ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ
Փափագում էի գեթ մեկ տարի ապրել խաղաղ ու երջանիկ կյանքով
-
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ՝ 1971
-
ԵՐԿԻՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱ
-
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾ, ԱՆԲԱՐՈ, ԹՄՐԱՄՈԼ ԵՎ ԴԱԺԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։
Ընտանիքս ապրում էր Տելանկուրում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող մի գյուղում։ Հայրս ֆրանսիացի էր, իսկ մայրս իտալուհի է։ Երբ ութ տարեկան էի, ընտանիքով տեղափոխվեցինք Իտալիա՝ Հռոմ քաղաքի մի աղքատ բանվորական թաղամաս։ Այնտեղ մեր ընտանեկան կյանքում խնդիրներն ավելի շատացան։ Ծնողներս շարունակ թեժ վիճաբանություններ էին ունենում ֆինանսական խնդիրների պատճառով։
Երբ տասնհինգ տարեկան էի, մայրս ինձ անընդհատ հորդորում էր, որ տանը չմնամ, այլ դուրս գամ և ընկերներ գտնեմ։ Ես այդպես էլ վարվեցի։ Հետո սկսեցի ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում և շուտով ներքաշվեցի վատ շրջապատի մեջ։ Մի օր ինձ մոտեցավ մի մարդ, որը շատ բարեհամբույր թվաց։ Նա ինձ թմրանյութ առաջարկեց, և ես վերցրի այն, որովհետև ցանկանում էի ցույց տալ, որ արդեն մեծ եմ։ Կարճ ժամանակ անց մտա հանցագործ աշխարհ, որտեղ տարածված էին թմրամոլությունն ու անբարոյությունը։ Ես բազմիցս ենթարկվեցի սեռական բռնության։ Կյանքն ինձ համար դարձավ անկարևոր, անարժեք մի բան. ինձ համար միևնույնն էր՝ կմեռնեմ, թե կապրեմ։ Ինձ անչափ միայնակ էի զգում։ Տասնվեց տարեկանում ինքնասպանության փորձ արեցի. մի շիշ վիսկի խմեցի և ցատկեցի լիճը։ Արդյունքում ընկա կոմայի մեջ և երեք օր մնացի այդ վիճակում։
Այդ դեպքից հետո ես սկսեցի գնահատել կյանքը։ Բայց նաև դարձա դաժան ու խաբեբա անձնավորություն։ Ես մարդկանց առաջարկում էի սեռական հարաբերություն ունենալ ինձ հետ, ապա գնում էի նրանց տուն և նրանց թմրանյութ տալուց հետո գողանում էի նրանց տանը եղած ցանկացած արժեքավոր բան։ Մեծ հանցագործ խմբավորումները ինձ օգտագործում էին Իտալիայի տարբեր վայրերում թմրանյութ վաճառելու համար։ Ես հաճախ էի խնդիրներ ունենում ոստիկանության հետ։ Զգում էի, որ ապրում եմ աննպատակ և բարձիթողի կյանքով, թեև հոգուս խորքում հասկանում էի, որ իմ կյանքը պետք է որ իմաստ ունենա։ Աղոթում էի Աստծուն, որ գեթ մեկ տարի ապրեմ խաղաղ ու երջանիկ կյանքով։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ:
Քսանչորս տարեկանում որոշեցի տեղափոխվել Անգլիա, քանի որ թմրաբիզնեսում ունեցած իմ գործարքների պատճառով կյանքս վտանգի տակ էր։ Նախքան մեկնելս այցելեցի մորս։ Ես շատ զարմացա՝ տեսնելով մի մարդու՝ Անունսիատո Լուգարային, որը մորս հետ Աստվածաշնչի * Ես գիտեի, որ նա հանցագործ կյանքով է ապրել, ուստի շատ անհանգստացա ու հարցրի, թե ինչու է եկել։ Նա ինձ պատմեց, որ մեծ փոփոխություններ է արել իր կյանքում և դարձել է Եհովայի վկա։ Ապա խնդրեց, որ խոստանամ, թե կխոսեմ Վկաների հետ, երբ Անգլիա հասնեմ։ Ես խոստացա, որ այդպես կանեմ։ Սակայն Անգլիա հասնելուց հետո կրկին վերադարձա իմ նախկին ապրելակերպին։
մասին էր խոսում։Մի օր հանդիպեցի մի Վկայի, որը Լոնդոնի մարդաշատ փողոցներից մեկում «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրեր էր առաջարկում մարդկանց։ Ես հիշեցի Անունսիատոյին տված իմ խոստումը և այդ Վկային ասացի, որ ցանկանում եմ Աստվածաշունչ ուսումնասիրել։
Ինձ խորապես տպավորում էր այն ամենը, ինչ սովորում էի Աստվածաշնչից։ Օրինակ՝ ինձ շատ հուզեցին 1 Հովհաննես 1:9-ում գրված խոսքերը։ Այնտեղ Աստծու մասին ասվում է. «Եթե խոստովանում ենք մեր մեղքերը, նա ներում է և մաքրում է մեզ ամեն անարդարությունից»։ Այս համարը իսկապես դիպավ սրտիս, որովհետև իմ ապրելակերպի պատճառով ես ինձ անմաքուր էի համարում։ Ես սկսեցի հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին նրանց Թագավորության սրահում։ Այնտեղ ինձ շատ ջերմորեն ընդունեցին։ Տեսնելով, թե ինչ ամուր ընկերական փոխհարաբերություններ կան նրանց միջև, մի բան, ինչ միշտ երազել եմ ունենալ՝ ես նույնպես ցանկացա լինել այդ ընտանիքի՝ այդ ժողովի անդամ։
Թեև ինձ համար այդքան էլ դժվար չէր հրաժարվել թմրանյութերից ու անբարո ապրելակերպից, բայց անչափ դժվար էր փոխել իմ ներքին էությունը։ Հասկանում էի, որ պետք է նրբանկատ ու հարգալից կերպով վերաբերվեմ մարդկանց։ Մինչ օրս էլ պայքարում եմ որոշ վատ հատկություններ արմատախիլ անելու համար, բայց Եհովայի օգնությամբ բավականին հաջողությունների եմ հասել։ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուց վեց ամիս անց, ես մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա։ Դա 1997թ. էր։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։
Մկրտությունից հետո ամուսնացա Բարբարա անունով մի երիտասարդ կնոջ հետ, որը նույնպես նոր էր դարձել Եհովայի վկա։ Իմ հին ընկերներից մեկը, տեսնելով, թե որքան եմ փոխվել, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Որոշ ժամանակ հետո նա, ինչպես նաև նրա քույրը նույնպես դարձան Վկաներ։ Հետո Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց տատիկիս քույրը, որը ութսունն անց էր։ Նախքան իր մահը, նա մկրտվեց՝ դառնալով Եհովայի վկա։
Այժմ ես տեղի ժողովներից մեկում ծառայում եմ որպես երեց։ Բացի այդ, ես ու կինս ծառայում ենք լիաժամ՝ օգնելով Լոնդոնում ապրող իտալախոս մարդկանց ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Երբեմն ընկճվում եմ՝ հիշելով իմ նախկին ապրելակերպը, բայց կինս՝ Բարբարան, ինձ շատ է աջակցում։ Վերջապես ունեմ ամուր ընտանիք, որի մասին միշտ երազել եմ, և սիրող Հայր, որի կարիքը միշտ զգացել եմ։ Ես Աստծուն խնդրում էի, որ օգնի՝ գեթ մեկ տարի ապրեմ խաղաղ ու երջանիկ կյանքով, բայց նա ինձ տվեց շատ ավելին։
Վերջապես ունեմ ամուր ընտանիք, որի մասին միշտ երազել եմ, և սիրող Հայր, որի կարիքը միշտ զգացել եմ
^ պարբ. 10 Տես «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» հոդվածաշարի «Երբեք առանց զենքի ոչ մի տեղ չէի գնում» հոդվածը, որը Անունսիատո Լուգարայի մասին է («Դիտարան», 2014, հուլիսի 1, էջ 8, 9)։