Մեքսիկայի հեղուկ-դեսպանը
Մեքսիկայի հեղուկ-դեսպանը
● Երբ 16-րդ դարի սկզբին իսպանացի կոնկիստադորները ներխուժեցին Մեքսիկայի տարածք, փորձեցին տեղացիների ալկոհոլային խմիչքը, որը կոչվում է «պույլկե»։ Այն պատրաստվում է ագավա բույսից (պերճածաղիկ), որի հյութը խմորվելով դառնում է արբեցուցիչ խմիչք։ Ինչպես գարեջուրը, պույլկեն նույնպես պարունակում է ցածր տոկոսայնության ալկոհոլ։ Այն նաև պարունակում է բանջարեղենային սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր։ Այդ պատճառով օգտագործվում է տարբեր ոլորտներում՝ որպես սննդային հավելում։
Քանի որ իսպանացիները ճաշի ընթացքում ալկոհոլային խմիչքներ օգտագործելու սովորություն ունեին, կարճ ժամանակից սկսեցին թորել ագավայի հյութը, որ այն դառնա ավելի թունդ խմիչք, որը հետագայում կոչվեց «մեսկալ»։ Սա իր հերթին դարձավ այսօրվա տեկիլայի նախահայրը։ Ներկայումս Մեքսիկայում կան բազմաթիվ թորիչներ, որոնք մեկ տարում արտադրում են ավելի քան 189 միլիոն լիտր տեկիլա, որի 40 տոկոսը արտահանվում է։
Երկնագույն ագավան՝ շուշանազգիների ընտանիքին պատկանող այս հյութալի սուկուլենտը, աճում է Մեքսիկայի կենտրոնական մասի արևմտյան բարձր լեռնային շրջաններում՝ հիմնականում Խալիսկո նահանգի Տեկիլա քաղաքում, որտեղից էլ խմիչքը ստացել է իր անվանումը *։ Ագավայի բույսը ծաղկում է 12 տարում՝ այդ ընթացքում ներծծելով բազմաթիվ հանքային նյութեր։ Երբ գալիս է հնձի ժամանակը, բույսի թրանման տերևները կտրում են՝ թողնելով անանասաձև վարդակը, որը կոչվում է «պինյա»։ Այն կշռում է մոտ 50 կիլոգրամ և պարունակում է հարուստ հյութ։ 1 լիտր տեկիլա ստանալու համար անհրաժեշտ է մոտ 7 կիլոգրամ ագավայի պինյա։
Շատ մեքսիկացիներ տեկիլան խմում են առանց որևէ բանի՝ աղով և մի շերտ կիտրոնով։ Իսկ օտարերկրացիներին ավելի շատ ծանոթ է «Մարգարիտա» կոկտեյլը, որի բաղադրության մեջ կան տեկիլա, կիտրոնի հյութ, նարնջի լիկյոր, աղացած սառույց. մատուցելուց առաջ բաժակի ծայրերին նախօրոք աղ են քսում *։ Տեկիլան արտահանվում է մոտ 90 երկիր, ուստիև իրավամբ կոչվում է Մեքսիկայի հեղուկ-դեսպանը։
[ծանոթագրություններ]
^ պարբ. 4 Մեքսիկայում կա 136 տեսակ ագավա։ Մի քանիսը օգտագործվում են պույլկե և ոգելից խմիչքներ պատրաստելու համար։ Սակայն տեկիլա ստանալու համար օգտագործվում է միայն երկնագույն ագավան։
^ պարբ. 5 Աստվածաշունչը չի դատապարտում ալկոհոլի չափավոր գործածումը (Սաղմոս 104։15; 1 Տիմոթեոս 5։23)։ Սակայն չափից շատ խմելը և հարբեցողությունը դատապարտում է (1 Կորնթացիներ 6։9, 10; Տիտոս 2։3)։