Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած քայքայման վտանգին

Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած քայքայման վտանգին

ՎՏԱՆԳԸ։ Աստվածաշունչը գրողները և արտագրողները հիմնականում տեքստը գրի են առել պապիրուսների և մագաղաթների վրա (2 Տիմոթեոս 4։13 * Դա լուրջ խոչընդոտ էր գրքի պահպանման համար։ Ինչո՞ւ։

Պապիրուսը հեշտությամբ պատռվում, գունաթափվում և մաշվում է։ Եգիպտագետներ Ռիչարդ Պարկինսոնը և Ստիվեն Քուորքը ասում են. «Պապիրուսի թերթը աստիճանաբար քայքայվում է, և դրանից մնում է մանրաթելերի մի կմախք ու մի բուռ փոշի.... Խոնավ պայմաններում պահված պապիրուսի փաթույթը կարող է բորբոսնել կամ փտել։ Իսկ հողի տակ պահելու դեպքում այն վնասում են կրծողները կամ միջատները, հատկապես՝ տերմիտները»։ Որոշ պապիրուսներ հայտնաբերվելուց հետո սկսել են ավելի արագ քայքայվել առատ լույսի կամ խոնավության հետևանքով։

Մագաղաթն ավելի դիմացկուն է, քան պապիրուսը, բայց այն նույնպես կարող է փչանալ սխալ օգտագործման, ինչպես նաև չափազանց բարձր ջերմաստիճանի, առատ լույսի կամ խոնավության պատճառով։ * Այն ևս կարող է միջատների կեր դառնալ։ Ուստի զարմանալի չէ, որ հին ձեռագրերից շատ քչերն են պահպանվել մինչև մեր օրերը։ Եթե աստվածաշնչյան ձեռագրերը ամբողջությամբ վնասվեին ու քայքայվեին, դրանցում ամփոփված տեղեկությունները մեզ չէին հասնի։

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆՎԵՑ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Հրեաներին տրված օրենքի համաձայն՝ ամեն թագավոր «մի գրքում իր համար պետք է այդ օրենքը [Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը] արտագրեր» (2 Օրենք 17։18)։ Բացի այդ, հմուտ գրագիրները նույնպես արտագրում էին աստվածաշնչյան տեքստերը։ Առաջին դարում նրանք արդեն այնքան կրկնօրինակներ էին ստեղծել, որ աստվածաշնչյան ձեռագիր տեքստեր կային ողջ Իսրայելի և անգամ հեռավոր Մակեդոնիայի ժողովարաններում (Ղուկաս 4։16, 17; Գործեր 17։11)։ Իսկ ինչպե՞ս են որոշ հնագույն ձեռագրեր հասել մինչև մեր օրերը։

Այս հին ձեռագրերը, որոնք հայտնի են որպես Մեռյալ ծովի ձեռագրեր, դարեր շարունակ պահպանվել են քարանձավներում դրված կավե սափորների մեջ չոր կլիմայական պայմաններում

Աստվածաշնչագետ Ֆիլիպ Կոմֆորտն ասում է. «Հրեաները հայտնի էին նրանով, որ աստվածաշնչյան տեքստերի ձեռագիր փաթույթները պահպանելու համար դրանք դնում էին կարասների կամ սափորների մեջ»։ Ակներևաբար քրիստոնյաները նույնպես հետևել են այդ սովորությանը։ Ահա թե ինչու աստվածաշնչյան որոշ հին ձեռագրեր հայտնաբերվել են կավե սափորների մեջ։ Կան ձեռագրեր էլ, որ հայտնաբերվել են մութ խորշերում, քարանձավներում և խիստ չորային կլիմա ունեցող տարածքներում։

ԱՐԴՅՈՒՆՔԸ։ Այսօր մեր ձեռքի տակ կան աստվածաշնչյան բազմաթիվ ամբողջական և պատառիկ ձեռագրեր, ընդ որում դրանցից մի քանիսը ավելի քան 2 000 տարվա հնություն ունեն։ Ուրիշ ոչ մի հնագույն տեքստ չունի իր ճշգրտությունը փաստող այդքան շատ ձեռագրեր, այն էլ այդքան հին։

^ պարբ. 3 Պապիրուսը գրելանյութ է՝ պատրաստված համանուն ջրային բույսից։ Իսկ մագաղաթը պատրաստվում է կենդանիների կաշվից։

^ պարբ. 5 Օրինակ՝ Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի պաշտոնապես ստորագրված օրինակը գրվել է մագաղաթի վրա։ Դեռ 250 տարի էլ չի անցել, բայց այն արդեն այնքան է խունացել, որ դարձել է գրեթե անընթեռնելի։