ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ
Հույս անտուն և չքավոր մարդկանց համար
Ջոն պատերազմի վետերան է։ Նա ապրում է ԱՄՆ-ում։ Անձնական ու ընտանեկան ողբերգությունների պատճառով արդեն մոտ 18 տարի անտուն էր։ Օրերից մի օր նա սկսեց գնալ հանրային գրադարան, որտեղ երբեմն զրուցում էր գրադարանավարուհու հետ։ Այդ զրույցները փոխեցին նրա կյանքը։
Մարտինը՝ Արգենտինայում ապրող մի երիտասարդ, ներքին դատարկություն էր զգում։ Կյանքը նրան անիմաստ էր թվում։ Հասկանալու համար, թե որն է իր ապրելու նպատակը, նա հեռացավ տնից։ Ի վերջո, իր դեգերումներից հոգնած, նա սկսեց ապրել ծովափին։ Մարտինն այդպես էլ չգտավ իր հարցերի պատասխանները ու ավելի խոր վհատության մեջ ընկավ։ Արտասվելով նա աղերսեց Աստծուն. «Եթե դու կաս, խնդրում եմ, օգնիր՝ գտնեմ քեզ»։ Իսկ ինչ եղավ հետո, կիմանանք քիչ անց։
ՄԱՐԴԻԿ տարբեր պատճառներով են անտուն դառնում։ Ոմանք՝ ողբերգությունների հետևանքով, ինչպես Ջոն, ոմանք էլ Մարտինի պես՝ չեն ուզում կյանքի անիվն անիմաստ պտտել։ Շատերն էլ փողոցում են հայտնվում աղքատության, բնական աղետների, ընտանեկան բռնության, թմրանյութերի ու ալկոհոլի չարաշահման, մտային հիվանդությունների, անվճարունակ դառնալու կամ աշխատանքը կորցնելու պատճառով։
Եթե մի ժամանակ կարծիք կար, թե անտուն լինելը տարածված խնդիր է միայն զարգացող երկրներում կամ էլ պայմանավորված է պատերազմական դրությամբ ու տնտեսական ճգնաժամով, «այժմ այն սոցիալական մեծ խնդիր է դարձել նաև զարգացած երկրների մեծ մասում», ինչպես նշում է հոգեբանության պրոֆեսոր Փոլ Տորոն։ * Այս խնդրին նպաստող գործոններ կարող են լինել նաև սոցիալական անհավասարության խորացումը և կառավարության վարած քաղաքականությունը՝ կապված անապահով ընտանիքներին տրամադրվող օգնության հետ։
Շատերն են մտահոգված վաղվա օրվա համար։ Սակայն կան մարդիկ, որոնց չի վախեցնում վաղվա օրը, քանի որ Աստվածաշնչից գիտեն, թե ինչ է սպասվում ապագայում (այս մասին կխոսվի հոդվածի վերջում)։
Աստվածաշունչը կարող է նույնիսկ հիմա օգնել մեզ՝ տալով գործնական սկզբունքներ, որոնց եթե հետևենք, տնտեսապես ավելի ապահով և էմոցիոնալ ավելի առողջ կլինենք, ինչպես վարվեցին Ջոն ու Մարտինը։ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ՆՐԱ ԿՅԱՆՔԸ
«Երևում էր, որ Ջոն խելացի, քաղաքավարի ու խոնարհ մարդ է»,— ասում է Սինդին, ով աշխատում էր գրադարանում ու հաճախ էր նրան այնտեղ տեսնում։ Լինելով Եհովայի վկա՝ Սինդին նրան տալիս էր «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը։ Մի անգամ Սինդին հրավիրեց նրան ներկա լինել քրիստոնեական հանդիպումներից մեկին։ Այնտեղ Ջոյին բարությամբ ու հարգանքով վերաբերվեցին, ուստի նա սկսեց կանոնավորաբար ներկա լինել հանդիպումներին։ Ջոն նաև համաձայնվեց, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն, երբ ժողովում տղամարդկանցից մեկը առաջարկեց այդ հարցում օգնել նրան։
Այն ամենը, ինչ Ջոն սովորում էր Աստվածաշնչից, մխիթարում էր նրան։ Նա սկսեց կիրառել սովորածը և մեծ փոփոխություններ արեց իր կյանքում։ Օրինակ՝ իմացավ, որ կյանքն Աստծուց տրված պարգև է, որին հարկավոր է հարգանքով վերաբերվել, իսկ ծխելը ապականում է մարմինը (Սաղմոս 36։9)։ Հետևաբար, նա թողեց ծխելը՝ համաձայն 2 Կորնթացիներ 7։1-ում գրված սկզբունքի. «Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից»։ Ջոյի այս քայլը ոչ միայն նպաստեց իր առողջությանը, այլև կրճատեց ծախսերը։
Ջոն նաև ընդունեց Աստվածաշնչի այն խորհուրդը, որ մեր ձեռքից եկածը պետք է անենք հոգալու համար մեր նյութական կարիքները, և սկսեց աշխատանք փնտրել * (1 Թեսաղոնիկեցիներ 4։11, 12)։ «Մարդու համար բացի ուտելուց, խմելուց և իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա»,— գրված է Ժողովող 2։24-ում։ Քանի որ ազնիվ աշխատանքը արժանապատվության զգացում է տալիս, մեր ինքնահարգանքն ավելանում է, ուստիև հաճույք, կամ՝ ներքին ուրախություն ենք ստանում։ Այն նաև ի վիճակի է դարձնում մեզ օգնելու կարիքավորին (Եփեսացիներ 4։28)։
Տեսնելով Ջոյի անկեղծ ջանքերը՝ ժողովը ջերմորեն ընդունեց նրան, և ինչպես պատմում է Սինդին, «ոմանք օգնեցին նրան դիմել պետությանը՝ կացարան և օրենքով իրեն հասանելիք այլ օգնություն ստանալու համար»։ Ժամանակի ընթացքում Ջոն հոգևորապես առաջադիմեց և մկրտվեց։ Այժմ նա կարող է իր անձնական փորձից խոսել, երբ քաջալերում է ուրիշներին Աստծու Խոսքից իմաստություն ձեռք բերել (Առակներ 3։13, 14)։
ՆԱ ԳՏԱՎ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ
Մարտինը սկսեց փնտրել կյանքի իմաստը, երբ քսան տարեկան էր։ Նա պատմում է. «Սկսեցի կրոններ ու փիլիսոփայություն ուսումնասիրել և թմրանյութեր ընդունել՝ հույս ունենալով լցնել ներսիս դատարկությունը, սակայն անարդյունք»։ Նա տեղափոխվեց Կալիֆորնիա (ԱՄՆ), իսկ հետո գնաց Հավայան կղզիներ։ «Ինձ թվաց՝ ես դրախտ եմ գտել»,— հիշում է նա։ Սակայն գեղեցիկ տեսարանն էլ չլցրեց դատարկությունը։ «Ես այնքան էի վհատվել, որ նույնիսկ մտածեցի ինքնասպան լինել»,— ասում է Մարտինը։ Եվ հենց այդ ժամանակ նա հեկեկալով աղերսեց Աստծուն. «Եթե դու կաս, խնդրում եմ, օգնիր՝ գտնեմ քեզ»։
Մարտինը հիշեց, որ մի ցուցանակ էր տեսել՝ վրան գրված՝ «Եհովայի վկաների Թագավորության սրահ»։ Նա որոշեց գնալ այնտեղ՝ քրիստոնեական հանդիպման։ «Այդ ժամանակ ես երկար մազեր ու մորուք ունեի, իսկ հագիս այն շորերն էին, որ կրում էի արդեն մի քանի ամիս,— պատմում է նա։— Չնայած դրան՝ ինձ ջերմորեն ողջունեցին»։ Մարտինը ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը և կանոնավորաբար իր «տնից»՝ ծովափից, ոտքով գնում էր քաղաքի հրապարակ՝ Աստվածաշունչ ուսումնասիրելու։
Մարտինը վերջապես գտավ իր հարցերի պատասխանը։ Նա դուրս եկավ ընկճված վիճակից ու զգաց այն ուրախությունը, որի մասին ասել էր Հիսուսը. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։
«Մարդիկ զարմանում են՝ տեսնելով, թե ես ինչքան եմ փոխվել»
Մարտինը նոր աչքերով նայեց կյանքին։ Նա նույնպես սկսեց կիրառել Աստվածաշնչի սկզբունքները, ինչպես Ջոն, ով դրանց շնորհիվ կարողացել էր վերագտնել իրեն։ Սկսեց հետևել նաև իր արտաքին տեսքին և Վկաների օգնությամբ աշխատանք ու կացարան գտավ։ «Քաղաքում առաջ ինձ գիտեին որպես անտուն թափառական,— ասում է նա։— Այժմ մարդիկ զարմանում են՝ տեսնելով, թե ինչքան եմ փոխվել»։
Հետագայում Մարտինը վերադարձավ Արգենտինա, որտեղ մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։ Այժմ նա օգնում է հոգևորի ծարավ մարդկանց գտնել կյանքի կարևորագույն հարցերի պատասխանները։
ԵՐԲ ՈՉ ՈՔ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԼԻՆԻ ԱՆՏՈՒՆ ՈՒ ՉՔԱՎՈՐ
Աստծու վաղեմի ծառաներից, օրինակ, Երեմիան ծանր օրեր է տեսել։ Դաժան թշնամին ներխուժեց իր երկիր և ժողովրդի մեծ մասին գերի տարավ (Ողբ 1։3)։ Թեև Երեմիան կենդանի մնաց ու չգերեվարվեց, սակայն, ըստ էության, նա կորցրեց ամեն բան։ Վշտահար նա աղոթեց Աստծուն. «Հիշիր իմ տառապանքն ու իմ տնանկ վիճակը» (Ողբ 3։19)։
Երեմիա 1։8)։ Նա ուսումնասիրում էր Սուրբ Գրքերը և գիտեր, որ գալու է ժամանակ, երբ աղքատության ու դժբախտության փոխարեն իսկական խաղաղություն ու ապահովություն է լինելու (Սաղմոս 37։10, 11)։
Սակայն, չնայած իր դժբախտություններին, Երեմիան վշտացած չմնաց, քանի որ վստահ էր, որ Եհովան չի թողել ու չի թողնի իրեն (Այս պայմանները հաստատվելու են ոչ թե մարդկանց ջանքերի շնորհիվ, այլ կատարյալ կառավարության, որը կոչվում է Աստծու Թագավորություն (Դանիել 7։13, 14)։ Այդ Թագավորության Թագավորը լինելու է Հիսուս Քրիստոսը, ով երկրի վրա եղած ժամանակ խորին կարեկցանք է դրսևորել չքավորների հանդեպ (Ղուկաս 7։22; 14։13)։ Նրա իշխանության ժամանակ «արդարը կծաղկի, և խաղաղության առատություն կլինի.... Նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում, նաև ընկճվածին և օգնական չունեցողին։ Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (Սաղմոս 72։7, 12, 14)։
Հիսուսը հիմնականում քարոզում էր Աստծու Թագավորության մասին (Ղուկաս 4։43)։ Նա մարդկանց նույնիսկ սովորեցրեց աղոթել. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Ինչպիսի՞ն կլինի կյանքը, երբ ամբողջ երկրի վրա իշխի Աստծու Թագավորությունը։ Աստվածաշունչը պատկերում է այն։ Օրինակ՝ այդ Թագավորության հպատակների մասին ասում է.
-
«Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի.... Իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից» (Եսայիա 65։21, 22)։
-
«Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի, որովհետև Զորքերի Տեր Եհովայի բերանով է դա ասվել» (Միքիա 4։4)։
Այս հաստատուն հույսը կարող է մեզ ուժ տալ նեղությունների ժամանակ։ Իսկ Աստվածաշնչի սկզբունքները կարող են օգնել, որ հիմիկվանից արդեն ապրենք իմաստալից և գոհունակություն պատճառող կյանքով, ինչպես որ Ջոն, Մարտինը և շատ-շատերն են անձամբ համոզվել։ Մեր Արարիչը՝ Եհովա Աստվածն է տալիս այս երաշխիքը. «Ով լսում է ինձ, ապահով կբնակվի, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնի» (Առակներ 1։33)։ Թող որ այս խոսքերը իրականություն դառնան քեզ համար։
^ պարբ. 6 Պատերազմի, բռնության կամ հետապնդումների պատճառով միլիոնավոր մարդիկ ստիպված թողել են իրենց տները ու դարձել փախստական և անտուն։ Այս մասին խոսվում է 2002թ. հունվարի 22-ի «Արթնացե՛ք»-ում (անգլ., ռուս.)։
^ պարբ. 11 Կան մարդիկ, ովքեր ուզում են աշխատել, սակայն հիվանդության կամ ծերության պատճառով ի վիճակի չեն։ Աստված չի հավանում այն մարդկանց, ովքեր կարող են, բայց «չեն ուզում աշխատել» (2 Թեսաղոնիկեցիներ 3։10)։