Ի՞նչ հատկություններ ունի Աստված
Որքան շատ բան եք իմանում ինչ-որ մեկի հատկությունների մասին, այնքան ավելի լավ եք ճանաչում նրան, և նրա հետ ձեր ընկերությունը ավելի է ամրանում։ Նմանապես, որքան շատ բան իմանաք Եհովայի հատկությունների մասին, այնքան ավելի լավ կճանաչեք նրան և արդյունքում ավելի կմտերմանաք նրա հետ։ Աստված բազում հիասքանչ հատկություններ ունի, բայց դրանցից չորսը հատկապես ուշագրավ են՝ նրա զորությունը, իմաստությունը, արդարությունը և սերը։
ԱՍՏՎԱԾ ԶՈՐԵՂ Է
«Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զորությամբ» (ԵՐԵՄԻԱ 32։17)։
Աստծու զորությունը երևում է նրա ստեղծագործության մեջ։ Ի՞նչ եք զգում, երբ պայծառ ամառային մի օր կանգնում եք բաց երկնքի տակ։ Անկասկած, ձեր մաշկի վրա զգում եք արևի հաճելի ջերմությունը։ Իրականում այն, ինչ վայելում եք, Աստծու ստեղծարար ուժի արգասիքն է։ Նկատի առնենք, օրինակ, թե ինչ հսկայական էներգիայի աղբյուր է Արեգակը։ Դրա միջուկի ջերմաստիճանը հասնում է մոտ 15 000 000°C-ի (27 000 000° Ֆարենհայտ)։ Ամեն վայրկյան Արեգակն արձակում է այնքան էներգիա, որը հավասարազոր է հարյուր միլիոնավոր ատոմային ռումբերի պայթյունին։
Սակայն Տիեզերքում կան Արեգակից էլ մեծ անթիվ-անհամար աստղեր։ Ամենամեծ աստղերից մեկի՝ Վահան համաստեղության UY աստղի տրամագիծը, գիտնականների հաշվարկներով, մոտ 1 700 անգամ մեծ է Արեգակի տրամագծից։ Եթե այդ աստղը դրվեր Արեգակի տեղը, այն ամբողջությամբ կներառեր երկրագունդը և նույնիսկ Յուպիտեր մոլորակի ուղեծիրը։ Այս ապշեցուցիչ փաստերն օգնում են, որ ավելի խորությամբ հասկանանք Երեմիա մարգարեի վերոհիշյալ
խոսքերը, որ Եհովա Աստված երկինքն ու երկիրը, այսինքն՝ ողջ Տիեզերքը ստեղծել է իր մեծ զորությամբ։Աստծու զորությունը ի՞նչ օգուտ է բերում մեզ։ Մեր կյանքը կախված է այն ամենից, ինչ ստեղծել է Աստված, օրինակ՝ արևից, ինչպես նաև երկրագնդի հարուստ բնական ռեսուրսներից։ Բացի այդ, Աստված իր զորությունն օգտագործում է մարդկանց անհատապես օգնելու համար։ Ի՞նչ կերպերով։ Առաջին դարում Աստված հրաշքներ անելու զորություն էր տվել Հիսուսին։ Աստվածաշնչում այդ մասին գրված է. «Կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում» (Մատթեոս 11։5)։ Իսկ այսօ՞ր։ «Նա հոգնածին ուժ է տալիս,— գրված է Աստվածաշնչում։ Իսկ շարունակության մեջ ասվում է.— Եհովային հուսացողները կվերագտնեն իրենց ուժերը» (Եսայիա 40։29, 31)։ Աստված կարող է «սովորականին գերազանցող ուժ» տալ մեզ, որ կարողանանք տանել այս կյանքի դժվարությունները (2 Կորնթացիներ 4։7)։ Մի՞թե չեք ցանկանա մտերմանալ այսպիսի Աստծու հետ, ով սիրուց մղված իր անսահման զորությունն օգտագործում է մեզ օգնելու համար։
ԱՍՏՎԱԾ ԻՄԱՍՏՈՒՆ Է
«Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա, բոլորը իմաստությամբ ես արել» (ՍԱՂՄՈՍ 104։24)։
Որքան շատ բան ենք իմանում Աստծու ստեղծածների մասին, այնքան ավելի ենք հիանում նրա անսահման իմաստությամբ։ Գոյություն ունի գիտության մի ճյուղ, որը կոչվում է բիոմիմետիկա։ Այդ ոլորտում աշխատող գիտնականները ուսումնասիրում են Եհովայի ստեղծածները և ապա կրկնօրինակում բնության կենսաբանական համակարգերի տարբեր մասերն ու նրբությունները, որպեսզի կատարելագործեն իրենց ստեղծած մեխանիզմները՝ սկսած լուսանկարչական ապարատի ոսպնյակից մինչև ինքնաթիռների մոդելները։
Աստծու իմաստության ամենատպավորիչ դրսևորումը մարդու մարմինն է։ Օրինակ՝ նկատի առնենք, թե ինչպես է ձևավորվում երեխան մոր արգանդում։ Այդ ապշեցուցիչ պրոցեսը սկսում է ընդամենը մեկ բեղմնավորված բջջից, որը պարունակում է մարդկային օրգանիզմի կազմավորման համար անհրաժեշտ ողջ գենետիկական ինֆորմացիան։ Սկզբում այդ բջիջը տրոհվելով առաջացնում է բազմաթիվ միանման բջիջներ։ Իսկ հետո՝ ճիշտ ժամանակին, դրանք բաժանվելիս սկսում են տարբերակվել, և առաջանում են հարյուրավոր առանձնահատուկ տեսակի բջիջներ՝ արյան բջիջներ, նյարդային բջիջներ, ոսկրային բջիջներ և այլն։ Շուտով ձևավորվում և սկսում են գործել օրգան-համակարգերը։ Եվ ընդամենը ինը ամսվա մեջ այդ մեկ բջիջը դառնում է լիովին ձևավորված երեխա, որը կազմված է միլիարդավոր բջիջներից։ Այս ողջ պրոցեսը այնքան հանճարեղ է, որ շատերը համաձայնվում են Աստվածաշնչում գրված հետևյալ խոսքերին. «Պիտի գովերգեմ քեզ, քանի որ զարմանալի կերպով եմ ստեղծված, և դա ակնածանք է ներշնչում» (Սաղմոս 139։14)։
Աստծու իմաստությունը ի՞նչ օգուտ է բերում մեզ։ Մեր Ստեղծիչը գիտի, թե ինչ է մեզ անհրաժեշտ երջանիկ լինելու համար։ Լինելով անսահման գիտելիքների և հասկացողության տեր՝ նա մեզ տվել է իմաստուն խորհուրդներ, որոնք գրված են իր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Օրինակ՝ այնտեղ այսպիսի հորդոր է տրվում. «Շարունակեք.... մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13)։ Սա իմաստո՞ւն խորհուրդ է։ Անկասկած։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ուրիշներին ներելը կարող է բարելավել քունը և կարգավորել արյան ճնշումը։ Այն կարող է նաև նվազեցնել դեպրեսիայի մեջ ընկնելու և առողջական այլ խնդիրներ ձեռք բերելու հավանականությունը։ Աստված, իմաստուն և հոգատար ընկերոջ պես, միշտ օգտակար ու գործնական խորհուրդներ է տալիս մեզ (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Մի՞թե չեք ցանկանա այդպիսի ընկեր ունենալ։
ԱՍՏՎԱԾ ԱՐԴԱՐ Է
«Եհովան սիրում է արդարությունը» (ՍԱՂՄՈՍ 37։28)։
Աստված միշտ անում է այն, ինչ ճիշտ է ու արդար։ «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10)։ Նրա դատավճիռները արդար են։ Սաղմոսերգուն, դիմելով Եհովային, ասաց. «Դու ուղղամտությամբ ես դատելու ժողովուրդներին» (Սաղմոս 67։4)։ Քանի որ «Եհովան սիրտն է տեսնում», մարդ ինչքան էլ կեղծավորություն անի, չի կարող խաբել նրան (1 Սամուել 16։7)։ Նա միշտ կարողանում է տեսնել իրականությունը և դրա հիման վրա ճիշտ դատավճիռ կայացնել։ Ավելին, երկրի վրա տեղի ունեցող ոչ մի անարդար ու չար արարք նրա աչքից աննկատ չի մնում, և նա խոստացել է, որ շուտով «ամբարիշտները կվերանան երկրից» (Առակներ 2։22)։
Այդուհանդերձ, Աստված անգութ դատավոր չէ, ում հաճույք է պատճառում մարդկանց պատժելը։ Ընդհակառակը, երբ տեղին է, նա միշտ պատրաստ է ողորմածություն դրսևորել։ Աստվածաշունչն ասում է. «Եհովան բարեգութ է և ողորմած», նույնիսկ չարերի նկատմամբ, եթե նրանք անկեղծորեն զղջում են։ Մի՞թե հենց սա չէ իսկական արդարությունը (Սաղմոս 103։8; 2 Պետրոս 3։9)։
Աստծու արդարությունը ի՞նչ օգուտ է բերում մեզ։ Պետրոս առաքյալն ասաց. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Մենք կարող ենք արժանանալ Աստծու հավանությանը և երկրպագել նրան՝ անկախ մեր ռասայից, ազգությունից, կրթությունից կամ սոցիալական վիճակից, քանի որ նա երբեք կողմնապահություն կամ աչառություն չի անում։
Աստված ցանկանում է, որ հասկանանք արդարության իր չափանիշները և օգուտներ քաղենք դրանցից։ Այդ պատճառով նա մեզ տվել է խիղճ։ Ինչպես Աստվածաշունչն է նկարագրում, այն ասես օրենք լինի՝ «գրված [մեր] սրտերում», որը «վկայություն է տալիս», թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ (Հռոմեացիներ 2։15)։ Ի՞նչ օգուտ է դա բերում մեզ։ Եթե խիղճը ճիշտ է դաստիարակված, այն կարող է մղել մեզ մերժելու վնասաբեր, անարդար արարքները։ Եվ եթե անգամ սխալվենք, այն կարող է մղել զղջալու և ուղղվելու։ Իսկապես, Աստծու արդարության չափանիշները լավ հասկանալով՝ օգուտներ ենք քաղում և մտերմանում ենք նրա հետ։
ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է
«Աստված սեր է» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 4։8)։
Թեև Աստված ունի և գործի է դնում զորություն, իմաստություն և արդարություն, բայց Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ նա զորություն է, իմաստություն է կամ արդարություն է։ Մինչդեռ այնտեղ գրված է, որ Աստված սեր է։ Ինչո՞ւ է այդպես ասվում։ Քանի որ, ճիշտ է, Եհովայի զորությունը նրան գործելու կարողություն է տալիս, իմաստությունը ուղղորդում է նրա գործելակերպը, բայց սերն է, որ մղում է նրան գործելու։ Սերն ազդում է այն ամենի վրա, ինչ նա անում է։
Եհովան ոչ մի բանի կարիք չուներ, բայց սերը մղեց նրան ստեղծելու երկնային և երկրային բանական էակների, որպեսզի նրանք վայելեն իր սերն ու հոգատարությունը։ Նա անշահախնդրորեն ամեն բան արել է, որ երկիրը դարձնի կատարյալ բնակավայր մարդկության համար։ Եվ նա շարունակում է սիրել բոլոր մարդկանց ու հոգ տանել նրանց մասին. չէ՞ որ «նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթեոս 5։45)։
Ավելին, «Եհովան անչափ գորովալից է ու ողորմած» (Հակոբոս 5։11)։ Նա գորովանք է դրսևորում նրանց հանդեպ, ովքեր անկեղծորեն ջանք են թափում, որ ճանաչեն իրեն ու մտերմանան իր հետ։ Նա մարդկանց հանդեպ անհատական հետաքրքրություն է դրսևորում։ Աստվածաշնչում այսպիսի հավաստիացում է տրվում. «Նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։
Աստծու սերը ի՞նչ օգուտ է բերում մեզ։ Մենք վայելում ենք մայրամուտի գեղեցկությունը։ Հրճվում ենք մանկան զվարթ ծիծաղով։ Ընտանիքի անդամների սերը ջերմացնում է մեր սիրտը։ Թեև այս ամենը ապրելու համար խիստ անհրաժեշտ պայմաններ չեն, բայց անչափ հարստացնում են մեր կյանքը։
Մեզ շատ օգուտներ է բերում նաև Աստծու սիրո մեկ այլ դրսևորում՝ աղոթելու հնարավորությունը, որ նա տվել է մեզ։ Աստվածաշունչը հորդորում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն»։ Եհովան, սիրառատ հոր պես, շատ է ուզում, որ ազատորեն խոսենք իր հետ անգամ մեր խիստ անձնական մտահոգությունների մասին։ Եվ անշահախնդրորեն սիրելով մեզ՝ խոստանում է տալ իր «խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
Հուսով ենք, որ Աստծու գլխավոր հատկությունների՝ զորության, իմաստության, արդարության և սիրո մասին այս հակիրճ տեղեկությունը օգնեց ձեզ ավելի լավ պատկերացնելու, թե ինչպիսի անձնավորություն է նա։ Աստծու էության մասին ավելի լիարժեք պատկերացում կազմելու հարցում օգտակար կլինի նաև հաջորդ հոդվածը, որտեղ խոսվում է այն մասին, թե Աստված մեզ համար ինչ է արել և ինչ է պատրաստվում անել։
Ի՞ՆՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԱՍՏՎԱԾ։ Եհովան ամենազորեղ, ամենաիմաստուն և ամենաարդար անձնավորությունն է, բայց նրա ամենագրավիչ հատկությունը սերն է