Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգնության դիմեք

Օգնության դիմեք

Օգնության դիմեք

«Եթէ մէկը նորան բռնութիւն անէ, երկուսը նորա դէմ կ’կանգնեն» (Ժողովող 4։12

ՈՒՐԻՇՆԵՐԻ աջակցությամբ մենք ավելի մեծ հավանականություն ունենք հաղթելու թշնամուն, անկախ նրանից, թե ով է կամ ինչ է նա։ Ուստի եթե ցանկանում եք ձերբազատվել ծխելու սովորությունից, իմաստնորեն կվարվեք, եթե դիմեք ձեր ընտանիքի և ընկերների օգնությանը կամ էլ որևէ մեկին, ով անկեղծորեն կաջակցի ձեզ և համբերատար կլինի։

Խորհրդակցեք նրանց հետ, ովքեր արդեն թողել են ծխելը, քանի որ նրանք ոչ միայն կհասկանան ձեզ, այլև օգնության ձեռք կմեկնեն։ «Ուրիշների աջակցությունն ինձ համար անգնահատելի էր»,— ասում է Դանիայում ապրող Տորբեն անունով մի քրիստոնյա։ Իսկ Աբրահամը, որն ապրում է Հնդկաստանում, գրում է. «Այն անկեղծ սերը, որ դրսևորեցին իմ հանդեպ ընտանիքիս անդամներն ու հավատակիցներս, օգնեց ինձ թողնելու ծխելը»։ Սակայն երբեմն նույնիսկ ընտանիքի և ընկերների աջակցությունը բավարար չէ։

«27 տարի ծխել եմ,— ասում է Բգվանդաս անունով մի տղամարդ,— բայց երբ իմացա, թե ինչ է ասվում Աստվածաշնչում անմաքուր սովորությունների մասին, որոշեցի թողնել ծխելը։ Սկզբում փորձեցի պակասեցնել ծխախոտի քանակը։ Փոխեցի ընկերական շրջապատս։ Նաև դիմեցի այդ հարցով խորհրդատուի։ Բայց ոչինչ չէր օգնում։ Ի վերջո, մի գիշեր սիրտս բացեցի Եհովա Աստծու առաջ և աղերսեցի, որ օգնի ինձ թողնելու ծխելը։ Եվ վերջապես ինձ հաջողվեց դա»։

Մի ուրիշ կարևոր բան, որ կարող եք անել, դժվարություններին պատրաստ լինելն է։ Ի՞նչ դժվարություններ են դրանք։ Հաջորդ հոդվածում կխոսվի դրանց մասին։

[շրջանակ 5-րդ էջի վրա]

ՕԳՏԱԳՈՐԾԵ՞Լ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ

Դեղամիջոցները, որոնք օգտագործում են ծխելուց ձերբազատվելու համար, ինչպիսին, օրինակ, վերնամաշկային սպեղանին է, միլիարդավոր դոլարների շահույթ բերող բիզնես են դարձել։ Սակայն մինչ այդ քայլին դիմելը լավ կլինի, որ մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

Որո՞նք են օգուտները։ Ասում են, որ շատ թերապիաներ օգնում են թողնելու ծխելը՝ նվազեցնելով այն նշանները, որոնք ի հայտ են գալիս դրանից հետո։ Սակայն տարբեր կարծիքներ կան դրանց երկարատև արդյունավետության վերաբերյալ։

Որո՞նք են վտանգները։ Որոշ դեղամիջոցներ հնարավոր է կողմնակի ազդեցություն ունենան, օրինակ՝ սրտխառնոց, դեպրեսիա և առաջ բերեն ինքնասպանություն գործելու մտքեր։ Նաև հիշեք, որ նիկոտինին փոխարինող թերապիաները պարզապես նիկոտինը մի ուրիշ կերպ են մատակարարում, ուստի թերապիաները կարող են վտանգավոր լինել առողջության համար։ Իրականում անհատը, օգտագործելով դրանք, շարունակում է կախման մեջ մնալ։

Այլընտրանքային միջոցներ։ Մի հարցման համաձայն՝ 88 տոկոսը նրանց, ում հաջողվել է թողնել ծխելը, ասում է, որ միանգամից է դա արել՝ առանց որևէ դեղամիջոց օգտագործելու։