Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն

Հրեշտակները ազդեցություն ունե՞ն ձեր կյանքի վրա

Հրեշտակները ազդեցություն ունե՞ն ձեր կյանքի վրա

Մի կիրակի՝ կեսօրին, Քենեթն ու Ֆիլոմենան, ովքեր ապրում են Կյուրասաոյում, գնացին այցելելու մի ամուսնական զույգի, ում հետ Աստվածաշունչ էին ուսումնասիրում։

Քենեթը պատմում է. «Երբ տեղ հասանք, նրանց տան դուռը փակ էր, և մեքենան չկար։ Բայց ինչ-որ բան մղեց ինձ, որ զանգեմ կնոջը»։

Կինը պատասխանեց զանգին և ասաց, որ իր ամուսինը աշխատանքի է գնացել։ Իմանալով, որ Քենեթն ու Ֆիլոմենան իր տան մոտ են, նա բացեց դուռը և նրանց ներս հրավիրեց։

Նրանք անմիջապես նկատեցին, որ նա լաց է եղել։ Երբ Քենեթը աղոթեց, որպեսզի սկսեն Աստվածաշնչի ուսումնասիրությունը, կինը նորից սկսեց լաց լինել։ Քենեթն ու Ֆիլոմենան սիրալիր հարցրին, թե ինչ է պատահել։

Կինը պատմեց, որ այն ժամանակ, երբ Քենեթը զանգեց իրեն, ինքը հրաժեշտի խոսքեր էր գրում իր ամուսնուն, քանի որ որոշել էր այդ օրը ինքնասպան լինել։ Նա ասաց, որ տառապում է դեպրեսիայով։ Քենեթն ու Ֆիլոմենան Աստվածաշնչից մի քանի քաջալերական մտքեր քննարկեցին նրա հետ։ Այդ մտքերը շատ ժամանակահարմար էին ու կրկին ապրելու ուժ տվեցին նրան։

Քենեթն ասում է. «Մենք շնորհակալություն հայտնեցինք Եհովային, որ մեզ թույլ տվեց օգնել այդ հուսահատ կնոջը, և հատկապես այն բանի համար, որ նա թերևս իր հրեշտակի կամ սուրբ ոգու միջոցով մղեց մեզ զանգահարել նրան»։ *

Արդյո՞ք Քենեթն ու Ֆիլոմենան իրավացի էին, որ կարծում էին, թե այդ կնոջը ճիշտ ժամանակին զանգելը Աստծու միջամտությունն էր իր հրեշտակի կամ սուրբ ոգու՝ գործուն ուժի միջոցով, թե՞ դա պարզապես երջանիկ պատահականության արդյունք էր։

Չենք կարող միանշանակ ասել, բայց մի բան հստակ է. Աստված իր հրեշտակների միջոցով մարդկանց հոգևոր օգնություն է ցույց տալիս։ Օրինակ՝ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված իր հրեշտակի միջոցով քրիստոնյա ավետարանիչ Փիլիպոսին ասաց, որ գնա և օգնի եթովպացի մի պաշտոնյայի, որը հոգևոր առաջնորդության կարիք ուներ (Գործեր 8։26–31

Շատ կրոններ սովորեցնում են, որ գոյություն ունեն գերբնական ոգեղեն արարածներ, որոնց մի մասը բարի է և իրագործում է Աստծու կամքը կամ անհատապես պաշտպանում է մարդկանց։ Շատերը ոչ միայն հավատում են հրեշտակների գոյությանը, այլ նաև կարծում են, որ այդ ոգեղեն արարածները որոշակի ազդեցություն ունեն իրենց կյանքի վրա։ Բայց շատ ուրիշներ էլ ընդհանրապես չեն հավատում հրեշտակների գոյությանը։

Ո՞րն է ճշմարտությունը հրեշտակների մասին։ Իրականում նրանք գոյություն ունե՞ն։ Եթե այո, ապա որտեղի՞ց են առաջ եկել։ Կարո՞ղ են նրանք ազդել ձեր կյանքի վրա։ Եկեք քննենք փաստերը։

^ պարբ. 8 «Եհովան» Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում (Սաղմոս 83։18