Վստահե՞լ, թե՞ չվստահել
Վստահե՞լ, թե՞ չվստահել
«Մի՛ ապավինիր փտած լաստերին»,— գրել է անգլիացի թատերագիր Վիլյամ Շեքսպիրը։ Ինչ խոսք, նախքան լաստի վրա կանգնելը դուք կցանկանայիք հավաստիանալ, որ այն փտած չէ։
ՇԵՔՍՊԻՐԻ խոսքերը համահունչ են հին Իսրայելի Սողոմոն թագավորի խոսքերին, որոնք վերջինս գրել է 3 000 տարի առաջ. «Հիմարը հավատում է ամեն խոսքի, իսկ խելացին քննում է իր քայլերը» (Առակաց 14։15, Today’s English Version)։ Այո՛, միայն հիմար մարդն է կուրորեն առաջնորդվում իր լսած ամեն խոսքով, որոշումներ կայացնում և քայլեր ձեռնարկում դատարկ խորհուրդների և փուչ ուսմունքների հիման վրա։ Վստահել մի բանի, ինչին իրականում պետք չէ վստահել, նույնն է, ինչ կանգնել փտած լաստի վրա։ Այն առաջնորդությունը, որը «փտած» է, կարող է ողբերգության հանգեցնել։ Գուցե հարցնեք. «Իսկ կա՞ այնպիսի առաջնորդություն, որին կարելի է վստահել»։
Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ լիովին վստահում են մի հին գրքի։ Դա Աստվածաշունչն է։ Նրանք իրենց կյանքում առաջնորդվում են այս գրքով։ Իրենց որոշումներն ու քայլերը այդ մարդիկ հիմնում են Աստվածաշնչի խորհուրդների և ուսմունքների վրա։ Իսկ կարելի՞ է ասել, որ նրանք նավարկում են փտած լաստով։ Այս հարցի պատասխանը մեծապես կախված է մեկ այլ հարցի պատասխանից, որն է՝ «կա՞ն արդյոք հիմնավոր պատճառներ վստահելու Աստվածաշնչին»։ «Արթնացե՛ք» պարբերագրի այս հատուկ թողարկման մեջ ներկայացվում են փաստեր այս թեմայի վերաբերյալ։
Այս հատուկ համարի նպատակը չէ պարտադրել ձեզ ընդունելու կրոնական հավատալիքներ կամ տեսակետներ, այլ պարզապես ներկայացնել ապացույցներ, որոնք համոզել են միլիոնավոր մարդկանց, որ Աստվածաշունչն իրոք արժանի է վստահության։ Հաջորդ հոդվածներն ընթերցելով՝ դուք կարող եք որոշել, թե արժե արդյոք վստահել Աստվածաշնչին։
Այս թեման շատ կարևոր է, ուստի արժանի է մեծ ուշադրության։ Եթե Աստվածաշունչը հուսալի առաջնորդություն է՝ տրված հենց մեր Արարչի կողմից, ապա, անշուշտ, ձեր և ձեր հարազատների համար օգտակար կլինի ծանոթանալ այդ գրքին։
Սակայն նախ անդրադառնանք Աստվածաշնչի մասին որոշ ուշագրավ փաստերի։ Քննելով դրանք՝ կտեսնենք, որ այդ գիրքն իսկապես անզուգական է։