՞ս կարող էր մտնել իր ամուսնու դրության մեջ։

8. 1 Պետրոս 3։1, 2 համարների համաձայն՝ մեր հարազատները ավելի շատ ինչի՞ց են տպավորվում։

8 Թող լեզվիդ փոխարեն՝ գործերդ խոսեն։ Հաճախ մեր հարազատներին տպավորում են ոչ թե մեր խոսքերը, այլ գործերը (կարդա 1 Պետրոս 3։1, 2)։ Փոլինը ժամանակի ընթացքում հասկացավ դա։ Նա ասում է. «Ես գիտեի, որ Վեյնը սիրում է մեզ և իրականում չի ուզում բաժանվել։ Բայց նրա սպառնալիքը սթափեցրեց ինձ, ու ես հասկացա, որ պետք է սկսեմ ամեն բան Եհովայի ասածով անել։ Պետք է ոչ թե շարունակ քարոզեմ, այլ իմ վարքով լավ օրինակ լինեմ»։ Ուստի մեր քույրը դադարեց ճնշում բանեցնել Վեյնի վրա, որ Աստվածաշնչից զրուցեն, և սկսեց նրա հետ այլ թեմաներով խոսել։ Ամուսինը նկատեց, որ իր կինը ավելի հանդարտ է դարձել, իսկ իրենց որդու վարքը զգալիորեն բարելավվել է (Առակ. 31։18, 27, 28)։ Երբ նա տեսավ, թե Աստվածաշունչը ինչ դրական ազդեցություն է թողնում իր ընտանիքի վրա, սկսեց մտածել Աստծու Խոսքում ամփոփված մտքերի շուրջ (1 Կորնթ. 7։12–14, 16

9. Ինչո՞ւ չպետք է դադարենք օգնել մեր հարազատներին։

9 Մի՛ դադարիր օգնել հարազատներիդ։ Եհովան հիանալի օրինակ է մեզ համար։ Նա մարդկանց «նորից ու նորից» հնարավորություն է տալիս լսելու բարի լուրը և կյանք ստանալու (2 Տար. 36։15)։ Պողոս առաքյալը նույնպես Տիմոթեոսին ասաց, որ հարատևի ուրիշներին օգնելու հարցում։ Ինչո՞ւ։ Որովհետև այդպես վարվելով՝ նա կփրկեր և՛ իրեն, և՛ իրեն լսողներին (1 Տիմոթ. 4։16)։ Մենք սիրում ենք մեր հարազատներին, ուստի ուզում ենք, որ նրանք իմանան Աստծու Խոսքում ամփոփված ճշմարտությունները։ Փոլինի խոսքերն ու գործերը ի վերջո բարերար ազդեցություն ունեցան իր ընտանիքի վրա։ Այժմ նրա ուրախությունը լիակատար է, քանի որ նա իր ամուսնու հետ է ծառայում Եհովային։ Նրանք երկուսն էլ ռահվիրա են, Վեյնը նաև որպես երեց է ծառայում։

10. Ինչո՞ւ պետք է համբերատար լինենք։

10 Համբերատար եղիր։ Երբ մենք փոխում ենք մեր հավատալիքները և սկսում ենք կյանքում Աստծու չափանիշներով առաջնորդվել, մեր հարազատների համար դժվար է լինում հարմարվել այդ փոփոխություններին։ Հաճախ առաջին բանը, որ նրանք նկատում են, այն է, որ մենք այլևս չենք մասնակցում կրոնական տոնակատարություններին և չենք խառնվում քաղաքականությանը։ Սկզբում մեր հարազատներից ոմանք գուցե զայրանան (Մատթ. 10։35, 36)։ Բայց մենք չպետք է մեր հույսը կտրենք նրանցից։ Եթե այլևս չփորձենք նրանց հետ խոսել մեր հավատալիքների մասին, ըստ էության, կստացվի, որ մենք դատել ենք նրանց ու վճռել, որ իրենք արժանի չեն հավիտենական կյանք ստանալու։ Բայց Եհովան Հիսուսին է նշանակել որպես դատավոր, ոչ թե մեզ (Հովհ. 5։22)։ Եթե համբերատար լինենք, հնարավոր է՝ մեր հարազատները վերջիվերջո ցանկանան լսել բարի լուրը (տես « Օգտագործիր մեր կայքը» շրջանակը)։

11–13. Ի՞նչ ես սովորում այն բանից, թե Ալիսը ինչպես վարվեց իր ծնողների հետ։

11 Եղիր հաստատակամ, բայց նրբանկատ (Առակ. 15։2)։ Քննենք Ալիսի օրինակը։ Նա ճշմարտությունը լսեց այն ժամանակ, երբ հեռու էր ապրում իր ծնողներից, որոնք աթեիստ էին և ակտիվորեն զբաղվում էին քաղաքականությամբ։ Ալիսը հասկացավ, որ նրանց պետք է հնարավորինս շուտ պատմի իր իմացած անգին ճշմարտությունների մասին։ Նա բացատրում է. «Եթե երկար ժամանակ ոչինչ չասես և մի գեղեցիկ օր հայտարարես, որ փոխել ես հավատալիքներդ ու ապրելակերպդ, ընտանիքդ ավելի մեծ ցնցում կապրի»։ Ուստի Ալիսը սկսեց ծնողներին գրած նամակներում որոշ սուրբգրային թեմաներ շոշափել, որոնք, հույս ուներ, կհետաքրքրեին նրանց, այդ թվում՝ սիրո թեման։ Նա գրում էր, թե Աստվածաշունչը ինչ է ասում այդ ամենի մասին, և նրանց կարծիքն էր հարցնում (1 Կորնթ. 13։1–13)։ Բացի այդ՝ նրանց շնորհակալություն էր հայտնում իրեն մեծացնելու և իր մասին հոգ տանելու համար, ինչպես նաև նվերներ էր ուղարկում։ Ծնողներին այցելելիս նա տնային գործերում ջանասիրաբար օգնում էր մայրիկին։ Սակայն հարկ է նշել, որ սկզբում, երբ Ալիսը ծնողներին պատմեց իր նոր հավատալիքների մասին, նրանք լավ չարձագանքեցին։

12 Ծնողների տանը եղած ժամանակ Ալիսը շարունակում էր ամեն օր կարդալ Աստծու Խոսքը։ «Սա մորս օգնեց հասկանալ, թե Աստվածաշունչը որքան կարևոր է ինձ համար»,— ասում է Ալիսը։ Այդ ընթացքում նրա հայրը որոշեց ծանոթանալ Աստվածաշնչին, որպեսզի հասկանա, թե իր աղջկա մտածելակերպը ինչու է փոխվել, և որպեսզի սխալներ գտնի այդ գրքում։ Ալիսը շարունակում է. «Ես նրան Աստվածաշունչ նվիրեցի և դրա մեջ նրա համար երկտող գրեցի»։ Ի՞նչ եղավ այդ ամենի արդյունքը։ Ալիսի հայրը ոչ թե սխալներ գտավ Աստծու Խոսքում, այլ շատ տպավորվեց իր կարդացածից։

13 Նույնիսկ երբ ստիպված ենք լինում փորձությունների միջով անցնել, մենք պետք է և՛ հաստատակամ լինենք, և՛ նրբանկատ (1 Կորնթ. 4։12բ)։ Օրինակ՝ Ալիսի մայրը շատ էր հակառակվում նրան. «Երբ մկրտվեցի, մայրս ինձ ասաց, որ ես անարժան զավակ եմ»։ Ի՞նչ պատասխանեց Ալիսը։ «Զրույցից խուսափելու փոխարեն՝ մորս հարգալից ձևով բացատրեցի, որ վճռել եմ Եհովայի վկա լինել, և ոչինչ չի ստիպի ինձ փոխել որոշումս։ Հետո վստահեցրի, որ անչափ սիրում եմ իրեն։ Երկուսս էլ լաց եղանք, ու ես նրա համար համեղ ուտեստ պատրաստեցի։ Այդ օրվանից մայրս ընդունում է, որ Աստվածաշունչը ինձ ավելի լավ մարդ է դարձրել»։

14. Ինչո՞ւ երբեք չպետք է տեղի տանք ճնշմանը և զիջումների գնանք։

14 Գուցե ժամանակ պահանջվի, մինչև մեր հարազատները լիովին հասկանան, թե Եհովային ծառայելը որքան կարևոր է մեզ համար։ Օրինակ, երբ Ալիսը որոշեց ռահվիրա դառնալ և չընտրել այն կարիերան, որն իր ծնողների սրտով էր, իր մայրը կրկին սկսեց լաց լինել։ Բայց Ալիսը հաստատուն մնաց։ Նա ասում է. «Եթե ինչ-որ հարցում տեղի տաս ճնշմանը, ընտանիքդ, ամենայն հավանականությամբ, կփորձի մյուս հարցերում էլ նույն կերպ վարվել։ Իսկ եթե ընտանիքիդ անդամների հետ բարությամբ խոսես, բայց միևնույն ժամանակ հաստատակամ մնաս, նրանցից ոմանք, հնարավոր է, լսեն քեզ»։ Ալիսի դեպքում հենց այդպես էլ եղավ։ Նրա երկու ծնողներն էլ այժմ ռահվիրաներ են, իսկ հայրը նաև որպես երեց է ծառայում։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ԺՈՂՈՎԸ

Ժողովն ինչպե՞ս կարող է օգնել մեր ոչ Վկա հարազատին (տես պարբերություն 15–16) *

15. Մատթեոս 5։14–16 և 1 Պետրոս 2։12 համարների համաձայն՝ ժողովի անդամների բարի գործերը ինչպե՞ս կարող են օգնել մեր ոչ Վկա հարազատներին։

15 Եհովան իր ծառաների արած բարի գործերի միջոցով մարդկանց դեպի իրեն է ձգում (կարդա Մատթեոս 5։14–16; 1 Պետրոս 2։12)։ Եթե կողակիցդ Եհովայի վկա չէ, նրան ծանոթացրե՞լ ես քո ժողովի անդամների հետ։ Օրինակ՝ Փոլինը այդ նպատակով իր ժողովի եղբայրներին ու քույրերին սկսեց հրավիրել իրենց տուն։ Վեյնը հիշում է, թե մի եղբայր ինչպես իրեն օգնեց ճիշտ պատկերացում կազմել Վկաների մասին. «Նա մեկ օր արձակուրդ վերցրեց զուտ այն նպատակով, որ միասին սպորտային խաղ դիտենք։ Ու ես մտածեցի. «Կարգին էլ տղա է»»։

16. Ինչո՞ւ պետք է մեր հարազատներին հրավիրենք ժողովի հանդիպումներին։

16 Մեր հարազատներին օգնելու մեկ այլ հիանալի միջոց էլ այն է, որ նրանց հրավիրենք մեզ հետ գնալ ժողովի հանդիպումներին (1 Կորնթ. 14։24, 25)։ Առաջին հանդիպումը, որին Վեյնը ներկա եղավ, Հիշատակի երեկոն էր, քանի որ այն իր աշխատանքից հետո էր լինելու և համեմատաբար կարճ էր տևելու։ Նա պատմում է. «Ես ելույթից շատ բան չհասկացա, բայց ինձ վրա մեծ տպավորություն թողեցին մարդիկ։ Նրանք մոտենում էին ինձ, ողջունում և ամուր սեղմում ձեռքս։ Զգում էի, որ նրանք շատ անկեղծ են»։ Մի ամուսնական զույգ հատկապես բարի էր գտնվել Փոլինի հանդեպ՝ շատ անգամ պահելով նրա երեխային ժողովի հանդիպումների և ծառայության ժամանակ։ Ուստի երբ Վեյնը ի վերջո որոշեց ավելին իմանալ Փոլինի նոր հավատալիքների մասին, այդ զույգին դիմեց և ամուսնուն խնդրեց, որ իրեն Աստվածաշունչ ուսուցանի։

17. Ո՞ր դեպքում չպետք է մեղադրենք մեզ, բայց և ինչո՞ւ երբեք չպետք է մտածենք, որ մեր հարազատները չեն փոխվի։

17 Մենք հույս ունենք, որ մի օր մեր բոլոր հարազատները մեզ հետ միասին կծառայեն Եհովային։ Սակայն չնայած մեր բոլոր ջանքերին՝ հնարավոր է՝ նրանք այդպես էլ չընդունեն ճշմարտությունը։ Այդ դեպքում մեզ չպետք է մեղադրենք նրանց որոշման համար։ Ի վերջո, մենք չենք կարող որևէ մեկին ստիպել, որ ընդունի մեր հավատալիքները։ Սակայն մի՛ թերագնահատիր այն ազդեցությունը, որ կարող ես թողնել հարազատներիդ վրա. չէ՞ որ նրանք տեսնում են, թե Եհովային ծառայելը որքան է քեզ երջանկացնում։ Աղոթիր նրանց համար։ Նրբանկատորեն խոսիր նրանց հետ։ Մի՛ դադարեցրու նրանց օգնելու փորձերդ ու մի՛ կորցրու համոզվածությունդ, որ Եհովան կօրհնի քո ջանքերը (Գործ. 20։20)։ Եվ եթե հարազատներդ որոշեն լսել քեզ, կփրկվեն։

ԵՐԳ 57 Քարոզում ենք ամեն տեսակ մարդկանց

^ պարբ. 5 Մենք շատ ենք ուզում, որ մեր հարազատները ճանաչեն Եհովային, բայց վերջին հաշվով նրանք են որոշում՝ երկրպագել նրան, թե ոչ։ Այս հոդվածում կքննենք, թե ինչ կարող ենք անել, որ նրանց համար ավելի հեշտ լինի լսել մեզ։

^ պարբ. 1 Որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 53 ՆԿԱՐ։ Երիտասարդ եղբայրը իր ոչ Վկա հորն օգնում է նորոգել մեքենան և հարմար պահին jw.org® կայքից տեսանյութ է ցույց տալիս նրան։

^ պարբ. 55 ՆԿԱՐ։ Քույրը ուշադիր լսում է, երբ իր ամուսինը, որը Վկա չէ, պատմում է, թե ինչ լարված օր է ունեցել։ Ավելի ուշ քույրը իր ընտանիքի հետ հաճելի ժամանակ է անցկացնում։

^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Քույրը ժողովի անդամներից մի քանիսին հրավիրել է իրենց տուն։ Նրանք ջերմորեն շփվում են իր ամուսնու հետ։ Հետագայում այդ մարդը իր կնոջ հետ ներկա է գտնվում Հիշատակի երեկոյին։