ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍԻՆՆԵՐ
Ինչպես ներողություն խնդրել
ԽՆԴԻՐ
Դու և կողակիցդ քիչ առաջ վիճել եք։ Դու մտքումդ ասում ես. «Ես ներողություն չեմ խնդրելու։ Վեճը ես չեմ սկսել»։
Դուք այլևս չեք խոսում այդ հարցի վերաբերյալ, բայց ձեր փոխհարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Մտածում ես ներողություն խնդրելու մասին, բայց ոչ մի կերպ չես կարողանում ասել այդ բառը։
ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ
Հպարտություն։ Չարլզ * անունով մի մարդ ասում է. «Երբեմն ինձ համար դժվար է ասել՝ ներողություն. ինձ խանգարում է իմ հպարտությունը, իմ «ես»-ը»։ Այո՛, հպարտության պատճառով գուցե դժվարանանք ընդունել մեր սխալը։
Մտածելակերպ։ Գուցե կարծում ես, որ ներողություն պետք է խնդրես միայն այն դեպքում, երբ դու ես մեղավոր տվյալ հարցում։ Ջիլ անունով մի կին ասում է. «Երբ ես գիտեմ, որ վեճի մեջ ողջ մեղավորությունը իմն է, հեշտությամբ եմ ներողություն խնդրում։ Բայց երբ երկուսս էլ ասել ենք բաներ, որ չպետք է ասեինք, այդ դեպքում ինձ համար դժվար է ներողություն խնդրել։ Նման դեպքում մտածում եմ, թե ինչու պետք է ես ներողություն խնդրեմ, եթե երկուսս էլ մեղավոր ենք»։
Իսկ եթե մտածում ես, որ տեղի ունեցածի մեջ միայն կողակիցդ է մեղավոր, այդ դեպքում ներողություն չխնդրելը գուցե առավել ևս արդարացի համարես։ Ջոզեֆ անունով մի մարդ ասում է. «Երբ լիովին համոզված ես, որ ոչ մի սխալ բան չես արել, քո անմեղությունը հաստատելու համար խուսափում ես ներողություն խնդրելուց»։
Դաստիարակություն։ Գուցե մեծացել ես մի ընտանիքում, որտեղ ներողություն խնդրելը այնքան էլ ընդունված չի եղել։ Այդ դեպքում թերևս չես սովորել ընդունել սխալներդ։ Եվ քանի որ փոքր տարիքում շատ հազվադեպ ես ներողություն խնդրել, դառնալով չափահաս՝ այդպես էլ ձեռք չես բերել անկեղծորեն ներողություն խնդրելու սովորություն։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Մտածիր կողակցիդ մասին։ Խորհիր այն մասին, թե որքան լավ ես զգացել, երբ ինչ-որ մեկը ներողություն է խնդրել քեզնից։ Մի՞թե չարժե այնպես անել, որ քո կողակիցն էլ նույնը զգա։ Նույնիսկ եթե մտածում ես, որ դու ոչ մի մեղավորություն չունես, կարող ես ներողություն խնդրել այն բանի համար, որ կողակիցդ ցավ է զգում կամ այն բանի համար, որ քո արարքները նման հետևանքներ են բերել, թեև դու այդպիսի դիտավորություն չես ունեցել։ Այդպիսով կարող ես փարատել կողակցիդ վիրավորվածության զգացումը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ղուկաս 6։31։
Մտածիր ձեր ամուսնական միության մասին։ Ներողություն խնդրելով՝ դու «պարտություն» չես կրում, այլ նպաստում ես ձեր ամուսնական միության «հաղթանակին»։ Առակներ 18։19-ում ասվում է, որ այն մարդը, ով վիրավորված է մնում, «ավելի անառիկ է, քան ամուր քաղաքը»։ Երբ կողակիցներից յուրաքանչյուրը պաշտպանողական դիրք է ընդունում, խաղաղություն վերականգնելը շատ դժվար և նույնիսկ անհնար է լինում։ Ներողություն խնդրելով՝ թույլ չես տա, որ վիրավորվածությունը պատ ստեղծի քո և կողակցիդ միջև։ Այդպիսով դու ցույց կտաս, որ ձեր ամուսնական միությունը քո անձից վեր ես դասում։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Փիլիպպեցիներ 2։3։
Մի՛ վարանիր ներողություն խնդրել։ Ինչ խոսք, գուցե դժվարանաս ներողություն խնդրել, եթե երկուսդ էլ մեղավոր եք։ Սակայն կողակցիդ սխալները չեն արդարացնում քո վատ վարվելակերպը։ Այնպես որ մի վարանիր ներողություն խնդրել՝ մտածելով, թե ժամանակի ընթացքում վիրավորվածությունը կանցնի։ Եթե առաջին քայլը դու անես, թերևս կողակցիդ համար ավելի հեշտ լինի ներողություն խնդրելը։ Եվ ամեն անգամ այդպես վարվելով՝ դու կտեսնես, որ քեզ համար հետզհետե ավելի հեշտ է լինում ներողություն խնդրել։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Մատթեոս 5։25։
Ցույց տուր, որ անկեղծորեն ես ներողություն խնդրում։ Եթե ներողություն ես խնդրում, այնուհետև սկսում ես ինքդ քեզ արդարացնել, դա նշանակում է, որ անկեղծորեն չես ասում՝ ներողություն։ Եվ ճիշտ չի լինի, որ ներողություն խնդրելիս, թերևս փոքր-ինչ հեգնական տոնով ասես. «Կներես, բայց դու շատ զգայուն ես ու չափազանց սուր ես արձագանքում»։ Ընդունիր մեղքի քո բաժինը և ցույց տուր, որ իսկապես հասկանում ես, որ կողակիցդ վիրավորվել է՝ անկախ նրանից վիրավորվելու համար իսկապես հիմք կար, թե ոչ։
Իրատես եղիր։ Խոնարհաբար ընդունիր, որ դու սխալներ անում ես։ Բոլորն են սխալներ անում։ Եվ եթե անգամ դու մտածում ես, որ տվյալ իրավիճակում ոչ մի մեղք չունես, հիշիր, որ դա ընդամենը քո տեսակետն է տեղի ունեցածի վերաբերյալ։ Աստվածաշունչն ասում է. «Ով իր դատական գործն առաջինն է սկսում, նա արդար է թվում, բայց գալիս է նրա մերձավորը և քննում նրան» (Առակներ 18։17)։ Քեզ համար ավելի հեշտ կլինի ներողություն խնդրել, եթե ավելի իրատեսական կարծիք ունենաս քո անձի ու քո թերությունների մասին։
^ պարբ. 7 Հոդվածում որոշ անուններ փոխված են։