Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ

Գալիլեո

Գալիլեո

14–16-րդ դարերում եվրոպացի գիտնականներն ու փիլիսոփաները տիեզերքի մասին նոր բացահայտումներ արեցին։ Դրանք սակայն հակասում էին նրան, ինչ սովորեցնում էր կաթոլիկ եկեղեցին։ Երկնքին նոր աչքերով նայող այդ մարդկանցից մեկը Գալիլեո Գալիլեյն էր։

ԳԱԼԻԼԵՈՅԻ ժամանակներից առաջ շատ մարդիկ հավատում էին, որ արևը և բոլոր աստղերն ու մոլորակները պտտվում են Երկրի շուրջ։ Այս գաղափարը նաև կաթոլիկ եկեղեցու կողմից պաշտոնապես հաստատված ուսմունք էր։

Սակայն իր աստղադիտակով Գալիլեոն նկատեց փաստեր, որ ժխտում էին լայնորեն ընդունված գիտական ուսմունքները։ Օրինակ՝ նա տեսավ, որ արևի վրա եղող բծերի դիրքը փոխվում է, ինչից հասկացավ, որ այն պտտվում է իր առանցքի շուրջը։ Այսպիսի դիտարկումները զգալիորեն հարստացրին տիեզերքի մասին մարդկության պատկերացումները։ Սակայն դրանց համար Գալիլեոն պետք է պատասխան տար կաթոլիկ եկեղեցուն։

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՐՈՆԸ

Դրանից դեռևս տասնամյակներ առաջ լեհ աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը առաջ էր քաշել այն տեսությունը, որ Երկիրը պտտվում է արևի շուրջը։ Գալիլեոն ուսումնասիրեց Կոպեռնիկոսի աշխատությունը երկնային մարմինների շարժման վերաբերյալ և հավաքեց փաստեր, որոնք թիկունք էին կանգնում դրան։ Սկզբում Գալիլեոն չէր համարձակվում հրապարակել իր դիտարկումներից մի քանիսը՝ վախենալով, որ դրանք կդառնան դատապարտության և ծաղրի առարկա։ Այնուհանդերձ, չկարողանալով զսպել իր խանդավառությունը հեռադիտակով տեսածի նկատմամբ՝ նա իր հայտնագործությունները ներկայացրեց հանրությանը։ Որոշ գիտնականներ նրա փաստարկները համարեցին վիճարկելի, և շուտով քահանաները իրենց ամբիոններից սկսեցին վարկաբեկել Գալիլեոյին։

1616-ին կարդինալ Բելարմինը՝ «այդ ժամանակների առաջադեմ աստվածաբանը», Գալիլեոյին տեղեկացրեց Կոպեռնիկոսի գաղափարների դեմ ուղղված կաթոլիկ եկեղեցու նոր հրապարակած արգելման դեկրետի մասին և խստորեն զգուշացրեց հաշվի նստել դրա հետ։ Դրանից հետո Գալիլեոն տարիներ շարունակ հրապարակայնորեն չէր խոսում այն մասին, որ Երկիրը պտտվում է արևի շուրջը։

1623-ին պապի աթոռին նստեց Ուրբան VIII-ը, ով Գալիլեոյի մտերիմն էր։ 1624-ին Գալիլեոն խնդրեց պապին չեղյալ համարել 1616-ի դեկրետը։ Սակայն պապը նրան հորդորեց մեկնաբանել Արիստոտելի և Կոպեռնիկոսի՝ իրար հակասող թեորիաները՝ առանց նրանցից որևէ մեկի կողմը դիրք բռնելու։

Գալիլեոն հետագայում գրեց մի գիրք, որը վերնագրեց «Զրույց մեծ աշխարհի համակարգերի շուրջ»։ Թեև պապը կարգադրել էր նրան լինել չեզոք, սակայն գրքում հավանությամբ էր խոսվում Կոպեռնիկոսի եզրահանգումների մասին։ Շուտով Գալիլեոյի թշնամիները սկսեցին պնդել, որ նա իր գրքով ծաղրում է պապին։ Գալիլեոյին մեղադրեցին հերետիկոսության մեջ և սպառնացին տանջանքների ենթարկել, ինչի պատճառով նա ստիպված եղավ հերքել Կոպեռնիկոսի ուսմունքները։ 1633-ին Հռոմի ինկվիզիցիան դատապարտեց նրան ցմահ տնային կալանքի և արգելեց նրա աշխատությունները։ 1642-ի հունվարի 8-ին Գալիլեոն մահացավ իր տանը՝ Ֆլորենցիայի Արչետրի գյուղում։

Հովհաննես Պողոս II պապը ընդունեց, որ կաթոլիկ եկեղեցին սխալ է վարվել Գալիլեոյի հանդեպ

Հարյուրավոր տարիներ Գալիլեոյի աշխատություններից որոշները մնացին կաթոլիկ եկեղեցու արգելված գրքերի ցուցակում։ Բայց 1979-ին եկեղեցին վերանայեց դեռևս 300 տարի առաջ Հռոմի ինկվիզիցիայի կողմից արված քայլերը։ Ի վերջո 1992-ին Հովհաննես Պողոս II պապը ընդունեց, որ կաթոլիկ եկեղեցին սխալ է վարվել Գալիլեոյի հանդեպ։