Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թող Աստծու «աննկարագրելի և ձրի պարգևը» մղի քեզ ընդօրինակելու նրա սերը

Թող Աստծու «աննկարագրելի և ձրի պարգևը» մղի քեզ ընդօրինակելու նրա սերը

«Շնորհակալություն Աստծուն իր աննկարագրելի և ձրի պարգևի համար» (2 ԿՈՐՆԹ. 9։15)։

ԵՐԳ 121, 63

1, 2. Ի՞նչ է ներառում Աստծու «աննկարագրելի և ձրի պարգևը»։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու այս հոդվածում։

ԵՐԲ Եհովան իր միածին Որդուն երկիր ուղարկեց, խոր սիրուց մղված՝ մեծագույն պարգևը տվեց մարդկությանը (Հովհ. 3։16; 1 Հովհ. 4։9, 10)։ Պողոս առաքյալը այն կոչեց Աստծու «աննկարագրելի և ձրի պարգև» (2 Կորնթ. 9։15)։ Ինչո՞ւ նա օգտագործեց այս արտահայտությունը։

2 Պողոսը գիտեր, որ Քրիստոսի կատարյալ զոհը երաշխիքն է այն բանի, որ Աստծու բոլոր հրաշալի խոստումները կիրականանան (կարդա 2 Կորնթացիներ 1։20)։ Ուստի Աստծու «աննկարագրելի և ձրի պարգևը» ներառում է Քրիստոսի զոհը և այն բոլոր օրհնությունները, որ Եհովան տալիս է մեզ։ Իսկապես, այս պարգևն այնքան մեծ արժեք ունի, որ անհնար է բառերով նկարագրել։ Իսկ ինչպե՞ս պետք է այսպիսի արտասովոր պարգևը անդրադառնա մեզ վրա։ Եվ ի՞նչ գործնական կերպերով այն պետք է մղի մեզ պատրաստվելու Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին, որը տեղի կունենա 2016թ. մարտի 23-ին՝ չորեքշաբթի։

ԱՍՏԾՈՒ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՊԱՐԳԵՎԸ

3, 4. ա) Ի՞նչ ես զգում, երբ ինչ-որ մեկը քեզ նվեր է անում։ բ) Ինչպե՞ս կարող է յուրահատուկ նվերը փոխել կյանքդ։

3 Անկասկած, երբ նվեր ես ստանում, տարբեր զգացումներով ես լցվում։ Բայց որոշ նվերներ գուցե այնքան յուրահատուկ կամ նշանակալից լինեն, որ փոխեն կյանքդ։ Օրինակ՝ պատկերացրու, որ պետք է մահապատժի ենթարկվես, քանի որ ներգրավված ես եղել հանցագործության մեջ։ Եվ հանկարծ մի մարդ, ում դու չես ճանաչում, դուրս է գալիս ամբոխի միջից և ասում, որ պատրաստ է քո փոխարեն կրելու պատիժը։ Փաստորեն, նա պատրաստ է մահանալու քո փոխարեն։ Ի՞նչ ազդեցություն կունենա քեզ վրա այսպիսի առանձնահատուկ նվերը։

4 Սիրո այսպիսի անեսասեր դրսևորումը անկասկած կմղի քեզ վերանայելու վարքդ և նույնիսկ փոխելու ապրելակերպդ։ Հավանաբար, կմղվես ավելի առատաձեռն լինելու և ավելի շատ սիրելու ուրիշներին։ Նույնիսկ պատրաստ կլինես ներելու նրանց, ովքեր սխալ են գործել քո դեմ։ Կյանքիդ մնացած մասը դու կապրես՝ պարտական լինելով այն մարդուն, ով իր կամքով մահացավ քո փոխարեն։

5. Ինչո՞ւ է Աստծու տված փրկանքը մյուս պարգևներից անհամեմատ ավելի մեծ։

5 Քրիստոսի միջոցով Եհովայի տված պարգևը շատ ավելի մեծ արժեք ունի, քան այս օրինակում նկարագրված նվերը (1 Պետ. 3։18)։ Տեսնենք՝ ինչու։ Ժառանգած մեղքի պատճառով բոլորս դատապարտված ենք մահվան (Հռոմ. 5։12)։ Բայց Եհովան, սիրուց մղված, Հիսուսին երկիր ուղարկեց, որ վերջինս «մահ ճաշակի ամեն մարդու համար» (Եբր. 2։9)։ Աստված ոչ միայն փրկեց մեր ներկայիս կյանքը, այլ նաև հիմք նախապատրաստեց մեկընդմիշտ վերացնելու մահվան պատճառը (Ես. 25։7, 8; 1 Կորնթ. 15։22, 26)։ Բոլոր նրանք, ովքեր հավատ են դրսևորում Հիսուսի հանդեպ, հավիտյան կապրեն ուրախ և խաղաղ կյանքով կա՛մ երկրի վրա որպես Աստծու Թագավորության հպատակներ, կա՛մ երկնքում որպես Քրիստոսի թագավորակիցներ (Հռոմ. 6։23; Հայտն. 5։9, 10)։ Ուրիշ ի՞նչ օրհնություններ ենք ստանում Եհովայի տված այս պարգևից։

6. ա) Եհովայի տված պարգևի ո՞ր օրհնությանն ես անհամբերությամբ սպասում։ բ) Աստծու տված պարգևը ո՞ր երեք բաներն անելու է մղում մեզ։

6 Եհովայի տված պարգևի մեջ մտնում է նաև այն, որ բոլոր հիվանդությունները բուժվելու են, երկիրը վերածվելու է դրախտի, և մահացածները հարություն են առնելու (Ես. 33։24; 35։5, 6; Հովհ. 5։28, 29)։ Անշուշտ, սիրում ենք Եհովային և իր Որդուն այդ «աննկարագրելի պարգևի» համար։ Բայց մի հարց է ծագում. «Ի՞նչ անելու է մղում մեզ այդ սերը»։ Եկեք քննենք, թե ինչպես է Աստծու հանդեպ սերը մղում մեզ 1) սերտորեն հետևելու Հիսուս Քրիստոսի հետքերին, 2) սեր դրսևորելու հավատակիցների հանդեպ և 3) սրտանց ներելու։

«ՔՐԻՍՏՈՍԻ ՈՒՆԵՑԱԾ ՍԵՐՆ Է ՄՂՈՒՄ ՄԵԶ»

7, 8. Ինչպե՞ս պետք է մեզ վրա ազդի Քրիստոսի սերը և ի՞նչ անելու պետք է մղի մեզ։

7 Առաջին՝ մենք պետք է մղվենք ապրելու Քրիստոսի համար։ Պողոսն ասաց. «Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ» (կարդա 2 Կորնթացիներ 5։14, 15)։ Առաքյալը գիտակցում էր, որ եթե չենք մղվում ապրելու Քրիստոսի համար, չենք արձագանքում նրա սիրուն։ Երբ խորությամբ մտածում ենք, թե Եհովան ինչ է արել հանուն մեզ, և երբ նրա սերը ազդում է մեր սրտերի վրա, մեր մեջ ցանկություն է առաջանում ամբողջ հոգով ապրելու Հիսուսի համար։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ նման ցանկություն ունենք։

8 Եհովային սիրողները մղվում են ընդօրինակելու Քրիստոսին՝ նրա պես վարվելով և սերտորեն նրա հետքերին հետևելով (1 Պետ. 2։21; 1 Հովհ. 2։6)։ Հնազանդվելով՝ փաստում ենք մեր սերը Աստծու և Քրիստոսի հանդեպ։ Հիսուսն ասաց. «Ով իմ պատվիրաններն ունի և պահում է դրանք, նա է սիրում ինձ։ Իսկ ով սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից, և ես կսիրեմ նրան ու ինձ հայտնի կդարձնեմ նրան» (Հովհ. 14։21; 1 Հովհ. 5։3

9. Ի՞նչ ճնշման ենք ենթարկվում։

9 Լավ կլինի՝ Հիշատակի երեկոյի շրջանում խորհրդածենք մեր կյանքի ընթացքի մասին։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Կյանքի ո՞ր ոլորտներում եմ հետևում Հիսուսի հետքերին։ Ո՞ր ոլորտներում բարելավումներ անելու կարիք ունեմ»։ Նման ինքնաքննությունը շատ կարևոր է, քանի որ անընդհատ ենթարկվում ենք այս աշխարհի հետքերով գնալու ճնշմանը (Հռոմ. 12։2)։ Եթե զգույշ չլինենք, գուցե դառնանք աշխարհի փիլիսոփաների, աստղերի և սպորտի անվանի վարպետների աշակերտները (Կող. 2։8; 1 Հովհ. 2։15–17)։ Ինչպե՞ս կարող ենք դիմադրել այս ճնշմանը։

10. Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ այս տարվա Հիշատակի երեկոյի շրջանում և արդյունքում ի՞նչ անելու կմղվենք (տես 12-րդ էջի նկարը)։

10 Հիշատակի երեկոն լավ առիթ է ուշադրություն դարձնելու մեր զգեստապահարանին, ֆիլմերի և երաժշտության հավաքածուներին, ինչպես նաև մեր համակարգիչներում, սմարթֆոններում և պլանշետներում եղած նյութերին։ Զգեստապահարանդ ստուգելիս հարցրու քեզ. «Եթե գնալու լինեմ մի այնպիսի վայր, որտեղ Հիսուսն էլ է ներկա լինելու, այս զգեստով ինձ անհարմար կզգա՞մ» (կարդա 1 Տիմոթեոս 2։9, 10)։ «Եթե հագնեմ այն, բոլորի համար ակնհայտ կլինի՞, որ Հիսուսի հետևորդն եմ»։ Կարող ենք նմանատիպ հարցեր տալ նաև ֆիլմերի և երաժշտության առնչությամբ. «Հիսուսը կդիտե՞ր այս ֆիլմը կամ կլսե՞ր այս երաժշտությունը։ Կամաչեի՞, եթե նա օգտվեր իմ հեռախոսից կամ պլանշետից և տեսներ, թե ինչ նյութեր կան այնտեղ»։ Տեսախաղերի հետ կապված մտածիր. «Կդժվարանայի՞ բացատրել Հիսուսին, թե ինչու եմ սիրում տվյալ խաղը»։ Եհովայի հանդեպ ունեցած սերը պետք է մղի մեզ ձերբազատվելու այն ամենից, ինչն անհարիր է Քրիստոսի աշակերտին, անկախ նրանից, թե որքան թանկ արժե դա (Գործ. 19։19, 20)։ Մեր նվիրման ժամանակ մենք խոստացանք, որ այդուհետ ոչ թե մեզ համար ենք ապրելու, այլ Քրիստոսի։ Ուստի չպետք է կառչենք այնպիսի բանից, ինչը կարող է խանգարել մեզ Քրիստոսի հետքերին սերտորեն հետևելուն (Մատթ. 5։29, 30; Փիլիպ. 4։8

11. ա) Եհովայի և Հիսուսի հանդեպ սերը ի՞նչ անելու է մղում մեզ քարոզչական գործում։ բ) Աստծու հանդեպ սերը ինչպե՞ս կարող է մղել մեզ օգնելու ժողովի անդամներին։

11 Հիսուսի հանդեպ սերը նաև մղում է մեզ անձնվիրաբար մասնակցելու քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին (Մատթ. 28։19, 20; Ղուկ. 4։43)։ Հիշատակի երեկոյի շրջանում մենք հնարավորություն կունենանք ծառայելու ենթառահվիրա՝ քարոզչական գործին տրամադրելով 30 կամ 50 ժամ։ Կարո՞ղ ես գործերդ այնպես ծրագրել, որ դա անես։ 84-ամյա մի այրի եղբայր կարծում էր, որ տարիքի և վատ առողջության պատճառով չի կարողանա ենթառահվիրա ծառայել։ Բայց իր տարածքի ռահվիրաները թիկունք կանգնեցին նրան։ Նրանք փոխադրամիջոց տրամադրեցին եղբորը և այնպիսի տարածք ընտրեցին, որ նա հասնի իր նպատակին՝ ծառայել 30 ժամ։ Կարո՞ղ ես նախաձեռնություն վերցնել և օգնել քո ժողովից որևէ մեկին, որ ենթառահվիրայություն անի Հիշատակի երեկոյի շրջանում։ Ինչ խոսք, բոլորս չենք կարող ենթառահվիրա ծառայել։ Բայց կարող ենք մեր ժամանակն ու ուժը օգտագործել, որ ավելի շատ գովաբանության զոհեր մատուցենք Եհովային։ Այդպես վարվելով՝ ցույց կտանք, որ ինչպես Պողոսին, այնպես էլ մեզ «Քրիստոսի ունեցած սերն է մղում»։ Ուրիշ ի՞նչ անելու է մղում մեզ Աստծու սերը։

ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԻՐԱՐ ՍԻՐԵԼ

12. Ի՞նչ անելու է մղում մեզ Աստծու սերը։

12 Երկրորդ՝ Աստծու սերը կմղի մեզ սեր դրսևորելու մեր հավատակիցների հանդեպ։ Հովհաննես առաքյալը գիտակցում էր դա։ Նա գրեց. «Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պարտավոր ենք իրար սիրել» (1 Հովհ. 4։7–11)։ Այո՛, եթե չենք ընդունում, որ պարտավոր ենք սիրել մեր եղբայրներին, ուրեմն չենք արձագանքում Աստծու սիրուն (1 Հովհ. 3։16)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք գործնականում դրսևորել այդ սերը։

13. Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը մարդկանց սիրելու հարցում։

13 Քննենք Հիսուսի օրինակը։ Իր երկրային ծառայության ընթացքում նա հատուկ ուշադրություն էր դարձնում խեղճերին։ Օգնում էր ֆիզիկական թերություններ ունեցողներին՝ կաղերին, կույրերին, խուլերին և համրերին (Մատթ. 11։4, 5)։ Հիսուսը սիրում էր սովորեցնել հոգևորապես քաղցած մարդկանց, որոնց հրեա կրոնական առաջնորդները «անիծված ժողովուրդ» էին համարում (Հովհ. 7։49)։ Նա սիրում էր խեղճերին և ջանում էր ծառայել նրանց (Մատթ. 20։28

Կարո՞ղ ես օգնել տարեց հավատակցիդ ծառայության մեջ (տես պարբերություն 14)

14. Ի՞նչ կարող ես անել ժողովի անդամների հանդեպ սեր ցույց տալու համար։

14 Հիշատակի երեկոյի շրջանը հնարավորություն է ընձեռում ընդօրինակելու Հիսուսին՝ ժամանակ հատկացնելով ժողովի եղբայրների և քույրերի մասին մտածելուն։ Եթե ուշադիր լինես, կնկատես, որ ոմանք քո սիրո կարիքն ունեն։ Թերևս ձեր ժողովում տարեցներ կան, որոնց կարող ես օգնել։ Օրինակ՝ այցելել նրանց, ուտելիք տանել, օգնել տան գործերում, գնումներ անել, մեքենայով նրանց ժողովի հանդիպումներին տանել կամ հրավիրել ծառայության (կարդա Ղուկաս 14։12–14)։ Մենք պետք է թույլ տանք, որ Աստծու սերը մղի մեզ քայլեր ձեռնարկելու և դրսևորելու մեր սերը հավատակիցների հանդեպ։

ՈՂՈՐՄԱԾ ԵՂԻՐ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻԴ ՀԱՆԴԵՊ

15. Ի՞նչ պետք է գիտակցենք։

15 Երրորդ՝ Եհովայի սերը պետք է մղի մեզ ներելու մեր եղբայրներին ու քույրերին։ Որպես առաջին մարդու՝ Ադամի զավակներ՝ բոլորս ժառանգել ենք մեղք և դրա պատիժը՝ մահը։ Մեզնից ոչ ոք չի կարող ասել. «Ես փրկանքի կարիք չունեմ»։ Նույնիսկ Աստծու ամենահավատարիմ ծառան կարիք ունի, որ Եհովան Քրիստոսի միջոցով անզուգական բարություն դրսևորի իր հանդեպ։ Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ իր ահռելի պարտքը ներվել է։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Պատասխանը տրվում է Հիսուսի առակներից մեկում։

16, 17. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի առակից։ բ) Հիսուսի առակի շուրջ խորհրդածելուց հետո ի՞նչ ես վճռել անել։

16 Հիսուսը պատմեց մի թագավորի մասին, որը ներեց իր ծառայի հսկայական պարտքը՝ 10000 տաղանդ, կամ՝ 60000000 դինար։ Բայց այդ ծառան, որին այդքան մեծ պարտք էր ներվել, չցանկացավ ներել իր ծառայակցին, որի պարտքը անհամեմատ քիչ էր՝ 100 դինար։ Թագավորը զայրացավ, երբ իմացավ, թե ինչ է արել իր կարծրասիրտ ծառան, որին ողորմածաբար ներել էր։ Նա ասաց. «Չա՛ր ծառա, ես քո ամբողջ պարտքը չեղյալ համարեցի, երբ դու աղաչեցիր ինձ։ Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմած լինեիր քո ծառայակցի հանդեպ, ինչպես ես ողորմած եղա քո հանդեպ» (Մատթ. 18։23–35)։ Այո՛, թագավորի արտասովոր ողորմածությունը պետք է մղեր ծառային ներելու իր ծառայակցին։ Թագավորի նման՝ Եհովան չեղյալ է համարել մեր հսկայական պարտքը՝ ներելով մեր մեղքերը։ Ուրեմն ի՞նչ անելու պետք է մղեն մեզ Եհովայի սերն ու ողորմածությունը։

17 Հիշատակի երեկոն լավ առիթ է, որ մտածենք՝ արդյոք շարունակում ենք վիրավորված մնալ որևէ եղբորից կամ քրոջից։ Եթե այո, ապա տեղին կլինի ընդօրինակել Եհովային, որը պատրաստ է ներելու (Նեեմ. 9։17; Սաղ. 86։5)։ Եթե գնահատում ենք այն, ինչ նա արել է մեզ համար՝ չեղյալ համարելով մեր մեծ պարտքը, ապա կցանկանանք սրտանց ներել ուրիշներին։ Եթե չսիրենք ու չներենք մարդկանց, Աստված էլ մեզ չի սիրի ու չի ների (Մատթ. 6։14, 15)։ Ճիշտ է, թեև ներելով չենք կարող փոխել անցյալը, բայց անշուշտ կարող ենք դեպի լավը փոխել մեր ապագան։

18. Ինչպե՞ս Աստծու սերն օգնեց Լիլիին համբերելու քույրերից մեկի անկատարությանը։

18 Մեզանից շատերի համար կարող է դժվար լինել ամեն օր «համբերել» հավատակիցներին (կարդա Կողոսացիներ 3։13, 14; Եփեսացիներ 4։32)։ Օրինակ՝ Լիլին, որը ամուրի քույր է, պատրաստակամորեն օգնում էր Քերոլ անունով մի այրի քրոջ։ [1] Երբ հարկ էր լինում, նա Քերոլին մեքենայով ուղեկցում էր, գնումներ էր անում նրա համար և բարություն էր դրսևորում նրա հանդեպ բազմաթիվ այլ գործնական կերպերով։ Բայց չնայած այն ամենին, ինչ Լիլին անում էր, Քերոլը անընդհատ դժգոհում էր, և երբեմն հեշտ չէր նրա հետ լեզու գտնել։ Այնուհանդերձ, Լիլին կենտրոնանում էր Քերոլի լավ հատկությունների վրա։ Նա մի քանի տարի շարունակ աջակցեց նրան, մինչև այն պահը, երբ Քերոլը լուրջ հիվանդությունից մահացավ։ Լիլին ասում է. «Չնայած այդ ամենին՝ ես անհամբերությամբ սպասում եմ Քերոլի հարությանը։ Ուզում եմ նրան կատարյալ տեսնել»։ Իսկապես, Աստծու սերը կարող է մղել մեզ համբերելու մեր եղբայրներին ու քույրերին և սպասելու այն ժամանակին, երբ մարդկանց անկատարությունն իսպառ վերացած կլինի։

19. Ի՞նչ անելու է մղում քեզ Աստծու «աննկարագրելի և ձրի պարգևը»։

19 Մենք իսկապես «աննկարագրելի և ձրի պարգև» ենք ստացել Եհովայից։ Թող որ երբեք սովորական բան չհամարենք այս թանկագին նվերը։ Փոխարենը՝ հատկապես Հիշատակի երեկոյի շրջանում եկեք խորությամբ մտածենք այն ամենի շուրջ, ինչ Եհովան ու Հիսուսն արել են մեզ համար։ Այո՛, թող որ նրանց սերը մղի մեզ սերտորեն հետևելու Հիսուսի հետքերին, նախաձեռնություն վերցնելու և դրսևորելու մեր սերը հավատակիցների հանդեպ ու սրտանց ներելու նրանց։

^ [1] (պարբերություն 18) Հոդվածում որոշ անուններ փոխված են։