Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը. ի՞նչ է ասել Հիսուսը
Ինչպես նախորդ հոդվածից իմացանք, երբ Աստվածաշունչը խոսում է աշխարհի վերջի մասին, նկատի ունի ոչ թե Երկիր մոլորակի կամ մարդկության կործանումը, այլ ներկայիս ապականված համակարգի և դրա աջակիցների կործանումը։ Իսկ Աստվածաշունչն ասո՞ւմ է, թե երբ է լինելու այս չար համակարգի վերջը։
ՆԿԱՏԻ ԱՌՆԵՆՔ, ԹԵ ՎԵՐՋԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՆՉ ԵՐԿՈՒ ԲԱՆ ԱՍԱՑ ՀԻՍՈՒՍԸ
«Ուստի արթո՛ւն եղեք, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը» (ՄԱՏԹԵՈՍ 25։13)։
«Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք, թե երբ է նշանակված ժամանակը» (ՄԱՐԿՈՍ 13։33)։
Ուրեմն երկրի վրա ապրող ոչ մի մարդ չգիտի, թե երբ է լինելու այս համակարգի կործանումը։ Այնուհանդերձ, Աստված ունի «նշանակած ժամանակ»։ Նա կոնկրետ «օր ու ժամ» է որոշել վերջի համար (Մատթեոս 24։36)։ Իսկ հնարավո՞ր է ինչ-որ ձևով իմանալ՝ վերջը մո՞տ է։ Այո՛։ Հիսուսն իր աշակերտների հետ խոսեց մի շարք իրադարձությունների մասին, որոնք ցույց կտային, որ աշխարհի վերջը ուր որ է գալու է։
ՆՇԱՆԸ
«Աշխարհի վախճանի նշանը» հենց այդ իրադարձություններն են։ Հիսուսը ասել է. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն» (Մատթեոս 24։3, 7)։ Նա նաև նշել է, որ «համաճարակներ» կլինեն (Ղուկաս 21։11)։ Ձեր աչքերով տեսնո՞ւմ եք Հիսուսի կանխագուշակած այս իրադարձությունները։
Այսօր մարդիկ տառապում են կործանարար պատերազմների, սովի, երկրաշարժերի և անողոք հիվանդությունների պատճառով։ Օրինակ՝ 2004 թ.-ին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին մոտ 225 000 մարդու կյանք խլեց։ Ամբողջ աշխարհում ավելի քան երեք տարվա ընթացքում COVID-19 համավարակը մոտ 6,9 միլիոն մարդու մահվան պատճառ դարձավ։ Հիսուսի խոսքերի համաձայն՝ այսպիսի դեպքերը ցույց կտան, որ ներկայիս համակարգի վերջը մոտեցել է։
«ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐ»
Աշխարհի կործանմանը նախորդող ժամանակաշրջանը Աստվածաշունչը նկարագրում է որպես «վերջին օրեր» (2 Պետրոս 3։3, 4)։ Երկրորդ Տիմոթեոս 3։1–5-ում նշվում է, որ վերջին օրերում մարդկությունը բարոյական անկում է ապրելու (տես « Աշխարհի կործանումից անմիջապես առաջ» շրջանակը)։ Հավանաբար տեսնում եք, որ այսօր մարդկանց մեջ սերը պակասել է, շատերը դարձել են եսասեր, ագահ, դաժան և անսիրտ։ Սա նույնպես ակնհայտ ապացույց է, որ աշխարհի վերջը շատ մոտ է։
Իսկ վերջին օրերը որքա՞ն են տևելու։ Ըստ Աստվածաշնչի՝ «քիչ ժամանակ»։ Հետո Աստված կոչնչացնի նրանց, «ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։15–18; 12։12)։
ԵՐԿԻՐԸ ՇՈՒՏՈՎ ԴՐԱԽՏ ԿԴԱՌՆԱ
Այս չար համակարգը կործանելու համար Աստված արդեն օր ու ժամ է նշանակել (Մատթեոս 24։36)։ Բայց մի լավ բան էլ կա. Աստված «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի» (2 Պետրոս 3։9)։ Նա բոլոր մարդկանց հնարավորություն է տալիս իմանալու իր կամքը և հնազանդվելու իրեն։ Ինչո՞ւ։ Քանի որ Աստված ցանկանում է, որ փրկվենք աշխարհի կործանումից և ապրենք իր խոստացած նոր աշխարհում, երբ երկիրը դրախտ կլինի։
Աստված մի համաշխարհային կրթական ծրագրի միջոցով սովորեցնում է մարդկանց, թե ինչ պետք է անեն, որ ապրեն նոր աշխարհում՝ իր Թագավորության ներքո։ Հիսուսն ասել է, որ Աստծու Թագավորության մասին բարի լուրը «կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (Մատթեոս 24։14)։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները միլիարդավոր ժամեր են տրամադրել, որ Աստվածաշնչի հուսադրող լուրը քարոզեն և սովորեցնեն մարդկանց։ Հիսուսն ասել է, որ այս քարոզչական գործը կկատարվի ամբողջ աշխարհով մեկ, նախքան կգա վերջը։
Մարդկային իշխանության դարաշրջանը մոտենում է իր մայրամուտին։ Սակայն բարի լուրն այն է, որ դուք կարող եք վերապրել աշխարհի կործանումից և ապրել Աստծու խոստացած դրախտային երկրում։ Հաջորդ հոդվածում խոսվում է այն մասին, թե ինչ կարող եք անել, որ ապրեք նոր աշխարհում։
«Վերջին օրերի» վերաբերյալ Հիսուսի խոսքերը մեզ հույսով են լցնում