Լավ գնահատականների համար արժե՞ խաբել
Լավ գնահատականների համար արժե՞ խաբել
ՍՈՎՈՐՈ՞ՒՄ ես։ Եթե այո, հավանաբար, տեսել ես, թե ինչպես են համադասարանցիներդ կամ համակուրսեցիներդ խաբում, կամ՝ ուրիշներից և այլ տեղերից արտագրում լավ գնահատականներ ստանալու համար։ Իրականում, դա լայնատարած խնդիր է։ 2008թ.-ին Ջոզեֆսոնի ինստիտուտը Միացյալ Նահանգներում հարցում անցկացրեց միջնակարգ դպրոցներում սովորող մոտ 30000 աշակերտների հետ, և նրանց 64 տոկոսն ասաց, որ այդ տարի քննությունների ժամանակ արտագրել է։ Սակայն իրական թիվը շատ ավելի բարձր է՝ ավելի քան 75 տոկոս։
Եվրոպայում անազնվությունը նույնպես լուրջ խնդիր է, հատկապես գրագողությունը։ «Էսեներ, թեզեր և դիսերտացիաներ վաճառող վեբ կայքերը նոր և ավելի ու ավելի անհանգստացնող խնդիր են դարձել»,— գրված է մի հանդեսում (Digithum)։
Ինչո՞ւ է այս խնդիրը այդքան անհանգստացնում։ Իսկապե՞ս ուրիշներից կամ այլ տեղերից արտագրելը կարող է օգտակար լինել։ Ազնիվ լինելը այսօր լավագո՞ւյն վարվելակերպն է, նույնիսկ եթե ցածր գնահատականներ ես ստանալու։
Ինչո՞ւ է համաճարակ դարձել
Էթիկայի անկում։ «Շատ մանկավարժներ ասում են, որ խաբելը լայնատարած խնդիր է դարձել, քանի որ այսօր մարդիկ մտածում են միայն իրենց մասին, ինչն էլ հանգեցնում է էթիկայի անկման»,— նշվում է մի հանդեսում։ Խոսելով իր համադասարանցիների մասին, երբ սովորում էր բարձր դասարաններում, մի աշակերտուհի ասում է. «Բոլորս... խաբում էինք։ Լավ դպրոցում ուսումը շարունակելու համար բարձր գնահատականներ էին հարկավոր։ Մենք բարոյական բարձր արժեքներ ունեցող լավ աշակերտներ էինք ու նման չէինք էթիկայից զուրկ մարդկանց... Ուղղակի ուզում էինք ընդունվել լավ համալսարաններ»։ Նույնիսկ որոշ ծնողներ են «վարակվել» այդ համաճարակով։ Շատ ցանկանալով, որ իրենց երեխաները «հաջողության հասնեն»՝ նրանք կա՛մ հավանություն են տալիս անազնվությանը, կա՛մ աչք են փակում դրա վրա և այդպիսով է՛լ ավելի քայքայում
երեխաների բարոյականությունը (American School Board Journal)։Հաջողության հասնելու ճնշումը։ Ըստ Դոնալդ Մակ-Քեյբիի՝ Ակադեմիական ազնվության միջազգային կենտրոնի հիմնադրի՝ այն աշակերտները կամ ուսանողները, որոնք խաբում են, մտածում են, որ ազնվությունը ոչ ձեռնտու բան է դառնում, երբ քեզ համեմատում ես նրանց հետ, ովքեր խաբում են, բայց ջրից չոր են դուրս գալիս։
Տեխնոլոգիայի օգնությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս աշակերտներին հեշտությամբ ու կատարելագործված ձևերով խաբելու։ Նրանք կարող են իրենց համար ինտերնետից բեռնել ստուգողական աշխատանքներն ու տնային աշխատանքի պատասխանները և հետո տալ ուրիշներին։ Քանի որ շատ քչերն են բռնվում, այդ պատճառով ուրիշներն էլ են այդ քայլին դիմում։
Վատ ազդեցություն։ Խաբելը սովորական բան է դարձել աշխարհում՝ մեծ բիզնեսում, սպորտում, քաղաքականության մեջ և հաճախ նույնիսկ ընտանիքներում, որտեղ ծնողները խաբում են հարկերի կամ ապահովագրության հետ կապված հարցերում։ «Խաբում են հեղինակություն ունեցողները կամ նրանք, ովքեր օրինակ են հանդիսանում,— ասում է Դեյվիդ Քալահանը իր գրքում,— և կարծում եմ՝ այդ պատճառով երիտասարդներին թվում է, թե խաբելու մեջ վատ բան չկա»։ Բայց իրո՞ք դա այդպես է։ Արդյոք լավ գնահատականներ ստանալու ցանկությունը արդարացնո՞ւմ է խաբելը (The Cheating Culture)։
Ինչո՞ւ է նախընտրելի ազնիվ լինել
Հարցրու ինքդ քեզ. «Ո՞րն է լավ կրթության նպատակը»։ Մի՞թե սովորող երիտասարդներին բազում պատասխանատվություններ ստանձնելուն նախապատրաստելը չէ, օրինակ՝ աշխատավայրում խնդիրներ լուծելը։ Խաբելու սովորություն ունեցողները չեն կարող ձեռք բերել այդ արժեքավոր հմտությունները։ Ուստի ովքեր այդպիսի սովորություն ունեն, քողարկում են իրենց թուլությունները, ինչի արդյունքում կյանքի տարբեր բնագավառներում հաջողության հասնելու իրենց հնարավորությունները նվազում են։
Ավելին, «նրանք, ովքեր ուզում են կարճ ճանապարհով դուրս գալ խնդիրներից, օրինակ՝ հաճախ խաբել կամ արտագրել դպրոցում, այդ սովորություններով հետո տեղափոխվում են աշխատավայր»,— ասում է Քալահանը։ Ինչ-որ առումով այդպիսի մարդիկ նման են կեղծ բրենդային հագուստի կամ ձեռքի կեղծ ժամացույցի, որը թվում է, թե օրիգինալ է։
Ինչ խոսք, խաբողները միշտ էլ բռնվելու և հետևանքները կրելու վտանգի մեջ են։ Ամենաքիչը նրանց սպասում է ամոթ ու խայտառակություն։ Ի վերջո, բանը կարող է հասնել նրան, որ անհատին հեռացնեն դպրոցից և նույնիսկ խիստ նկատողություն տան։ Աստվածաշունչը զգուշացնում է. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7)։ Սակայն գլխավոր պատճառը բռնվելու վախը չէ, որ պետք է մղի մեզ ազնիվ լինելու։ Կան ավելի հիմնավոր պատճառներ։
Ազնվություն. հաջողության հասնելու գլխավոր գործոն
Իմաստուն երիտասարդները ձգտում են զարգացնել այնպիսի հատկություններ, որոնք օգտակար կլինեն իրենց համար ոչ միայն քննությունների ժամանակ, այլև ողջ կյանքի ընթացքում։ Այդ պատճառով նրանք ջանադրաբար սովորում են դպրոցում և ձգտում են այնպիսի արժեքներ ձեռք բերել, որոնց շնորհիվ ինքնահարգանք կունենան, ապագայում կարժանանան իրենց գործատերերի գովասանքին ու միշտ երջանիկ կլինեն։
Այդ արժեքները կարելի է գտնել Աստվածաշնչում։ Այն երիտասարդները, ովքեր առաջնորդվում են դրանցով, չեն հայտնվում «անշահավետ» իրավիճակում։ Ինչպես նշված է 2 Տիմոթեոս 3։16, 17-ում, նրանք դառնում են «ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար»։ Ջորջ անունով մի աշակերտ ասում է. «Դասարանցիներս անազնվորեն են վարվում, քանի որ առանց ջանք թափելու՝ ուզում են լավ գնահատականներ ստանալ։ Բայց ես ուզում եմ հաճեցնել Աստծուն։ Առակներ 14։2-րդ համարում ասվում է, որ «իր ուղղամտությամբ քայլողը վախենում է Եհովայից, բայց նա, ում ճանապարհները ծուռ են, արհամարհում է Նրան»։ Ես գիտեմ, որ ոչինչ չենք կարող թաքցնել Աստծուց։ Այդ պատճառով չեմ արտագրում և օգնում եմ ուրիշներին, որ ազնվությամբ վարվեն»։
Այն երիտասարդները, ովքեր ձգտում են ապրել աստվածաշնչյան սկզբունքներով, գուցե լինեն դասարանի ամենափայլուն սովորողները, բայց գուցեև չլինեն։ Սակայն նրանք ամենաիմաստունն են, քանի որ ամուր հիմք են դնում կյանքում հարատև հաջողություն ունենալու համար (Սաղմոս 1։1–3; Մատթեոս 7։24, 25)։ Ավելին, նրանք վստահ են, որ ունեն Արարչի հավանությունն ու աջակցությունը։
[շրջանակ/նկար 28-րդ էջի վրա]
ՄՏԱԾԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
● «Ճշմարտության շուրթերը հավիտյան կհաստատվեն, բայց ստության լեզուն միայն մի ակնթարթ կմնա» (Առակներ 12։19)։
● «Իր գործերով հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա» (Առակներ 28։20)։
● «Ճշմարիտ Աստված ամեն տեսակ գործ, ինչպես նաև ամեն ծածուկ բան դատաստանի է ենթարկելու, որ որոշի՝ արդյոք լավ է, թե վատ» (Ժողովող 12։14)։
● «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։
[նկար 26–րդ և 27-րդ էջերի վրա]
Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեշտությամբ ու կատարելագործված ձևերով խաբելու
[նկար 28-րդ էջի վրա]
Ովքեր խաբում են, նման են կեղծ բրենդային ձեռքի ժամացույցի, որը միայն լավ տեսք ունի