Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աշխարհը կործանվելո՞ւ է

Աշխարհը կործանվելո՞ւ է

Հավանաբար գիտեք, որ Աստվածաշնչում խոսվում է աշխարհի վերջի մասին (1 Հովհաննես 2։17)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մարդկությունը կործանվելու է։ Երկիր մոլորակը անմարդաբնա՞կ է դառնալու կամ ամբողջովին վերանալո՞ւ է։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՅՍ ԵՐԿՈՒ ՀԱՐՑԵՐԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է՝ Ո՛Չ

Ի՞նչը չի կործանվելու։

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է ասում Աստվածաշունչը։ Աստված «զուր տեղը չարարեց [երկիրը], այլ բնակվելու համար ստեղծեց այն» (ԵՍԱՅԻԱ 45։18

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿ

Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Մի սերունդ գնում է, մի սերունդ գալիս է, բայց երկիրը մնում է հավիտյան» (ԺՈՂՈՎՈՂ 1։4

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Համաձայն Աստվածաշնչի՝ երկիրը երբեք չի կործանվելու, այն միշտ բնակեցված է լինելու։ Այդ դեպքում ինչի՞ն է վերաբերում աշխարհի վերջը։

ՄՏԱԾԵՔ։ Աստվածաշունչը այս աշխարհի մոտալուտ վախճանը համեմատում է Նոյի օրերում տեղի ունեցածի հետ։ Այդ ժամանակ «երկիրը բռնությամբ էր լցվել» (Ծննդոց 6։13)։ Ուստի Աստված ջրհեղեղի միջոցով ոչնչացրեց չար մարդկանց։ Բայց քանի որ Նոյը արդար մարդ էր, Աստված փրկեց նրան ու նրա ընտանիքին։ Նոյի օրերի մասին Աստվածաշունչն ասում է. «Այն ժամանակվա աշխարհը կործանվեց, երբ ջրերով հեղեղվեց» (2 Պետրոս 3։6)։ Իսկ ի՞նչը կործանվեց։ Ոչ թե երկիրը, այլ դրա վրա ապրող չար մարդիկ։ Փաստորեն, աշխարհի վերջը, որի մասին նշված է Աստվածաշնչում, չի վերաբերում Երկիր մոլորակի կործանմանը։ Այն վերաբերում է երկրի վրա ապրող չար մարդկանց և նրանց ստեղծած համակարգի կործանմանը։

Ինչի՞ն է վերջ դրվելու։

ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՉԱՐՈՒԹՅՈՒՆ

Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (ՍԱՂՄՈՍ 37։10, 11

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Նոյի օրերի ջրհեղեղը չվերացրեց չարությունը։ Ջրհեղեղից հետո չար մարդկանց պատճառով կյանքը կրկին տառապալի դարձավ։ Սակայն շուտով Աստված վերջ կդնի չարությանը։ Վերոնշյալ սաղմոսում ասվում է. «Ամբարիշտն այլևս չի լինի»։ Աստված չարությանը վերջ կդնի իր Թագավորության միջոցով։ Այդ Թագավորությունը համաշխարհային մի կառավարություն է, որը գտնվում է երկնքում և իշխում է Աստծուն հնազանդ մարդկանց վրա։

ՄՏԱԾԵՔ։ Երկրի վրա իշխող ներկայիս կառավարությունները կաջակցե՞ն Աստծու Թագավորությանը։ Աստվածաշունչն ասում է՝ ո՛չ։ Նրանք անմտորեն դուրս կգան Աստծու Թագավորության դեմ (Սաղմոս 2։2)։ Ի՞նչ կլինի դրա հետևանքը։ Աստծու Թագավորությունը փոխարինելու է բոլոր մարդկային կառավարություններին, «իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44)։ Բայց ինչո՞ւ պետք է վերջ դրվի մարդկային իշխանությանը։

ԻՆՉԻ՞ ԿԱՐԻՔԸ ԿԱ։ Մարդկային իշխանությանը պետք է վերջ դրվի։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (ԵՐԵՄԻԱ 10։23

ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Մարդիկ չէին ստեղծվել իրար վրա իշխելու համար։ Նրանք չեն կարողանում հօգուտ մարդկանց իշխել և լուծել նրանց խնդիրները։

ՄՏԱԾԵՔ։ Մի աշխատության մեջ նշվում է, որ առանձին կառավարությունները անզոր են լուծելու այնպիսի համաշխարհային խնդիրներ, ինչպիսիք են աղքատությունը, սովը, հիվանդությունները, բնական աղետները, պատերազմները և բռնության այլ դրսևորումները։ Այնտեղ նաև ասվում է. «Ոմանք.... կարծում են, որ այդ չարաբաստիկ խնդիրները կարող է լուծել միայն համաշխարհային մի կառավարություն» (Britannica Academic)։ Բայց անգամ եթե մարդկային բոլոր կառավարությունները միավորվեն, միևնույն է, չեն կարողանա լուծել վերոնշյալ խնդիրները, քանի որ աշխարհը կշարունակեն ղեկավարել անկատար մարդիկ։ Աստծու Թագավորությունը միակ կառավարությունն է, որն ի զորու է արմատապես վերացնել բոլոր համաշխարհային խնդիրները։

Փաստորեն, համաձայն Աստվածաշնչի՝ կարիք չկա, որ լավ մարդիկ վախենան աշխարհի վերջից՝ ներկայիս չար համակարգի կործանումից։ Ընդհակառակը, դա մի բան է, ինչին արժե սպասել, քանի որ փլուզման շեմին կանգնած այս հին աշխարհին փոխարինելու է Աստծու հիասքանչ նոր աշխարհը։

Իսկ ե՞րբ է դա տեղի ունենալու։ Հաջորդ հոդվածում կտրվի Աստվածաշնչի պատասխանը։