Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես հաջող ամուսնություն ունենալ

Ինչպես հաջող ամուսնություն ունենալ

Աստվածաշնչի տեսակետը

Ինչպես հաջող ամուսնություն ունենալ

«Նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն».... Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Հիսուս Քրիստոսի խոսքերը՝ արձանագրված Մատթեոս 19։4–6 համարներում)։

ԱՅՍ փոփոխական աշխարհում շատերը ամուսնությունը այլևս չեն համարում կարևոր և հարատև միություն։ Շատ ամուսնական զույգեր բաժանվում կամ ամուսնալուծվում են, երբ ֆիզիկական գրավչությունն անցնում է կամ երբ խնդիրներ են ծագում ընտանիքում, երբեմն ոչ լուրջ խնդիրներ։ Ցավոք, նման իրավիճակներում հաճախ երեխաներն են տրավմայի ենթարկվում։

Նրանք, ովքեր աստվածաշնչյան գիտելիքներ ունեն, չեն զարմանում, երբ այսօրվա հասարակության մեջ նման բաներ են տեսնում։ «Վերջին օրերի» վերաբերյալ Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ մարդիկ չեն ունենալու այնպիսի հատկություններ, որոնք միավորում են ընտանիքները, օրինակ՝ նվիրվածություն, անկեղծ սեր, բնական կապվածություն (2 Տիմոթեոս 3։1–5)։ Արդյոք այս արժեքների ոտնահարումը և ընտանիքների վրա դրա ազդեցության վտանգը սպառնո՞ւմ է քեզ։ Դու առաջնորդվո՞ւմ ես բարձր արժեքներով։

Եթե այո, ապա Աստվածաշունչը կարող է մխիթարության աղբյուր լինել քեզ համար, քանի որ ժամանակի փորձությունն անցած նրա խորհուրդները շարունակում են օգնել շատ ամուսնական զույգերի։ Քննենք ընդամենը հինգ սկզբունքներ, որոնք կօգնեն հաջող ամուսնություն ունենալու *։

Հաջող ամուսնության հինգ բանալի

1) Ամուսնությունը համարիր սուրբ միություն։ Ձախ կողմում մեջբերված Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, որ թե՛ նա և թե՛ մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված, ամուսնությունը սուրբ միություն են համարում։ Նման վերաբերմունքը արտահայտված է հնում ապրող տղամարդկանց ուղղված Աստծու հստակ պատվերի մեջ, քանի որ վերջիններս բաժանվել էին իրենց կանանցից՝ ավելի երիտասարդ կանանց հետ ամուսնանալու համար։ Աստված ասաց. «Դու չպահեցիր քո խոստումը, որ տվել էիր կնոջդ երիտասարդության տարիներին։ Նա քո ընկերն է, և դու չպահեցիր նրան տված քո խոստումը, թեև դու Աստծու առաջ էիր տվել այդ խոստումդ՝ ասելով, որ նրան հավատարիմ կմնաս»։ Այնուհետև Եհովան հետևյալ զորեղ խոսքերն ասաց. «Ես ատում եմ նրան, ով իր կնոջ հանդեպ նման դաժան արարք է կատարում» (Մաղաքիա 2։14–16; «Ժամանակակից անգլերեն թարգմանություն»)։ Հստակ է ուրեմն, որ Աստված մատների արանքով չի նայում ամուսնությանը. նրա համար միևնույն չեն ամուսնու և կնոջ միջև եղած հարաբերությունները։

2) Եղիր պատասխանատվության զգացում ունեցող ամուսին։ Երբ ընտանիքում լուրջ խնդիրներ են ծագում, որևէ մեկը պետք է վերջնական որոշումը կայացնի։ Եվ Աստվածաշունչը այդ դերը տվել է ամուսնուն։ «Ամուսինը իր կնոջ գլուխն է»,— գրված է Եփեսացիներ 5։23-ում։ Սակայն ընտանիքի գլուխ լինել չի նշանակում լինել բռնապետ։ Ամուսինը պետք է հիշի, որ ինքը «մեկ մարմին» է իր կնոջ հետ, և պետք է պատվի նրան ու ընտանեկան հարցերում խորհրդակցի նրա հետ (1 Պետրոս 3։7)։ Աստվածաշունչը նշում է. «Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները» (Եփեսացիներ 5։28

3) Եղիր աջակցող կին։ Աստվածաշունչը նշում է, որ կինը իր ամուսնու «լրացումն» է (Ծննդոց 2։18)։ Որպես այդպիսին՝ կինը դրսևորում է այնպիսի կարևոր հատկություններ, որոնք ամուսնությունը երջանիկ են դարձնում։ Լինելով լրացում՝ նա չի մրցակցում իր ամուսնու հետ, այլ սիրով աջակցում է նրան՝ այդպիսով նպաստելով ընտանիքի խաղաղությանը։ «Թող կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին»,— գրված է Եփեսացիներ 5։22-ում։ Իսկ ինչպե՞ս պետք է կինը վարվի, եթե ինչ-որ հարցում տարակարծիք է ամուսնուն։ Այդ դեպքում նա պետք է ազատորեն արտահայտի իր կարծիքը, սակայն հարգալից ու արժանավայել կերպով, ինչպես որ կուզեր ամուսինը խոսի իր հետ։

4) Եղիր իրատես ու ակնկալիր, որ դժվարություններ կլինեն։ Անմիտ խոսքերը, ֆինանսական խնդիրները, լուրջ հիվանդությունը կամ երեխաներին մեծացնելու սթրեսը կարող են փորձության ենթարկել ամուսնությունը։ Այդ պատճառով Աստվածաշունչը նշում է, որ նրանք, ովքեր ուզում են ամուսնանալ, «դժվարություններ կունենան իրենց կյանքում» (1 Կորնթացիներ 7։28)։ Սակայն դժվարությունները կամ փորձությունները չպետք է քայքայեն ամուսնական միությունը։ Իրականում, երբ երկու անհատներ սիրում են իրար և աստվածահաճո իմաստություն են դրսևորում, կարող են լուծել լուրջ խնդիրները ու հարթել տարաձայնությունները։ Դու ունե՞ս իմաստություն՝ քո ընտանիքում ծագող խնդիրները հաղթահարելու համար։ «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու»,— ասում է Աստվածաշունչը (Հակոբոս 1։5

5) Եղեք իրար հավատարիմ։ Քիչ բաներ կան, որ կարող են քայքայել ամուսնությունը։ Դրանցից է պոռնկությունը, կամ՝ ամուսնությունից դուրս ուրիշի հետ սեռական հարաբերություն ունենալը։ Սա ամուսնալուծության միակ հիմքն է, որն ընդունելի է Աստծուն (Մատթեոս 19։9)։ Աստվածաշնչում գրված է. «Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը՝ չպղծվի, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին» (Եբրայեցիներ 13։4)։ Իսկ ի՞նչ կարող են անել ամուսինները, որ իրենց միությունից դուրս սեռական բավարարվածություն չփնտրեն։ Աստծու Խոսքը նշում է. «Թող ամուսինը իր կնոջը նրա պարտքը տա, և կինն էլ թող նույն ձևով վարվի իր ամուսնու հետ» (1 Կորնթացիներ 7։3, 4

Ոմանք գուցե այս հինգ սկզբունքները հնացած համարեն։ Սակայն արդյունքները հակառակն են ցույց տալիս։ Եթե կիրառես վերոնշյալ խորհուրդները, հաջողության կհասնես ճիշտ այնպես, ինչպես այն անհատը, ով իր կյանքի բոլոր ոլորտներում փնտրում է Աստծու առաջնորդությունը. «Նա նման կլինի ջրի առվակների մոտ տնկված ծառի, որն իր պտուղը տալիս է իր ժամանակին, և որի տերևները չեն թառամում։ Ինչ էլ որ նա անի, կհաջողվի» (Սաղմոս 1։2, 3)։ Այսինքն՝ նա հաջողության կհասնի նաև ամուսնության մեջ։

[ծանոթագրություն]

^ պարբ. 6 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2011 թ. փետրվարի 1-ի «Դիտարանը»։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

● Ի՞նչ տեսակետ ունի Աստված ամուսնալուծության վերաբերյալ (Մաղաքիա 2։14–16

● Ինչպե՞ս պետք է ամուսինը վերաբերվի իր կնոջը (Եփեսացիներ 5։23, 28

● Ինչպիսի՞ իմաստության շնորհիվ է ամուսնությունը հաջողվում (Սաղմոս 1։2, 3