«Վհուկների որսը» Եվրոպայում
ԴԱՐԵՐ առաջ կախարդության հանդեպ վախի պատճառով Եվրոպայում սկսեցին հետապնդել և մահապատժի ենթարկել այն մարդկանց, ում վհուկ էին համարում։ Այդ երևույթը լայնորեն տարածվեց Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայի հյուսիսում, Շվեյցարիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Նիդերլանդներում։ «Եվրոպայում և եվրոպական գաղութներում տասնյակ հազարավոր մարդկանց մահվան էին դատապարտում», իսկ «միլիոնավոր անհատներ ատելության զոհ էին դառնում, նրանց ենթարկում էին տանջանքների, ձերբակալում էին, հարցաքննում, մեղադրում կամ վախի մեջ պահում», ինչպես նշվում է մի գրքում (Witch Hunts in the Western World) *։ Իսկ ինչպե՞ս սկսվեց այս խելահեղությունը, և ի՞նչը խթանեց այն։
Ինկվիզիցիան և «Վհուկների մուրճը»
Այդ իրադարձությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել ինկվիզիցիան։ Այն ստեղծվել է 13-րդ դարում Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից՝ «հավատուրացներին դարձի բերելու և մյուսներին մոլորությունից հետ պահելու նպատակով», ինչպես ասվում է «Մոլուցք՝ վհուկների հանդեպ» (Der Hexenwahn) գրքում։ Ինկվիզիցիան ոստիկանության դեր էր կատարում եկեղեցու համար։
1484թ. դեկտեմբերի 5-ին Իննովկենտիոս VIII պապը արձակեց մի հրովարտակ, որում դատապարտվում էր կախարդությունը։ Նա նաև լիազորեց երկու ինկվիզիտորների՝ Յակոբ Շպրենգերին և Հայնրիխ Կրամերին (հայտնի է նաև իր լատիներեն անունով՝ Հենրիկուս Ինստիտորիս), որ պայքարեն այդ երևույթի դեմ։ Վերջիններս հրատարակեցին «Վհուկների մուրճը» (Malleus Maleficarum) վերնագրով մի գիրք, որը թե՛ կաթոլիկների, թե՛ բողոքականների համար դարձավ հեղինակություն կախարդության դեմ պայքարելու հարցում։ Այս աշխատության մեջ կային կախարդների մասին հնարովի պատմություններ, որոնք հիմնված էին ժողովրդական առասպելների վրա։ Այնտեղ բերվում էին նաև աստվածաբանական և իրավական փաստարկներ կախարդության դեմ, և տրվում էր առաջնորդություն կախարդներին ճանաչելու և ոչնչացնելու վերաբերյալ։ «Վհուկների մուրճը» աշխատությունը համարվել է «ամենադաժան.... և ամենակործանարար գիրքը ողջ համաշխարհային գրականության մեջ»։
«Վհուկների մուրճը» աշխատությունը համարվել է «ամենադաժան.... և ամենակործանարար գիրքը ողջ համաշխարհային գրականության մեջ»
Կախարդության մեղադրանք ներկայացնելու համար ապացույցներ պետք չէին։ «Վհուկները և վհուկների դատավարությունները» գրքում նշվում է, որ դատավարությունների «նպատակը միայն այն էր, որ համոզելու, ճնշումների կամ ուժի միջոցով մեղադրյալից խոստովանություն կորզեին» (Hexen und Hexenprozesse)։ Հաճախ դիմում էին նաև չարչարանքների։
«Վհուկների մուրճը» գրքի լույսընծայումից և Պապի արձակած հրովարտակից հետո Եվրոպայում մեծ թափ ստացավ «վհուկների որսը»։ Դրան նպաստեց նաև տպագրահաստոցի գյուտը, որի շնորհիվ այդ մոլուցքը լայնորեն տարածվեց՝ հասնելով անգամ Ամերիկա։
Ովքե՞ր էին մեղադրվում
Մեղադրվողների ավելի քան 70 տոկոսը կանայք էին, հատկապես այրիներ, որոնք սովորաբար անպաշտպան էին։ Հալածանքի զոհ էին դառնում նաև տարեցները, աղքատները և բուսական դեղամիջոցներ պատրաստող կանայք, հատկապես երբ նրանց պատրաստուկները չէին օգնում մարդկանց։ Իրականում պաշտպանված չէր ոչ ոք՝ լիներ հարուստ թե աղքատ, տղամարդ թե կին, անվանի թե հասարակ մարդ։
Կախարդներ համարվող մարդկանց մեղադրում էին ամեն տեսակ չարագործությունների մեջ։ Ասում էին՝ իբրև նրանք «բերում են սառնամանիքներ և հարվածում խխունջների ու թրթուրների պատուհասներով, որ ոչնչացնեն սերմերն ու բերքը», ինչպես նշում է գերմանական «Damals» ամսագիրը։ Եթե կարկուտը վնասում էր հացահատիկը, կովը կաթ չէր տալիս, տղամարդը սեռական անկարողությամբ էր տառապում, կամ եթե կինն ամուլ էր, մեղադրում էին «կախարդներին»։
Իսկ ինչպե՞ս էին իմանում, թե ով է վհուկ։ Որոշ կասկածյալների կապում էին և գցում «օրհնված» սառը ջրի մեջ։ Եթե նրանք սուզվում էին, նրանց անմեղ էին ճանաչում և հանում ջրից։ Եթե մնում էին ջրի երեսին, նրանց վհուկ էին համարում և հենց նույն պահին մահապատժի ենթարկում կամ հանձնում դատաքննության։ Ոմանց էլ կշռում էին, քանի որ կարծիք կար, թե վհուկները շատ թեթև քաշ ունեն կամ ընդհանրապես քաշ չունեն։
Ստուգման մեկ այլ ձև էր «Սատանայի նշան» որոնելը, որը «Սատանայի թողած տեսանելի մի դրոշմ էր՝ ի նշան վհուկի հետ կնքած գործարքի», ինչպես ասվում է մի գրքում (Witch Hunts in the Western World)։ Նշանը գտնելու համար «մեղադրյալի բոլոր մազերը սափրում էին ու զննում մարմնի ամեն մի հատված» և այդ ամենն անում էին հանրության առաջ։ Հետո իրենց գտած նշանների, օրինակ՝ խալերի, գորտնուկների և սպիների մեջ ասեղ էին խրում։ Եթե ծակոցը ցավ չէր պատճառում, կամ ծակած տեղից արյուն չէր գալիս, համարում էին, որ դա Սատանայի նշան է։
«Վհուկների որսը» խրախուսվում էր և՛ կաթոլիկ, և՛ բողոքական իշխանությունների կողմից, և որոշ շրջաններում բողոքական ղեկավարները ավելի դաժան էին վարվում, քան կաթոլիկ ղեկավարները։ Սակայն ժամանակի ընթացքում սկսեց գերիշխել առողջ դատողությունը։ Օրինակ՝ ճիզվիտ քահանա Ֆրիդրիխ Շպին բազում «անհատների, որոնք դատապարտվել էին որպես վհուկ», ուղեկցել էր դեպի մահապատժի ցից, որի վրա նրանց ողջ-ողջ այրում էին։ Սակայն 1631-ին նա գրեց, որ իր կարծիքով՝ դատապարտվածներից ոչ ոք մեղավոր չէր։ Նաև նշեց, որ եթե «վհուկների որսը» շարունակվի նույն թափով, ողջ Գերմանիան կամայանա։ Այդ ժամանակաշրջանում բժիշկները սկսեցին հասկանալ, որ այնպիսի երևույթներ, ինչպիսիք են նոպաները, կարող են կապված լինել առողջական խնդիրների և ոչ թե դիվային ազդեցության հետ։ 17-րդ դարում դատավարությունների թիվը կտրուկ նվազեց, իսկ մինչև այդ դարի վերջը դատավարությունները գրեթե վերացան։
Ի՞նչ եզրահանգման ենք գալիս՝ քննելով այդ դարաշրջանի զարհուրելի իրադարձությունները։ Հասկանում ենք, որ երբ, այսպես կոչված, քրիստոնյաները, Քրիստոսի սովորեցրած ուսմունքներին հետևելու փոխարեն, սկսեցին առաջնորդվել կրոնական ստերով և սնահավատությամբ, հրեշավոր չարագործությունների դուռ բացեցին։ Նման անհավատարիմ մարդիկ բիծ բերեցին քրիստոնեության վրա, ճիշտ ինչպես նախազգուշացրել էր Աստվածաշունչը։ Այնտեղ ասվում է. «Սրանց [անհավատարիմ մարդկանց] պատճառով ճշմարտության ճանապարհի մասին անարգանքով կխոսվի» (2 Պետրոս 2։1, 2)։
^ պարբ. 2 Եվրոպական գաղութների մեջ էին մտնում նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկան։