ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Գոյություն ունի՞ Աստված. ինչո՞ւ է կարևոր իմանալ պատասխանը
Շատերն անիմաստ են համարում մտածել այն մասին, թե արդյոք գոյություն ունի Աստված։ Ոմանք էլ կարծում են, որ հնարավոր չէ ստույգ իմանալ այդ հարցի պատասխանը։ Էրվեյը, որը Ֆրանսիայից է, ասում է. «Թեև ինձ չեմ համարում աթեիստ կամ ագնոստիկ, սակայն չեմ էլ կարող ասել, թե հավատացյալ եմ։ Կարծում եմ՝ ճիշտն այն է, որ մարդ կյանքում առողջ դատողությամբ առաջնորդվի։ Իսկ դրա համար կարիք չկա ինչ-որ աստվածության հավատալու»։
Ոմանք էլ մտածում են այնպես, ինչպես Ջոնը, որն ապրում է Միացյալ Նահանգներում։ Նա ասում է. «Ես մեծացել եմ ոչ կրոնասեր ընտանիքում։ Երիտասարդ տարիքում ինձ համար միևնույնն էր՝ Աստված կա, թե ոչ։ Սակայն ժամանակ առ ժամանակ մտածում էի այդ հարցի մասին»։
Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե արդյոք Աստված գոյություն ունի, կամ որն է կյանքի իմաստը։ Հավանաբար կհամաձայնեք, որ կան իրողություններ, որոնք դժվար կլինի բացատրել, եթե բացառենք Ստեղծչի գոյությունը. օրինակ՝ այն իրողությունը, որ բնության մեջ կատարյալ ներդաշնակություն է տիրում, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում կյանքի գոյությունը մեր մոլորակի վրա, կամ այն փաստը, որ կյանքն առաջանում է միայն արդեն գոյություն ունեցող կյանքից (տե՛ս « Քննեք փաստերը» վերնագրով շրջանակը)։
Ինչո՞ւ են վերոհիշյալ փաստերը կարևոր։ Դրանք նման են ուղենշանների, որոնք օգնում են գանձեր գտնելու։ Ուստի Աստծու գոյությունը ապացուցող համոզիչ փաստեր գտնելով և նրա մասին վստահելի տեղեկություններ ձեռք բերելով՝ շատ օգուտներ կքաղեք։ Այս հոդվածում կխոսենք դրանցից չորսի մասին։
1. ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ
Եթե կյանքը վեհ իմաստ ունի, թերևս բոլորս էլ կցանկանանք իմանալ թե որն է այդ իմաստը, և ինչպես այն կարող է անդրադառնալ մեզ վրա։ Եվ ի վերջո, եթե Աստված գոյություն ունի, և մենք չգիտենք այդ մասին, նշանակում է, որ ապրում ենք՝ չիմանալով տիեզերքի ամենակարևոր ճշմարտությունը։
Աստվածաշնչում գրված է, որ Աստված է կյանքի Աղբյուրը (Հայտնություն 4։11)։ Ինչպե՞ս է այս իրողությունը մեր կյանքն ավելի իմաստալից դարձնում։ Նկատի առնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը այս հարցի վերաբերյալ։
Երկրագնդի բոլոր կենդանի արարածների մեջ մարդը անզուգական էակ է։ Աստվածաշնչում նշվում է, որ Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով, այսինքն՝ իր հատկություններն արտացոլելու ունակությամբ (Ծննդոց 1։27)։ Ավելին, Աստվածաշունչն ասում է, որ մարդիկ կարող են դառնալ Աստծու ընկերը (Հակոբոս 2։23)։ Ոչինչ չի կարող մեր կյանքն ավելի իմաստալից դարձնել, քան մեր Արարչի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալը։
Իսկ ի՞նչ օգուտներ կարող ենք ստանալ՝ լինելով Աստծու ընկերը։ Կարող ենք անմիջականորեն նրան հայտնել մեր մտքերն ու զգացումները։ Իսկ Աստված խոստանում է, որ կլսի ու կօգնի մեզ (Սաղմոս 91։15)։ Նաև կարող ենք մոտիկից ճանաչել նրան, իմանալ նրա տեսակետը տարբեր հարցերի վերաբերյալ։ Այդպես վստահելի առաջնորդություն և խոր հասկացողություն կունենանք կյանքի կարևոր հարցերի մասին։
Եթե Աստված գոյություն ունի, և մենք չգիտենք այդ մասին, նշանակում է, որ ապրում ենք՝ չիմանալով տիեզերքի ամենակարևոր ճշմարտությունը
2. ՄՏՔԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Ոմանք դժվարանում են հավատալ Աստծու գոյությանը, քանի որ տեսնում են, որ աշխարհը լի է տառապանքով։ Նրանք մտածում են. «Եթե կա Ամենազոր Արարիչ, ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ չարություն ու տառապանք լինի»։
Սակայն մխիթարական է իմանալ, որ համաձայն Աստվածաշնչի՝ Աստված երբեք նպատակ չի ունեցել, որ մարդիկ տառապեն։ Երբ ստեղծվեց առաջին մարդը, տառապանք գոյություն չուներ։ Մահը նույնպես չի եղել Աստծու նպատակների մեջ (Ծննդոց 2։7–9, 15–17)։ Թերևս ձեզ համար դժվար լինի հավատալ դրան, կամ գուցե դա համարեք ընդամենը հորինված պատմություն։ Բայց եթե իսկապես գոյություն ունի Ամենազոր Արարիչ, և եթե նրա գլխավոր հատկությունը սերն է, ապա տրամաբանական է, որ նա մարդկանց համար հենց այդպիսի կյանք կնպատակադրեր։
Այդ դեպքում ինչպե՞ս մարդիկ հայտնվեցին այսպիսի աղետալի վիճակում։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված մարդկանց ազատ կամք է տվել։ Մենք ստեղծված չենք այնպես, որ հարկադրաբար հնազանդվենք Աստծուն, ասես ռոբոտ լինենք։ Առաջին մարդկային զույգը, որից սերել ենք բոլորս, որոշեց մերժել Աստծու տված առաջնորդությունը։ Նրանք եսասիրաբար հագուրդ տվեցին իրենց անձնական ցանկություններին (Ծննդոց 3։1–6, 22–24)։ Այսօր մենք քաղում ենք նրանց որոշման դառը պտուղները։
Սակայն կարող ենք մտքի խաղաղություն ձեռք բերել՝ իմանալով, որ Աստված նպատակ չի ունեցել, որ մարդիկ տառապեն։ Ինչ խոսք, նաև ցանկանում ենք, որ տառապանքը վերջ գտնի, և ապագայի լավ հույս ունենանք։
3. ՀՈՒՅՍ
Մարդկանց անհնազանդությունից անմիջապես հետո Աստված խոստացավ, որ ապագայում կիրագործի մարդկության հետ կապված իր սկզբնական նպատակը։ Նա ամենազոր է, ուստի ոչինչ չի կարող խանգարել նրան անելու դա (Եսայիա 55։11)։ Աստված շուտով կվերացնի առաջին մարդկային զույգի անհնազանդության բոլոր հետևանքները, և այդպես կկատարվի երկրի ու մարդկանց առնչությամբ նրա սկզբնական նպատակը։
Ի՞նչ կարող է նշանակել դա ձեզ համար։ Աստվածաշնչում գրված է, թե Աստված ինչ հիանալի խոստումներ է տալիս ապագայի համար։ Քննեք այդ խոստումներից երկուսը։
-
ԱՄԵՆՈՒՐԵՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿՏԻՐԻ, ԵՎ ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՆԱ։ «Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11)։
-
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՀ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԼԻՆԻ։ «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։ «Նա կկլանի մահը հավիտյան, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Եսայիա 25։8)։
Ինչո՞ւ կարող ենք վստահել Աստծու խոստումներին։ Քանի որ Աստվածաշնչում գրված բազմաթիվ մարգարեություններ արդեն իսկ կատարվել են ամենայն ճշգրտությամբ։ Բայց այսօր մենք բազում դժվարությունների ենք բախվում, ուստի Աստված գործնական օգնություն է տալիս մեզ։
4. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Աստված տալիս է առաջնորդություն, որ կարողանանք հաղթահարել մեր խնդիրները և խելամիտ որոշումներ կայացնել։ Շատ որոշումներ առնչվում են փոքր հարցերի, բայց կան որոշումներ, որոնք ազդում են մեր ամբողջ կյանքի վրա։ Ոչ մի մարդ չի կարող տալ այնպիսի իմաստուն ու գործնական խորհուրդներ, ինչպիսիք մեր Արարիչն է տալիս, քանի որ նա գիտի ամեն բան, գիտի անցյալը, ներկան և ապագան։ Բացի այդ, նա է մարդկանց կյանք պարգևել, ուստի գիտի, թե ինչն է մեզ համար լավագույնը։
Աստվածաշնչում գրված են Եհովա Աստծու մտքերը. նա է ներշնչել տարբեր մարդկանց գրի առնելու դրանք։ Այնտեղ կարդում ենք. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (Եսայիա 48։17, 18)։
Աստված անսահման զորություն ունի և ցանկանում է այն օգտագործել մեր բարօրության համար։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված սիրառատ հայր է և պատրաստ է օգնելու մեզ։ Այնտեղ գրված է. «Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկաս 11։13)։ Աստված իր սուրբ ոգու՝ գործուն ուժի միջոցով կարող է առաջնորդել ու զորացնել մեզ։
Իսկ ի՞նչ է հարկավոր անել Աստծու օգնությունը ստանալու համար։ Աստվածաշունչն ասում է. «Ով մոտենում է նրան [Աստծուն], պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբրայեցիներ 11։6)։ Որպեսզի համոզվեք, որ Աստված գոյություն ունի, պետք է անձամբ ուսումնասիրեք փաստերը։
ԱՆՁԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ
Ինչ խոսք, Աստծու մասին ճշմարտությունը իմանալու համար հարկավոր է ժամանակ տրամադրել, բայց վստահ եղեք, որ դա օգուտներ կբերի ձեզ։ Օրինակ՝ Սյուջին Սիաուն, որը ծնվել է Չինաստանում և այժմ ապրում է Միացյալ Նահանգներում, ասում է. «Ես հավատում էի էվոլյուցիային, բայցևայնպես ինձ շատ էր հետաքրքրում Աստվածաշունչը։ Ուստի սկսեցի Եհովայի վկաների հետ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Համալսարանի վերջին կուրսում այնքան զբաղված էի, որ քիչ ժամանակ էի տրամադրում ուսումնասիրությանը։ Ես զգում էի, որ առաջվա պես ուրախ չեմ։ Իսկ երբ կրկին սկսեցի բավական ժամանակ տրամադրել Աստվածաշնչի ուսումնասիրությանը, ձեռք բերեցի ներքին խաղաղություն և ուրախություն»։
Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ մեր Արարչի՝ Եհովա Աստծու մասին։ Կարող եք ժամանակ տրամադրել և ուսումնասիրել Աստվածաշունչը։