ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ
Մխիթարության կարիք ունեն բոլորը
Փոքր ժամանակ պատահե՞լ է, որ ընկել եք ու քերծել ձեր ձեռքը կամ ոտքը։ Հիշո՞ւմ եք՝ ինչպես է ձեր մայրը մխիթարել ձեզ։ Թերևս նա մշակել է վերքը ու վիրակապ դրել։ Եվ երբ լաց եք եղել, քնքուշ խոսքեր է ասել, ամուր գրկել ու համբուրել է ձեզ։ Անկասկած, դրանից հետո մոռացել եք ցավի մասին։ Այո՛, մանկության տարիներին մխիթարություն գտնելը դժվար չէր։
Բայց մեծանալուն զուգընթաց կյանքը գնալով բարդանում է, և մենք ավելի լուրջ խնդիրների ենք բախվում, իսկ մխիթարություն գտնելը դժվարանում է։ Ցավոք, չափահաս տարիքում հանդիպող խնդիրները չեն լուծվում մայրական համբույրով կամ վերքին վիրակապ դնելով։ Նկատի առնենք այդ խնդիրներից մի քանիսը։
-
Եթե երբևէ կորցրել եք ձեր աշխատանքը, ապա թերևս գիտեք, թե ինչ ծանր հարված է դա մարդու համար։ Խուլիանը պատմում է, որ երբ իրեն հեռացրին աշխատանքից, նա շատ շփոթված էր ու մտահոգ։ Անընդհատ մտածում էր. «Ինչպե՞ս եմ հոգալու ընտանիքիս կարիքները։ Տարիներ շարունակ ծանր աշխատել եմ այս ընկերության համար։ Ինչո՞ւ նրանք հանկարծ որոշեցին, որ այլևս պետք չեմ իրենց»։
-
Մեկ այլ լուրջ դժվարություն կարող է լինել ամուսնալուծությունը։ Ռաքելը պատմում է. «18 ամիս առաջ ամուսինս լքեց ինձ։ Դա շատ անսպասելի էր։ Սիրտս փշրված էր, տխրությունը համակել էր ինձ։ Ես ոչ միայն զգացական ցավ էի ապրում, այլև ֆիզիկական։ Ապագան ինձ համար անորոշ էր ու վախեցնող»։
-
Գուցե առողջական լուրջ խնդիր ունեք, և ապաքինվելու հույս գրեթե չկա։ Այդ դեպքում հնարավոր է՝ երբեմն ունենաք այն նույն ապրումները, ինչ Հոբն ուներ։ Նա ասաց. «Ես մերժել եմ կյանքը, հավիտյան չէի ապրի» (Հոբ 7։16)։ Թերևս հասկանաք 80-ամյա Լուիսի զգացումները, որն ասում է. «Երբեմն ինձ թվում է, թե ապրում եմ՝ ամեն օր սպասելով մահվան»։
-
Մարդ մխիթարության կարիք է ունենում հատկապես այն ժամանակ, երբ մահանում է իր սիրելի հարազատներից մեկը։ Ռոբերտն ասում է. «Երբ իմացա, որ որդիս մահացել է ավիավթարից, սկզբում ոչ մի կերպ չէի կարողանում հավատալ դրան։ Հետո սկսեցի սուր ցավ զգալ, այնպիսի ցավ, որն Աստվածաշունչը համեմատում է հոգու միջով երկար սուր անցնելու հետ» (Ղուկաս 2։35)։
Ռոբերտը, Լուիսը, Ռաքելը և Խուլիանը մխիթարություն գտան նույնիսկ վերոնշյալ ծանր հանգամանքներում։ Նրանց օգնեց Ամենակարող Աստված՝ նա, ով իսկական մխիթարություն է տալիս։ Իսկ ինչպե՞ս է նա անում դա։ Կարո՞ղ է Աստված ձեզ էլ մխիթարել։