Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նոր աշխարհում ապրելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել

Նոր աշխարհում ապրելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել

Նախորդ հոդվածներից իմացանք, որ Աստված վերացնելու է այս ապականված մարդկային հասարակությունը իր բոլոր խնդիրներով։ Մենք կարող ենք համոզված լինել, որ դա կլինի, քանի որ Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում, ասվում է.

«Աշխարհն անցնում է» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 2։17

Բայց կարող ենք վստահ լինել, որ փրկվողներ կլինեն, քանի որ վերոնշյալ աստվածաշնչյան համարում նաև ասվում է.

«Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան»։

Փաստորեն, փրկության բանալին Աստծու կամքը կատարելն է։ Բայց Աստծու կամքն իմանալու համար նախևառաջ պետք է ճանաչենք նրան։

ՃԱՆԱՉԵՔ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ԿՓՐԿՎԵՔ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ

Հիսուսն ասել է. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ» (Հովհաննես 17։3)։ Աշխարհի կործանումից վերապրելու և հավիտյան ապրելու համար մենք պետք է ճանաչենք Աստծուն։ Դա ավելին է ներառում, քան միայն հավատալ, որ Աստված գոյություն ունի, և որոշ բաներ իմանալ նրա մասին։ Մենք պետք է ընկերանանք Աստծու հետ։ Որևէ մեկի հետ մեր ընկերությունը ամրացնելու համար պետք է ժամանակ անցկացնենք նրա հետ։ Պարագան նույնն է նաև Աստծու հետ ընկերության դեպքում։ Եկեք Աստվածաշնչից մի քանի կարևոր ճշմարտություններ իմանանք, որոնք կօգնեն մեզ ընկերանալ Աստծու հետ և պահպանել այդ մտերմությունը։

ԱՄԵՆ ՕՐ ԸՆԹԵՐՑԵՔ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ՝ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Դուք կարող եք վերապրել աշխարհի կործանումից, եթե աղոթքով Աստծուց օգնություն խնդրեք ու կատարեք նրա կամքը

Մեր կյանքը պահպանելու համար պետք է կանոնավոր սնվենք։ Բայց Հիսուսն ասել է. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթեոս 4։4

Այսօր Եհովայի խոսքերը կարող ենք կարդալ Աստվածաշնչի էջերից։ Ուսումնասիրելով այս սուրբ գիրքը՝ կարող եք կարևոր ճշմարտություններ իմանալ այն մասին, թե Աստված մարդկության համար ինչ է արել անցյալում, ինչ է անում հիմա և ինչ է անելու ապագայում։

ԱՂՈԹՔՈՎ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՔ ԱՍՏԾՈՒՑ

Ի՞նչ կարող եք անել, եթե ուզում եք հնազանդվել Աստծուն, բայց դժվարանում եք հրաժարվել որոշ արարքներից, որոնք սխալ են նրա աչքում։ Այս դեպքում Աստծուն ճանաչելը իսկապես կարող է օգնել։

Նկատի առնենք մի կնոջ օրինակ, ում կանվանենք Սակուրա։ Նա անբարո կյանքով էր ապրում։ Երբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, իմացավ, որ Աստված պատվիրում է. «Փախե՛ք պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18)։ Սակուրան աղոթեց Աստծուն, որ ուժ տա իրեն, և կարողացավ թողնել իր վատ ապրելակերպը։ Բայց նա դեռ շարունակում է պայքարել սխալ ցանկությունների դեմ։ Նա ասում է. «Երբ գլխումս անբարո մտքեր են ծագում, անկեղծորեն աղոթում եմ Եհովային ու հայտնում իմ մտահոգությունը։ Գիտեմ, որ առանց նրա օգնության չեմ կարող պայքարել։ Աղոթքը մեծ զորություն ունի։ Այն մտերմացնում է ինձ Եհովայի հետ»։ Սակուրայի նման՝ միլիոնավոր մարդիկ սովորում են Աստծու մասին։ Աստված ուժ է տալիս այդ մարդկանց, որ փոփոխություններ անեն և ապրեն այնպիսի կյանքով, որը հաճելի է իրեն (Փիլիպպեցիներ 4։13

Երբ սկսեք ճանաչել Աստծուն, «Աստված [էլ] կճանաչի ձեզ», և կդառնաք նրա թանկ ընկերը (Գաղատացիներ 4։9; Սաղմոս 25։14)։ Այդ դեպքում կկարողանաք փրկվել և ապրել Աստծու խոստացած նոր աշխարհում։ Իսկ ինչպիսի՞ն է լինելու այդ նոր աշխարհը։ Հաջորդ հոդվածը հենց դրա մասին է։

a Համաձայն Աստվածաշնչի՝ «Եհովան» Աստծու անունն է։