Դիտում ենք աշխարհը
Արկտիկա
«Ամռանը այստեղ սառույցի ծավալը կազմում է միայն մեկ քառորդ մասը այն ծավալի, որը եղել է 30 տարի առաջ»,— ասում է Քեմբրիջի համալսարանի օվկիանոսագետ-ֆիզիկոս, պրոֆեսոր Պիտեր Վադըմսը (Մեծ Բրիտանիա)։ 2012թ.-ին Հյուսիսային ծովային ուղով մոտ 50 նավ է անցել. այս ճանապարհը բացվել է գլոբալ տաքացման հետևանքով։
Աշխարհ
Ծննդաբերությանը հաջորդող օրերի ընթացքում մայրական կաթում հայտնաբերվել են ավելի քան 700 տեսակ մանրէներ. դրանք սպասվածից ավելի շատ էին։ Մասնագետները փորձում են պարզել, թե ինչպես են այս մանրէները նպաստում նորածին երեխայի մարսողությանը և նրա իմունային համակարգի բարձրացմանը։
Մեծ Բրիտանիա
Բրիտանացի մասնագետների կողմից անցկացված մի փորձի արդյունքում պարզ դարձավ, որ հարբուխով հիվանդ վարորդների ռեակցիաները ավելի դանդաղ են, քան ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդների ռեակցիաները։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Աֆրիկայում ամեն տարի փղոսկր ձեռք բերելու համար մարդիկ սպանում են փղերին։ Ինչպես ոմանք են ասում, տասնյակ հազարավոր փղերի «աննախադեպ» սպանդ է տեղի ունեցել։ Մի անգամ, հավանաբար ուղղաթիռի միջից, մի քանի փղերի նույնիսկ գլխից են կրակել։
Ավստրալիա
Մեծ արգելախութը վերջին 27 տարիների ընթացքում կորցրել է կորալային զանգվածի մոտ կեսը։ Գիտնականները կարծում են, որ կորստի հիմնական պատճառը արևադարձային փոթորիկներն են, թունավոր ծովաստղերը (Acanthaster planci) և գունազրկումը, ինչը պայմանավորված է օվկիանոսի ջրի տաքացմամբ։