Ո՞վ է Աստվածաշնչի հեղինակը
Աստվածաշնչի տեսակետը
Ո՞վ է Աստվածաշնչի հեղինակը
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հստակորեն հայտնում է, թե ով է արձանագրել այն։ Գրքի տարբեր հատվածներ սկսվում են այսպիսի արտահայտություններով՝ «Նէեմիայի խօսքերը», «Եսայիայի տեսիլքը» և «Տիրոջ խօսքը, որ եղաւ.... Յովէլին» (Նէեմիա 1։1; Եսայիա 1։1; Յովէլ 1։1)։ Որոշ իրադարձությունների արձանագրություններ կոչվում են Գադի, Նաթանի կամ Սամուելի գրքեր (Ա Մնացորդաց 29։29, ԱԱ)։ Իսկ մի շարք սաղմոսների ենթախորագրերից կարելի է իմանալ, թե ովքեր են եղել դրանք կազմողները (Սաղմոս 79, 88, 89, 90, 103 և 127)։
Քանի որ մարդիկ են գրել Աստվածաշունչը, սկեպտիկներն ասում են, թե այն, ինչպես որ մյուս գրքերը, պարզապես մարդկային իմաստության արդյունք է։ Բայց այդ տեսակետը հիմքեր ունի՞ արդյոք։
Քառասուն գրողներ, մեկ Հեղինակ
Աստվածաշնչի գրողների մեծամասնությունը նշել է, որ իրենք գրել են Եհովայի՝ միակ ճշմարիտ Աստծու անունից և առաջնորդվել են նրա կամ նրա ուղարկած հրեշտակների կողմից (Զաքարիա 1։7, 9)։ Մարգարեները, որոնք գրել են Եբրայերեն Գրությունները, ավելի քան 300 անգամ նշել են հետևյալը. «Այսպէս է ասում Տէրը» (Ամովս 1։3; Միքիա 2։3; Նաում 1։12)։ Նրանց արձանագրություններից շատերը սկսվում են, օրինակ, այսպիսի արտահայտությամբ՝ «Տիրոջ խօսքը, որ եղաւ.... Ովսէէին» (Ովսէէ 1։1; Յովնան 1։1)։ Աստծու մարգարեների մասին Պետրոս առաքյալը հետևյալն ասաց. «Մարդիկ Աստծու կողմից խոսեցին, քանի որ սուրբ ոգուց էին մղված» (2 Պետրոս 1։21)։
Ուստի Աստվածաշունչը բաղկացած է շատ գրքերից, և դրանք ներդաշնակ են միմյանց ու գրվել են շատ մարդկանց կողմից, որոնք ընդունում էին, որ իրենց գրածների հեղինակն Աստված է։ Այլ կերպ ասած՝ իր մտքերն արձանագրելու նպատակով Աստված օգտագործեց մարդկանց՝ որպես քարտուղարների։ Ինչպե՞ս է նա իրականացրել դա։
«Ներշնչված է Աստծուց»
«Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց»,— գրեց Պողոս առաքյալը (2 Տիմոթեոս 3։16)։ Հունարեն բառը, որը թարգմանվել է «ներշնչված է Աստծուց» արտահայտությամբ, բառացի նշանակում է «Աստծու շունչ»։ Այսինքն՝ Աստված օգտագործել է մի անտեսանելի ուժ՝ գրողների մտքերին ուղղություն տալու համար, և իր պատգամը փոխանցել է նրանց։ Իսկ ինչ վերաբերում է Տասը պատվիրաններին, Եհովան ինքն է գրել դրանք քարե տախտակների վրա (Ելից 31։18)։ Երբեմն էլ Աստված իր պատգամը հաղորդել է անմիջապես իր ծառաներին։ Ելից 34։27–ում կարդում ենք. «Եհովան ասեց Մովսէսին. Այս խօսքերը գրիր քեզ համար....»։
Ուրիշ դեպքերում Աստված տեսիլքների միջոցով է հայտնել մարդկանց, թե ինչ է ցանկանում, որ նրանք արձանագրեն։ Օրինակ՝ Եզեկիելն ասաց. «Ես տեսայ Աստուծոյ տեսիլքները» (Եզեկիէլ 1։1)։ Նմանապես, «Դանիէլն երազ տեսաւ, եւ իր անկողնումն՝ իր գլխի տեսիլքները. յետոյ գրեց երազը» (Դանիէլ 7։1)։ Աստվածաշնչի վերջին գիրքը՝ «Հայտնությունը», նույնպես տեսիլքի միջոցով է տրվել Հովհաննես առաքյալին։ Նա գրեց. «Ոգու ներշնչմամբ ես հայտնվեցի Տիրոջ օրվա մեջ և իմ հետևից մի ուժեղ ձայն լսեցի փողի ձայնի պես, որն ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրի առ մի գրքում»» (Հայտնություն 1։10, 11)։
Որոշ չափով արտացոլված են գրողներին բնորոշ հատկություններ
Ճիշտ է, Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց, սակայն նրանում արտացոլվել են գրողների հատկությունները։ Իսկապես մեծ ջանքեր էին պահանջվում Աստծու պատգամները գրի առնելու համար։ Օրինակ՝ Աստվածաշնչի «Ժողովող» գիրքը արձանագրողը նշում է, որ «ջանք արաւ վայելուչ խօսքեր գտնելու. եւ գրուածը ուղիղ ճշմարիտ խօսքեր են» (Ժողովող 12։10)։ Իսկ Եզրասը իր պատմական արձանագրությունը կազմելու համար օգտվեց առնվազն 14 աղբյուրներից, որոնցից են՝ «Դաւիթ թագաւորի յիշատակաց պատմությունը» ու «Յուդայի եւ Իսրայէլի թագաւորների գիրքը» (Ա Մնացորդաց 27։24; Բ Մնացորդաց 16։11)։ Ավետարանագիր Ղուկասը, որը «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել էր, որոշեց տրամաբանական հաջորդականությամբ գրել դրանք» (Ղուկաս 1։3)։
Աստվածաշնչի որոշ գրքեր բացահայտում են գրողի բնավորության գծերը։ Օրինակ՝ Մատթեոս Ղևին, որը Հիսուսի աշակերտը դառնալուց առաջ մաքսահավաք է եղել, հատուկ ուշադրություն է դարձրել թվերին։ Նա միակ ավետարանագիրն է եղել, որը նշել է, որ Հիսուսին մատնելու համար «երեսուն կտոր արծաթ» է վճարվել (Մատթեոս 27։3; Մարկոս 2։14)։ Իսկ Ղուկասը, որը բժիշկ էր, ճշգրտորեն արձանագրել է մանրամասնություններ՝ կապված բժշկական հարցերի հետ։ Օրինակ՝ երբ նա նկարագրում է որոշ մարդկանց վիճակը, որոնց Հիսուսը բուժել էր, օգտագործում է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «բարձր ջերմություն» և «բորոտությամբ լեցուն» (Ղուկաս 4։38; 5։12; Կողոսացիներ 4։14)։ Այսպիսով՝ Եհովան հաճախ թույլ է տվել, որ գրողները սեփական բառերով և ոճով գրեն, բայց, միևնույն ժամանակ, նա ուղղություն է տվել նրանց մտքերին, այնպես որ գրվածը լինի ճշգրիտ և պարունակի իր պատգամը (Առակաց 16։9)։
Վերջնական արդյունքը
Մի՞թե զարմանալի չէ, որ մոտ 40 տղամարդիկ տարբեր երկրներում ավելի քան 1 600 տարիների ընթացքում գրել են մեկ գիրք, որի հատվածներն ամբողջությամբ ներդաշնակ են բոլոր առումներով և հետևողականորեն բովանդակում են մեկ թեմա (տե՛ս «Ինչի՞ մասին է Աստվածաշունչը» հոդվածը, էջ 19)։ Դա հնարավոր չէր լինի, եթե նրանք առաջնորդություն չստանային մեկ Հեղինակից։
Արդյոք պարտադի՞ր էր, որ Եհովան մարդկանց օգտագործեր իր Խոսքը գրի առնելու համար։ Ոչ։ Սակայն դրանում արտացոլվում է նրա իմաստությունը։ Պատճառներից մեկը, թե ինչու է Աստվածաշունչը շատերի համար գրավիչ, այն է, որ նրա գրողները նկարագրել են մարդուն բնորոշ ամենատարբեր զգացմունքներ։ Օրինակ՝ Դավիթ թագավորը նույնիսկ նկարագրեց զղջացող մեղավորի ապրումները, որն Աստծուց ողորմություն է խնդրում (Սաղմոս 51։2–4, 13, 17, ենթախորագիր)։
Թեև Եհովան մարդկանց է օգտագործել Աստվածաշունչը գրելու համար, այնուամենայնիվ, նրանց կատարած գործի հանդեպ մենք կարող ենք ունենալ նույն վստահությունը, որն ունեին առաջին դարի քրիստոնյաները, որոնք ընդունեցին Սուրբ Գրությունները «ոչ թե որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես որ ճշմարտապես կա, որպես Աստծու խոսք» (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
◼ Ո՞վ է «ամբողջ Գրության» Հեղինակը (2 Տիմոթեոս 3։16)
◼ Ի՞նչ միջոցներով է Եհովա Աստված հաղորդել իր մտքերը (Ելից 31։18; 34։27; Եզեկիէլ 1։1; Դանիէլ 7։1)
◼ Ներշնչված գրողների արձանագրություններում ինչպե՞ս են արտացոլվել նրանց հատկություններն ու զբաղմունքը (Մատթեոս 27։3; Ղուկաս 4։38)