Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչպե՞ս երջանիկ լինել

Ինչպե՞ս երջանիկ լինել

«Ես երջանիկ կլինեմ, եթե ամուսնանամ ու երեխաներ ունենամ»։

«Ես երջանիկ կլինեմ, եթե իմ տունը ունենամ»։

«Ես երջանիկ կլինեմ, եթե ունենամ այդ աշխատանքը»։

«Ես երջանիկ կլինեմ, եթե....»։

ԻՍԿ դուք նման զգացումներ ունեցե՞լ եք։ Երբ հասել եք ձեր նպատակին կամ ստացել եք ձեր ուզած բանը, շարունակե՞լ եք ուրախություն ապրել, թե՞ այդ զգացումն արագ անցել է։ Երբ մարդը հասնում է որևէ նպատակի կամ ստանում է իր ուզածը, իրեն երջանիկ է զգում, սակայն այդ երջանկությունը կարող է վաղանցիկ լինել։ Մնայուն երջանկությունը հիմնված չէ միայն ձեռքբերումների կամ հաջողությունների վրա։ Այն, ինչպեսև լավ առողջությունը կախված են մի շարք գործոններից։

Մարդիկ տարբեր են։ Այն, ինչ երջանիկ է դարձնում մեկին, գուցե ուրիշին երջանիկ չդարձնի։ Բացի այդ, մեծանալով՝ մարդիկ փոխվում են։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ որոշ բաներ ավելի շատ են նպաստում երջանկությանը, օրինակ՝ բավարարվածության զգացումը, չնախանձելը, ուրիշների հանդեպ սեր զարգացնելը և դրական տրամադրվածությունը։ Տեսնենք, թե ինչու։

1. ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

Իմաստուն Սողոմոն թագավորը, որը շատ լավ էր հասկանում մարդու էությունը, նշեց, որ «փողը պաշտպանություն է տալիս»։ Բայց նա նաև գրեց. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից։ Սա էլ է ունայնություն» (Ժողովող 5։10; 7։12)։ Ի՞նչ էր նա ուզում ասել։ Թեև մեզ ապրելու համար փող է անհրաժեշտ, սակայն մենք պետք է խուսափենք ագահությունից, քանի որ ագահ մարդը երբեք բավարարվածության զգացում չի ունենում։ Սողոմոն թագավորը ուզում էր իր սեփական փորձով իմանալ, թե արդյոք փողը և ճոխ ապրելակերպը նպաստում են իսկական երջանկության։ Նա ասաց. «Ինչ էլ որ աչքերս խնդրում էին, հետ չէի պահում նրանցից»։ Ապա ավելացրեց. «Ոչ մի ուրախությունից իմ սիրտը չէի զրկում» (Ժողովող 1։13; 2։10

Սողոմոնը մեծ հարստություն դիզեց։ Նա ուներ ճոխ տներ, գեղեցիկ այգիներ, ջրավազաններ և բազմաթիվ ծառաներ։ Նա ինչ որ ցանկանում էր, ձեռք էր բերում։ Սողոմոնը հասկացավ, որ այդ ամենը իրեն որոշ չափով ուրախացնում էր, բայց այդ ուրախությունը մնայուն չէր։ Նա ասաց. «Տեսա, որ ամեն ինչ ունայնություն էր ու.... ոչ մի բանից օգուտ չկար»։ Նա անգամ սկսեց ատել կյանքը (Ժողովող 2։11, 17, 18)։ Այո՛, Սողոմոնը համոզվեց, որ եթե մարդ ապրում է միայն սեփական ցանկությունները բավարարելու համար, ի վերջո դատարկության և անբավարարվածության զգացում է ունենում *։

Ժամանակակից ուսումնասիրությունները նույնպես թիկունք են կանգնում Սողոմոնի տեսակետին։ Մի հանդեսում ասվում էր, որ «երբ մարդու հիմնական կարիքները բավարարվում են, ավելի շատ փող ունենալն այլևս մեծ դեր չի խաղում երջանիկ լինելու հարցում»։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ երբ մարդիկ ձեռք են բերում շատ իրեր, բայց աչքաթող են անում բարոյական բարձր չափանիշները և հոգևոր արժեքները, այդքան էլ երջանիկ չեն լինում (Journal of Happiness Studies)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով» (Եբրայեցիներ 13։5

2. ՊԱՅՔԱՐ ՆԱԽԱՆՁԻ ԴԵՄ

Նախանձը կարելի է սահմանել հետևյալ կերպ. «սրտնեղություն, որն առաջանում է ուրիշի առավելությունները տեսնելիս, ընդ որում նա ձգտում է ունենալ այդ նույն առավելությունները»։ Չարորակ ուռուցքի նման՝ նախանձը կարող է թունավորել մեր կյանքը և խլել մեր ուրախությունը։ Ինչպե՞ս կարող է նախանձը արմատներ գցել մեր սրտում։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ, որ նախանձում ենք որևէ մեկին։ Ինչպե՞ս կարող ենք պայքարել այդ զգացումի դեմ։

Հասարակական հոգեբանության մասին մի հանրագիտարանում ասվում է, որ մարդիկ հակված են նախանձելու նրանց, ում հետ ինչ-որ ընդհանրություններ ունեն՝ նույն տարիքի են, նույն փորձը կամ սոցիալական նույն կարգավիճակն ունեն (Encyclopedia of Social Psychology)։ Օրինակ՝ վաճառողը հազիվ թե նախանձի հայտնի կինոաստղին, բայց հնարավոր է, որ նա նախանձի մեկ ուրիշ վաճառողի, որը հաջողության է հասնում իր գործում։

Նկատի առնենք մի դեպք. հին Պարսկաստանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նախանձում էին ոչ թե թագավորին, այլ Դանիել անունով մի խելացի մարդու, որն իրենց նման պաշտոնյա էր։ Նրանք անգամ ցանկանում էին սպանել Դանիելին, ինչը հստակ ցույց է տալիս, որ նրանք երջանիկ մարդիկ չէին։ Սակայն նրանց դավադրությունը հաջողություն չունեցավ (Դանիել 6։1–24)։ «Կարևոր է հասկանալ, որ նախանձը մարդու մեջ թշնամանք է առաջացնում,— ասվում է վերոնշյալ հանրագիտարանում։— Հենց այդպիսի թշնամանքն է եղել պատճառը, որ պատմության ընթացքում ագրեսիայի այդքան շատ դրսևորումներ են եղել» *։

Նախանձը կարող է խանգարել, որ մարդը ուրախություն ստանա այն լավ բաներից, որ կան իր կյանքում

Իսկ ինչպե՞ս կարող եք հասկանալ, թե արդյոք նախանձում եք ուրիշներին։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Տեսնելով իմ հասակակիցների հաջողությունները՝ ուրախանո՞ւմ եմ, թե՞ տխրում։ Եթե իմ հարազատ քույրը կամ եղբայրը, համադասարանցին կամ աշխատակիցը ինչ-որ հարցում անհաջողություն են ունենում, ուրախանո՞ւմ եմ, թե՞ տխրում»։ Եթե առաջին հարցին պատասխանում եք՝ տխրում եմ, իսկ երկրորդին՝ ուրախանում եմ, ուրեմն ձեր սրտում թերևս նախանձ կա (Ծննդոց 26։12–14)։ Վերոհիշյալ հանրագիտարանում ասվում է. «Նախանձը կարող է խանգարել, որ մարդը ուրախություն ստանա այն լավ բաներից, որ կան իր կյանքում, և թերևս թույլ չտա, որ նա երախտագետ լինի իր ստացած բազում պարգևների համար.... Նման վերաբերմունքը դժվար թե նպաստի երջանկությանը»։

Մենք կարող ենք պայքարել նախանձի դեմ՝ խոնարհություն ու համեստություն զարգացնելով, ինչի շնորհիվ կկարողանանք գնահատել ուրիշների ունակություններն ու լավ հատկությունները։ Աստվածաշունչն ասում է. «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (Փիլիպպեցիներ 2։3

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Եկեք չլինենք սնապարծ՝ իրար մրցակցության չհրահրենք և իրար չնախանձենք» (Գաղատացիներ 5։26

3. ՍԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ

«Կյանքում բավարարվածություն ունենալու հարցում մարդկանց հետ փոխհարաբերությունները ավելի մեծ դեր են խաղում, քան աշխատանքը, եկամուտը, հասարակությունը և նույնիսկ առողջությունը»,— ասվում է մի գրքում (Social Psychology)։ Պարզ ասած՝ իսկապես երջանիկ լինելու համար մարդիկ կարիք ունեն սիրելու և սիրված լինելու։ Աստվածաշնչի գրողներից մեկն ասաց. «Եթե.... սեր չունենամ, ես ոչինչ եմ» (1 Կորնթացիներ 13։2

Երբեք ուշ չէ, որ սեր զարգացնենք մեր մեջ։ Օրինակ՝ Վանեսա անունով մի աղջիկ ծանր մանկություն է ունեցել։ Նրա հայրը բռնի ու հարբեցող անձնավորություն է եղել։ 14 տարեկանում Վանեսան փախավ տնից։ Նա ապրում էր տարբեր խնամատար ընտանիքներում, ինչպես նաև անտունների կացարանում, որտեղ նա հաճախ էր աղերսում Աստծուն, որ օգնի իրեն։ Թերևս նրա աղոթքների պատասխանն էր այն, որ որոշ ժամանակ անց նրան ընդունեց մի հրաշալի ընտանիք։ Այդ ընտանիքն ապրում էր աստվածաշնչյան սկզբունքներով, որոնցից է՝ «սերը համբերատար է ու բարի» (1 Կորնթացիներ 13։4)։ Այնտեղ տիրող ջերմ մթնոլորտը, ինչպես նաև Աստվածաշնչից ստացած գիտելիքները լավ ազդեցություն թողեցին Վանեսայի վրա. նա ապաքինվեց զգացական վերքերից և առաջադիմեց ուսման մեջ։ Նա ասում է. «Ես սկսեցի լավ սովորել դպրոցում ու բարձր գնահատականներ ստանալ»։

Թեև զգացական վերքերը խոր հետքեր են թողել Վանեսայի սրտում, այնուամենայնիվ այժմ նա երջանիկ կյանքով է ապրում իր ամուսնու և երկու դուստրերի հետ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3։14

4. ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Չկա մեկը, ում կյանքը զերծ է խնդիրներից։ Ինչպես ասում է Աստվածաշունչը, կա «լացելու ժամանակ» և «ողբալու ժամանակ» (Ժողովող 3։4)։ Դրական տրամադրվածությունն օգնում է, որ մենք դժվարությունների ժամանակ կրկին ոտքի կանգնենք և առաջ ընթանանք։ Նկատի առնենք Կարոլի և Միլդրեդի օրինակները։

Կարոլն ունի ողնաշարի հիվանդություն, որը գնալով խորանում է, ունի նաև շաքարախտ, քնի շնչադադար, բացի այդ, աչքի դեղին բծի կազմափոխության պատճառով կուրացել է նրա ձախ աչքը։ Նա ասում է. «Փորձում եմ չմնալ ընկճված վիճակում։ Թեև երբեմն ինքս իմ հանդեպ խղճահարություն եմ զգում, սակայն հետո դադարում եմ իմ մասին մտածելուց և շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, որ ի վիճակի եմ անել։ Հատկապես ուրախ եմ, որ կարող եմ ինչ-որ բան անել ուրիշների համար»։

Միլդրեդը նույնպես շատ հիվանդություններ ունի, այդ թվում՝ հոդաբորբ, կրծքի քաղցկեղ և շաքարախտ։ Սակայն նա, Կարոլի պես, փորձում է չկենտրոնանալ իր խնդիրների վրա։ Նա գրում է. «Սովորել եմ սիրել մարդկանց և մխիթարել նրանց, ովքեր հիվանդ են։ Դա, անշուշտ, ինձ էլ է օգուտներ բերում։ Նկատել եմ, որ երբ ուրիշներին եմ մխիթարում, այդքան չեմ մտահոգվում իմ խնդիրներով»։

Կարոլն ու Միլդրեդը ուրախություն են ստանում՝ մխիթարելով ուրիշներին

Թեև այս երկու կանայք էլ կարևոր են համարում լավ բուժօգնություն ստանալը, սակայն նրանք չեն կենտրոնանում իրենց առողջական վիճակի վրա, այլ փորձում են դրական տրամադրվածություն պահպանել և ճիշտ օգտագործել իրենց ժամանակը։ Արդյունքում նրանք վայելում են ներքին ուրախություն, որը ոչ ոք չի կարող խլել իրենցից։ Բացի այդ, նրանք շատ սիրված են ուրիշների կողմից և քաջալերանքի աղբյուր են նրանց համար, ովքեր տարբեր փորձությունների միջով են անցնում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Երջանիկ է այն մարդը, ով տոկում է փորձությանը, որովհետև հավանության արժանանալով՝ նա կստանա կյանքի պսակը» (Հակոբոս 1։12

Աստվածաշնչյան իմաստությունը «կյանքի ծառ է նրանց համար, ովքեր բռնում են նրան, և նրան ամուր բռնողները երջանիկ կկոչվեն» (Առակներ 3։13–18)։ Դուք նույնպես կարող եք օգուտներ քաղել՝ առաջնորդվելով այդ իմաստությամբ։ Չէ՞ որ Աստվածաշնչի Հեղինակը, որի մասին գրված է, որ նա «երջանիկ Աստված է», ցանկանում է, որ դուք էլ երջանիկ լինեք (1 Տիմոթեոս 1։11

^ պարբ. 11 Այդ մասին կարող եք կարդալ Ժողովող 2։1–11 համարներում։

^ պարբ. 17 Այդպիսի մի դեպք կապված է Հիսուս Քրիստոսի հետ։ Մարկոս 15։10-ում ասվում է, որ «ավագ քահանաները նախանձից դրդված» ամեն ինչ անում էին, որ Հիսուսին մահվան մատնեն։