Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 33

Հարությունը բացահայտում է Աստծու սերը, իմաստությունը և համբերությունը

Հարությունը բացահայտում է Աստծու սերը, իմաստությունը և համբերությունը

«Հարություն պիտի լինի» (ԳՈՐԾ. 24։15

ԵՐԳ 151 Նա կկանչի

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչո՞ւ Եհովան ստեղծեց կյանքը։

ԿԱՐ ժամանակ, երբ Եհովան մենակ էր, բայց ոչ միայնակ։ Երջանիկ լինելու համար Աստված ոչ ոքի կարիքը չուներ։ Այդուհանդերձ, նա ցանկացավ, որ ուրիշներն էլ վայելեն կյանքը։ Ուստի սիրուց մղված՝ սկսեց արարել (Սաղ. 36։9; 1 Հովհ. 4։19

2. Ի՞նչ էին զգում Հիսուսն ու հրեշտակները, երբ Եհովան արարում էր։

2 Սկզբում Եհովան իր համար մի համագործակից ստեղծեց՝ Հիսուսին։ Հետո նրա միջոցով ստեղծեց «մնացած բոլոր բաները», այդ թվում՝ միլիոնավոր ոգեղեն բանական արարածներին (Կող. 1։16)։ Հիսուսը մեծ հաճույք էր ստանում իր Հոր հետ աշխատելուց (Առակ. 8։30)։ Հրեշտակները նույնպես ուրախ էին։ Նրանց աչքերի առաջ Եհովան և իր հմուտ վարպետը ստեղծեցին երկինքն ու երկիրը։ Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը։ Նրանք «բարձրաձայն գովաբանություն էին անում», երբ երկիրը ստեղծվում էր, և անկասկած շարունակեցին փառաբանել Աստծուն նրա ամեն մի ստեղծագործության համար, այդ թվում՝ մարդու՝ արարչության գլուխգործոցի (Հոբ 38։7; Առակ. 8։31)։ Եհովայի յուրաքանչյուր ստեղծագործություն արտացոլում է նրա սերն ու իմաստությունը (Սաղ. 104։24; Հռոմ. 1։20

3. 1 Կորնթացիներ 15։21, 22 համարների համաձայն՝ փրկանքի շնորհիվ ի՞նչ է հնարավոր դառնում։

3 Եհովան ուզում էր, որ մարդկությունը հավիտյան վայելեր կյանքը մեր չքնաղ մոլորակի վրա։ Բայց երբ Ադամն ու Եվան ըմբոստացան իրենց սիրառատ Հոր դեմ, երկիրը լցվեց մեղքով ու մահով (Հռոմ. 5։12)։ Ինչպե՞ս վարվեց Եհովան։ Նա անմիջապես ասաց, թե ինչ քայլեր է ձեռնարկելու մարդկությանը փրկելու համար (Ծննդ. 3։15)։ Եհովան փրկանքի միջոցով ազատելու էր Ադամի ու Եվայի սերունդներին մեղքի ու մահվան ճիրաններից։ Դրանից հետո նա կկարողանար հավիտենական կյանք տալ նրանց, ովքեր կծառայեին իրեն (Հովհ. 3։16; Հռոմ. 6։23, կարդա 1 Կորնթացիներ 15։21, 22

4. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

4 Մահացածներին հարություն տալու Աստծու խոստումը մի շարք հարցեր է առաջ բերում։ Օրինակ՝ ինչպե՞ս է այն տեղի ունենալու։ Կճանաչե՞նք մեր մահացած հարազատներին, երբ նրանք կյանքի վերադառնան։ Ի՞նչ ուրախություն է բերելու մեզ հարությունը։ Հարության շուրջ խորհրդածելը ինչպե՞ս կարող է ավելացնել մեր երախտագիտությունը Եհովայի սիրո, իմաստության և համբերության համար։ Եկեք մեկ առ մեկ քննենք այս հարցերը։

ՀԱՎԱՆԱԲԱՐ ԻՆՉՊԵ՞Ս Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

5. Ինչո՞ւ է տրամաբանական եզրակացնել, որ հարությունը տեղի է ունենալու աստիճանաբար։

5 Կարելի է ենթադրել, որ Եհովան բոլոր մահացածներին միաժամանակ չէ հարություն տալու։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ բնակչության նման կտրուկ աճը կարող է քաոս առաջացնել։ Իսկ Եհովան ոչինչ չի անում առանց կարգուկանոնի։ Նա գիտի, որ քաոսը կարող է խաթարել խաղաղությունը (1 Կորնթ. 14։33)։ Եհովան իմաստություն և համբերություն է դրսևորել, երբ նախքան մարդկանց ստեղծելը Հիսուսի հետ երկիրը աստիճանաբար պատրաստել է նրանց ապրելու համար։ Հիսուսը նույնպես կցուցաբերի այս հատկությունները իր Հազարամյա Իշխանության ընթացքում, երբ Արմագեդոնից փրկվածների հետ երկիրը պատրաստի հարություն առածների համար։

Արմագեդոնից վերապրածները հարություն առածներին կսովորեցնեն Աստծու Թագավորության և Նրա չափանիշների մասին (տես պարբերություն 6) *

6. Գործեր 24։15-ի համաձայն՝ ովքե՞ր են լինելու հարություն առածների թվում։

6 Արմագեդոնից վերապրածների ամենակարևոր գործը լինելու է հարություն առածներին Աստծու Թագավորության և նրա չափանիշների մասին սովորեցնելը։ Ինչո՞ւ։ Որովհետև հարություն առածների մեծ մասը լինելու են «անարդարները» (կարդա Գործեր 24։15)։ Նրանք պետք է շատ փոփոխություններ անեն, որպեսզի կարողանան օգտվել Քրիստոսի տված փրկանքից։ Մի պահ պատկերացրու, թե ինչ ահռելի աշխատանք պետք է կատարվի Եհովային չճանաչող միլիոնավոր մարդկանց Աստծու մասին ճշմարտությունը սովորեցնելու համար։ Արդյո՞ք նրանց հետ անհատապես Աստվածաշնչի ուսումնասիրություն կանցկացվի, ինչպես որ այսօր ենք անում։ Արդյո՞ք նրանք կնշանակվեն ժողովներ և կսովորեն, թե ինչպես պետք է ուսուցանեն իրենցից հետո հարություն առածներին։ Մենք չգիտենք. պետք է սպասենք ու տեսնենք։ Բայց մի բան հաստատ գիտենք. Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում «երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Ես. 11։9)։ Ի՜նչ զբաղված և հաճելի հազարամյակ է մեզ սպասում։

7. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստծու ժողովուրդը կարեկից է լինելու հարություն առածներին սովորեցնելիս։

7 Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում Եհովայի երկրային բոլոր զավակները շարունակելու են փոփոխություններ անել, որպեսզի հաճեցնեն իրեն։ Ուստի երբ նրանք օգնեն հարություն առածներին պայքարել իրենց մեղավոր հակումների դեմ և ապրել Եհովայի սկզբունքներով, կարեկից կլինեն (1 Պետ. 3։8)։ Անկասկած, հարություն առածները կցանկանան միանալ Եհովայի խոնարհ ժողովրդին, ովքեր նույնպես ձգտելու են հասնել իրենց փրկությանը (Փիլիպ. 2։12

ԿՃԱՆԱՉԵ՞ՆՔ ՄԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱԾ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

8. Ինչո՞ւ է տրամաբանական եզրակացնել, որ կճանաչենք մեր հարություն առած հարազատներին։

8 Շատ հիմքեր ունենք ենթադրելու, որ կճանաչենք մեր հարություն առած հարազատներին։ Օրինակ՝ հարության նախկին դեպքերից կարող ենք եզրակացնել, որ երբ Եհովան հարություն տա մարդկանց, նրանք կունենան նույն արտաքին տեսքը, խոսելաձևը և մտածելակերպը, ինչ մահանալուց կարճ ժամանակ առաջ։ Հիսուսը մահը նմանեցրեց քնի, իսկ հարությունը՝ քնից արթնանալու (Մատթ. 9։18, 24; Հովհ. 11։11–13)։ Երբ մարդ քնից արթնանում է, ունենում է նույն տեսքը, նույն ձայնը և նույն հիշողությունները, ինչ մինչև քնելը։ Հիշենք Ղազարոսի հարությունը։ Նա չորս օր էր, ինչ մահացած էր, և նրա մարմինը սկսել էր փտել։ Բայց երբ Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին, նրա քույրերը անմիջապես ճանաչեցին նրան, ինքն էլ, անկասկած, հիշեց նրանց (Հովհ. 11։38–44; 12։1, 2

9. Մահացածները ինչո՞ւ հարություն չեն առնելու կատարյալ մտքով ու մարմնով։

9 Եհովան խոստացել է, որ Քրիստոսի իշխանության ներքո ապրող ոչ մի բնակիչ չի ասելու. «Ես հիվանդ եմ» (Ես. 33։24; Հռոմ. 6։7)։ Ուստի մահացածները հարություն կառնեն առողջ մարմնով, բայց կատարյալ չեն լինի։ Հակառակ դեպքում նրանց հարազատները գուցե չճանաչեն նրանց։ Ըստ ամենայնի՝ ողջ մարդկությունը Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում աստիճանաբար է կատարելության հասնելու։ Հիսուսը Հազարամյակի վերջում է միայն Թագավորությունը վերադարձնելու իր Հորը։ Այդ ժամանակ այն իրագործած կլինի իր նպատակը, այդ թվում՝ մարդկությանը կատարելության հասցնելը (1 Կորնթ. 15։24–28; Հայտն. 20։1–3

Ի՞ՆՉ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐԵԼՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

10. Ի՞նչ զգացումներ կառաջացնի հարությունը քո մեջ։

10 Փորձիր պատկերացնել, թե ինչպես ես դիմավորելու քո սիրելի հարազատներին։ Ուրախությունից լա՞ց կլինես, կծիծաղե՞ս, թե՞ կսկսես երգով փառաբանել Եհովային։ Ինչպիսին էլ լինի արձագանքդ, մի բան հստակ է՝ հարության չքնաղ պարգևի համար սիրտդ լցված է լինելու ուժգին սիրով մեր հոգատար Հոր և նրա անձնազոհ Որդու հանդեպ։

11. Հովհաննես 5։28, 29 համարներում գրված Հիսուսի խոսքերի համաձայն՝ ի՞նչ է լինելու նրանց, ովքեր կապրեն Աստծու արդար չափանիշներով։

11 Միայն պատկերացրու հարություն առածների ուրախությունը, երբ իրենց վրայից հանեն հին անձնավորությունը և սկսեն ապրել Աստծու արդար չափանիշներով։ Նման փոփոխություններ անողները կստանան կյանքի հարություն։ Իսկ ըմբոստներին Աստված թույլ չի տա ապրել դրախտում և խաթարել այնտեղ տիրող խաղաղությունը (Ես. 65։20, կարդա Հովհաննես 5։28, 29

12. Ինչպե՞ս է Եհովան օրհնելու երկրի բոլոր բնակիչներին։

12 Բոլոր նրանք, ովքեր կապրեն Աստծու Թագավորության ներքո, կհամոզվեն Առակներ 10։22-ում գրված խոսքերի ճշմարտացիության մեջ. «Եհովայի օրհնությունն է հարստացնում, և նա ցավ չի ավելացնում դրան»։ Եհովայի ոգու օգնությամբ մարդիկ հոգևորապես կբարգավաճեն, այսինքն՝ գնալով կնմանվեն Քրիստոսին և կհասնեն կատարելության (Հովհ. 13։15–17; Եփես. 4։23, 24)։ Օր օրի նրանք ֆիզիկապես ավելի առողջ կլինեն ու ավելի լավ մարդիկ կդառնան։ Այդ ժամանակ կյանքը մեզ միայն ուրախություն կպատճառի (Հոբ 33։25)։ Այս ամենի շուրջ խորհրդածելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ այսօր։

ԵՐԱԽՏԱԳԵՏ ԵՂԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՍԻՐՈ ՀԱՄԱՐ

13. Որքա՞ն լավ է Եհովան ճանաչում յուրաքանչյուրիս՝ ըստ Սաղմոս 139։1–4 համարների, և ինչպե՞ս է հարությունը դա փաստելու։

13 Ինչպես արդեն քննարկեցինք, երբ Եհովան հարություն տա մարդկանց, նա կվերականգնի նրանց հիշողությունը և բնավորության գծերը։ Միայն պատկերացրու, թե ինչ է դա նշանակում։ Եհովան քեզ այնքան շատ է սիրում, որ նկատում և հիշում է այն ամենը, ինչ մտածում ես, զգում, ասում և անում։ Ուստի եթե մահանաս, քեզ հարություն տալիս Եհովան հեշտությամբ կարող է վերականգնել քո հիշողությունը, մտածելակերպը և բնավորության գծերը։ Դավիթ թագավորը գիտեր, թե որքան լավ է Եհովան ճանաչում յուրաքանչյուր մարդու (կարդա Սաղմոս 139։1–4)։ Ի՞նչ ես զգում՝ իմանալով այս մասին։

14. Այն բանի գիտակցումը, որ Եհովան լավ է ճանաչում մեզ, ի՞նչ ազդեցություն պետք է ունենա մեզ վրա։

14 Մեզ չպետք է անհանգստացնի այն միտքը, որ Եհովան մեզ լավ է ճանաչում։ Չէ՞ որ նա հոգ է տանում մեր մասին։ Նա թանկ է գնահատում մեր բնավորության այն գծերը, որոնք բնորոշ են միայն մեզ։ Եհովան լավ գիտի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք ձևավորել են մեր անհատականությունը։ Այս ամենն իմանալը անչափ մխիթարական է։ Մենք երբեք չպետք է մեզ միայնակ զգանք. նա ամեն օր, ամեն պահի մեր կողքին է՝ պատրաստ օգնելու (2 Տար. 16։9

ԵՐԱԽՏԱԳԵՏ ԵՂԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

15. Ինչպե՞ս է հարությունը փաստում, որ Եհովան իմաստուն է։

15 Մահվան սպառնալիքը հզոր զենք է։ Սատանայի իշխանության տակ գտնվող մարդիկ դրա միջոցով ստիպում են ուրիշներին դավաճանել իրենց ընկերներին կամ հրաժարվել իրենց համոզմունքներից։ Բայց այդ զենքը մեր դեպքում չի գործում։ Մենք գիտենք, որ եթե թշնամիները խլեն մեր կյանքը, Եհովան կարող է այն մեզ վերադարձնել (Հայտն. 2։10)։ Մենք համոզված ենք, որ նրանք չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հռոմ. 8։35–39)։ Հարության հույսը տալով՝ Եհովան բացառիկ իմաստություն է դրսևորել։ Դրանով նա զրկել է Սատանային իր հզոր զենքից ու մեզ անկոտրում է դարձրել։

Մեր որոշումները ցույց տալի՞ս են, որ վստահում ենք Եհովայի այն խոստմանը, որ նա հոգ կտանի մեր նյութական կարիքների մասին (տես պարբերություն 16) *

16. Ի՞նչ հարցեր պետք է տաս ինքդ քեզ, և դրանց պատասխանը ի՞նչ ցույց կտա։

16 Եթե Եհովայի թշնամիները սպառնան սպանել քեզ, կվստահե՞ս կյանքդ նրան։ Դա պարզելու համար լավ կլինի ինքդ քեզ հարցնես. «Նույնիսկ փոքր հարցերում կայացրած իմ որոշումները ցույց տալի՞ս են, որ վստահում եմ Եհովային» (Ղուկ. 16։10)։ «Իմ ապրելակերպից երևո՞ւմ է, որ հավատում եմ Եհովայի այն խոստմանը, որ եթե Թագավորությունը առաջին տեղում դնեմ, նա հոգ կտանի իմ նյութական կարիքների մասին» (Մատթ. 6։31–33)։ Եթե այս հարցերին դրական պատասխան ես տալիս, ուրեմն վստահում ես Եհովային ու պատրաստ ես ապագայում սպասվող ցանկացած փորձության (Առակ. 3։5, 6

ԵՐԱԽՏԱԳԵՏ ԵՂԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

17. ա) Հարությունն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան համբերատար է։ բ) Ինչպե՞ս կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունը Եհովայի համբերության համար։

17 Եհովան կոնկրետ օր ու ժամ է նշանակել այս չար աշխարհը կործանելու համար (Մատթ. 24։36)։ Նա չի կորցնի իր համբերությունը և նշանակված ժամանակից շուտ չի գործի։ Եհովան փափագում է հարություն տալ մահացածներին, բայց համբերատարորեն սպասում է (Հոբ 14։14, 15)։ Նա կյանքի կկոչի նրանց նշանակված ժամանակին (Հովհ. 5։28)։ Մենք պետք է շնորհակալ լինենք Եհովային նրա համբերության համար։ Չէ՞ որ դրա շնորհիվ շատերը, այդ թվում՝ մենք, ժամանակ ենք ունեցել զղջալու (2 Պետ. 3։9)։ Եհովան ուզում է, որ հնարավորինս շատ մարդիկ օգտվեն հավիտենական կյանք ստանալու հնարավորությունից։ Ուստի եկեք ցույց տանք, որ գնահատում ենք նրա համբերությունը։ Ինչպե՞ս։ Եկեք ջանադրաբար փնտրենք նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», և օգնենք նրանց սիրել Եհովային ու ծառայել նրան (Գործ. 13։48)։ Այդ դեպքում նրանք էլ կօգտվեն Եհովայի համբերությունից, ինչպես որ մենք։

18. Ինչո՞ւ պետք է համբերատար լինենք ուրիշների հանդեպ։

18 Եհովան համբերությամբ կսպասի, մինչև որ Հազարամյակի վերջում կատարյալ դառնանք։ Իսկ մինչ այդ նա անտեսում է մեր մեղքերը։ Ուստի նրա օրինակին հետևելով՝ պետք է ձգտենք լավը տեսնել մարդկանց մեջ և համբերատար լինենք նրանց հանդեպ։ Քննենք մեր քույրերից մեկի օրինակը, ում ամուսինը տագնապային խանգարում ձեռք բերեց և դադարեց հաճախել ժողովի հանդիպումներին։ Նա պատմում է. «Ինձ համար շատ դժվար էր։ Ապագայի հետ կապված մեր բոլոր պլանները հօդս ցնդեցին»։ Չնայած դրան՝ այս հոգատար քույրը համբերատար էր իր ամուսնու հանդեպ։ Նա ապավինեց Եհովային և չհանձնվեց։ Եհովայի պես նա խնդրից այն կողմ նայեց և կենտրոնացավ իր ամուսնու դրական կողմերի վրա։ Քույրը պատմում է. «Ամուսինս հիանալի հատկություններ ունի։ Նա մեծ ջանքեր է թափում, որ հաղթահարի իր հիվանդությունը։ Նրա ջանքերը կամաց-կամաց արդյունք են տալիս»։ Որքա՜ն կարևոր է համբերատար լինել մեր այն հարազատների և հավատակիցների հանդեպ, ովքեր տարբեր դժվարությունների միջով են անցնում։

19. Ի՞նչ պետք է վճռենք անել։

19 Հիսուսն ու հրեշտակները ուրախությունից ցնծում էին, երբ երկիրը ստեղծվում էր։ Պատկերացրու նրանց ուրախությունը, երբ երկիրը լցված լինի կատարյալ մարդկանցով, ովքեր կսիրեն ու կծառայեն Եհովային։ Իսկ ի՜նչ մեծ ուրախություն կապրեն Քրիստոսի թագավորակիցները, երբ տեսնեն, թե իրենց աշխատանքը ինչ օգուտներ է բերում մարդկությանը (Հայտն. 4։4, 9–11; 5։9, 10)։ Պատկերացրու՝ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր աչքերից միայն ուրախության արցունքներ կհոսեն։ Ցավը, տառապանքը, հիվանդությունն ու մահը իսպառ վերացած կլինեն (Հայտն. 21։4)։ Բայց մինչ այդ վճռիր ընդօրինակել քո սիրառատ, իմաստուն և համբերատար Հորը։ Եթե այդպես վարվես, անկախ դժվարություններից՝ միշտ ուրախ կլինես (Հակ. 1։2–4)։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային իր այն խոստման համար, որ «հարություն պիտի լինի» (Գործ. 24։15

ԵՐԳ 141 Կյանքը հրաշք է

^ պարբ. 5 Եհովան սիրառատ, իմաստուն և համբերատար Հայր է։ Սա ակնհայտ երևում է արարչագործությունից, ինչպես նաև մահացածներին հարություն տալու նրա նպատակից։ Այս հոդվածում կուսումնասիրենք հարության հետ կապված մի քանի հարցեր և կտեսնենք, թե ինչպես կարող ենք երախտագետ լինել Եհովայի սիրո, իմաստության և համբերության համար։

^ պարբ. 59 ՆԿԱՐ։ Մի բնիկ հնդկացի, ով մահացել է հարյուրավոր տարիներ առաջ, հարություն է առել Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։ Արմագեդոնից վերապրած մի եղբայր սիրով սովորեցնում է նրան, թե ինչպես կարող է օգուտներ քաղել փրկանքից։

^ պարբ. 61 ՆԿԱՐ։ Եղբայրը իր գործատիրոջը ասում է, որ շաբաթվա մեջ որոշ օրեր չի կարող արտաժամ աշխատել։ Նա բացատրում է, որ այդ ժամանակը տրամադրում է հոգևոր գործերին, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է արտաժամ աշխատել այլ օրերի։