Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ՀԻՍՈՒՍԸ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ ԿՐԵՑ ՈՒ ՄԱՀԱՑԱՎ

Այս ամենը եղե՞լ է իրականում

Այս ամենը եղե՞լ է իրականում

Մ.թ. 33-ի գարնանը նազովրեցի Հիսուսը մահապատժի ենթարկվեց։ Նրան անհիմն կերպով մեղադրել էին խռովություն հրահրելու մեջ, դաժանաբար ծեծի ենթարկել և ցցին գամել։ Հիսուսը մահացավ տանջալից մահով։ Բայց Աստված հարություն տվեց նրան, և 40 օր հետո նա երկինք համբարձվեց։

Այս ամենի մասին իմանում ենք չորս Ավետարաններից, որոնք Քրիստոնեական Հունարեն Գրությունների՝ Նոր Կտակարանի մաս են կազմում։ Սակայն արդյո՞ք վերոհիշյալ դեպքերը կատարվել են իրականում։ Սա տեղին և լուրջ հարց է։ Եթե այս ամենը չի եղել, ապա քրիստոնեական հավատը ոչ մի արժեք չունի, և դրախտում հավիտյան ապրելու հույսը լոկ երազանք է (1 Կորնթացիներ 15։14)։ Բայց եթե այս դեպքերն իրականում կատարվել են, դա նշանակում է, որ մարդկությանը պայծառ ապագա է սպասում, որը դուք էլ կարող եք վայելել։ Այսպիսով՝ Ավետարաններում արձանագրված պատմությունը փա՞ստ է, թե՞ հորինվածք։

ԻՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ

Ի տարբերություն լեգենդների՝ Ավետարաններում արձանագրված պատմությունը գրված է ամենայն ճշգրտությամբ և պարունակում է բազմաթիվ մանրամասներ։ Օրինակ՝ այնտեղ հիշատակվում են բազմաթիվ իրական վայրերի անուններ։ Նշված վայրերից շատերը հնարավոր է այցելել նաև այսօր։ Ավետարաններում խոսվում է իրական մարդկանց մասին, որոնց գոյությունը հաստատվում է նաև աշխարհիկ պատմիչների վկայությամբ (Ղուկաս 3։1, 2, 23

Հիսուսի մասին հիշատակել են առաջին և երկրորդ դարերի աշխարհիկ գրողներ։ * Բացի այդ, Հիսուսի մահապատժի մասին Ավետարանների նկարագրությունը համապատասխանում է այն ժամանակներում Հռոմում ընդունված մահապատժի ձևերին։ Ավելին, Ավետարանները պարունակում են հավաստի տեղեկություններ և գրված են անկեղծությամբ։ Այնտեղ նույնիսկ խոսվում է Հիսուսի աշակերտներից մի քանիսի սխալների մասին (Մատթեոս 26։56; Ղուկաս 22։24–26; Հովհաննես 18։10, 11)։ Այս ամենը ցույց է տալիս, որ ավետարանագիրները Հիսուսի մասին գրելիս էլ եղել են անկեղծ և բոլոր տեղեկությունները գրի են առել ամենայն ճշգրտությամբ։

ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Թեև շատերը ընդունում են, որ Հիսուսը իսկապես ապրել և մահացել է, բայց ոմանք հարցականի տակ են դնում նրա հարությունը։ Նույնիսկ Հիսուսի առաքյալները սկզբում չհավատացին, երբ նրանց ասացին, որ Հիսուսը հարություն է առել (Ղուկաս 24։11)։ Սակայն կասկածները փարատվեցին, երբ նրանք և մյուս աշակերտները տարբեր առիթներով տեսան հարություն առած Հիսուսին։ Իսկ մի անգամ նրան տեսավ ավելի քան 500 մարդ (1 Կորնթացիներ 15։6

Թեև աշակերտները գիտեին, որ իրենց կարող էին ձերբակալել և մահվան մատնել, բայց Հիսուսի հարության մասին համարձակությամբ հայտնում էին բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր մահապատժի էին ենթարկել Հիսուսին (Գործեր 4։1–3, 10, 19, 20; 5։27–32)։ Մի՞թե նրանք այդպես կվարվեին, եթե լիովին համոզված չլինեին, որ Հիսուսը հարություն է առել։ Իրականում, եթե Քրիստոսի հարությունը հորինվածք լիներ, քրիստոնեությունը այդքան մեծ ազդեցություն չէր ունենա թե՛ անցյալում ապրած, թե՛ ներկայումս ապրող միլիարդավոր մարդկանց վրա։

Այսպիսով՝ բոլոր հիմքերն ունենք Հիսուսի մահվան և հարության մասին Ավետարանների պատմությունը համարելու ճշգրիտ պատմական արձանագրություն։ Ուշադիր կարդալով Ավետարանները՝ դուք էլ կհամոզվեք, որ այդ դեպքերը իրականում եղել են։ Ձեր վստահությունն ավելի կամրանա, եթե հասկանաք, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։

^ պարբ. 7 Տակիտոսը, որը ծնվել է մ.թ. 55 թվականին, գրել է. «Քրիստոսը, որի անունից առաջացել է [քրիստոնյաներ] անվանումը, մահապատժի ենթարկվեց Տիբերիոսի կառավարման ժամանակաշրջանում մեր պրոկուրատորներից մեկի՝ Պոնտացի Պիղատոսի ձեռքով»։ Հիսուսի մասին են վկայել նաև Սվետոնիոսը (առաջին դար), հրեա պատմագիր Հովսեպոսը (առաջին դար) և Բութանիայի կառավարիչ Պլինիոս Կրտսերը (երկրորդ դարի սկիզբ)։